Home / Armenia  / Եթե նախարարը գալիս է փառքը փետուրի պես տանելու, շատ կարճ կտևի, իսկ եթե բեռ տանելու, դժվար կլինի. Սպարտակ Ղարաբաղցյան

Եթե նախարարը գալիս է փառքը փետուրի պես տանելու, շատ կարճ կտևի, իսկ եթե բեռ տանելու, դժվար կլինի. Սպարտակ Ղարաբաղցյան

 

 

ՎԱՐԴՈՒՀԻ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

Երևան (Նորանոր) _ Ամիսներ առաջ Բեյրութում Համազգային հայ կրթական ու մշակութային միության անդամները, խոսելով այնտեղ պահ տրված ձեռագրերի մասին, եկան այն եզրահանգման, որ դրանց համար լավագույն վայրը Երևանի Մատենադարանն է: Համազգային հայ կրթական ու մշակութային միության  հիմնադրման 90-ամյակի ու Հայաստանի Առաջին Հանրապետության 100-ամյակի առիթով 27 անուն ձեռագրեր վերադարձվեց հայրենիք:

 

Երևույթը ոչ այլ ինչ է, եթե ոչ հոգևորի հայրենադարձություն, սրանում վստահ է հայ պատմաբան, հրապարակախոս, Համազգային հայ կրթական ու մշակութային միության Հայաստանի պատասխանատու Սպարտակ Ղարաբաղցյան: Նա մշտապես եղել է Սփյուռքի հետ մշակութային կապերի կիզակետում, երկկողմանի մշակութային հարաբերությունները պահպանող սյուներից մեկը:

 

ԾՈՎԱԳՆԱՑՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ՝ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Պատահական չէ, որ Ղարաբաղցյանը մի հին, բայց բովանդակալից անեկդոտ է մեջբերում. «Մեկն ասում է՝ ինչո՞ւ Հայաստանում չեք բացում ծովագնացության նախարարություն, ասում ենք՝ Հայաստանում ծով չկա: Ասում է՝ եթե Ադրբեջանում կա մշակույթի նախարարություն, Հայաստանում էլ կարող է ծովագնացության նախարարություն լինի»:

 

Հայաստանում մշակույթի ոլորտի պատասխանատվություն կրելը մեծագույն բեռ է, չի կարելի համեմատել այլ պետությունների մշակույթների հետ, վստահ է հրապարակախոս-լրագրողը: Տասնյակ նախարարների հետ աշխատած գործիչը հավանություն է տալիս նոր նախարարի երիտասարդ լինելուն, բայց մտահություն էլ ունի: Ասում է.

 

Եթե գալիս են փառքը փետուրի նման  տանելու, շատ կարճ կտևի, եթե բեռ տանելու են գալիս, դժվար է լինելու

 

«Պետք է մակույթի նախարարը բեռնակիր լինի, բեռը մեջքիդ պիտի տանես, եթե գալիս են փառքը փետուրի նման  տանելու, շատ կարճ կտևի, եթե բեռ տանելու են գալիս, դժվար է լինելու»:

 

Հիմա հույս ունի, որ հայկական մշակույթի մասին հոգ տանելու համար է եկել երիտասարդ նախարարը: Իսկ դրանից շատ բան է կախված: Շատերը հայրենիքի հետ կապը սկսում են մշակույթից, եթե եղավ հոգևոր կապը, ապա հայրանադարձությունն ամուր կլինի, հակառակ դեպքում՝ որևէ մեկին հայրենիքում երկար պահել չի հաջողվի:

 

«Մեր ընկերներից մեկի զավակն անպայման ուզում է գա Հայաստան, որովհետև դրսում մշակույթի հետ շփվել է, բիզնես , ամեն ինչ թողել է ու հիմա ուզում է գա Հայաստան, հիմա թատրոնի հետ գալու է բեմում խաղա: Վարակիչ է, մանավանդ հայկական մշակույթի դեպքում, թեև համաշխարհային մշակույթի մաս ենք: Չեմ ուզում ուրիշներին վիրավորել, բայց ասենք կիրգիզական մշակույթ գոյություն չունի կամ ղազախական մշակույթ, բայց տեսեք այս տարածաշրջանում հայկական մշակույթը լրիվ առանձնանում է»,-համեմատում է նա:

 

4 ՄԼՆ-Ը ՄԵԾ ԹԻՎ ՉԷ

Հայաստանում ստեղծված նոր իրականությունը հայրենադարձության ալիքին նոր թափ տալու հույսեր է տալիս, ոմանք ասում էին, որ հիմա այլևս հեշտ կլինի կառուցել 4 մլն-ոց Հայաստան, Ղարաբաղցյանը երկու խնդիր է տեսնում. Նախ՝ կարևորը քանակը չէ, երկրորդ՝ հաշվի առնելով Հայաստանի տարածքն ու աշխարհում սփռված հայերի թիվը՝ 4 մլն-ն այնքան էլ մեծ թիվ չէ:

 

Իզրայելը մեր տարքածքն ունի, այնտեղ արդեն 6,5 մլն մարդ է ապրում, չափանիշ չպետք է սարքենք 4 մլն-ը, եթե լավ գնա, 10-15 տարում կարող ենք 5 մլն էլ հասցնենք

 

«Եթե մենք քանակի հետևից ենք ընկնում, ամբողջ աշխարհում 14 մլն հայ է ապրում, որից 2,5 մլն է Հայաստանում: Եթե մենք չափանիշ ենք սարքում 4 մլն-ը , դա քիչ թիվ է: Արցախն այսօր իր տարածքով, ռեսուրսներով 1 մլն մարդ կարող է կերակերել: Եթե ֆիզիկական ենք ասում, Իզրայելը մեր տարքածքն ունի, այնտեղ արդեն 6,5 մլն մարդ է ապրում, չափանիշ չպետք է սարքենք 4 մլն-ը, եթե լավ գնա, 10-15 տարում կարող ենք 5 մլն էլ հասցնենք, երկիրը ոչ թե գրավիչ պետք է սարքենք, գրավիչ կարող է լինել օտարի համար, այլ այնպիսին, որի կարիքն ունենա հայը»,-համոզված է Համազգայինի հայաստանյան պատասխանատուն:

 

Էներգետիկ դաշտն ավելի մեծ բան կտա, քան մտածենք քանակ ապահովենք

 

Իսկ երկրի նկատմամբ վերաբերմունք ձևավորվում է ամեն քայլափոխի, լինի դա ևս եկ ծառ հատելով թե որևէ նոր անճաշակ շենք կառուցելով, «դա էլ է ազդում, վերաբերմունք է փոխվում: Ավելի լավ է Հայաստանում 3 մլն նվիրյալ, երկրի շենացնող լինի, 10 մլն-ի հայացքն էլ այստեղ ուղղված լինեն, էներգետիկ դաշտն ավելի մեծ բան կտա, քան մտածենք քանակ ապահովենք»,-վստահ է նա:

 

ՍՓՅՈՒՌՔԸ՝ ԴՐՍՈՒՄ ԽԱՂԱՑՈՂ ԵՐԵԽԱ՞

Բայց եթե երկիրը ֆիզիկական վերադարձի կարիք ունի, Ստամբոլցյանը դեմ չէ դրան, բայց դա հայրենադարձություն կոչել չի կարող: Այն հայերն, ովքեր ինքնակամ են լքել Հայաստանը, կարող են վերադառնալ, բայց ոչ հայրենադարձ լինել, իսկ դասական Սփյուռքը գալիս է հայրենիք, բայց դարձյալ ոչ իսկական հայրենիքը:

 

Հայաստանը դարձրինք հայրենիք, ասինք՝ եկեք, բայց դա խորքի մեջ հայրենադարձություն չէր, վերադարձ էր, ներգաղթ, իսկ հիմա որ ասում ենք, սա արդեն և քաղաքական, և տնտեսական և ամենակարևորը հոգևոր վերադարձ պետք է լինի

 

«Օրինակ՝ Մարաշցին Հայաստան էր գալիս, բայց իր հայրենիքը Մարաշն էր, զեյթունցին գալիս էր Հայաստան, բայց իր հայրենիքը Զեյթունն էր, պարզապես Հայաստանը դարձրինք հայրենիք, ասինք՝ եկեք, բայց դա խորքի մեջ հայրենադարձություն չէր, վերադարձ էր, ներգաղթ, իսկ հիմա որ ասում ենք, սա արդեն և քաղաքական, և տնտեսական և ամենակարևորը հոգևոր վերադարձ պետք է լինի: Մարդը եթե մշակութային, հոգևոր կապերով է կապվում, վաղ թե ուշ մի սերունդ հետո վերադառնալու է»,-կարծում է հայ հրապարակախոսը:

 

Ավելի շատ կողմ է հոգևորին, բայց դեմ չէ նաև ֆիզիկական վերադարձին, եթե երիկրը դրա կարիքն ունի, իսկ այսօր՝ արտագաղթի նման տեմպերից հետո հայրենիք վերադառնալը համարում է հերոսություն, դարձյալ շեշտում, ո՛չ նրանց համար, ովքեր հենց Հայաստանից են գնացել, ոչ մեկն էլ չի կարող պարտադրել վերադառնալ: Ասում է.

 

Կար չէ՞ մի այդպիսի չկայացած կարգախոս՝  Արի տուն, հո Սփյուռքը դրսում խաղացող երեխա չէ՞, որ մատով կանչես, տուն գա, Սփյուռքը ճակատագիր է

 

«Չակերտավոր ստեղծված Սփյուռքին ոչ մեկը չի պարտադրել Հայաստանը թողնել ու գնալ, ոչ մեկն էլ չի կարող պարտադրել, թե եկե՛ք տուն: Կար չէ՞ մի այդպիսի չկայացած կարգախոս՝  Արի տուն, հո Սփյուռքը դրսում խաղացող երեխա չէ՞, որ մատով կանչես, տուն գա, Սփյուռքը ճակատագիր է»: