Home / Armenia  / Քմծիծաղ տվող ընդդիմադիր պատգամավորից ժպտացող վարչապետ. Արդյո՞ք անկեղծ է Նիկոլ Փաշինյանը

Քմծիծաղ տվող ընդդիմադիր պատգամավորից ժպտացող վարչապետ. Արդյո՞ք անկեղծ է Նիկոլ Փաշինյանը

 

ՎԱՐԴՈՒՀԻ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

 

Վարչապետ ու համաժողովրդական շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանն ավելի հաճախ է ժպտում, քան պատգամավոր ու լրագրող Փաշինյանը: Ժպտալու առիթներն ավելացել են, մտահոգությունները՝ պակասե՞լ. Կախված է նրանից, թե ինչ իրավիճակում է ժպտում վարչապետը: Այսօր արդեն Փաշինյանի ժպիտը չի արտահայտում հեգնանք ու քմծիծաղ, այլ երջանկություն, հաճույք, բարյացակամ վերաբերմունք:

 

Սա առաջին ու հիմնական տարբերությունն է, որ նկատելի է Նիկոլ Փաշինյանի դիմագծերում, կան ևս մի շարք արտաքին, ոչ խոսքային բնորոշիչներ, որոնք ցույց են տալիս երկրի առաջին դեմքի մղումները, ցանկությունները, անկեղծության մակարդակը և այլն: Ոչ միայն հարուստ խոսքային, այլև ոչ խոսքային ազդակներով է աչքի ընկնում Նիկոլ Փաշինյանի հաղորդակցությունը հանրության ու գործընկերների հետ:

 

Noranor. ca կայքը փորձել է մասնագետների օգնությամբ վեր հանել վարչապետի ակնհայտ ու թաքնված բնավորության գծերը, ձգտումներն ու մտադրությունները: Հոգեբանները միանշանակ արձանագրում են հարուստ, բայց ոչ հաճախ կրկնվող ժեստիկուլյացիան, որն էլ նրա հաջողությունների գրավականը եղավ:

 

Բայց մինչ դրանց անդրադառնալը ներկայացնենք մի շարք ժեստային փոփոխությունները կամ դրանց կրկնությունները, որոնք ակնհայտ են պատգամավորից վարչապետ դառնալու ճանապարհին:

 

 

Ահա պատգամավոր Նիկոլ Փաշինյանը՝ ձեռքը ճակատին սահեցնելով. այս ժեստը հոգեբանության մեջ մեկնաբանվում է այսպես.

Արտահայտում է անորոշություն, փորձում է մտածել՝ ճի՞շտ է հասկացել դիմացինին, թե ոչ:

 


 

Այստեղ արդեն վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանն է՝

նույնատիպ ժեստով, փոքր-ինչ այլ դիրքում:

Այս շեստը նաև արտահայտում է հետաքրքրված գնահատում

 

 

 


Պատգամավորական գործունեության ընթացքում արված այս լուսանկարում Փաշինյանը ժպտում է, որն այս դեպքում ոչ այնքան բարյացակամություն, որքան, ելնելով նրա բազային (հիմնական) պահվածքից, հեգնանք է արտահայտում, իսկ լայն բացված ձեռքերի ժեստը դրական միտում ունի հոգեբանների մոտ.

Արտահայտում է այն, որ ելույթ ունեցողը պատրաստվում է փաստերով որևէ բան ներկայացնել, բաց է հասարակության առաջ: 

 


 

Այստեղ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանն է, նա գրեթե ամբողջ ընթացքում այս դիրքում կանգնեց և պատասխանեց պատգամավորների հարցերին, ի՞նչ է արտահայտում նման կեցվածքը.

Ըստ հոգեբանների՝  սեփական իշխանության ընդգծում՝ տարածությունն օգտագործելու հաշվին, ինչպես նաև մեծ տարածք զբաղեցնելով՝ վստահ զգալու միջոց: 

 


Ըստ հոգեբանների՝ քաղաքական գործիչների՝ միմյանց բարևելու ձևից կարող ենք հասկանալ նրանց հարաբերությունները։

Բարևելիս ձեռքերը պետք է լինեն հավասար հարթության վրա, ինչը կվկայի կողմերի հավասարության մասին: Եթե մի կողմի ձեռքը վերևում է, նշանակում է՝ նա առավելություն ունի մյուսի հանդեպ, թեև ակնհայտ է, որ դա կախված է նաև մարդու կանգնած դիրքից:

 


Վիզուալ, իրավիճակային այս նկարագրից բացի կարևոր է քաղաքական գործչի բազային պահվածքը, որն էլ վերլուծել են մեր զրուցակից հոգեբանները: Կարինե Նալչաջյանը, ով առավել կարևորում է խոսքի հաղորդակցությունը, թեև չի անտեսում նաև ոչ խոսքայինը, նշում է. «Փաշինյանը ճիշտ տեղում, ճիշտ ժամանակին ճիշտ քայլ կատարեց, այն, ինչ արվեց, ճշգրիտ էր, և այդ ամբողջ ժողովրդական լիցքը, որ կար, որ ատելությունից էր ծնված, ճշգրիտ հունի մեջ դրվեց, մենք կարողացանք այդ էտապից դուրս գալ, զոհեր չունեցանք, մեծ է վտանգը, որ հեղափոխական այդ տրամադրությունների ալիքում մի փոքր շեղում, ու շատ վատ կհատուցեինք, շատ լավ արվեց»:

 

ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ՀԱՋՈՐԴ ՕՐԸ

Այս ամենը որպես կերպարի բնորոշիչ է առանձնացնում հոգեբանը, բայց կարևորում է հաջորդ քայլը. «Ավելի կարևոր է, եթե սիմվոլիկ ասենք, հեղափոխության հաջորդ օրը: Կարող է որևէ մեկը շատ լավ անցկացնի բուն հեղափոխությունը, բայց հաջորդ օրը կանգնի փաստի առաջ. Իշխանությունը քոնն է, ունես բոլոր լծակները, ի՞նչ անես, ինչպե՞ս ճիշտ վարվես, որպեսզի չվրիպես, հիմա մենք այդ փուլում ենք, ու հանրային տրամադրություններում տեսնում ենք հիասթափության որոշակի ալիքը»,-կարծում է էթնոհոգեբանը:

 

Կառավարության ձևավորման ընթացքում առաջացած դժգոհությունները, հաջորդած բողոքի ցույցերը վկայում են կերպարի՝ ոչ միանշանակ ընկալման մասին: Հաղթանակի առաջնորդից ակնկալիքները համազոր էին կախարդական փայտիկի ազդեցությանը, բայց բախվեցին իրականությանը:

 

ԱՆԿԵՂԾ ՄՂՈՒՄՆԵՐ ՈՒ ԺԵՍՏԵՐ

Հոգեբան Միհրդատ Մադաթյանն առանձնացնում է Փաշինյանի ժեստիկուլյացիայում նկատած անկեղծությունը, հարուստ ու անկեղծ. վստահորեն ասում է.

 

«Անկեղծությունը ակնհայտ է, միանշանակ, դրա մասին խոսք չկա, որովհետև Նիկոլ Փաշինյանն ինքն անկեղծ մղումներ ունի, որպես առաջին դեմք՝ իհարկե միգուցե որոշ հանդիպումների ժամանակ անկեղծության չափը երևի թե պետք է ավելի քիչ լինի, ոչ թե այլ լինի, այլ պասիվ»:

 

Սակայն կան բացթողումներ, որոնք բնորոշ չպետք է լինեն քաղաքական գործչին, օգտագործվում են ժեստեր, որոնք տարբեր են նախկին Նիկոլ Փաշինյանից, որոնք ընդունելի չեն կամ ոչ տեղին:

 

Մեջքի դիրքը, գլխի դիրքը, հայացքը եթե համեմատենք նախկին Նիկոլ Փաշինյանի հետ, ով ԱԺ պատգամավոր էր, մի փոքր այլ է, մի փոքր շփոթվածություն կա

 

«Համարենք, որ նոր է այս պաշտոնին, բնականաբար դա էլ է ընդգծված նկատվում որոշակի իրավիճակներում: Մեջքի դիրքը, գլխի դիրքը, հայացքը եթե համեմատենք նախկին Նիկոլ Փաշինյանի հետ, ով ԱԺ պատգամավոր էր, մի փոքր այլ է, մի փոքր շփոթվածություն կա: Պուտինի հետ առաջին հանդիպման համար բավարար էր, իհարկե, երկրորդ, երրորդ հանդիպմանը այլ կլինի նստելու ձևը, դիրքը և այլն: Բոլորիս համար դժվար կլինի, եթե հիմա տանեն, Պուտինի առաջ նստացնեն»,-արադարացնում է հոգեբանը:

 

ՈՉ ՃԻՇՏ ՆՇԱՁՈՂ

Նիկոլ Փաշինյանը Մոնթեի կերպարով. որքան թիրախավորված, նույնքան էլ հաջողակ եղավ այս կերպարը. քննադատություններ ուղղվեցին Փաշինյանի՝ բանակում չծառայած լինելու ուղղությամբ, իսկ Մադաթյանը կառաջարկեր այլ կերպար, օրինակ. «Երևի Փաշինյանի նշաձողը պիտի լիներ երիտասարդությունը, նոր խոսքը և այլն, որտեղ այլ իմիջ կձևավորվեր, թեև այն իմիջը, որ վերցրել էր, աշխատել է»:

 

Ժողովրդականությունն իհարկե, չքնաղ բան է, բայց երկրի առաջին դեմք լինելն էլ ինչ-որ բաներ պարտադրում է

 

Անկեղծության բարձր աստիճան, որը Փաշինյանը շարունակում է դրսևորել ժողովրդի հետ ուղիղ կամ առցանց գրեթե ամենօրյա շփումների ժամանակ. այստեղ կասկածամտություն ցուցաբերել տեղին չի համարում Մադաթյանը, բայց նկատում է. «Ժողովրդականությունն իհարկե, չքնաղ բան է, բայց երկրի առաջին դեմք լինելն էլ ինչ-որ բաներ պարտադրում է, ուզենք թե չուզենք, ամենադեմոկրատ առաջին դեմքի համար էլ ինչ-որ պարտավորություններ կան»: