Home / Canadahye  / Մեծ կորուստներ ոչ օբյեկտիվ պատճառներով. Ինչո՞ւ է կանադահայ գործարար Հրաչ Ջաբրայանն այլոց խորհուրդ տալիս ներդրումներ չանել Արցախում

Մեծ կորուստներ ոչ օբյեկտիվ պատճառներով. Ինչո՞ւ է կանադահայ գործարար Հրաչ Ջաբրայանն այլոց խորհուրդ տալիս ներդրումներ չանել Արցախում

 

ՎԱՐԴՈՒՀԻ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

Երևան (Նորանոր) _ 2008-2016թթ-ին Հայաստանում ամենախոշոր՝ 226 մլն դոլարի ներդում կատարած կանադահայ գործարար Հրաչ Ջաբրայանը գործունեության այդ շրջանը հայրենիքում փակեց մեծագույն վնասներով. Կորցրեց 170 մլն դոլար: Ո՛չ սեփական սխալ հաշվարկները կամ աշխատաոճը, ո՛չ էլ բնական ազդեցություններն էին Կապանում հանքարդյունաբերությամբ զբաղվող Ջաբրայանի բիզնեսի տապալման պատճառը: «Պատճառը եղել է իշխանության ոչ ադեկվատ աշխատաոճը, նրանք մոտեցում ցուցաբերած են, որոնց Կանադայի մեջ սովոր չենք, այդ բոլորը պետք է փոխվին»,-Noranor.ca-ի հետ զրույցում ասում է Ջաբրայանը:

 

Նա դարձյալ Հայաստանում է, Առաջին Հանրապետության տոնակատարություններին է ներկա գտնվել, գործնական հանդիպումներ ունեցել, այցելելու է Արցախ՝ նախագահի հետ հանդիպելու ցանկությամբ: Անկախ նախկինում ունեցած անարդյունավետ փորձից՝ 4 տարի առաջ որոշեց Արցախում գործունեություն ծավալել, բայց իշխանությունների վերաբերմունքի ոչ մի տարբերություն:

 

ՆԵՐԴՐՈՒՄ ՄԻ՛ ԱՐԵՔ

Այսօր, երբ սփյուռքի իր ծանոթները Հայաստանում ներդրում անելու վերաբերյալ կարծիք են հարցնում Հրաչ Ջաբրայանից, նա խորհուրդ է տալիս չգնալ այդ քայլին: Սա ամենևին էլ չի խոսում հայրենասիրության պակասի մասին, այլ կարծում է, որ միայն իրականությունը վեր հանելով հնարավոր կլինի լուծում տալ խնդիրներին, ոչ թե կոչերով ու կեղծ քաջալերանքով:

 

Ասում եմ՝ մի արեք, որովհետև ես սխալ եմ արել, ես այս պահին այդքան էլ ուրախ չեմ, որ այդքան մեծ գումար եմ դրել Արցախում

 

«Ասում եմ՝ մի արեք, որովհետև ես սխալ եմ արել, ես այս պահին այդքան էլ ուրախ չեմ, որ այդքան մեծ գումար եմ դրել Արցախում, որովհետև մեզ քաջալերեցին, մեզ վստահեցրեցին, որ մենք երբեք չստեղծված պրոբլեմներ չենք ունենա, արդար աշխատելաոճ կլինի, բայց իրականությունը այդպես չի, եթե այսօրվա իրավիճակով լիներ, ես երեք-չորս տարի առաջ Արցախում արված այդ մեծ ներդրումս չէի անի: Երևի որպես հայրենասեր՝ սա չպետք է ասեմ, բայց ճիշտ չի լինի չասելը, որովհետև մենք հարցերի մասին եթե չխոսանք, լուծում չենք կարող տալ»,-ասում է կանադահայ գործարարը:

 

ՀՍՏԱԿ ՕՐԵՆՔՆԵՐ

Առաջիկայում պատրաստվում է քննարկել Բակո Սահակյանի հետ, ինչի՞ց է հարկավոր սկսել, ո՞ր հարցերն են, որ այսքան հիասթափեցնում են: Դրանք բազմաթիվ են, կառուցվածքային՝ կապված ներդրումների, արտահանումների, տարբեր ենթակառուցվածքների սուբյեկտիվ մոտեցումների, կաշառակերության փաստին առնչվելու և օրենսդրական բացերի հետ:

 

Դու չես կրնա օրենք ունենաս, որ կարող ես 2-3 ձևով թարգմանես, օրենքը հստակ պիտի ըլլա, կան օրենքներ՝ ներդրողներու հետ կապված, որ չունինք

 

«Առաջին հերթին երկխոսության կարիք կա, ստանդարտները չպետք է փոփոխության ենթարկվին ամեն օր, օրենքները պետք է հստակ ըլլան, և ենթատեքստեր չունենան, դու չես կրնա օրենք ունենաս, որ կարող ես 2-3 ձևով թարգմանես, օրենքը հստակ պիտի ըլլա, կան օրենքներ՝ ներդրողներու հետ կապված, որ չունինք»,-համոզված է այս խնդիրներին ամեն օր բախվող կանադահայը:

 

Գուցե այս հանդիպումից հետո ծանոթներին հանդիպելիս արդեն խորհուրդ տա գալ և ներդրում անել Հայաստանում, կախված է հանդիպման արդյունքներից, որից սպասումներ ունի: Բայց ոչ իր խորհուրդ-հորդորները, ոչ իշխանության կոչերը չեն կարող նույնքան հզոր  ազդակ լինել գործարարի համար, որքան բարեփոխումները, որոնք պետք է սեփական աչքերով տեսնեն, վստահ է Հրաչ Ջաբրայանը: Այսինքն՝ սփյուռքահայ ներդրողը կարիք չունի քաջալերանքի, բավական է անհրաժեշտ միջավայրի ստեղծում, և ներդրումներն առանց ավելորդ կոչերի կիրականացվեն:

 

Նորմալ միջավայր ասելով՝ Ջաբրայանը նկատի չունի միայն բիզնեսի համար հստակ կանոնների շարադրումն ու կիրառումը, այլև արդար պայմանների ապահովումը, որտեղ կկարողանա ձևավորվել ու կայանալ նաև միջին խավը, այսպես կոչված, թալանողների ու թալանվողների միջև եղած հսկայական սսոցիալական տարանջատումը նվազեցնելու հաշվին:

 

Երևանում կամ նամանավանդ Արցախում տեսնեմ 25-ամյա երիտասարդ, որ բանակում չի ծառայել, մեկ օր չի աշխատել, բայց 300 հզր դոլարանոց մեքենայով է ման գալիս, այստեղ ես պրոբլեմ կտեսնեմ

 

«Ես Սփյուռքի մեջ կրնա աշխատիմ 25 տարի և ունենամ մեծ հաջողություններ, Երևանում կամ նամանավանդ Արցախում տեսնեմ 25-ամյա երիտասարդ, որ բանակում չի ծառայել, մեկ օր չի աշխատել, բայց 300 հզր դոլարանոց մեքենայով է ման գալիս, այստեղ ես պրոբլեմ կտեսնեմ այն դեպքում, երբ Հայաստանի մեջ քաղաքացին 100 հզր դրամ է ստանում, մենք հիմնական հարց ունենք, Սփյուռքահայը ինչպես պիտի գա և ներդրում անի: Ինքը կակնկալե, որ շահույթ ունենա բիզնեսից, իսկ մենք Հայաստանում ու Արցախում միջին դասակարգ չունենք, ունենք աղքատ և շատ հարուստ»,-ասում է գործարարը:

 

ՆՈՐ ԻՐԱՎԻՃԱԿ

Հայաստանում ստեղծված նոր իրավիճակը հուսադրող է շատերի համար, ոմանք գուցե արդեն մտածում են ներդրում անելու մասին, սակայն այդ սպասումները չպետք է լինեն էմոցիոնալ՝ նախկին իշխանությունների հանդեպ վերաբերմունքից ելնելով, այլ իրատեսական: Ջաբրայանը դեռ առիթ չի ունեցել հանդիպել նոր վարչապետի ու Սփյուռքի նախարարի հետ, սակայն մտադիր է հաջորդ անգամ հանդիպել ու քննարկել: Նրա համար ընդունելի է հատկապես նախարարի մտահղացումը Հայաստանում սփյուռքահայերից բաղկացած երկրորդ ԱԺ ձևավորելու մասին:

 

«Կկարծեմ, որ շատ ճիշտ մտահղացում է, որտեղ ներգրավվին և փորձառություն ունեցող սփյուռքյան անհատներ, ովքեր ներդրում ունեցած են, և մարդիկ, ովքեր կրնան ներգրավվել»,-կարծում է նա:

 

Իսկ թե որքանո՞վ է հավանական նման կառույցի ստեղծումը, քննարկման հարց է: Դեռևս հստակ չէ ներկա ժամանակավոր կառավարության գործելու ժամկետը, ինչը ևս շատ հարցեր է թողնում: Իսկ թե ինչ կհասցնի անել այս կառավարությունը, Ջաբրայանը մեծ սպասումների մասին առայժմ չի խոսում, տեսնում է փոփոխություններ, բայց հույս է հայտնում, որ դրանք ոչ թե մակերեսային, այլ հիմնավոր ու ազդեցիկ կլինեն: