Home / Canadahye  / Կանադացի խորհրդարանականները՝ Մայիսի 28-ի ու հայ ժողովրդի Անկախության մասին. Պաշտոնական ընդունելություն Կանադայի խորհրդարանում

Կանադացի խորհրդարանականները՝ Մայիսի 28-ի ու հայ ժողովրդի Անկախության մասին. Պաշտոնական ընդունելություն Կանադայի խորհրդարանում

 

 

ՎԱՐԴՈՒՀԻ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

Օտտավա (Նորանոր) _ Կանադայում Հայաստանի Առաջին Հանրապետության նվիրված տոնակատարությունները  միայն հայկական կազմակերպությունների ու դիվանագիտական կառույցների մասնակցությամբ չեն անցկացվում: Կանադայի Խորհրդարանի պատգամավորները ևս մասնակցում են: Դրանցից  մեկը տեղի է ունեցել երեկ՝ Հայ Դատի հանձնախմբի և «Կանադա-Հայաստան բարեկամության խմբի» նախաձեռնությամբ: Երկու ժամ տևած հանդիպման ընթացքում կանադացի երեսփոխանները հանդես են եկել ելույթներով ու հայտարարություններով:

 

Այս ամենի մասին Noranor.ca կայքին պատմել է Կանադայի Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Սևակ Բելյանը: Մայիսյան եռատոնի մաս կազմող այս նվաճման գործում անուրանալի է ՀՅԴ դերակատարումը, հետևաբար ոմանք Մայիսի 28-ը համարում են, այսպես ասենք, «Դաշնակների տոնը»: Արդյո՞ք դա այդպես է, կա՞ ավանդական մյուս կուսակցությունների ու կազմակերպությունների կողմից չեզոքության դրսևորում, այս և այլ հարցերի ևս անդրադարձել է Սևակ Բելյանը:

 

ԵԼՈՒՅԹՆԵՐ ՈՒ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Օտարերկրյա մեծաթիվ խորհրդարանականները, պետական կուսակցական կամ անկուսակցական պաշտոնյաները, որոնք հարաբերություններ ունեցել են այ Դատի հանձնախմբի կամ հայ համայնքի հետ, ներկա են գտնվել պաշտոնական ընդունելությանը: Ազատական կուսակցությունից Բրայան Մեյը, Պահպանողական կուսակցության փոխատենապետ Հերոլդ Էլբրեխթը ու Նոր Դեմոկրատական կուսակցությունից Դոն Դեյվիսը ևս կարևորել են պատմական այս իրողությունը հայ ժողովրդի կյանքում: Իսկ մինչ ընդունելությունը Խորհրդարանում հատուկ հայտարարությամբ է հանդես եկել պատգամավորուհի Ջուան Յիփը :

 

Այս հայտարարությունը ընթերցվեցավ ուղղակի Խորհրդարանեն ներս

 

«Հայտարարության մեջ նշեց 100-ամյակը՝ անդրադառնալով պատմական կարևորության և նշելով, որ այսօր հայ ժողովուրդը ամբողջ աշխարհի ընթացքին տոնախմբված է, որ նշե Առաջին Հանրապետության 100-ամյակը, այս հայտարարությունը ընթերցվեցավ ուղղակի Խորհրդարանեն ներս»,-կարևորում է Սևակ Բելյանը:

 

Հանդիպմանը ներկա են եղել նաև Կանադայում ՀՀ դեսպան Լևոն Մարտիրոսյանն ու նորանշանակ հյուպատոս Արա Մկրտչյանը, ՀՅԴ ղեկավար մարմնի ներկայացուցիչներ, համայնքի տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներ:

 

Սևակ Բելյանը, հանդես գալով բացման խոսքով, անդրադարձ է կատարել Հայաստանի Առաջին Հանրապետության հիմնադրման պատմական ու քաղաքական նշանակությանը, խոսել է մարտահրավերների հաղթահարման մասին: Հայ դատի Շրջանային հանձնախմբի ատենապետ Շահեն Միրաքյանը ևս, անդրադառնալով  պատմական իրադարձություններուն, խոսել է Առաջին Հանրապետության ժառանգության՝ հայ ժողովրդի համար ներշնչման աղբյուր լինելու հանգամանքին: Կանադայում ՀՀ դեսպան Լևոն Մարտիրոսյանն էլ կարևորել է Հայաստան-Կանադա զարգացող փոխհարաբերությունները:

 

Կանադա-Հայաստան հարաբերությունները զգալի աճ կապրեն, և հուսով ենք, որ այս չափով միասնաբար կզարգանանք ի նպաստ երկու երկրների հարաբերություններու

 

«Նշեց իրողությունը, որ այս տարվա հոկտեմբերին Երևանում տեղի կունենա Ֆրանկոֆոնիայի համաժողովը, որուն մասնակցություն պիտի ունենա Կանադան, որը Դաշնակցային մակարադակի վրա քվեարկող լիիրավ անդամ է: Դեսպանը եզրափակեց, որ Կանադա-Հայաստան հարաբերությունները զգալի աճ կապրեն, և հուսով ենք, որ այս չափով միասնաբար կզարգանանք ի նպաստ երկու երկրների հարաբերություններու»,-ասում է Հայ Դատի հանձնախմբի Օտտավայի գրասենյակի տնօրենը:

 

Սևակ Բելյանը շեշտում է հանդիպմանը հայկական կազմակերպությունների ներկայության մասին, իսկ արդյո՞ք նրանք ու մյուս կուսակցությունները նույն ակտիվությամբ են մասնակցում միջոցառումներին, կա՞ միասնականությունը տոնակատարությունների ժամանակ, թեև, գաղտնիք չէ, որ Սփյուռքում մյուս կուսակցությունների ներկայացվածությունն ու մասնակցությունը անհամեմատելի է ՀՅԴ հետ:

 

«ԴԱՇՆԱԿՆԵՐԻ ՏՈ՞ՆՆ Է»

Նաև Առաջին Հանրապետության ստեղծման գործում իր էական դերն ունեցել է ՀՅԴ-ն, հետևաբար Մայիսի 28-ը որակում են նրանց տոնը, Բելյանը համաձայն չէ, վստահեցնում է, որ մայիսքսանության միջոցառումներին միասնական են բոլոր կազմակերպությունները: Ասում է.

 

ՀՅԴ-ն չնվաճեց անկախությունը իր համար, այլ խմբավորումների, ժողովուրդի հետ նվաճեց բոլոր Հայաստանի համար, բայց կարծեմ, որ այդպիսի տարանջատում գոնե Կանադայի մեջ չկա

 

«Ճիշտ է, որ Դաշնակցությունը մեծ դերակատարություն ունեցած է այդ գործընթացի մեջ, բայց նաև շատ մը այլ կուսակցություններ, խմբավորումներ կային, որոնք մեծ ներդրում ունեցած են Առաջին Հանրապետության կարճատև այդ ժամանակաշրջանին: Կկարծեմ շատ սխալ մոտեցում է, այդպես որակավորելու համար, որ այս մեկը Դաշնակներու տոնն է, մենք կհավատանք, որ երկար դարերու ազատազրկումե, չարչարանքե, Ցեղասպանությունե անցած ժողովրդի մը համար անկախություն նվաճելը իսկապես որ հրաշք է, և այս մեկը համազգային արժեք պիտի ունենա: ՀՅԴ-ն չնվաճեց անկախությունը իր համար, այլ խմբավորումների, ժողովուրդի հետ նվաճեց բոլոր Հայաստանի համար, բայց կարծեմ, որ այդպիսի տարանջատում գոնե Կանադայի մեջ չկա»:

 

ՀԱԿԱՌԱԿՈՐԴ ՉԿԱ

Իսկ տոնական միջոցառումները փոքրաթիվ չեն, թեև շատ են հնչում տեսակետներ, որ այս իրադարձությունը նույնպիսի արձագանք չունի Սփյուռքում, որքան Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցն էր: Սևակ Բելյանը նման խոսակցությունների շարժառիթը համարում է հետևյալը.

 

Ցեղասպանությունը մեր պատմության դժբախտ էջերեն մեկն է, իսկ Մայիսյան տոնը շատ ավելի ուրախ, ցնծալի տոն մըն է

 

«Միակ պատճառը այն է, որ հավանաբար հակառակորդ չկա այս մեկ պատմական եղելության դեմ, Ցեղասպանության պարագային շատ անգամ արձագանքը, որ կստեղծվի, մանավանդ միջազգային հանրության մոտ, կբխե այն իրականությունեն, որ Թուրքիան մինչև այսօր կշարունակե ժխտել Ցեղասպանությունը, և դժբախտաբար կփորձե քաղաքականացնել: Կկարծեմ այս իրողությունն է, որ ավելի արձագանք կստեղծեր Ցեղասապանության 100-ամյակին, բայց միջոցառումների տարողության կամ ժողովուրդի մասնակցության իմաստով նույն մոտեցումը կա, դժբախտաբար Ցեղասպանությունը մեր պատմության դժբախտ էջերեն մեկն է, իսկ Մայիսյան տոնը շատ ավելի ուրախ, ցնծալի տոն մըն է, կկարծեմ պատշաճորեն բոլոր համայնքներեն ներս ալ այս բոլորը տեղի կունենան»:

 

Հաջորդ շաբաթ միջոցառումները ավելի մեծ շուքով կշարունակվեն, Կանադայում տեղի կունենան նաև Դրոշակի արարողություններ, որոնց, ինչպես ՀՅԴ պատասխանատուն է նշում, ներկա կգտնվեն նահանգային ու տեղական մասշտաբներով քաղաքական գործիչներ: