Home / Armenia  / Նախկին ռեժիմի նոր հնարքները. Սասնա ծռերի կողմնակիցներն ընդդիմանում են, բայց Փաշինյանից ազատ արձակման հրովարտակի չեն սպասում

Նախկին ռեժիմի նոր հնարքները. Սասնա ծռերի կողմնակիցներն ընդդիմանում են, բայց Փաշինյանից ազատ արձակման հրովարտակի չեն սպասում

 

ՎԱՐԴՈՒՀԻ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

Երևան (Նորանոր) _ Հայաստանում փոքրամասնության իշխանության ձևավորման ընթացքում արդեն հասարակությունը առաջ է քաշում պահանջներ, որոնց լուծումը մեկ օրվա խնդիր չէ: Առանց քաղբանտարկյալների Հայաստան ունենալու տեսլականի մասին Նիկոլ Փաշինյանը մեկ անգամ չէ, որ բարձրաձայնել է, ոմանք այդ խոսքերից հետևությունների են հանգել, որ Անդրեաս Ղուկասյանի հետևից ազատ են արձակվելու Սասնա ծռեր զինված խմբի անդամներն ու մյուս քաղբանտարկյալները:

 

Եթե նոր իշխանությունը հնի ոճով շարունակի աշխատել, ապա հասարակությունն արդեն այսօրվանից պետք է  նախապատրաստվի նոր հեղափոխության: Նոր իշխանությունը դեռ պետք է քայլերի հաջորդականությունը մշակի անօրինական վճիռները օրինական կերպով կասեցնելու համար:

 

Ի վերջո, ինչպիսի՞ն պետք է լինի այս հարցում քայլերի հաջորդականությունը, արդյո՞ք պետք է, որ Սասնա ծռեր զինված խմբի բոլոր անդամներն ազատ արձակվեն, թե այնուամենայնիվ նրանք, ովքեր օրենքով հանցանք են գործել, պատասխանատվության կենթարկվեն. սրանք հարցեր են, որոնք այս օրերին հաճախ են քննարկումների թեմա դառնում:

 

ԿԱԼԱՆՔԸ ՉՓՈԽՎԵՑ

Անկախ զարգացումներից, նաև փաստաբաններն են դրական տրամադրված դատարանների հանդեպ: Մասնավորապես Սասնա ծռեր զինված խմբի գործով բոլոր փաստաբանները դատարանին միջնորդություն էին ներկայացրել խմբի 11 անդամների նկատմամբ խափանման միջոց կալանքը փոխելու վերաբերյալ: Դատական նիստն անցած օրը չէր կայացել, բայց այսօր արդեն դրական ընթացք էին արձանագրել փաստաբաններն ու ակնկալում էին, որ խափանման միջոց կալանքը փոխվելու է:

 

Սա հստակ երևում է գործով փաստաբան Մուշեղ Շուշանյանի հետ մինչ դատական նիստի ավարտը Noranor.ca-ի հարցազրույցում, նա ասաց.

 

Բոլոր հիմքերը ունենք ենթադրելու, որ խափանման միջոցները փոխվելու են

 

«Այսօր արդեն զգացվեց, որ բան է փոխվել, որովհետև երեկ Սասնա ծռերի մյուս գործով էր դատական նիստ, չէին բերել պաշտպանյալներին, և դատախազները չէին ներկայացել, ինչը հիմք դարձավ, որ հայտարարենք, որ այդ նիստերը միտումնավոր են տապալում, քանի որ դատարանները սպասում են հրահանգի, այսինքն՝ չգիտեն ինչ պետք է անեն, ու այսօր, ի տարբերություն երեկվա, նիստը տեղի ունեցավ, ու բոլոր հիմքերը ունենք ենթադրելու, որ խափանման միջոցները փոխվելու են»:

 

Դատարաններն իսկապես սպասում էին հրահանգի, բայց ոչ խափանման միջոցը փոխելու, այլ ընդհակառակը, այն մերժելու, որին հաջորդեց Սասնա ծռերի կողմնակիցների բողոքի ցույցը՝ ընդդեմ դատարանի որոշման: Հասարակության պահանջը արդարացի է համարում փաստաբան Երվանդ Վարոսյանը, ով ևս դրական սպասումներ ուներ:

 

Մենք պիտի տեսնեինք այսօր գոնե դատախազության դիրքորոշման միջնորդություն, ինչը չտեսանք

 

«Եթե անցել են այն ժամանակները, որ կամայական պիտի օրենքը կիրառվի, եթե անցել են ժամանակները, որ դատախազությունը պիտի հանիրավի մեղադրանքներ առաջադրի, և անցել են այն ժամանակները, որ դատախազությունը պիտի առարկի խափանման միջոցը փոխելու մասին օրինական միջնորդությունների դեմ, ուրեմն մենք պիտի տեսնեինք այսօր գոնե դատախազության դիրքորոշման միջնորդություն, ինչը չտեսանք»,-ասաց Վարոսյանը:

 

Օրենքը կիրառել պարտավոր են իրավական մարմինները, իսկ ըստ օրենքի՝ դատարանը պարտավոր էր դրական վճիռ կայացներ, վստահեցնում է փաստաբանը: Այս իրավիճակը հասարակության երկփեղկման է տանում, ստացվում է, որ բողոքը նույնկերպ շարունակվում է նոր իշխանության օրոք:

 

Մեղադրանքի կողմը՝ դատախազությունը, առնվազն պիտի դիրքորոշումը փոխի և ունենա օրենքի տառին համապատասխան դիրքորոշում

 

«Չեմ կարծում, որ այստեղ հավաքված ժողովուրդն ակնկալում է, որ այդ հարցը պիտի վարչապետը լուծի, բայց ակնկալում է, որ երկրի իշխանությունները պիտի ձեռնարկեն համապատասխան միջոցներ, որպեսզի հարցը կարգավորվի, խոսքը չի գնում միայն այն մասին, որ այստեղ պիտի ճնշում լինի դատարանի վրա և այլն, բայց ակնհայտ է, որ մեղադրանքի կողմը՝ դատախազությունը, առնվազն պիտի դիրքորոշումը փոխի և ունենա օրենքի տառին համապատասխան դիրքորոշում»,-կարծում է փաստաբանը:

 

ՄԻ ԳՆԴԱԿՈՎ ԵՐԿՈՒ ՆԱՊԱՍՏԱԿ

Այս ամենը ոչ թե նոր իշխանության չգործելու, այլ նախկին իշխանության մնացուկների գործելու արդյունք է, վստահ է Հիմնադիր խորհրդարանի անդամ Ալեք Ենիգոմշյանը: Նման որոշում կայացնելով՝ փորձում են ժողովրդին ու ակտիվիստներին հրահրել ներկա իշխանության դեմ, սա խայծ է, որը, սակայն, կուլ չեն տա, փոխարենը կընդունեն որպես մարտահրավեր ու կպայքարեն հենց նրանց դեմ, վստահ է Ենիգոմշյանը: Ասում է.

 

Ժողովրդի մոտ բողոք և դժգոհություն են առաջացնում այն հույսով, որ դրանք կդրսևորվեն նոր իշխանությունների դեմ

 

«Կազմակերպված ձևով փորձում են համաժողովրդական շարժման և դրա արգասիք հանդիսացող քաղաքական նոր իշխանության նկատմամբ սաբոտաժ անել, և իրենց նախկին քաղաքականությունը վերահաստատելով՝ ժողովրդի մոտ բողոք և դժգոհություն են առաջացնում այն հույսով, որ դրանք կդրսևորվեն նոր իշխանությունների դեմ, իրենք էլ մի գնդակով երկու նախաստակ կխփեն»:

 

ՀՐՈՎԱՐՏԱԿԻ ՉԵՆ ՍՊԱՍՈՒՄ

Այս համոզմունքը դատական համակարգի նենգ գործելաոճի մասին ձևավորվել է, ըստ նրա, նրանց բացահայտ քայլերի արդյունքում: Իրենց պայքարը հիմա լինելու է նախկին ռեժիմի մնացուկների դեմ, ոչ թե ներկա իշխանության: Ոչ Ենիգոմշյանը, ոչ էլ, ինչպես հավատացնում է, Սասնա ծռերի մյուս կողմնակիցները չեն ակնկալում ներկա իշխանության հապճեպ քայլերի, դրանք մտածված ու ժամանակին կլինեն, որոնց հարցում վստահ է:

 

Նոր իշխանությունները շատ բան ունեն անելու, ուղղորդելու, թելադրելու և օրենքի ու սահմանադրականության իշխանություն ձևավորելու

 

«Չենք էլ ակնկալում, որ Նիկոլ Փաշինյանը մի հրովարտակ իջեցնի, որ քաղբանտարկյալներ չլինեն կամ Սասնա ծռերն ազատվեն, բայց իհարկե, նոր իշխանությունները շատ բան ունեն անելու, ուղղորդելու, թելադրելու և օրենքի ու սահմանադրականության իշխանություն ձևավորելու, ոչ թե հրահանգներով միջամտել դատաիրավական համակարգի գործերին, այլ ստիպելով, որ իրավունքի ուժը տիրապետող լինի, և վստահ ենք, որ մեր ու իրենց պայքարը կհաջողվի մնացուկների դեմ պայքարելու համար»,-ասում է Ենիգոմշյանը:

 

Եւ սա միակ ոլորտը չէ, որտեղ նախկին իշխանության ներկայացուցիչները կշարունակեն դրսևորել նման գործելաոճ: «Քաղբանտարկյալների հարցերը ոլորտներից մեկն է, որ փորձում են օգտագործել ընդհանուր ժողովրդական շարժման ձեռքբերումները հետ մղելու նպատակով, իրենք տարբեր ոլորտներում էլ են փորձում և ապագայում էլ են փորձելու»,-կարծում է Սասնա ծռերի կողմնակից անդամը: Նա չի կասկածում, որ նրանց դեմ պայքարը ևս արդյունավետ կլինի, թեև դրա համար ամենօրյա տևական աշխատանք կպահանջվի, իսկ Սասնա ծռերն ազատ կարձակվեն օրենքի ուժով: