Home / Canadahye  / Սևակ Բելյանը վստահ է, որ որքան միջազգային հանրության ճնշումն ավելանա, այնքան կնվազեն Ադրբեջանի խաղաքարտերը բանակցային սեղանի շուրջ

Սևակ Բելյանը վստահ է, որ որքան միջազգային հանրության ճնշումն ավելանա, այնքան կնվազեն Ադրբեջանի խաղաքարտերը բանակցային սեղանի շուրջ

 

ՎԱՐԴՈՒՀԻ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

 

Երևան (Նորանոր) _ Վերջերս ևս մեկ կանադացի քաղաքական գործիչ այցելեց Արցախ, նախկին պաշտոնատար անձ, ով կարևոր դերակատարություն է ունեցել Օնտարիո նահանգում Հայոց Ցեղասպանության ճանաչման բանաձևի ընդունման գործում: Խոսքը 70-90-ականների ակտիվ քաղաքական գործիչ, Օնտարիոյի նախկին խորհրդարանականների ասոցացիայի նախագահ Դեյվիդ Ուորնի մասին է: Նրան ուղեկցում էր Հայ Դատի Օտտավայի գրասենյակի վարիչ Սևակ Բելյանը:

 

Հանդիպումներ են ունեցել Արցախի Արտաքին գործերի նախարարի, ԱԺ փոխխոսնակ Վահրամ Բալայանի, Արցախի նախկին խորհրդարանականների ասոցացիայի նախագահ Համլետ Գրիգորյանի հետ: Սևակ Բելյանը կարևորում է այս հանդիպումները, հետագա համագործակցության եզրեր տեսնում: Իսկ արդեն Կանադա այցելությունից հետո պաշտոնյաները հայտարարություններով են հանդես գալիս՝ հօգուտ Արցախի: Արդյո՞ք հայտարարություններից այն կողմ գործնական քայլեր լինում են, ինչպիսի՞ն են լինում Ադրբեջանի հակադարձումները, ի՞նչ ուժ ունեն դրանք. Այս և Արցախյան հիմնահարցի վերաբերյալ այլ խնդիրների շուրջ Noranor.ca-ն Երևանում հանդիպել ու զրուցել է Սևակ Բելյանի հետ:

 

 

ՆՈՐԱՆՈՐ _ Պարո՛ն Բելյան, խնդրում եմ ներկայացրեք, թե ինչպիսին էր կանադացի գործչի  դիրքորոշումն Արցախյան հիմնահարցի վերաբերյալ: Արդյո՞ք նրա կողմից կարևոր նկատառումներ եղան:

 

ՍԵՎԱԿ ԲԵԼՅԱՆ _ Այո, ինքը շատ տպավորված էր, նախքան Արցախ այցելելը գիտեր Արցախի մասին այնքան, ինչ մենք էինք փոխանցած, բայց կարծեմ այսպիսով ավելի հարազատ ձևով կծանոթանան հարցին, երբ այնտեղ են: Հատուկ անկնարկ, որ ունեցավ, ինքը՝ որպես տարիների քաղաքական փորձառություն ունեցող անձ, այցելած է Քաշմիր, Սիխերի շրջանը, հետխորհրդային կարգ մը շրջաններ, ըսավ, որ դժբախտություն է, որ այսօր միջազգային հանրությունը իր հիմնական կենտրոնացումը դրած է անոր վրա, որ որոշեն Արցախի անկախությունը լեգալ է, կամ ոչ: Ըսավ, որ այդ մեկ որոշումը Արցախի ժողովուրդին կմնա, և միջազգային հանրությունը իրավունք չունի այդ որոշումներն ինքը կայացնե միջազգային օրենքի քողին տակ: Միջազգային հանրությունը, իր կարծիքով, պետք է կենտրոնանա Ադրբեջանի ապակայունացումը կասեցնելու վրա: Եթե դա չըլլա, խաղաղ կարգավորման բանակցությունները ինչ-որ տեղ կարելի չէ հասցնել, նախ պետք է ախտաճանաչում ընել, այդ ախտը չեզոքացնել, դուրս մղել, դրանից հետո կարելի է խաղաղ կարգավորման մասին խոսալ, որմե ետք Արցախի ժողովուրդին կմնա որոշել իր ապագան: Ատկե ետք միջազգային հանրությունը չունի այլընտրանք, քան ճանաչել: Խոստացավ, որ Կանադա վերադառնալե ետք ճիշտ ներկայացում ընե իր շրջանակեն ներս:

 

ՆՈՐԱՆՈՐ _ Դեյվիդ Ուորնի և այլ քաղաքական գործիչների կողմից հաճախ հայտարարություններ հնչում են տարբեր երկրների խորհրդարաններում, ինչպես օրեր առաջ Կանադայում: Ի վերջո, դրանցից այն կողմ Արցախյան հարցի շուրջ գործնական քայլեր լինո՞ւմ են:

 

ՍԵՎԱԿ ԲԵԼՅԱՆ _ Անշուշտ այցելություններով չէ, որ կվերջանա, այդ անձինք, որ կվերադառնան այս պարագային Կանադա, պետք է որ քաղաքական ակտիվ գործունեություն տանին, որ պարզապես իրենց այցով չվերջանա: Ճիշտ է, երբ կայցելեն, կդառնան անցանկալի, կհայտնվեն Ադրբեջանի սև ցուցակում, բայց մենք պետք չէ թույլ տանք, որ այնտեղ վերջանա այս գործընթացը, ընդհակառակը, մղենք, որ շարունակեն գործը և ճիշտ ներկայացվածություն ընեն Արցախյան հիմնահարցի վերաբերյալ, և այդ նպատակով մի քանի հայտարարություններ եղան մոտ 3 շաբաթ առաջ:

 

Երեսփոխան Դոն Դեվիզի կողմե, որ իր ելույթը նվիրեց Ղարաբաղյան շարժման 30-ամյակին, ուղղակի կոչ ուղղեց Թրյուդոյի կառավարության, որ պաշտպան կանգնի Արցախի Հանրապետության ճանաչման: Պահպանողական կուսակցության՝ առաջին ընդդիմադիր ուժի անդամներեն մեկը՝ Հարոլդ Ալբրեխտ, որ երկար տարիներ եղած է Կանադա-Հայաստան խորհրդարանական խմբակցության ատենապետ, ներկայիս փոխատենապետ, ևս հայտարությամբ հանդես եկավ:

 

Այս հայտարարությունները աննախադեպ էին, հսկայական աշխատանք կար ադոր ետին Հայ Դատի հանձնախումբի կողմե, բայց իսկապես որ մեծ շահ է այս մեկը մեզի համար, որ երկու ընդդիմադիր կուսակցությունը ձևով մը հայտարարություն ըրին Արցախի իրավիճակի վերաբերյալ:

 

ՆՈՐԱՆՈՐ _ Իսկ չե՞ն լինում հակադարձումներ, ինչպես գիտենք, Ադրբեջանը լայն քարոզչություն է տանում ու փորձում թյուր տեղեկություններ տարածել: Ինչպե՞ս են արձագանքում այս ամենին պրոադրբեջանական խորհրդարանականները:

 

ՍԵՎԱԿ ԲԵԼՅԱՆ _ Միշտ կհակադարձեն, Ադրբեջանը մեծ ներկայացվածություն չունի Կանադայի մեջ, թուրքական համայնքը բավական մեծ է, մեզ չափ կազմակերպված չեն, բայցևայնպես ունեն կազմակերպություններ և հսկայական գումարներ կծախսեն երրորդ դերակատարներու միջոցով, և երբեք պետք չէ թերագնահատել իրենց հակազդեցական քայլերը:

 

Անցնող 60 տարվա ընթացքին մինչև այսօր մեր կազմակերպվածությունը շատ ավելի ազդեցիկ է Կանադայի մեջ, քան թուրք և ադրբեջանցիք համախմբված: Այսօր մեծ թիվով բարեկամներ ունինք թե՛ դաշնակցային խորհրդարանի մեջ, թե՛ նահանգային խորհրդարանից ներս, և իրենք այդքան ալ բարեկամներ չունեն: Բայցևայնպես ըրած են և կշարունակեն: Օրինակի համար, երեսփոխանների այցելությունեն ետք Ադրբեջանի դեսպանատունը, որ այսօր դեսպան չունի, հյուպատոս ունեն, հսկայական բողոքի ալիք բարձրացրին և բողոքի նամակ հղած էին ԱԳՆ՝ ըսելով, որ ընդունելի չէ: Ադրբեջանական լրատվամիջոցները անոնց պատասխան նամակը բարեփոխած էին, մեջը ավելցուցած էին այնպիսի բառակապակցություններ, որոնք եթե որևէ մեկը կարդար, նամակը պիտի ընկալվեր որպես պրոադրբեջանական, բայց Կանադայի ԱԳՆ կեցվածքը բավական հավասարակշռված էր, նման բոլոր այն հայտարարություններին, որ Մինսկի խմբակը կհրապարակե:

 

ՆՈՐԱՆՈՐ _ Նման քայլերի դիմելուց հետևանքներից չե՞ն վախենոււմ:

 

ՍԵՎԱԿ ԲԵԼՅԱՆ _ Չեն վախենում, որովհետև որտեղ էլ որ լինեն, չափից ավելի աներես են, չեն վախենում, որովհետև գիտեն, որ այնքան էլ լուրջ հետևանքներ չի ունենալու, բայց իրենք անկարելին կփորձեն կարելիի վերածել, որ ինչ-որ չափով փորձեն հակազդել, և մինչև այսօր ձախողած են, բայց ադ չի նշանակե, որ պիտի չմտահոգվինք:

 

ՆՈՐԱՆՈՐ_ Պարոն Բելյան, գիտենք, որ հայկական կողմը շարունակում է բարձրաձայնել Արցախը բանակցային սեղանի շուրջ բերելու հարցը: Որքանո՞վ այս հայտարարությունները, օտարերկրյա խորհրդարանների կողմից դրսևորվող քայլերը կարող են ուղիղ կապ ունենալ, ազդել, որպեսզի միջազգային հանրության ճնշման ներքո դա տեղի ունենա՝ Արցախը մասնակցի բանակցային գործընթացներին:

 

ՍԵՎԱԿ ԲԵԼՅԱՆ _ Բոլորս ալ կհասկնանք, որ բարդ կացության առջև ենք, բայց մենք հավատացած ենք ու պիտի շարունակենք ավելի մեծ թափով աշխատիլ, որ ցանկացած պետության ու պաշտոնյայի կողմե որևէ հայտարարություն, որ ի նպաստ Արցախի է, սովորաբար այդ միջազգային ճնշումը կավելացնե Ադրբեջանի վրա: Մենք հավատացած ենք, որ ճնշումը որքան ավելանա, Ադրբեջանը այդքան ավելի պակաս խաղաքարտերը կարող է օգտագործել բանակցային սեղանի վրա, իրենք էլ պիտի անդրադառնան, որ իրենց ստահոդ քաղաքականությունը պետք  եղած ձևով պիտի չընդունվի: Հասկանալի է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբակը և միջազգային հանրությունը կփորձեն հավասարակշռած ձևով մոտենան հարցին, բայց որքան ճնշումը սաստկանա, այդքան ավելի դժվար պիտի լինի իրենց բանակցային սեղանի վրա պահանջել այն, ինչ իրենք կուզեն: Երկար պրոցես է այս մեկը, աշխարհով մեկ Հայ Դատի հանձնախումբերը գործին մեջ լծված են: