Home / Armenia  / Հեղափոխությունը՝ Չարենցից մինչև մեր օրեր. Երկրի կյանքով ապրող թանգարաններն ու թանգարան այցելած Նիկոլ Փաշինյանը

Հեղափոխությունը՝ Չարենցից մինչև մեր օրեր. Երկրի կյանքով ապրող թանգարաններն ու թանգարան այցելած Նիկոլ Փաշինյանը

 

ՎԱՐԴՈՒՀԻ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

Երևան (Նորանոր) _ Հեղափոխության շունչը Չարենցի տուն-թանգարանի բոլոր անկյուններում է, պոետի տողերը, որ շնչում են նորի ու նորովի ապրելու, հարատևելու ձգտումներով, առավել իմաստավորվել են այսօր: Այս տրամադրությունները միշտ են փոխանցվել թանգարանի այցելուներին, բայց հիմա արդեն այս ամենն արդիական շունչ է ստացել, կենդանացել ու շոշափելի դարձել յուրաքանչյուրի համար: Ուրեմն Թանգարանների միջազգային օրն այն պետք է լիներ մի փոքր ավելի քաղաքականացված:

 

ԹԱՆԳԱՐԱՆՆ ԱՊՐՈՒՄ Է ԵՐԿՐԻ ԿՅԱՆՔՈՎ

«Թանգարանը ապրում է երկրի կյանքով, գիտեք՝ Չարենցի պատգամն էր հենց, իր վերջին գիրքն էր, որ հրատարակեց՝ «Գիրք ճանապարհի»-ն, և «Պատգամ» բանաստեղծության պատճառով նրան մեղադրեցին, ոչ թե ակրոստիկոս, այլ երկրորդ տառերով մեզոստիկոս էր գրել, որ ասում էր. «Ո՛վ հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո հավաքական ուժի մեջ է»,-պատմում է թանգարանի գիտաշխատողը՝ Սուսաննա Տոնոյանը:

 

Միայն խոսքերով չէ, որ թանգարանը պատմում է մեր օրերի հեղափոխության մասին, մուտքից այցելուներին դիմավորում է «Դուխով» իրականացված Թավշյա հեղափոխությունը խորհրդանշող անկյունը: Բայց այսքանով ամեն ինչ չի ավարտվում. Թանգարան է այցելում երկրի վարչապետը՝ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ: Այցելուներով շրջապատված Փաշինյանը հարցազրույց տալ չի ցանկանում, փոխարենն առաջարկում է լուսանկարվել ու սիրով «սելֆի» անում յուրաքանչյուր այցելուի հետ:

 

Թանգարանում ջերմ մթնոլորտ է ստեղծվում, բայց աշխատակիցներին հաջողվում է կարճ զրույց ունենալ վարչապետի հետ: Նոր Հայաստանից դրական ակնկալիքներ ունեն նաև այս ոլորտի մասնագետները: Մեր զրուցակիցն բարձրաձայնում է խնդիրներից մեկը. «Ուզում ենք, որ երիտասարդներն ավելի լավ կյանքով ապրեն, հիմա այնքան դժվար է, երիտասարդներն ընդունվում են թանգարան աշխատանքի, այնքան ցածր է աշխատավարձը, որ իրնց չի բավականացնում, ցանկալի էր, որ այդ հարցով զբաղվեն, բարձրացվեց հարցը և դրական սպասումներ ունենք»:

 

Ոչ թե հենց թանգարանների խնդիրների լուծման, այլ մշակութային քաղաքականության փոփոխությունների ակնկալիք ունի Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանի տնօրենը՝ Նարինե Թուխիկյանը: Այն, ինչ եղել է մինչ այժմ Հայաստանի մշակութային դաշտում, այլ բառով չի բնութագրում, քան թյուրիմացություն, իսկ այս ամենի լուծման եղանակը մշակութային հայեցակարգի մշակումն է:

 

Մշակույթի ռազմավարությունը եթե մշակվեց, շատ հարցեր իրենց տեղն են ընկնում

 

«Նախկինում մենք չենք իմացել, որ մշակվում է կառավարության կողմից մշակութային հայեցակարգ, ինչպե՞ս են պատկերացնում մեր առաջընթացը, ինչպե՞ս ենք պահպանել ինքնությունը, հուսով եմ, որ հիմա բարենպաստ ժամանակներ են, կառավարությունը կմշակի մշակութային քաղաքականությունը, և դա կտարածվի նաև թանգարանների վրա, մշակույթի ռազմավարությունը եթե մշակվեց, շատ հարցեր իրենց տեղն են ընկնում: Թանգարանների առումով մենք օրենքի խնդիր ունենք, թանգարանների մասին օրենքի, հարկային դաշտում խակյտառակ վիճակ է, շուտափույթ լուծում է պահանջում»,-ասում է Նարինե Թուխիկյանը:

 

Նրա սպասումները որոշակի հիմքեր ունեն. Թանգարանների տնօրեններն առիթ ունեցել են հանդիպել նորանշանակ երիտասարդ նախարարի հետ, առաջին տպավորությունը դրական է եղել, բայց ասում է՝ նրան ճանաչելու համար ժամանակ է պետք: Իսկ երբ հարց է լինում նրա երիտասարդ լինելու մասին, ասում է.

 

Եթե մենք նոր Հայաստան ենք ձևավորում և նոր մոտեցում ենք որդեգրել, ուրեմն որքան երիտասարդ, ազատված սովետական բոլշևիկյան կամ նեոբոլշևիկյան մթնոլորտից, այնքան լավ

 

«Եկեք նայենք, թե ովքեր են եղել մինչ այդ նախարարները, ոչ այդքան երիտասարդ, և ի՞նչ, իբր փորձառու: Այսինքն՝ տարիքը կապ չունի, եթե մենք նոր Հայաստան ենք ձևավորում և նոր մոտեցում ենք որդեգրել, ուրեմն որքան երիտասարդ, ազատված սովետական բոլշևիկյան կամ նեոբոլշևիկյան մթնոլորտից, այնքան լավ, և դա շատ կարևոր է»,-ասում է տնօրենը:

 

ԼԱՎ ՈՒ ՎԱՏ ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հաջորդ տարի նշվելու է Թումանյանի 150-ամյակը, և պետք է ներկայացնեն թանգարանի հայեցակարգը: Անկախ հոբելյաններից, յուրաքանչյուր թանգարան, նրա կարծիքով, պետք է ունենա զարգացման հայեցակարգ: Ինչ վերաբերում է Թանգարանների օրվան, ապա նկատում է համընդհանուր ոգևորությունը: Ասում է.

 

Թանագարան ճանաչելու համար այդ օրը լավագույնը չի, որովհետև շատ են այցելուները, շատ բաժիններ թանգարանում փակ են

 

«Անկեղծ լինելու համար պետք է ասեմ, որ թանագարան ճանաչելու համար այդ օրը լավագույնը չի, որովհետև շատ են այցելուները, շատ բաժիններ թանգարանում փակ են , ինչպես մեզ մոտ՝ անվտանգությունից ելնելով, բայց ընդհանուր մթնոլորտը տոնական է, մշակութային է, այսինքն՝ մարդիկ իրենց ընտանիքներով, ընկերական խմբերով դուրս են գալիս փողոց վայելելու գիշերը, և գիշերը կապվում է թանգարանի հետ»:

 

Թանգարանային գիշերը վայելում էին նաև Պետրոս Ղուկասյանն ու Անահիտ Կարապետյանը: Թումանյանի թանգարանը 7-րդն էր այս այցելուների համար: Տիկին Անահիտը ասում է. «Ամեն տարի անհամբեր սպասում ենք, սովորաբար հաճախում եմ, շատ անգամ այցելած թանագարաններ նորից եմ գալիս, մեծ-մեծ հոգեկան բավականություն, և ինձ հիացնում է խանդավառությունը հայերի, այն ազնիվ մղումը, որ զգում ենք այստեղ»:

 

Ուրիշ տեսակ բարյացակամ վերաբերմունք եմ նկատում և իրար նկատմամբ

 

«Թանգարաններ, իհարկե, հաճախ ենք գնում, բայց այսօր օրվա խորհուրդն է կարևորը, և այդ օրվա խորհուրդից ելնելով՝ գալիս ես, մտքեր ես փոխանակում: Ուրիշ տեսակ բարյացակամ վերաբերմունք եմ նկատում և իրար նկատմամբ, և թանգարանների աշխատակիցների նկատմամբ, ոստիկանության աշխատակիցների կողմից, դռնապահների, մի այլ կարգի փոփոխություն, դեպի լավը»,- այս տարվա փոփոխություններով տպավորված է Պետրոս Ղուկասյանը:

 

Ուղղորդող ոչ մի նշան, մթություն, մենք արդեն հուսահատ ու վիրավորված հետ էինք գալիս, ի վերջո մեկը ցույց տվեց

 

Սակայն նրանց դրական տպավորություններին նախորդել էր բացասականը, երբ երկար ժամանակ փնտրել են Սիլվա Կապուտիկյանի թանգարանն ու չեն կարողացել գտնել, քանի որ ուղղորդող որևէ ցուցանակ չի եղել: Պատմում է տիկին Անահիտը. «Այս տարի առաջին անգամ Սիլվա Կապուտիկյանի թանգարան գնացինք, պատկերացրեք՝ այդ տարածքում մի կես ժամ շենքի շուրջ ման ենք եկել, ուղղորդող ոչ մի նշան, մթություն, մենք արդեն հուսահատ ու վիրավորված հետ էինք գալիս, ի վերջո մեկը ցույց տվեց, սեղմեցինք կոճակը, և ի զարմանս մեզ՝ աշխատակիցներն այն աստիճանի լավ ընդունեցին, կարծես Սիլվա Կապուտիկյանի տուն մտանք, ու իրենք էլ այդ տան տերերն էին, ուղղակի հիացանք: Հոգնածությունը վերացավ, և շարունակեցինք մեր շրջայցը»: