Home / Canadahye  / Ո՞ր դեպքում էր Սփյուռքի նախարարությունն ասում՝ արի տուն. Սիրիահայ Աբրահամ Ղանդիլյանի պատասխանը բոլոր մեղադրանքներին, թե ինչո՞ւ գնաց Կանադա, ոչ թե Հայաստան

Ո՞ր դեպքում էր Սփյուռքի նախարարությունն ասում՝ արի տուն. Սիրիահայ Աբրահամ Ղանդիլյանի պատասխանը բոլոր մեղադրանքներին, թե ինչո՞ւ գնաց Կանադա, ոչ թե Հայաստան

 

Մոնրեալ (Նորանոր) _ Noranor.ca-ն օրեր առաջ հրապարակել էր սիրիահայ Աբրահամ Ղանդիլյանի ընտանիքի՝ Մոնրեալ տեղափոխվելու պատմությունը: Պատերազմի պատճառով Հալեպից հեռացող Ղանդիլյանն ընտանիքի հետ մտադիր էր հաստատվել Հայաստանում, սակայն, բազմաթիվ դիմումներ հղելով ՀՀ Սփյուռքի նախարարություն, այդպես էլ աջակցություն չստացավ, որից հետո ընտանիքի առջև բացվեցին Կանադայի դռները, որտեղ նա իր կնոջ հետ ապրում է Մոնրեալի «Արարատ բնակարաններ» տարեցների հաստատությունում:

 

Հաշվի առնելով Ղանդիլյանի խնդրանքը՝ Noranor.ca-ը չէր հրապարակել այն նամակները, որոնցով նա բազմիցս դիմել է ՀՀ Սփյուռքի նախարարին և այլ պաշտոնյաների՝ ընտանիքի հետ Հայաստան տեղափոխվելու խնդրանքով: Սա առաջ բերեց Սփյուռքի նախարարության աշխատակիցների բողոքն ու դժգոհությունը, ովքեր փորձեցին իրենց մեկնաբանություններով քար նետել այն անձանց հասցեին, ովքեր համարձակվում են դժգոհել իրենց կառույցից՝ թերահավատորեն վերաբերելով ինչպես Ղանդիլյանի, այնպես էլ մեր նրա մասին պատմող հոդվածի արժանահավատությանը:

 

Հայաստանում իշխանափոխության այս օրերին, երբ մեծանում է ՀՀ Սփյուռքի նախարարության կողմից թույլ տրված խախտումներն ու վրիպումները վեր հանելու հավանականությունը, հասկանալի է նման արձագանքը նշված հոդվածին: Այնուհանդերձ, Աբրահամ Ղանդիլյանը հանդես է գալիս ընթերցողներին ուղղված դիմումով: Ստորև հրապարակում ենք նրա դիմումն ու նամակներից մեկը՝ ուղղված նախարարին:

 

«Հարգելինե՛ր,

 

Հայ Ազգին կիսով կույր, խուլ, համր ըլլալը մեզի հասցուց այս անկումի սահմանները՝ ստիպելով ժողովուրդին քայլ առնել դեպի նոր հանգրվան:

 

Ամեն մարդ իր ցավի մասին կրնա գրել կամ խոսիլ, կարիքը չկա ոչ մեկին արատավորելու: Ճշմարտությունը միշտ դառն է, պետք է ընդունիլ:

 

Ես՝ ընտանիքի մը հայր՝ ըլլալով պատասխանատու 4 երեցներու և երկու երեխաներու, երբ դիմեցի 2012-2013-ին Սփյուռքի նախարարության փրկվելու համար դժոխքեն, եզրակացություն այդ էր, որ առաջին՝ պետք էր արհեստավոր մը ըլլայի, որպեսզի իրենց առաջարկը ընդունեի, երկրորդ՝ առանց ընտանիքի անձ: Ինծի ըսվեցավ՝ եկուր մինակդ, քեզի վերապատրաստման դասընթացք կընենք, վերջը մեզի կներկայացնես ծրագիրդ, եթե հավնինք, քեզի 12.500 դոլար կու տանք, որպեսզի աշխատիս՝ նկատի ունենալով, որ կեցության պարագան մենք չենք կրնար ապահովել:

 

Մեկ կողմ առած մեզմե ոչ մեկուն արհեստավոր ըլլալը՝ ինչպե՞ս կարելի էր առաջարկել ընտանիքի հոր մինակ գալ Հայաստան՝ ձգելով իր ընտանիքը կրակներուն մեջ մահվան հետ դեմ դիմաց:

 

Շատ ազնիվ կերպով հասկցուցին մեզի, թե ինչ պետք է ընենք: Եթե արհեստավոր ես և մեկ հոգի, «արի տուն» այլապես մնա՝ ուր որ ես:

 

Մինչ 2011-են սկսյալ Միացյալ Ազգերեն ամեն մեկ Սիրիահայի համար գումար հատկացված էր, ինչպես նաև «գլոբալ» գումար՝ 40 միլիոն դոլար, որոնց հաշվեցուցակին կապը ունեինք արձանագրված Հրանուշ Հակոբյանին անունով, ուզեցինք ներկայացնել ձեզի, բայց արդեն վաղուց ջնջված էր:

 

Ոչ մեկը թող գեշ զգա, անոնք, որ օգտվեցան, հազար շնորհավոր, մեզ նմաններուն չժպտաց և մնացինք հեռու:

 

Հիմա, որ պիտի սկսի նոր այգաբաց, ի հայտ պիտի գա ամեն ինչ, այդ ժամանակ կրնաք մեկնաբանել՝ «ինչո՞ւ«-ներուն և «ինչպե՞ս»-ներուն:

 

Մենք 5 տարիներ լուռ մնացինք, բայց երբ մեղադրեցին, թե ինչու Կանադա և ո՛չ Հայաստան, ստիպվեցանք բացահայտել եղելությունը:

 

Շնորհակալություն «Նորանոր»-ին և Ձեր հետաքրքրության:

 

Աբրահամ Ղանդիլյան

8 մայիս, 2018»:

 

Այստեղ կցված կգտնեք նամակներից մեկը՝ ուղղված Հրանուշ Հակոբյանին: