Home / Canadahye  / Սփյուռքահայերը ողջունում են Սփյուռքի երիտասարդ նախարարին, պատրաստ են խորհուրդներով օգնել, իսկ ապագան հանձնել նրանց, ովքեր կերտեցին այն

Սփյուռքահայերը ողջունում են Սփյուռքի երիտասարդ նախարարին, պատրաստ են խորհուրդներով օգնել, իսկ ապագան հանձնել նրանց, ովքեր կերտեցին այն

 

 

Տորոնտո, Երևան, Սան Ֆրանցիսկո (Նորանոր) _ Մեկ շաբաթ առաջ հայտնի դարձավ Նիկոլ Փաշինյանի ձևավորած կառավարության կազմը. Երիտասարդներ, որոնցից շատերի անունները անհայտ էին հանրությանը: Երիտասարդներից ամենաերիտասարդը Սփյուռքի նախարարն է՝ 27-ամյա Մխիթար Հայրապետյանը, ում վերապահված է ղեկավարել մի գերատեսչություն, որը հիմնադրման օրից ունեցել է միայն մեկ նախարար, իսկ շոշափելի արդյունքներ՝ որպես այդպիսին, չեն եղել, թեև ծրագրեր եղել են՝ որքան ասես:

 

Նոր նախարարի՝ երիտասարդ լինելու հանգամանքը որքանո՞վ է մտահոգիչ սփյուռքահայ մտավորականների ու գործարարների cհամար, ի՞նչ ակնկալիքներ ունեն և հնարավորության դեպքում ի՞նչ ճանապարհ ցույց կտային նրան, Noranor.ca-ի այս հարցերին Սփյուռքահայերի պատասխանները:

 

ՆՈՐԱՆՈՐ.  Հանուն ժողովրդավարության պայքարած հանրության մի հատվածը հիասթափություն ապրեց, երբ Նիկոլ Փաշինյանը ձևավորեց կառավարություն, որի հիմնական մասը երիտասարդներ էին, իսկ ամենաերիտասարդը Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանն է, ում գաղափարական մոտեցումները հարցերի լուծմանը առայժմ տեսանելի չեն: Դուք կիսո՞ւմ եք հանրության շրջանում առաջ եկած մտավախությունները:

 

ԱՐԱ ՏԵՐ-ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ _ «Տորոնտոհայ» պարբերականի համահիմնադիր, Տորոնտոյի շաբաթօրյա դպրոցի փոխտնօրեն.

 

Ոչ միայն մտավախություն չունեմ, այլև խիստ ողջունելի եմ համարում երիտասարդներին պատասխանատու դիրքերում տեսնելը: Կարծում եմ՝ վարչապետը շատ ճիշտ որոշում է կայացրել: Աստվածաշունչում ասված է. Եվ ոչ ոք նոր գինին հին տիկերի մեջ չի լցնի, ապա թե ոչ` նոր գինին հին տիկերը կպայթեցնի. գինին կթափվի, և տիկերը կփչանան: Այլ` նոր գինին նոր տիկերի մեջ պետք է լցվի, և երկուսն էլ կպահվեն: Պետք չէ կասկածանքով և վերապահումով մոտենալ այս նշանակումին: Պատմության ընթացքում երիտասարդներն են եղել անկարելի թվացողը կարելի դարձնողները: Նույն այս երիտասարդներն էին, որ հաջողեցրին այն, ինչը որ իմ սերնդակիցները անցյալ տասնամյակում չհաջողեցին իրագործել: Մեր սերունդը իր անելիքը կատարել է, հիմա հերթը երիտասարդներինն է… ինչու չէ նույնիսկ ամենապատասխանատու դիրքերում մեր փորձառությունը մեզ դարձրել է պահպանողական, փոփոխությունից, նորությունից զգուշացող: Ժամանակը հասունացել է, որ մենք ստանձնենք խորհրդատուի, սատարողի դերը, իսկ ապագան հանձնենք նրանց, որոնք այսօր կերտեցին այն:

 

ՍԻՄՈՆ ՀԱՍԵՐՋՅԱՆ – կանադական Rex Power Magnetics ընկերության համահիմնադիր, ով ապրում է Հայաստանում, հայրենիքում հիմնել է ընկերության մասնաճյուղ.

 

Բոլոր նշանակված նախարարներն ալ երիտասաևդ են, կարող են փորձառություն ձեռք բերել,  բայց երիտասարդությունը առավելություն է, ժամանակը ցույց կտա:

 

 

Աբո Պողիկյան _ ԱՄՆ-ի  Ասպարեզ օրաթերթի գլխավոր խմբագիր.

 

Գիտեմ, որ երիտասարդ է, նոր մոտեցումներ պետք է ունենա, պետք է ամեն ձևով նպաստել, հուսամ նույն ձևով կաշխատի, ինչպես անցյալին էր, և իրապես ձևական բաներեն անդին կանցնի, ավելի խորքային գործակցության, իսկական աշխատանքի կանցնի:

 

Բացարձակապես չի մտահոգե, ինչու պիտի մտահոգե երիտասարդ ըլլալը, ընդհակառակը, թերևս երիտասարդն ավելի ազատ մտածելակերպ կունենա, կրնա ազատ ըլլալ, անկախ ըլլալ, նոր գաղափարներ առաջ բերել, աշխատելու որոշ ձև մը կրնա ըլլալ, որ ամրացած ըլլա ու խանգարե նախարարության մեջ, վստահ եմ, կրնա ազատել նախարարությունն ալ այդ ամեն տեսակ կաշկանդվածությունեն:

 

ՆՈՐԱՆՈՐ. Ինչպե՞ս եք տեսնում Սփյուռքի ներուժի օգտագործման եղանակը, ի՞նչ ճանապարհ ցույց կտայիք նախարարին այն օգտագործելու: Ըստ Ձեզ՝ առաջին քայլը ո՞րը պետք է լինի:

 

ԱՐԱ ՏԵՐ-ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ _ Սփյուռքի՞ց, թե՞ սփյուռքահայերից… այս նրբությունը շատ կարևոր է: Սփյուռքը գոյատևման պայքարում անընդհատ հյուծվող օրգանիզմ է՝ ինքն իր հարցերով խճճված, բազմաշերտ ու բազմատեսակ: Սփյուռքից պետք չէ ոչինչ ակնկալել, բացի այն նյութական կամ բարոյական օժանդակությունը, որ արդեն կատարվում է բարեսիրական ու բարեգործական ծրագրերի ու կազմակերպութիւնների միջոցով: Իսկ այդ օժանդակությունները սփյուռքը կատարում է իր կազմակերպությունների միջոցով, ու նախարարության դերը անհասկանալի է:

 

Այլ հարց է սփյուռքահայերից ակնկալիքներ ունենալը: Համաշխարհային չափանիշներով բազմաթիվ հայ մասնագետներ կան Սփյուռքում մշակութային, տնտեսական, քաղաքական, գիտական, մարզական, կրթական և այլ ասպարեզներում: Այս անհատների հսկայական մասնագիտական ներդրումը Հայաստանը մի քանի տարում կարող է հասցնել աշխարհի գագաթին: Սփյուռքի նախարարության հիմնական անելիքը, իմ կարծիքով, պիտի լինի այդ անհատների հետ կապ հաստատելը, դրանց`Հայաստանին օգտակար լինելու ձևերը և մեխանիզմները մշակելը, պատկան նախարարության հետ համադրումները կատարելը, կեցության կամ կենցաղային դյուրություններ ստեղծելը: Հակառակ պարագային Սփյուռքի նախարարությունը կշարունակի մնալ Սովետական շրջանի Մշակութային կապի կոմիտեի փքված տարբերակը, սփյուռքին մի քանի դասագրքերով բավարարող, մակերեսային փոքրիկ հաջողություններ արձանագրող, բայցև մեծ տպավորություն ստեղծող գործարքներով, «Արի տուն», «Մեկ ազգ, մեկ մշակույթ» Հայաստան-Սփյուռք համագումար և նմանատիպ ցուցադրական ձեռնարկների կազմակերպչի դերում:

 

 

ՍԻՄՈՆ ՀԱՍԵՐՋՅԱՆ _  Սփյուռքի հետ հարաբերությունները շատ բարդ են, նախարարությունն, իմ կարծիքով պետք է փորձե սերտ կապեր հաստատե Սփյուռքի զանազան կազմակերպություններու հետ՝ առանց նախընտրելու անհատները: Անցյալին Սփյուռքի նախարարությունը նախընտրած է յուրաքանչյուր գաղութի մեջ անհատներու հետ գործակցիլ, քան թե կազմակերպություններու հետ, որը, գիտեմ, որ սխալ եղած է, թե այս նախարարն ինչ ձևով կաշխատի, չգիտեմ, բայց պետք է գործակցի տեղվույն կազմակերպություններուն հետ:

Մշակութային համագործակցությունը ավելի կնպաստե, այսինքն՝ եթե Սփյուռքի նախարարությունը կարողանար այնպես անել, որ Սփյուռքի գաղութներն օգտվեին Հայաստանի մշակութային ներուժեն՝ մշակութային մարզի մեջ կարևոր խմբակներ բերելով, լավագույն ձևով կսկսեր կապը իրար ծանոթանալու: Կկարծեմ, որ մշակութային գործակցությունը ամենեն կարևորն է, իսկ տնտեսականին մասը տարբեր նախարարություն կկարգավորե:

 

ԱԲՈ ՊՈՂԻԿՅԱՆ _ Ես ուրիշներու պես չեմ, որ անմիջապես բանաձևեր, լուծումներ տամ, պետք է առաջին հերթին հանգիստ քննարկումներով վերարժեվորվի անցյալի քայլերը և նոր ուղղություններու մասին մտածվի: Այդքան դյուրին հարց մը չէ, եթե լուծումն ունենայի, նախկին նախարարին կամ կառավարությանը կառաջարկեի: Ես մասնակցած եմ խորհրդաժողովների՝ Հայաստան-Սփյուռք, բավական ձևական եղած են, ատկեն առաջվնե պատրաստված հայտարարություններով, բանաձևերով և այլն, հիմա եթե առիթ ըլլա, որ ազատ քննարկումներ լինեն, ազատ քննարկենք, խոսենք, այն ատեն լուծումներ կգտնվեն:

 

ՆՈՐԱՆՈՐ. Որո՞նք են Սփյուռքի նախարարության գործելաոճի ամենալուրջ խնդիրները, որոնք պետք է ուղղել:

 

ԱՐԱ ՏԵՐ-ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ _ Վերանայել նախարարութեան ծրագիրը և անցյալի փորձառության լույսի ներքո մշակել ավելի իրատեսական և լուրջ արդյունքներ ակնկալող ծրագիրներ:

 

ՍԻՄՈՆ ՀԱՍԵՐՋՅԱՆ_Նախկինեն տարբեր գործառույթ պետք է որդեգրե նախարությունը: «Արի տուն», 1000 դոլարներու ծրագիրը… Անոնք անիմաստ բաներ են, կարևորն այն է, որ Սփյուռքի նախարարությունը այնպես ընե, որ Սփյուռքի և Հայաստանի մեջ իրար ծանոթացումը բարձրանար, իրար հասկնայինք, մեր մոտեցումներն իրար մոտենային, մտայնությունները մոտանային, մենք նույն մշակույթի զավակներն ենք, բայց երբեմն տարբեր ձևով կմտածենք, երբ ժողովուրդն իր հայրենիքին մոտեն ծանոթ է, մշակութապես և հայրենապես ծանոթ է, ատկե ավելի կարագանա հայրենադարձությունը: