Home / Armenia  / Արցախի արձագանքը Նիկոլ Փաշինյանի այցին, այն բանակցային սեղանի շուրջ վերադարձնելու հայտարարությանը. Երկու պետականությունների միջև գործող չգրված օրենքը

Արցախի արձագանքը Նիկոլ Փաշինյանի այցին, այն բանակցային սեղանի շուրջ վերադարձնելու հայտարարությանը. Երկու պետականությունների միջև գործող չգրված օրենքը

 

ՎԱՐԴՈՒՀԻ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

Ստեփանակերտ (Նորանոր) _ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությամբ սկիզբ առած ու հաջողությամբ պսակված համաժողովրդական շարժման առիթ հանդիսացան երկրում մեծ ծավալների հասած ներքին խնդիրները. Անարդարությունը, իշխանական ու դատական կոռումպացված համակարգերը, մենաշնորհային տնտեսությունը և նմանատիպ բազում երևույթները վերացնելն էր այսօր արդեն վարչապետ Փաշինյանի նախաձեռնության հիմնական շարժառիթը:

 

Ինչ վերաբերում է արտաքին խնդիրներին, շատերն էին մտավախություն հայտնում, թե Փաշինյանը թերևս չկարողանա իրականացնել այն տեսլականը, որը ներկայացնում է ելույթների ժամանակ: Վարչապետի պաշտոնում երեկ տեղի ունեցավ Փաշինյանի առաջին այցն Արցախ, որտեղ հանդես եկավ հայտարություններով, խոսեց Արցախը բանակցային սեղանի շուրջ վերադարձնելու հարցի առաջնահերթության մասին և մասնակից եղավ տոնական միջոցառումների:

 

Որքանո՞վ են Արցախի իշխանությունները կիսում վարչապետ Փաշինյանի մոտեցումները Արցախյան հիմնահարցի շուրջ, ինչպիսի՞ համագործակցության հեռանկարներ են տեսնում և արդյո՞ք ունեն ինչ-ինչ մտավախություններ այս հարցում. Noranor.ca-ի հարցումներին անդրադարձել է Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը:

 

ՉԳՐՎԱԾ ՕՐԵՆՔ

Եթե Արցախին վտանգ է սպառնում, ապա դա սպառնալիք է դառնում ամբողջ Հայոց պետականության համար, իսկ երբ մի պետության ներսում ներքին հիմնախնդիրներն են գլուխ բարձրացնում, ներքին գործերին միջամտելն, ըստ չգրված օրենքի, մյուսը կոռեկտ չի համարում: Այս նույն տրամաբանությամբ Դավիթ Բաբայանը զերծ է մնում գնահատել Հայաստանում սկիզբ առած շարժման շարժառիթներն ու արդյունքները: Միայն արձանագրում է.

 

Այն ինչ տեղի ունեցավ, Հայաստանի ներքին գործն է, Արցախը բնական է, չի միջամտում

 

«Արցախի Հանրապետությունը չի միջամտում ՀՀ ներքին գործընթացներին, նույնը ՀՀ-ն, հետևաբար այն ինչ տեղի ունեցավ, Հայաստանի ներքին գործն է, Արցախը բնական է, չի միջամտում, բայց չի կարող անտարբեր մնալ: Մեզ համար կարևորն այն է, որ խաղաղ ընթանա ու շուտ կայունանա իրավիճակը: Ամենակարևորը, որ ամեն ինչ ավարտվեց առանց արյունահեղության, մենք միշտ ասել ենք, որ բոլոր գործընթացներին կարևորում ենք խաղաղ ընթացքը, և ուզում ենք, որ Մայր Հայաստանը, ինչքան հնարավոր է, շուտ վերադառնա բնականոն զարգացման հուն:

 

ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԿՇԱՐՈՒՆԱԿՎԻ

Բնականոն կյանքին վերադառնալու համար դեռ ժամանակ կպահանջվի, ինչ վերաբերում է Փաշինյանի հետ՝ որպես Հայաստանի առաջին դեմքի համագործակցության հեռանկարին, Բաբայանը հույս է հայտնում, որ այն, ինչպես եղել է, կշարունակվի և կընդլայնվի: Իսկ Փաշինյանի հայտարարությունները, որ պետք է բանակցային գործընթացին նաև Արցախը մասնակցի, նոր չեն, դրանք տարիներ շարունակ բարձրաձայնել են Արցախի և Հայաստանի ղեկավարները:

 

Ադրբեջանը, ըստ ամենայնի, խոչընդոտելու է, բայց պետք է համառորեն աշխատենք և շարունակենք այս ուղղությամբ մեր ջանքերը, այն էլ միասնական

 

«Տարիներ շարունակ բարձրաձայնում է դրա մասին պաշտոնական Ստեփանակերտը, պաշտոնական Երևանն էլ  ամեն ինչ անում է, որպեսզի դա տեղի ունենա: Հիմա պետռք է աշխատենք այս ուղղությամբ: Ասել, որ շատ հեշտ գործընթաց է, ճիշտ չէ, որովհետև Ադրբեջանը, ըստ ամենայնի, խոչընդոտելու է, բայց պետք է համառորեն աշխատենք և շարունակենք այս ուղղությամբ մեր ջանքերը, այն էլ միասնական: Մայր Հայաստանի, Սփյուռքի, Արցախի ջանքերը պետք է օգտագործել այս ուղղությամբ»,-կարծում է Բաբայանը:

 

ԿԱԽՎԱԾ Է ԱԴՐԲԵՋԱՆԻՑ

Մինչ վարչապետ ընտրվելն էլ Նիկոլ Փաշինյանը նշում էր, որ պատրաստ է այս հարցի վերաբերյալ Ադրջեջանի հետ բանակցել, որպեսզի Արցախի հիմնահարցն ի վերջո դուրս գա փակուղուց: Թե կհաջողվի, Բաբայանի կարծիքով՝ ավելի շատ կախված է Ադրբեջանի քաղաքական կեցվածքից, ոչ թե հայկական կողմի:

 

«Պարոն Փաշինյանը արդեն իսկ ներկայացրել էր այդ խնդրի վերաբերյալ, մենք էլ բազմիցս նշել ենք, որ կարևորագույն միակ խոչընդոտը Ադրբեջանն է, որը անմարդկային, աննորմալ պահվածք ունի: Ի՞նչ կարելի է ակնկալել մի երկրից, որի նպատակն է Արցախի ոչնչացումը, բռնակցումը, և ոչ միայն Արցախի, այլ նաև Հայաստանի Հանրապետության տարածքի՝ մինչև մայրաքաղաք Երևան, նրանից ակնկալել ինչ-որ մի  բան, ճիշտ չէ, հետևաբար պետք է Ադրբեջանը վերանայի իր  այդ դիրքորոշումը, այդ կարծրատիպերից հրաժարվի, միայն այս դեպքում հնարավոր կլինի ակնկալել կարևոր գործընթացներ»,-կարծում է Արցախի նախագահի մամուլի խոսնակը:

 

Քանի դեռ Ադրբեջանն իր այս քաղաքականության մեջ անդրդվելի է, հայկական կողմը մեծ քայլեր անել չի կարող, անկախ նրանից, թե ով է ներկայացնում երկրի ղեկավարությունը:

 

Հայաստանում իշխանության փոփոխությամբ ոմանք նոր ռիսկեր են տեսնում երկրի անվտանգության հարցում, օրինակ, կանադահայ Հայդուկ Շամլյանը, ով Արցախում երկար տարիներ գործող «Արամ Մանուկյան» ճամբարի հիմնադիրն էր, կարծիք էր հայտնել, որ Մայր Հայրենիքը թանկ է վճարելու այս շարժումների համար, հաղթանակի գինն, ըստ նրա, լինելու է Արցախը: Նման կարծիքներին ի պատասխան՝ Բաբայանը նշում է.

 

Եթե այսդպիսի բան լինի, սա կլինի Հայոց պետականության վերջին շունչը

 

«Եթե այսդպիսի բան լինի, սա կլինի Հայոց պետականության վերջին շունչը, Հայոց պետականությունը կկործանվի: Հարցը Արցախի մեջ չէ, հարցը Հայոց պետականության ճակատագիրն է: Դա չի կարող համապատասխանել իրականությանը»: