Home / Canadahye  / Կանադայում ՀՀ դեսպան Լևոն Մարտիրոսյանի հանդիպումները Քվեբեկում

Կանադայում ՀՀ դեսպան Լևոն Մարտիրոսյանի հանդիպումները Քվեբեկում

 

Քվեբեկ (Նորանոր) _ Մարտի 20-ին Կանադայում ՀՀ դեսպան Լևոն Մարտիրոսյանն աշխատանքային այց է կատարել Քվեբեկ նահանգ, որի ընթացքում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվա կապակցությամբ կազմակերպված «Ապրել միասին 2018թ.` մարտահրավերները և լուծումները» խորագրով գիտաժողովին: Միջոցառման ընթացքում ունեցած իր ելույթում ՀՀ դեսպանը խոսել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության շրջանակներում ՀՀ և Կանադայի համագործակցության մասին` առանձնացնելով կազմակերպության շրջանակներում Քվեբեկի հետ Հայաստանի ծավալած փոխգործակցությունը, անդրադարձել է համատեղ նախաձեռնություններին և մասնակիցներին մանրամասներ ներկայացրել հոկտեմբերին Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքների մասին:

 

 

Լևոն Մարտիրոսյանը հանդիպում է ունեցել նաև Քվեբեկի Միջազգային հարաբերությունների և ֆրանկոֆոնիայի նախարար Քրիսթին Սեն-Պիերի հետ: Հանդիպմանը քննարկվել է երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ: Ապակենտրոնացված համագործակցության զարգացման շրջանակներում կողմերը քննարկել են ՀՀ և Կանադայի Քվեբեկ նահանգի միջև տարբեր ուղղություններով համագործակցության խորացման հեռանկարները, մատնանշվել են մի շարք թիրախային նախագծեր:

 

 

Այնուհետև ՀՀ դեսպանը հանդիպում ունեցավ Քվեբեկի Ազգային ժողովի փոխնախագահ Ֆրանսուա Ուիմեի հետ: Հանդիպմանը մանրամասն անդրադարձ կատարվեց Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության շրջանակներում երկու երկրների համագործակցությանը: Քննարկվեցին տարածաշրջանային և միջազգային արդի հարցեր: Օրվա ողջ ընթացքում Քվեբեկի Խորհրդարանի շենքի վերևում ծածանվում էր ՀՀ պետական դրոշը:

Մարտի 21-ին ևս ՀՀ դեսպանը հանդիպումներ է ունեցել Քվեբեկի պետական տարբեր գերատեսչությունների ղեկավարների հետ, իսկ այցն ավարտվել է Քվեբեկի Լավալ համալսարանում պրոֆեսորադասախոսական կազմի, այդ թվում Հայաստանից գործուղված ֆիզիկոսների խմբի հետ տեղի ունեցած հանդիպումով: