Home / Armenia  / Կոռուպցիայի դեմ պայքարը՝ երեկ և այսօր. Դիտարկումների ու բացահայտումների շղթա՝ խորհուրդների փոխարեն

Կոռուպցիայի դեմ պայքարը՝ երեկ և այսօր. Դիտարկումների ու բացահայտումների շղթա՝ խորհուրդների փոխարեն

 

ՎԱՐԴՈՒՀԻ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

Երևան (Նորանոր) _ Հովիկ Աբրահամյան, Գագիկ Խաչատրյան և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ, որոնք 15 տարի պայքար են տարել կոռուպցիայի դեմ. Հայաստանում 2003թ-ին հաստատվել է առաջին հակակոռուպցիոն ռազմավարությունը, 2004-ին ձևավորվել է կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդը, որը ղեկավարում էին վերը նշված անձինք:

 

«Հայաստանը պայքարում է կոռուպցիայի դեմ» լոզունգը հաստատելու նպատակով էլ ձևավորվել էր խորհուրդը, որը տարեկան 4-5 նիստ էր գումարում, ներկայացնում կոռուպցիայի դեմ պայքարի ռազմավարություն՝ առանց դրանք իրականացենլու քաղաքական կամքի: Իսկ իրականում դրանք կրել են ձևական բնույթ և նպատակ հետապնդել դոնոր կազմակերպություններից գումարներ հայթայթել, իսկ ընտրությունների ժամանակ ձևական հայտարարություններով ու գնահատականներով հանդես գալ. Սա փորձագետների ընդհանուր գնահտականն է կառույցի վերաբերյալ:

 

ԱՌԱՆՑ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ

Խորհուրդը, որը մեմամասամբ բաղկացած էր պետական պաշտոնյաներից, իսկ փոքրամասնությունը պետք է կազմեին ընդդիմության ու քաղհասարակության ներկայացուցիչները, վստահության որևէ հիմք չէր տալիս: Սա էր պատճառը, որ հենց Հովիկ Աբրահամյանի ղեկավարման ժամանակ «Ընդդեմ իրավական կամայականությունների» հկ նախագահ Լարիսա Ալավերդյանը ժամանակին հրաժարվեց մաս կազմել խորհրդին: Պատճառները երկուսն էին.

 

Ընդունելի չէր այդ մեխանիզմը, որ ինքը պետք է իրեն բռնի, դատապարտի

 

«Ընդունելի չէր այդ մեխանիզմը, որ ինքը պետք է իրեն բռնի, դատապարտի, և գործունեությունը կայանում էր հետևյալում. Ընդունվում էին այս կամ այն օրենսդրական փոփոխություններ կամ որոշումներ զուտ իրավական առումով ինչ-ինչ նորմատիվային ակտեր և դա ցուցադրվում էր որպես իրական պայքար, ստացվում էր այսպես, որ իրականությունը մի հարթության մեջ էր մնում իսկ պայքարը բոլորովին այլ հարթության մեջ է»,-ասում է Լարիսա Ալավերդյանը:

 

Կոռուպցիայի դեմ պայքարում են անձինք, որոնք պետք է հետապնդվեն նման մեղադրանքներով, այս մեխանիզմը անհասկանալի էր մնում այն ժամանակ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ալավերդյանի համար, հետևաբար չէր ցանկանում, որ իրենց որպես գործիք օգտագործեն խորհրդում՝ ցույց տալով, որ նաև ընդդիմությունն է ներկա:

 

Այդ խորհրդի կազղմում էին Հովիկ Աբրահամյանը, Գագիկ Խաչատրյանը, որոնք ամենակոռումպացված ու վարկաբեկված անձինք  էին

 

Նույն պատճառներով նաև «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) մասնագետները հրաժարվեցին ներգրավվել խորհրդում: ԹԻՀԿ գործադիր տնօրեն Սոնա Այվազյանն ասում է. «2013թ-ի երբ որ ձևավորվեց նոր խորհուրդը, հրաժարվեցինք, որովհետև այդ խորհրդի կազղմում էին Հովիկ Աբրահամյանը, Գագիկ Խաչատրյանը, որոնք ամենակոռումպացված ու վարկաբեկված անձինք  էին ու հանդիսանում էին հակակոռուպցիոն խորհրդի անդամ, որը որ պարզապես ծաղր էր»:

 

Անկախ նրանց ներկայությունից՝ խորհուրդը գումարում էր նիստերն ու հերթական հայտարարություններով հանդես գալիս. 2013թ-ի առաջին նիստի ժամանակ Հովիկ Աբրահամյանն ասում է. «Մեր աշխատանքները լինելու են թափանցիկ, և մենք ամեն ինչ կանենք, որպեսզի դրանց արդյունքները հանրության համար լինեն տեսանելի: Թեպետ մեր գործընկերներից մի մասը հրաժարվեցին մասնակցել խորհրդի աշխատանքներին, մենք հրավիրել ենք իրենց ներկա գտնվելու այսօրվա նիստին: Հուսով եմ, որ թե’ Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցությունները, և թե’ հասարակական կազմակերպությունները, որոնք հրաժարվեցին որպես խորհրդի անդամներ ներգրավվել խորհրդի աշխատանքներին, այնուամենայնիվ, կհամագործակցեն խորհրդի հետ ու իրենց գիտելիքները և մասնագիտական փորձը կներդնեն կոռուպցիայի դեմ համատեղ պայքարում: Միայն այս ճանապարհով է հնարավոր ձևավորել միասնական տեսակետներ, մոտեցումներ և առաջ շարժվել»:

 

 

ԻՐԱԿԱՆ ՊԱՅՔԱՐԸ

Թե որքանով այս խոսքերն իրականություն դարձան, հանրությունը հետևություններ անում է, իսկ Թրանսփարենսի ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոնը իր մասնակցությունը խորհրդի կազմում բերեց միայն Կարեն Կարապետյանի վարչապետ դառնալու ժամանակ՝ իրադարձություններից չկտրվելու նպատակով, ինչու չէ, խոստովանում է Այվազյանը, ինչ-որ չափով հույս կապելով Կարապետյանի հետ: Սակայն դարձյալ չտեսան քաղաքական կամք:

 

Կառավարությունը ցույց է տալիս, թե իրականում ինչպիսին պետք է լիներ պայքարը

 

«Պրոցեսներ են գնացել, որ իբր թե կա Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքար: Այս վերջին ամսվա ընթացքում կառավարությունը ցույց է տալիս, թե իրականում ինչպիսին պետք է լիներ պայքարը, և այն կառույցներն ու գործընթացները, որ գնում էին, ամբողջությամբ ոչ արդյունավետ են եղել»,-ասում է ԹԻՀԿ գործադիր տնօրենը:

 

Արդյունավետությունն ակնհայտ է նոր իրականությունում, թեև դժգոհություններ դարձյալ լինում են, օրինակ առաջինը համապատասխան կառույցների թիրախում Սամվել Ալեքսանյանի հայտնվելու փաստը, մինչդեռ քաղաքացին այլ՝ ավելի բարձր մակարդակում բացահայտման դեպքեր էր ակնկալում տեսնել: Սրանք հարցեր են, որոնք ժամանակ են պահանջում, բայց որ լուրջ աշխատանք է տարվում, չի հերքում հակակոռուպցիոն կենտրոնի ղեկավարը:

 

«Պետք է հասկանանք, որ մի քանի օր է, որ նոր իրականության մեջ ենք ապրում, և կառավարությանը ժամանակ է պետք, որպեսզի տարիների ընթացքում փչացրած այդ բոլոր ոլորտներում բոլոր գործընթացներին կարողանա անդրադառնալ ու խնդիրներ վեր հանել: Անշուշտ պետք է կառավորությունում իրավաբանորեն մեթոդաբանություն սահմանեն, թե ինչի հիման վրա են թիրախավորում այս կամ այն կառույցին»,-նշում է քաղհասարակության ներկայացուցիչը:

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԸՆԿԱԼՈՒՄԸ

Իրենք պատրաստ են տարիների փորձով օգտակար լինել, իսկ հանրության վերաբերմունքն արդեն էապես փոխվել է, սա կնպաստի մեր երկրի ցուցանիշն այս ոլորտում բարելավել, տարիների ընթացքում կոռուպցիայի ընկալման ինդեքսով Հայաստանը զբաղեցրել է 100-րդ տեղին մոտ հորիզոնականներ: Բայց հասարակության վերաբերմունքն արդեն փոփոխության կենթարկվի, վստահ է Այվազյանը: Ասում է.

 

Հասարակական կարծիքի ուսումնասիրությունը բավական տխուր էր բերում, որովհետև մարդիկ նախ չէին տեսնում առաջընթաց կոռուպցիայի դեմ պայքարում

 

«Հասարակական կարծիքի ուսումնասիրությունը բավական տխուր էր բերում, որովհետև մարդիկ չէին տեսնում առաջընթաց կոռուպցիայի դեմ պայքարում: Եւ եթե իրենք լինեն իրավապահ մարմիններում, քայլեր կձեռնարկեն, կարծում են, որ վտանգավոր է դիմել, որովհետև շուռ կգան քո դեմ, մյուսները կարծում են, որ ոչինչ հնարավոր չէ փոխել, 2015 թ-ի պատկերն է այսպիսին: Մենք մեծ հույսեր ունենք, որ եթե այսպես շարունակվի, մոտ ապագայում կտեսնենք լուրջ առաջընթաց»:

 

Լարիսա Ալավերդյանը ևս կասկած չունի այս հարցում, գնահատում է տարվող քայլերը: Այսօր հանդիպում է ունեցել նորաստեղծ Պետական վերահսկողական տեսչության պետի՝ Դավիթ Սանասարյանի հետ, վերջինս, իր կարծիքով, կարևոր մի նախաձեռնությամբ է հանդես եկել:

 

Քաղհասարակության այդ սուբյեկտները պետք է հանդես գան որպես ռազմավարական գործընկեր, դա բոլորովին նոր մոտեցում է

 

«Քննարկվել է մի շատ կարևոր միտք, այն, որ քաղհասարակության այդ սուբյեկտները պետք է հանդես գան որպես ռազմավարական գործընկեր, դա բոլորովին նոր մոտեցում է, այո՛, դա համընկնում է մեր մոտեցումների հետ»,-ասում է Մարդու իրավունքների առաջին պաշտպանը:

 

Ինչ վերաբերում է կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդին, ապա կարող է այսպիսին գոյություն ունենալ, եթե մեխանիզմը միայն ռազմավարություն մշակելն է, բայց ոչ այն իրագործելը, կարծում է Ալավերդյանը:

 

«Խորհուրդը նշանակում է, որ զուտ խորհրդատվական դեր ունի, իսկ կոռուպցիան քայքայիչ գործոն է պետության համար, դրա համար զուտ խորհրդատվական լիազորություններով օժտված մարմնով սահմանափակվել և ասել, որ ահա, մենք արդյունավետ պայքարում ենք այդ կոռուպցիայի դեմ, ես մերժում եմ այդպիսի մոտեցումը: Պետք է լինի մեխանիզմ, երբ մշտադիտարկումը, եզրակացությունները և հետևանքները՝ լինի դատական, թե վարչական պատասխանատվության, պետք է շղթա լինի»,-կարծում է
քաղաքական-հասարակական գործիչը: