Home / Armenia  / 8 տարի առաջ ծառայությունից խուսափած գյումրեցի մարզիկ Ռոբերտ Կարապետյանի երազանքն այսօր առաջին գծում ծառայելն է

8 տարի առաջ ծառայությունից խուսափած գյումրեցի մարզիկ Ռոբերտ Կարապետյանի երազանքն այսօր առաջին գծում ծառայելն է

 

ՎԱՐԴՈՒՀԻ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

Գյումրի (Նորանոր) _ Դեռ պատանի հասակից գյումրեցի Ռոբերտին հետաքրքրում էին զինվորական համազգեստը, ծառայությունը հայոց բանակում ու ազգային հերոսները:

 

Ո՞ՒՄ ՀԱՄԱՐ ԳՆԱՍ ԾԱՌԱՅԵՍ

Ռոբերտը, զրկված լինելով հորից, դեռ 12-13 տարեկանից աշխատել է Գյումրու շուկայում, մորը ոչ միայն նյութապես, այլև բարոյապես աջակից եղել, իսկ 18 տարեկանում, երբ պետք է նրան մենակ թողներ ու մեկներ ծառայության, հայրենասեր պատանուն հետապնդել է մի միտք, որը հաճախ էր լսում ընկերներից, շրջապատի մեծերից:

 

էդ ժամանակ մտածում էինք էսպես՝ ինչու պետք է ծառայենք, զոհվենք, իսկ իրենք ջիփերով, ամեն ինչով կյանքը վայելեն

 

«Բոլորն ասում էին՝ ո՞ւմ համար գնաս ծառայես, տեսնում էինք էլի հարուստի տղեքին՝ ինչ ձև էին ապրում, իսկ սահմանին ինչքան զոհեր էին լինում, ու Շիրակի մարզից էլ մեծ թվով տղաներ էին զոհվում, էդ ժամանակ մտածում էինք էսպես՝ ինչո՞ւ պետք է ծառայենք, զոհվենք, իսկ իրենք ջիփերով, ամեն ինչով կյանքը վայելեն, ավելի լավ է, մենք էլ չծառայենք, մեր ժամանակը տրամադրենք ընտանիքի բարելավմանը»,-պատմում է Ռոբերտը:

 

Տղան, որ ամեն անգամ ակնածանքով ու հպարտությամբ էր կրում, ինչպես ինքն է ասում զինվորական «ֆորման», որոշում է խուսափել ծառայությունից, փորձ անել հիվանդ ձևանալ այն պարագայում, երբ լիարժեք առողջ էր և պիտանի ծառայության: Դիմում է իր տաղանդին ու հնարամտությանը:

 

Էդ վախտ մեր երիտասարդության մեջ տարածված էր շատ, որ ձևանան ներվային կամ եսիմինչ

 

«Միջոցներ ընդհանրապես չենք հատկացրել, էդ վախտ մեր երիտասարդության մեջ տարածված էր շատ, որ ձևանան ներվային կամ եսիմինչ, զարմացրեց այն հանգամանքը, որ ես, ծառայելով Մ. Մելքոնյանի վարժարանում, սովորելով Դոսաֆում, ստանալով վարորդական վկայականը, հաջողվեց ազատվել բանակից»,-պատմում է Ռոբերտը:

 

Ռոբերտ Կարապետյանը, ով այժմ 26 տարեկան է, ափսոսում է իր այս արարքի համար, ամաչում, որ առողջ լինելով՝ զինգրքույկում նշված է, որ ծառայության համար պիտանի չէ: Իսկ օրեր առաջ, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատմեց իր որդու ծառայության մեկնելու մասին, Ռոբերտը վերջնական որոշում կայացրեց. Ամեն ինչ անել, որպեսզի ինքն էլ լրացնի բաց թողածն ու, ավելին, հետագայում շարունակի պայմանագրային հիմունքներով ծառայել հայրենիքին:

 

ՀՐԱՏԱՊ ԵԿԱՎ ՀԱՅԱՍՏԱՆ

Բայց ամեն ինչ շատ ավելի վաղ՝ Ապրիլյան պատերազմի օրերից էր սկսվել: Եթե ոմանք պատերազմի լուրն առնելով, վախ էին ապրում, ապա Ռոբերտը Սոչիից Հայաստան էր եկել առաջին գիծ մեկնելու մտադրությամբ:

 

«Հրատապ եկա Հայաստան, գնացի զինկոմիսարիատ, բիլետս հետս էր, ասացի, որ անպիտան եմ գրված, բայց ուզում եմ գնալ առաջին գիծ, զինվորների կողքին լինել, ասացին՝ եթե դու անպիտան ես համարվել, ուրեմն իրավունք չունես գնալու: Դրանից հետո ասացին,  որ պետք էր գնալ կամավորների տեղը, այդպես երևի հնարավոր կլիներ, բայց ես չգիտեի այդ մասին»,-ափսոսանքով պատմում է գյումրեցի երիտասարդը:

 

ՀԱՅԱՍՏԱՆԸ ՔԱՇՈՒՄ Է

Ռոբերտի մայրն այսօր Սոչիում է ապրում, ինքն էլ տարեկան մեկ-երկու անգամ մեկնում է Սոչի՝ այնտեղ ապրելու մտադրությամբ, սակայն հարազատ Գյումրիից հեռու երկար ապրել չի կարողանում, հպարտությամբ է ասում.

 

«Ես բազում փորձեր եմ արել գնալ Հայաստանից ու ապրել դրսում, բայց չի ստացվում, երևի մի 15-20 անգամ գնացել եմ Ռուսաստանի Դաշնություն ապրելու, բայց ընդամենը կարողացել եմ մեկ, մեկուկես ամիս մնալ, չեմ կարողանում, Հայաստանը քաշում է: Մայրս էլ էնտեղ է, բայց չեմ կարողանում մնալ, Երևանի տռասն եմ սարքել Գյումրի-Սոչի ճանապարհը»:

 

Ներկայում Ռոբերտը Գյումրիում որպես հացթուխ է աշխատում, չի տեսնում որևէ հեռանկար, միակ նպատակն ու ցանկությունն է լրացնել այն դատարկությունը, որն զգում է իր ներսում պարտադիր զինծառայություն չանցնելու հետևանքով: Իսկ այլ բնագավառում աշխատելու հնարավորություն չի տեսնում, թեև ունի մասնագիտություն, որով ևս ֆինանսական հնարավորություններ լինելու դեպքում կարող էր հաջողության հասնել:

 

ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՊԱՏՃԱՌՆԵՐՈՎ

Ռոբերտը տարիներ շարունակ զբաղվել է մարտարվեստով, այս բնագավառում լուրջ հաջողություններ ունեցել, Գյումրիում հիմնել է մարտարվեստի ֆեդերացիա՝ Բելոռուսից հրավիրելով պրոֆեսիոնալ մարզիչ, սաները կարճ ժամանակում հասցրել են մեդալներ նվաճել, սակայն ֆինանսական միջոցների սղության պատճառով ստիպված է եղել փակել ֆեդերացիան:

 

Արդյո՞ք հնարավոր չէ նորից քայլեր անել «չեմպիոնների քաղաք» Գյումրիում մարտարվեստը զարգացնելու ուղղությամբ, անհրաժեշտ հմտություն ունի, սակայն դա բավարար չի համարում:

 

«Հայաստանում մարտարվեստներին էդքան էլ լավ չեն նայում, հովանավորներ չկան, երեխաներին պետք է տանել Իրան կամ ավելի հեռու երկրներ, բայց չի ստացվի էն պատճառով, որ ֆինանսական շրջանառություն չկա, չես կարողանում զարգացնել դպրոց, ռեկլամներ և այլն, իմ ուժերով ես չեմ կարողանում այդ ամենն անել»,-ասում է Մոնթե Մելքոնյանի դպրոցի սանը:

 

ԻՐԱՎԻՃԱԿ Է ՓՈԽՎԵԼ

Այսօր երիտասարդի մայրն էլ դեմ չէ որդու ծառայությանը, իսկ եթե նման հնարավորություն տրվի, երիտասարդը պատրաստ է նոր եռանդով միանալ ու վահան դառնալ 18-20 տարեկան նորակոչիկների համար, որոնցից յուրաքանչյուրի ծառայության մեկնելու ժամանակ երազում է իր բաց թողածը լրացնելու մասին:

 

Այստեղ անիմաստ եմ համարում իմ կյանքը, ապագա չեմ տեսնում առանց ծառայության

 

«Տեսնում եմ, որ ջահել երեխեքը՝ 18 տարեկան, գնում են, ծառայում-գալիս, իսկ ես 26 տարեկան եմ, արդեն շատ տարբերություն կա, ոգևորվում եմ: Կուզենայի գնալ ես էլ, բայց չեմ կարող, այս իրադարձություններն էլ այնպես եղան, որ կարելի է բարձրաձայնել: Կուզենամ նախ առաջին գիծ գնամ, որ կանգնեմ մեր զինվորների հետ, այնտեղ լինեմ, ուզում եմ պաշտպանել իմ հայրենիքը: Իսկ այստեղ անիմաստ եմ համարում իմ կյանքը, ապագա չեմ տեսնում առանց ծառայության»,-ասում է հայրենասեր երիտասարդը:

 

Վարչապետն իր բերանով ասում է՝ իմ տղես գնում է ծառայելու, գնացե՛ք, հետը ծառայե՛ք, էդ իրավիճակը շատ հուզիչ է ու զգաստացնող

 

8-10 տարի առաջ լսում էին սահմանին ամենօրյա զոհերի մասին, ափսոսում զոհված երիտասարդների համար, ցավում, որ նրանք մեծամասամբ Գյումրիից են, բայց չէ՞ որ այսօր էլ միայն երկրում է փոխվել դրությունը, իսկ սահմանային իրավիճակը գրեթե նույնն է, հարցին Ռոբերտը պատասխանում է. «Չէ որ հիմա իրավիճակ է փոխվել՝ վարչապետն իր բերանով ասում է՝ իմ տղես գնում է ծառայելու, գնացեք հետը ծառայեք, էդ իրավիճակը շատ հուզիչ է ու զգաստացնող»:

 

Զգաստացողներ գուցե էլի կլինեն, իսկ Ռոբերտի գրությունը խոստացել են փոխանցել փոխվարչապետին: Երիտասարդը սպասում է երազանքի իրականացմանը: