Home / Canadahye  / Ֆինանսական միջոցների սղությունը՝ ծրագրերի ձգձգման պատճառ. Համազգային միության Մոնրեալի մասնաճյուղի ատենապետ Ծովիկ Քահվեջյանի մտահոգությունները

Ֆինանսական միջոցների սղությունը՝ ծրագրերի ձգձգման պատճառ. Համազգային միության Մոնրեալի մասնաճյուղի ատենապետ Ծովիկ Քահվեջյանի մտահոգությունները

 

ՎԱՐԴՈՒՀԻ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

Մոնրեալ (Նորանոր) _ Մոնրեալում խառն ընտանիքների բազմաթիվ զավակներ կան, որոնք ոչ թե օտար, այլ հենց հայկական դպրոցներ են հաճախում: «Հարկավ, հախաճ կպատահի, որ կհաղթե հայկական կողմը»,-կատակով հաստատում է Համազգային հայ կրթական ու մշակութային միության Մոնրեալի շրջանային վարչության ատենապետ Ծովիկ Քահվեջյանը:

 

4 տարի է՝ նա է մասնաճյուղի ատենապետը, նա վերջին երկու տարիներին նաև կենտրոնական վարչության անդամ է:

 

ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ՝ ՆԱԽՆԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ ՄԵՋ

Միայն երեխաների ուսուցմամբ խառնամուսնություններով ձևավորված ընտանիքներում հայերեն լեզվի հարցը չի լուծվում: Հայկական ընտանիք հարս գնացած օտարազգի աղջիկը ցանկանում է մասնակից դառնալ ընտանեկան զրույցներին ու որոշումներին, ինչի համար հարկավոր է հայերեն սովորել: Այս և նման ցանկություն ունեցող այլ անձանց հայերեն ուսուցանելու նպատակով Համազգայինի «Սանահին» վարչությունը մտադիր է դպրոց բացել, դասընթացներ կազմակերպել:

 

Կան հայեր, որ կուզեն բարելավեն իրենց հայերենը, կեսկատար հայերեն գիտցողները, օտար ծնողները քիչ մը իրենց զավակներու դասերուն օգնել կարողանալու համար կուզեն

 

«Տակավին իր նախնական վիճակի մեջ է, կխոսինք անոր մասին, մոտեցած ենք ուսուցչուհի մը, որ դպրոցն ուներ և կօգներ փոքրիկներու, որ կուզեին բարելավել հայերենը կամ անձ մը, որ ամուսնացած է, և զույգերի մեջ նոր հարս մը կա, որ կուզե ընտանեկան նյութերուն մասնակցիլ, ասանկ անձինք կան, որ պետք ունին: Եվ կան հայեր, որ կուզեն բարելավեն իրենց հայերենը, կեսկատար հայերեն գիտցողները, օտար ծնողները քիչ մը իրենց զավակներու դասերուն օգնել կարողանալու համար կուզեն, որովհետև եթե իրենց աշակերտները հայկական դպրոցի մեջ են, կնշանակե, թե բացարձակ օգտակար լինել չեն կարող ըլլալ»,-ներկայացնում է Ծովիկ Քահվեջյանը:

 

Սա մի կարևոր գաղափար է, որի իրականացումը շատերին կօգնի, իսկ գլոբալ իմաստով՝ հայապահպանության խթան կհանդիսանա՝ հետաձգելով ձուլումը հայաշատ այս քաղաքում:

 

ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԼՈՒԾՈՒՄՆԵՐ

Սակայն այս և նման ծրագրերի իրականացումն այնքան էլ հեշտ չի: Լրացուցիչ ֆինանսական ծախսեր կառաջանան, որոնք հոգալու համար տարեկան հատկացումները չեն բավարարում:

 

Մեր առօրյա ձեռնարկ ընելե զատ ուրիշ միջոցներ գտնել դժվար է օտար քաղաքներու մեջ և կպահանջե մասնագետներ, որ երթան, ուսումնասիրեն, ֆոնդեր գտնեն

 

«Շատ մեծ հարց է ֆինանսականը, որովհետև մեր առօրյա ձեռնարկ ընելե զատ ուրիշ միջոցներ գտնել դժվար է օտար քաղաքներու մեջ և կպահանջե մասնագետներ, որ երթան, ուսումնասիրեն, ֆոնդեր գտնեն: Ճիշտ է, որ կառավարությունը հատկացումներ ունի, բայց ադ հատուկ աշխատանք է, ամեն մեկ շրջան պետք է իր երկրի կարելիությունները ընի, մեծ աշխատանք է, որ պիտի սորվինք և ժամանակ տրամադրող  անձ գտնենք, որ իր վարպետությունն է, իր մասնագիտությունն է, որովհետև պարզ վարչական անդամներով դժվար է»,-կարծում է «Սանահին» մասնաճյուղի ատենապետը:

 

Նրա համոզմամբ, յուրաքանչյուր շրջան պետք է փորձի իր աշխատանքը տանի, որպեսզի կենտրոնական վարչության վրա դրված ծանրաբեռնվածությունը նվազի, իսկ ֆինանսական միջոցներ գտնելու տարբերակ համարում է ֆոնդերի ձևավորումը, որը ևս հնարավոր կլինի, եթե հույսերը միայն կենտրոնական վարչության հետ չկապեն:

 

ՏԱՐԱԾՔԻ ԽՆԴԻՐ

Ի տարբերություն Տորոնտոյի մասնաճյուղի, Մոնրեալում խնդիրներն ավելի շատ են. Չունեն համապատասխան ընդարձակ տարածք, որտեղ կարող են ցուցահանդեսներ, ճաշկերույթներ ու այլ միջոցառումներ անցկացնել:

 

Եթե ունենայինք հանդիսություններու, պարասրահներու, փորձերու սրահներ, շատ ավելի արդյունավետ պիտի աշխատեինք

 

«Եթե ունենայինք հանդիսություններու, պարասրահներու, փորձերու սրահներ, շատ ավելի արդյունավետ պիտի աշխատեինք: Պարուսույցը կգործածե սրահ մը, որու մեջ կըլլա խնջույք, ճաշկերույթ և ամեն ինչ, փոխանակ ունենալու ինքն իր սրահը: Նույն թատրոնը, նույն ցուցասրահ մը ունենալ, որ կարենանք լրիվ տարվա ընթացքին ունենանք մեր ցուցահանդեսները, ոչ թե երեք ամիս երկու  օրում հապճեպով վերջացնենք, որ հաջորդ ձեռնարկը գա և նույն վայրը գործածե»,-ցավով նկարագրում է մոնրեալահայ պատասխանատուն:

 

Իսկ Մոնրեալի արժեքավոր ունեցվածքը բացառիկ գրադարանն է՝ 30 հզր կտոր գրականությամբ: Այն նպաստում է գրական միջավայրն իր շուրջը համախմբելուն, ձեռնարկներ իրականացնելուն, որոնց մասին ատենապետը հպարտությամբ է պատմում՝ ասելով. «Ունի գրատարածը, որ կիրակի օրերը հանրության կտրամադրե պիտույքներ ու գիրքեր: Գրական երեկոները, ուր օտար թե հայ գրագետներ, որ գրած են հայերեն, և հայ գրագետներ, որ գրած են օտար լեզվով, անոնց գրականություններու ծանոթացումը, այդ ալ շատ հետաքրքրական է, ունինք թեյի, սուրճի ու կարծիքների ակումբը, ուր պտույտներ կընեն թանգարաններ, քով քովի կու գան, տարբեր հարցերու շուրջ»:

 

Չնայած սահմանափակ հնարավորություններին, ծրագրերն այսքանով չեն սահմանափակվում, դրանք բազմազան են, որոնց միջոցով նաև կամուրջ են ստեղծում Հայաստանի հետ: Իսկ գլխավոր նպատակներից մեկը Կանադայի չորս մասնաճյուղերի միջև կենդանի կապ ու շփում ապահովելն է, որով հնարավոր կլինի միջոցառումների չափաբաժինները հավասար բաշխել: