Home / Armenia  / Փաշինյանի կողմից չասված խոսքեր՝ Պուտինի հետ հանդիպմանը. Եթե հետո, ապա ե՞րբ է ժամանակավոր կառավարության հետոն

Փաշինյանի կողմից չասված խոսքեր՝ Պուտինի հետ հանդիպմանը. Եթե հետո, ապա ե՞րբ է ժամանակավոր կառավարության հետոն

 

ՎԱՐԴՈՒՀԻ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

Երևան (Նորանոր) _ ԵԱՏՄ գագաթնաժողովի շրջանակներում տեղի ունեցավ վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի առաջին պատասխանատու հանդիպումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Գերտերության առաջնորդի հետ զրույցից ստացած  տպավորությունները հայ հասարակության շրջանում բացասական չէին, թեև բացակայում էին Ռուսաստանի կողմից Հայաստանի նկատմամբ ոչ օբյեկտիվ մարտավարության մասին  ակնարկներն անգամ:

 

Առաջին անգամ հանրությունը ողջունեց ու ոգևորեց երկրի ղեկավարին, անկախ նրանից, որ հանդիպման օրակարգից դուրս մնացին կարևոր հարցեր: Առաջին անգամ երկրի առաջին դեմքի քայլերում ժողովուրդը չփորձեց գտնել քծնանքի տարրեր, որքան էլ Փաշինյանը՝ որպես ժողովրդավար երկրի ղեկավար, զերծ մնաց Ռուսաստանի քաղաքականության որակումներից:

 

«Ժողովրդավարությունն այնպիսի արժեք է, որ ինքնին քեզ պարտավորեցնում է գործընկերոջդ ժողովրդավարական դառնալու ուղղությամբ եթե ճիգեր չգործադրել, ապա գոնե ակնարկ անել»,-ասում է ԱԻՄ կուսակցության նախագահ Պարույր Հայրիկյանը:

 

ԱՍԵԼ ՄԻ ԲԱՆ, ԱՆԵԼ ՄԵԿ ՈՒՐԻՇ ԲԱՆ

Noranor.ca-ի հետ զրույցում, անդրադառնալով այցի արդյունքներին, նա Փաշինյանի կողմից ոչ անկեղծ քայլերի մասին է խոսել, նկատել թերությունները, որոնք չպետք է թույլ տար ժողովրդավարական երկրի ղեկավարը, խոսել հետագա սպասելիքների մասին, թեև չի հերքել, որ գերտերության ղեկավարի հետ հանդիպումը, լինելով առաջինը, դյուրին չէր, գուցե հետագայում փոփոխության ենթարկվի:

 

Խանդավառ չեմ այս քայլերից, որևէ արդարացված կամ չարդարացված հիմնավորմամբ մարդիկ փոխում են իրենց դիրքորոշումը

 

Հայրիկյանը, ի սկզբանե իրեն համարելով ոչ թե քաղաքական, այլ ազգային-ազատագրական պայքարի գործիչ, նման գործելաոճով չէր առաջնրոդվի. Նախընտրում է շիտակությունը, ոչ թե քաղաքական գործիչներին բնորոշ «մի բան ասել, այլ բան անելու» քաղաքականությունը: Հետևաբար նշում է. «Խանդավառ չեմ այս քայլերից, որևէ արդարացված կամ չարդարացված հիմնավորմամբ մարդիկ փոխում են իրենց դիրքորոշումը»:

 

Արդարացնող հիմնավորումը թերևս հանդիպման՝ առաջին անգամ լինելն էր, բացի դրանից ազգային-ազատագրական պայքարի կողմնակիցը ծանր ու պատրավորեցնող է համարում համաժողովրդական պայքարի արդյունքում ժողովրդավարության հասած ղեկավարի հանդիպումը դեմոկրատիայից հեռու երկրի առաջնորդի հետ:

 

Նման դիրքորոշում ունենալով՝ գնալ, պահպանել հարաբերություններ նրանց հետ, ովքեր հայտնի են որպես կուսակալներ, դժվարին ու ծանր գործ է

 

«Անհարամարվետություն կզգար հայաստանյան շարժման որևէ ներկայացուցիչ: Ժողովրդի իշխանության համար պայքարող մարդը պիտի միջազգայնորեն ժողովրդավարության խնդիրներ ունեցող պետական գործիչների հետ խոսեր այնպես, կարծես թե իր համար ժողովրդավարական արժեքներն էական չեն: Բայց չէ՞ որ մեր համազգային զարթոնքի հիմքում ընկած էր մի բան՝ ժողովուրդն է երկրի տերը, և դա սկզբունքային դիրքորոշում էր, իսկ  նման դիրքորոշում ունենալով՝ գնալ, պահպանել հարաբերություններ նրանց հետ, ովքեր հայտնի են որպես կուսակալներ, դժվարին ու ծանր գործ է»,-ասում է քաղաքական գործիչը:

 

Ե՞ՐԲ Է ՔՈ ՀԵՏՈՆ

Չի բացառվում, որ սա մարտավարություն է մի մարդու կողմից, ով դեմ էր արտահայտվում  ԵԱՏՄ անդամակցությանը, խոսում էր ռազմավարական գործընկեր Ռուսաստանի կողմից՝ Հայաստանի հանդեպ ցույց տրված անարդար վերաբերմունքից, իսկ այժմ չի բարձրաձայնում այդ հարցերը:

 

Ներողություն, եթե դու ժամանակավոր կառավարություն ես, ե՞րբ է քո հետոն

 

«Չէ՞ որ թեկուզ Սերժ Սարգսյանն ասաց՝ Հայաստանում դժգոհում են, որ Ռուսաստանը  Ադրբեջանին զենք է վաճառել, կամ Ռուսաստանը 110 մլրդ պարտք է զիջել տարբեր երկրների, թեկուզ ոչ դաշնակից, բայց Հայաստանում 100 մլն-ի համար գնաց աշխարհում չլսված՝ «Գույք պարտքի դիմաց» գործարքի: Նման որևէ բան չլսեցինք: Եթե նախապես դրա մասին խոսում ես, հետո գալիս է հանդիպման պահը և ասում ես՝ մեր հարաբերություններում բաներ կան, որոնք չէինք ցանկանա խորանային: Գուցե Նիկոլ Փաշինյանն իր ձևով է ուզում անել, ասում է՝ ոչինչ, հիմա հաճոյանալ, հետո կքննարկենք խնդիրները, բայց ներողություն, եթե դու ժամանակավոր կառավարություն ես, ե՞րբ է քո հետոն»,-հարց է առաջ քաշում Հայրիկյանը:

 

Հետևաբար, պետք է Փաշինյանը նախաքայլեր աներ, որպեսզի չհայտնվեր այս իրավիճակում, կարծում է նա: Քննադատելուց առաջ պետք է հասկանալ իրավիճակը, այլապես չպետք է հիացմունքով արտահայտվի նման գործընկերոջ մասին: «Եթե դուք Ռուսաստանի վերաբերյալ արտահայտում եք դրական կարծիք և առաջ գնալով ասում եք՝ ինչ էլ լինի, Ռուսաստանը մեզ համար անփոխարինելի է, փաստորեն անտեսում եք հանգամանքը, որ քո գործընկերը կարող է սխալներ թույլ տալ, իսկ դու այդ սխալները գոնե քո մասով նվազագոււյնի հասցնելու ուղղությամբ պատասխանատվության բաժինը  քեզ վրա չես վերցնում»,-նշում է գրողն ու ԱԺ նախկին պատգամավորը: