Home / Canadahye  / Տորոնտոհայ լուսանկարչուհի Իսկուհի Կիրակոսյանի՝ «Հետապնդելով գեղեցկությունը» ցուցահանդեսն ու երկարամյա դադարից հետո սպասվող այցը Հայաստան

Տորոնտոհայ լուսանկարչուհի Իսկուհի Կիրակոսյանի՝ «Հետապնդելով գեղեցկությունը» ցուցահանդեսն ու երկարամյա դադարից հետո սպասվող այցը Հայաստան

 

ՎԱՐԴՈՒՀԻ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

 

Տորոնտո (Նորանոր) _ Որպես հակակշիռ աշխարհում տիրող մութ ու տխուր իրողությունների՝ լուսանկարիչ Իսկուհի Կիրակոսյանը բերում է լույսն ու գեղեցկությունը: Այս ապրիլին Սփյուռքն էլ ապրում ու ոգևորվում էր հայաստանյան զարգացումներով, այդ ոգևորությունն ամբողջացավ նրա՝ էներգիա փոխանցող բնապատկերների լուսավոր գույներով, որոնք օրեր շարունակ ցուցադրվում էին Տորոնտոյի Camera Club-ի ցուցասրահում:

 

 

Լույսը և հարմոնիան, այն, ինչին կձգտեի, կուզենայի, որ կյանքում իշխեր, բալանս լիներ այն ամբողջ քաոսի հետ, որ նույնպես կյանքում կա

 

««Հետապնդելով գեղեցկությունը». Այս խորագիրն էր կրում ցուցահանդեսը. Լույսը և հարմոնիան, այն, ինչին կձգտեի, կուզենայի, որ կյանքում իշխեր, բալանս լիներ այն ամբողջ քաոսի հետ, որ նույնպես կյանքում կա, ու հնարավոր չէ հաղթել, բայց որպես հակակշիռ՝ գոյություն ունի լույսը և գեղեցկությունը»,-ասում է Իսկուհի Կիրակոսյանը:

 

Նշված ցուցասրահը, որը Տորոնտոյում գործում է դեռ 80-ականներից, ոչ բոլոր արվեստագետներին է հնարավորություն ընձեռում ներկայացնել իրենց աշխատանքները: Իսկուհի Կիրակոսյանը, ով տարիների ընթացքում տասնյակ ցուցահանդեսների է մասնակցել, առանձնացնում է վերջինը, երբ որպես վարպետ-լուսանկարիչ, Camera Club-ը նրան հարթակ է տրամադրել ներկայանալու:

 

ՆՈՐԻ ՓՆՏՐՏՈՒՔՈՎ

Իսկ արվեստագետի վարպետությունը գնահատվում է մրցույթների ժամանակ ստացած միավորների հանրագումարով: Իսկուհի Կիրակոսյանը 90-ականներին է տեղափոխվել Կանադա, մինչ այդ երկար տարիներ ապրել և սովորել է ՌԴ-ում, Հայաստանից տեղափոխվել չէր ցանկանա, սակայն չի էլ ժխտում, որ նոր միջավայրը նոր հնարավորություններ է տալիս ստեղծագործ անհատին:

 

Եթե մնայի Հայաստանում, գեղարվեստական նկարչությամբ չէի էլ զբաղվի, բայց այստեղ անընդհատ փորձում էի նոր բաներ գտնել

 

«Գալն էլ լրիվ նոր աշխարհ բացեց. Երբ որ պայքարում ես, փորձում ես նոր երկրում տեղ գտնել, քո մեջ նոր ունակություններ ես հայտնաբերում: Եթե մնայի Հայաստանում, գեղարվեստական նկարչությամբ չէի էլ զբաղվի, բայց այստեղ անընդհատ փորձում էի նոր բաներ գտնել»,-պատմում է արվեստագետը:

 

ԱՂՈԹՔԻ ԾԱՌԸ

Նախ փորձել է իրականացնել իր նպատակը. Հիմնել հրատարակչություն, որի ճանապարհին էլ զարկ է տվել գեղարվեստական լուսանկարչության զարգացմանը: Արդյունքում աշխարհում գոյություն ունեցող բնական երևույթներին նա նայում է արվեստագետի աչքերով՝ վերագնահատելով ու վերաիմաստավորելով դրանք:

 

Նման մի բնորոշ օրինակ է մետասեքվոյա կոչվող նկարում պատկերված ծառի լուսանկարը, 1941թ-ին Չինաստանի մի պուրակում հայտնաբերվել է ծառատեսակը, որը վաղուց ոչնչացված էր համարվում, որից հետո կոների միջոցով այն տարածում է գտել աշխարհում: Տորոնտոյում ծառատեսակը գրեթե չի հանդիպում, այս մեկն է հանդիպել այգիներից մեկում ու խիստ տպավորել:

 

Ծառի ճյուղերը ոնց որ դեպի երկինք պարզված հազարավոր ձեռքեր լինեն

 

«Այս նկարն անվանել եմ «Աղոթք», որովհետև ծառի ճյուղերը ոնց որ դեպի երկինք պարզված հազարավոր ձեռքեր լինեն, Տորոնտոյի այդ այգում միայն մեկ այդպիսի ծառ կա, վեհ մի գեղեցկություն ունի, չտեսնված մի խորհուրդ, ոնց որ դեպի երկինք պարզված ձեռքեր լինեն, որ կարծես խնդրում են Աստծուն անել անհնարինը»,-խորը տպավորություններն է ներկայացնում տորոնտոբնակ հայուհին:

 

Իսկ այս գեղեցկությունները նկատում ու գնահատում է ոչ միայն հեղինակը, այլև այցելուները, որոնց թվում է եղել նաև Կանադայի պառլամենտի անդամ Ռոբ Օլիֆանտը: Նա, տպավորված տորոնտոհայ նկարչի աշխատանքներով, սոցիալական ցանցերում գրել այդ մասին՝ ասելով, որ հիացած է Իսկուհու աշխատանքներով, ով մի շարք հիանալի լուսանկարներ է ցուցադրել, այդ թվում նաև Էդվարդ կոչվող այգուց:

 

ԱՅՑ ՀԱՅՐԵՆԻՔ՝ ԵՐԿԱՐ ԴԱԴԱՐԻՑ ՀԵՏՈ

Գեղեցկությամբ հիանալ միայն արվեստագետը չէր կարող, իրեն պարավորված է զգում այդ տպավորությունները փոխանցել ուրիշներին, ինչն էլ անում է ցուցահանդեսների միջոցով: Մեծ ցանկություն ունի ստեղծագործել նաև Հայաստանում, որի առիթը ևս շուտով կընձեռվի. Մտադիր է 10-ամյա դադարից հետո այցելել հայրենիք: Ասում է.

 

«Հուլիսին Երևանում եմ լինելու, շատ մեծ պլաններ ունեմ, ուզում եմ Հայաստանում նկարել ու սեպտեմբերին նախատեսված, ինչպես նաև հետագա ցուցահանդեսների համար Հայաստանի թեման ունենալ»:

 

Այսքանով, սակայն, մեկամսյա այցի ընթացքում պլանավորած անելիքները չեն ավարտվում, ցանկություն ունի իր հմտությունները փոխանցել այն երիտասարդներին ու պատանիներին, ովքեր հետաքրքրված են լուսանկարչությամբ: Հայաստանում բնակություն հաստատելուն էլ դեմ չէր լինի: Նշում է.

 

Ինձ համար կորուստ էր դա, որ չէի կարողանում գալ, բայց հիմա ինձ համար պարզ կլինի

 

«Երևի կուզեմ հնարավորություններ գտնել ավելի երկար մնալ, այս անգամ մեկ ամսով եմ գալիս, բայց 10 տարի հնարավորություն չեմ ունեցել գալ Հայաստան: Ինձ համար կորուստ էր դա, որ չէի կարողանում գալ, բայց հիմա ինձ համար պարզ կլինի: Մեր բոլորի սիրտն ու հոգին Հայաստանում է»: