Home / Canadahye  / Սփյուռքում Դաշնակցության շարքերից միակ նոսրացումը՝ «Ասպարեզ»-ի խմբագիր Աբո Պողիկյանը, Հայաստան-Սփյուռք կառույցների թնջուկը

Սփյուռքում Դաշնակցության շարքերից միակ նոսրացումը՝ «Ասպարեզ»-ի խմբագիր Աբո Պողիկյանը, Հայաստան-Սփյուռք կառույցների թնջուկը

 

ՎԱՐԴՈՒՀԻ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

Սան-Ֆրանցիսկո (Նորանոր) _ ՀՅԴ Հայաստանի ու Սփյուռքի կառույցների ջրերը դարձյալ նույն առվով չեն հոսում, բանը հասել է նրան, որ Դաշնակցությունից հեռացվել է ԱՄՆ «Ասպարեզ» օրաթերթի գլխավոր խմբագիր Աբո Պողիկյանը, ով վերջին 20 տարիներին չէր ողջունում ՀՅԴ հայաստանյան կառույցի գործելաոճը:

 

Իշխանության կցորդ. Այս բնորոշումն են տալիս ավանդական 127-ամյա կուսակցության հայաստանյան կառույցին, որը որևէ հնարքով հայտնվում է իշխանության շարքերում: Այս իրավիճակին եթե ոչ բոլոր դաշնակցականները, ապա որոշ մասը քննադատաբար է մոտեցել:

 

Նրանց թվում էր կուսակցության շարքերից օրեր առաջ հեռացված դաշնակցական Աբո Պողիկյանը, ով իր հոդվածներում իրատեսորեն էր ներկայացնում Հայաստանում տիրող իրավիճակը, արդարացնում կամ քննադատում նաև կոալիցիայի մաս կազմող ՀՅԴ-ի քայլերը: Սա է թերևս լուրջ խնդիրներ է ստեղծել կառույցի երկու թևերի միջև:

 

Թե ինչպիսին են եղել այդ հակասությունները, ՀՅԴ բյուրոյի անդամ Հրանտ Մարգարյանը հրաժարվեց մեկնաբանել, իսկ Աբո Պողիկյանը պատասխանեց Noranor.ca-ին հետաքրքրող հարցերին, նվիրված դաշնակցականը չէր ցանկանա կուսակցությունից հեռացվողների շարքում լինել:

 

Սա է պատճառը, որ նա, օգտագործելով կուսակցությունում վերականգնվելու հնարավորությունը, դիմել է ՀՅԴ-ին, որպեսզի վերադառնա և շարունակի նվիրված ծառայությունը:

 

Ի՞ՆՉ ԷՐ ԳՐՈՒՄ

Ի՞նչ էր գրում Աբո Պողիկյանը Հայաստանում տիրող իրավիճակի մասին. Ներկայացնենք մի քանի հատվածներ նրա խմբագրականներից:

 

Բողոքողները քիչ են, փողոց իջնողներ չկան: Իշխող կուսակցութեան ղեկավարները, կը կարծեմ, փոխանակ վաստակած «յաղթանակ»ը տօնախմբելու, պէտք է մտահոգուին ժողովուրդի անտարբերութենէն, գրեթէ ինքնալքումի հասած յուսահատութենէն, որ կրնայ պայքարի աւելի ազդու միջոց ըլլալ, քան՝ աղմկոտ սակայն անպտուղ ցոյցերն ու երթերը  (Արտակարգ իրավիճակ):

 

Օրինակ՝ այսպիսի խօսք աւելի համոզիչ չըլլա՞ր.

Սիրելի՛ հայրենակիցներ, դժուար տարիներ անցուցած ենք, միշտ խոստումներով փորձած ենք օրօրել ձեզ՝ լաւ ապագայի մասին յոյսեր տալու նպատակով: Խոստումները չենք կրցած իրականացնել: Միջազգային տնտեսական տագնապ թէ շրջանային տագնապներ պատրուակ պիտի չբերենք: Ձախողութեան պատասխանատուն մե՛նք եղած ենք, մեր գործելաոճը, մեր փտածութիւնը, մեր անձնական շահախնդրութեամբ երանգաւորուած ղեկավարումը: Հիմա կը փորձենք, պիտի՛ փորձենք հիմնովին փոխել մեր ոճը, ըլլալ արդար ու ճշմարիտ, ծառայել հայրենիքին ու ազգին  (Ուղերձներու էությունը):

 

 

Այս ուրուագիծին միս ու ոսկոր տալու ամէնէն լուրջ պատասխանատուութիւնը կը մնայ ուսերուն՝ իշխող կուսակցութեան հետ աշխատելու դաշինք կնքած Հայ Յեղափոխական Դաշնակցութեան, որ իր վարկն ու հեղինակութիւնը կշիռի վրայ դրած է համակարգային փոփոխութեանց լիարժէք իրականացման ի խնդիր (Քաղաքական նոր միջավայր):

 

Երկրի տնտեսական վիճակը մշտադիտարկող, խնդիրները ուսումնասիրող յատուկ յանձնախումբ մը ստեղծելու Դաշնակցութեան նախաձեռնութիւնը կարելի չէ չգնահատել: Այդ ոլորտը երբեք անտեսած չըլլալով՝ յատուկ մասնագիտական խումբ մը գործի լծելն ու զայն հրապարակային բեմ առաջ մղելը կրնան շատ աւելի արդիւնաւէտ ըլլալ (Մեղմացումը կը բավարարե

 

ՊԱՏԻԺԸ

Այսպիսի տողերով են աչքի ընկնում նախկին իշխանության մաս կազմող Պողիկյանի հոդվածները, որոնք էլ դարձել են նրա հեռացման պատճառ, հեռացում, որը Պողիկյանը բնորոշեց որպես պատիժ:

 

Պատիժ է իր համար, քանի որ չի պատկերացնում իր կյանքն ու գործունեությունը առանց Դաշնակցության, սա է պատճառը, որ դիմել է ՝ վերականգնելու իր իրավունքները:

 

Ինձ հետ եղածը կարծում եմ` թյուրիմացություն է, որովհետև ես սխալ բան չեմ արել, ինչ որ արել եմ, Դաշնակցության գաղափարախոսության, սկզբունքներին համահունչ են եղել

 

«Ես ինձ Դաշնակցությունից դուրս չեմ տեսնում, ես ամբողջ կյանքս դաշնակցական եմ եղել, իմ ընտանիքը դաշնակցական է եղել՝ մայրս, հայրս, և ինձ հետ եղածը կարծում եմ՝ թյուրիմացություն է, որովհետև ես սխալ բան չեմ արել, ինչ որ արել եմ, Դաշնակցության գաղափարախոսության, սկզբունքներին համահունչ են եղել»,-վստահեցնում է Պողիկյանը:

 

Նա այժմ էլ շարունակում է սկզբունքորեն պնդել իր խոսքերը, վստահեցնում է՝ կուսակցություն վերադառնալու դեպքում էլ շարունակելու է պահպանել դրանք, թեև այսօր արդեն Հայաստանում բոլորովին այլ իրականություն է: Ասում է. «Անշուշտ, շարունակելու եմ իմ սկզբունքները պնդել, որովհետև երբեք չեմ շեղվել Դաշնակցության սկզբունքներից»:

 

ՍԽԱԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Իսկ հեռացման պատճառների մասին շատ չի մանրամասնում, նշում է միայն. «Երևի իմ ղեկավար մարմինները տեսել են, որ ինչ-որ բան սխալ եմ արել, այդ պատճառով հեռացվել եմ, բայց ես կարծում եմ՝ թյուրիմացություն է, և ուզում եմ վերականգնվել: Իմ գործի բերումով եղած սխալ մեկնաբանությունն է, կարծում եմ՝ իմ գրածը հայտնի է, և կրնաք մեկնաբանել»,-ասում է Պողիկյանը:

 

Ոչ թե սխալվել է, այլ իր գրածները սխալ են մեկնաբանվել, իսկ դրանք միտված են եղել միայն ժողովրդի շահերի պաշտպանությանը: Դաշնակցությունը ժողովրդին սատարող կուսակցություն է, վստահ է նա:

 

Ողջունում եմ, որ մեր կուսակցությունը Նիկոլ Փաշինյանի կառավարության մեջ մտել է, ընելիք ունի

 

«Ժողովրդային շարժումի կողմից իշխանության պետք է  ամեն ձևով սատարել, որովհետև աս ամնենակարևոր հանգրվանն է, որովհետև եթե այս պարագային ձախողի, որևէ ետդարձի ճանապարհ չկա, և ես ուրախ եմ, ողջունում եմ, որ մեր կուսակցությունը Նիկոլ Փաշինյանի կառավարության մեջ մտել է, ընելիք ունի: Սփյուռքի մթնոլորտն ալ կարելի է փոխել, որ ավելի շատ թիկունք կենա, ավելի շոշափելի թիկունք կենա Հայաստանի իշխանություններին, որովհետև այլևս ինչ-որ վերապահություններ կային, ադ վերապահությունները կվերանան»,-կարծում է նախկին դաշնակցականը:

 

ՎԱՐԿԱՆԻՇԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՄԻՋՈՑ

Ներկայում սա կլինի նաև կուսակցության վարկանիշը վերականգնելու միջոց, իսկ որ այն նվազել է վերջին տարիների աշխատանքի պատճառով, սրանում ՀՅԴ նախկին անդամը չի կասկածում:

 

«Ադոր համար անելու շատ գործ կա, Դաշնակցությունը այսօրվա պահու հանրության վերաբերմունքի պահով իր գոյությունը պահելու խնդիր չունի, ամուր կառույցներով կուսակցություն է, և կրնա վերարժեվորել, տեսնել՝ ինչն է սխալ արել, ինչ պետք է անի, որովհետև մեր գործունեությունը ավելի ամբողջական, ավելի համահայկական բնույթ ունի, անպայման իր դրական, շինիչ, կառուցողական դերն ունենալու է: Իսկ վարկը վերականգնելը, որքան ալ դժվար լինի,  վարկաբեկվածություն չէի ըսե, բայց պիտի ժողովուրդին ցույց տանք մեր ծառայությամբ, մեր նվիրումով»,-նշում է «Ասպարեզ» թերթի խմբագիրը:

 

Դաշնակցության շարքերում նոսրացում Սփյուռքում չի եղել, միակ նոսրացումը ես եմ, որ հեռացվել եմ

 

Վարկանիշի անկումն ու կուսակցության հանդեպ անվստահությունը Սփյուռքի դաշնակցականների շրջանում հուսահատություն էր առաջ բերել, արդյո՞ք սա չի նպաստել կուսակցության շարքերի նոսրացման, Պողիկյանը պատասխանում է. «Դաշնակցության շարքերում նոսրացում Սփյուռքում չի եղել, միակ նոսրացումը ես եմ(ծիծաղում է), որ հեռացվել եմ, բայց ոչ ալ ես կուզեի այդպիսի բան մը ըլլար. Կրնա ինչ-որ գործի կամ աշխատանքի ոճի հանդեպ հուսախաբություններ ըլլան, բայց կառույցին հիմնական հարվածներ չեն տալ, դիմացել ենք, պիտի դիմանանք ու ծառայություն տանենք»: