Home / Canadahye  / Օտարիոյում առաջին հայ երեսփոխան Արիս Պապիկյանը վստահեցնում է, որ առաջիկա չորս տարին խոստումնալից է լինելու հայ գաղութի համար

Օտարիոյում առաջին հայ երեսփոխան Արիս Պապիկյանը վստահեցնում է, որ առաջիկա չորս տարին խոստումնալից է լինելու հայ գաղութի համար

 

ՎԱՐԴՈՒՀԻ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

Տորոնտո (Նորանոր) _ Երբ կանադահայ քաղաքացիական դատավոր Արիս Պապիկյանը որոշեց իր թեկնածությունն առաջադրել Օնտարիոյի նահանգային ընտրություններում՝ որպես Առաջադիմական-պահպանողական կուսակցության Սքարբորոու-Էջընկորթ ընտրատարածքի թեկնածու, մտերիմներից շատերն այն որակում էին նրա կողմից անձնասպանություն. Noranor.ca-ի հետ զրույցում անկեղծանում է Պապիկյանը: 32 տարի տարի Լիբերալների կողմից շրջանը ղեկավարելուց հետո նրա հաղթանակը անհնարին էին համարում, սակայն Պապիկյանի քայլերը հաշվարկված էին, գործողությունները՝ նպատակային:

 

Հակառակորդը փորձեց աշխատանքները խանգարել, բայց մենք ճշտած էինք մեր թիրախը և կրցանք ջախջախիչ  մեծամասնությամբ հաղթանակ տանել

 

«Ես լավ մը ուսումնասիրած էի հակառակորդիս, գիտեի՝ իր տկար կողմերը որոնք են, և ես կենտրոնացա իր տկար կողմերն օգտագործել ի նպաստ մեր աշխատանքի: Այլևս Օնտարիոյի ժողովուրդը Լիբերալ-ազատական կուսակցությունեն ձանձրացած էր և փոփոխություն կուզեր: Դժվար էր, մեր հակառակորդը վերջին քանի մը օրերուն շատ կեղտոտ հարձակումներ փորձեց գործել  իմ անձիս դեմ և մեր ընտրապայքարին խումբին դեմ, փորձեց աշխատանքները խանգարել, բայց մենք ճշտած էինք մեր թիրախը և կրցանք ջախջախիչ  մեծամասնությամբ հաղթանակ տանել, կրցանք 8000 քվեով ավելի ապահովել»,-պատմում է Պապիկյանը:

 

ԱՌԱՋԻՆ ՀԱՅ ԵՐԵՍՓՈԽԱՆԸ ՕՆՏԱՐԻՈՅՈՒՄ

Հայազգի թեկնածուի հաղթանակի գործում մեծ դեր ունեցավ նաև հայ համանքը, Տորոնտոյի հայ գաղութն իր բոլոր կազմակերպություններով ու եկեղեցիներով մարդկային, նյութական ու ֆինանսական աջակցություն ցույց տվեց: Արդյունքում՝ Արիս Պապիկյանը դարձավ Օնտարիոյի առաջին հայ խորհրդարանականը:

 

Պիտի շարունակեմ իմ նվիրումը մեր գաղութին, որպեսզի կրնամ օգտակար դառնալ իրենց պետքերուն և կարիքներուն, միևնույն ժամանակ, ինչու չէ Հայաստանի հետ Օնտարիոյի հարաբերությունները մշակել

 

«Ես զգացված եմ, որ պատիվ ունեցա ըլլալու առաջին հայ երեսփոխանը Օնտարիոյի նահանգին: Իմ ուսերուս վրա շատ մեծ պատասխանատվություն կդնե, ես անցյալիս հայ գաղութի աշխատանքներուն իմ գործուն մասնակցությունս բերած եմ մոտավորապես 40 տարի և պիտի շարունակեմ իմ նվիրումը մեր գաղութին, որպեսզի կրնամ օգտակար դառնալ իրենց պետքերուն և կարիքներուն, միևնույն ժամանակ, ինչու չէ Հայաստանի հետ Օնտարիոհյի հարաբերությունները մշակել»,-նշում է կանադահայ երեսփոխանը:

 

 Ապագայի չորս տարին բավական խոստալից կըլլա մեր գաղութին, մեր հայրենիքին համար իմ ներկայությունս և մասնակցությունս Օնտարիոյի կառավարության շարքերի մեջ

 

Նա արդեն իսկ որոշել է կուսակցության ղեկավարի, այսինքն՝ նահանգի ապագա վարչապետի հետ այցելել Հայաստան, իսկ մինչ այդ բազմաթիվ առիթներ ունեցել է նրան ներկայացնել Հայաստանի ռեսուրսները, խոսել տնտեսական համագործակցություն սկսելու հարցերի շուրջ: Վստահեցնում է. «Ապագայի չորս տարին բավական խոստալից կըլլա մեր գաղութին, մեր հայրենիքին համար իմ ներկայությունս և մասնակցությունս Օնտարիոյի կառավարության շարքերի մեջ»:

 

15 ՏԱՐԻՆԵՐԻ ՁԱԽՈՂՈՒՄՆԵՐԸ

Ոչ միայն անձնական, այլև կուսակցության մակարդակով պատասխանատվության մեծ բեռ է դրված իրենց ուսերին: Կանադայի ամենամեծ նահանգում 15 տարի Լիբերալ-ազատական կուսակցության ղեկավարումից հետո իշխանությունն անցավ Առաջադիմական-պահպանողական կուսակցությանը: Հաջողությանը մեծապես նպաստել է կուսակցության տարած քարոզչությունը, «Ժողովրդի համար» կարգախոսի ներքո տարած նախընտրական աշխատանքը, որի թիրախում եղել են նախորդ կառավարության ձախողումները, իսկ դրանք քիչ չեն եղել: Հայազգի ներկայացուցիչը մանրամասնում է.

 

Օնտարիոյի ժողովուրդն այլևս այս պատճառներով վստահեցավ մեզի, որովհետև գիտեր, որ մեր ղեկավարման կարողությունները շատ ավելի հմուտ են

 

«Ազատական կուսակցությունը 15 տարի երբ գործեց, շատ մեր ավերներ գործեցին Օնտարիոյի ժողովուրդին, տնտեսության վրա: Օրինակ՝ էլեկտրականության գիներու բարձրացումը, տնտեսական բյուջեն չկրցան հավասարակշռել, պարտքը, որ ձգած են՝ 340 մլն դոլարի, որ ունի այսօր Օնտարիոն, որի դիմաց տարին 12-13 մլն տոկոս կվճարենք, և Օնտարիոյի ժողովուրդն այլևս այս պատճառներով վստահեցավ մեզի, որովհետև գիտեր, որ մեր ղեկավարման կարողությունները շատ ավելի հմուտ են, շատ ավելի մասնագիտացած են, քան թե Ազատական կուսակցության քաղաքականությունը, որ փորձեցին և տեսան ձախողումները, ադոր համար վստահեցան»:

 

Այժմ իրենց հերթն է ժողովրդի վստահությունն արդարացնելու, կարծում է Պապիկյանը: Լուրջ աշխատանք է սպասվում, առաջիկայում տեղի է ունենալու ընտրված երեսփոխանների երդման արարողությունը, իսկ մինչև հունիսի 29-ը մտադիր են իրականացնել կառավարության ձևավորման, կուսակցության ղեկավարի կողմից վարչապետի պարտականությունների ստանձման աշխատանքները, որից հետո արդեն կանցնեն խոստումների իրականացմանը:

 

Օնտարիոյի ժողովուրդը պիտի տեսնե, թե մեր կուսակցությունը իր խոստումները կհարգե

 

«Մենք գիտակից ենք այդ մեծ պատասխանատվության և ակնկալության, որ ունի Օնտարիոյի ժողովուրդը, իրենց կյանքի բարելավում պետք է, և որոշած ենք, որ մանավանդ տնտեսական ոլորտն է, որ պետք է բարելավենք, պետք է տուրքերը նվազեցնենք, Օնտարիոյի պարտքը նվազեցնենք, առողջապահական ոլորտի մեջ պետք է կարգ մը նախաձեռնություններ ընենք, որ և վերջն ալ էլեկտրականության արժեքները նվազեցնելու աշխատանքը, որպեսզի Օնտարիոյի ժողովուրդը տեսնե, թե մեր կուսակցությունը իր խոստումները կհարգե, և բարեբոխում կտեսնե: Մեծ պատասխանատվություն կա մեր ուսերուն վրա, մեծ աշխատանքներ ունենք առջևում»,-ասում է Օնտարիոյի հայազգի առաջին երեսփոխանը: