Home / Canadahye  / Լիդիան Արմենիա-ն՝ ոչ թե վնաս հասցնող, այլ հանքավայր շահագործող միակ օրինակելի ընկերությունը Հայաստանում. Հրաչ Ջաբրայան

Լիդիան Արմենիա-ն՝ ոչ թե վնաս հասցնող, այլ հանքավայր շահագործող միակ օրինակելի ընկերությունը Հայաստանում. Հրաչ Ջաբրայան

 

ՎԱՐԴՈՒՀԻ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

Տորոնտո (Նորանոր) _ Ամուլսարի ոսկու հանքի շահագործման նպատակով աշխատանքները, որ տանում է Լիդիան Արմենիա ընկերությունը, բնապահպանների համար շարունակում է մնալ ամենալուրջ խնդիրը: Շահագործումը դադարեցնելու նպատակով նամակ կառավարությանը, բողոքի գործողություններ, ասուլիսներ. Դիմում են հնարավոր բոլոր միջոցներին, սակայն միջազգային խոշոր ընկերությունը քայլ առ քայլ իրագործում է իր ծրագիրը:

 

Այսօր  Հայկական բնապահպանական ճակատի անդամները դարձյալ բարձրաձայնել են ռիսկերը, որոնք սպառնում է հանքավայրի շահագործման դեպքու: Մարդկանց ու բնությանը հասցվում են միայն վնասներ, իսկ օգուտներն աննշան են:

 

Հանքարդյունաբերությունը չի կարող առանց վնասների լինել, սակայն ընդհանրապես դադարեցնել ևս անհնար է, հետևաբար լավագույն ելքը միջազգային ստանդարտներին համապատասխան շահագործումն է: Ամուլսարի շահագործումն այս պահին միակն է, որն արվում է նորմերով, համոզված է Հայաստանում ժամանակին ամենախոշոր ներդրումներից մեկը կատարած կանադահայ գործարար Հրաչ Ջաբրայանը:

 

ՀԿ-ՆԵՐՈՎ ԱՇԽԱՏՈՂ ԲՆԱՊԱՀՊԱՆՆԵՐԸ

Նա «Դանդի փրեշս մեթալս Կապան» ընկերության սեփականատերն էր, որ լուրջ վնասներ կրելով՝ տարիներ առաջ վաճառեց այն այլ ընկերության: Ուսումնասիրելով այսօր ոլորտում առկա իրավիճակը՝ համոզվել է, որ Լիդիան Արմենիա ընկերությունը միակն է, որ միջազգային նորմերին համապատասխան է գործում:

 

Հայաստանի մեջ, դժբախտաբար, բնապահպաններու մեծ մասը աշխատում են հկ-ներով և ստանում են ֆինանսավորում իրենց աշխատանքը տանելու համար

 

«Երբ որ մենք Կապանում էինք, նույնն էլ մեզ հետ էր տեղի ունենում, ըստ երևույթին բնապահպանների ամենամեծ մտահոգությունը ամենաբարձր ստանդարտներով աշխատող հանքերն են, երևի այս մեկը կապ ունի նախ՝ օտար ներդրողների հետ, որովհետև Լիդիանն էլ, մեր ընկերությունն էլ եղել են ամրիկյան կամ կանադական ընկերություններ, չեն պատկանել այս կամ այն օլիգարխի, և երկրորդ՝ կկարծեմ, որ Հայաստանի մեջ, դժբախտաբար, բնապահպաններու մեծ մասը աշխատում են հկ-ներով և ստանում են ֆինանսավորում իրենց աշխատանքը տանելու համար»,-վստահ է Ջաբրայանը:

 

ԼԻԴԻԱՆ ԱՐՄԵՆԻԱ-Ն՝ ՄԻԱԿ ՕՐԻՆԱԿԵԼԻՆ

Այնպես չէ, որ շահագործման ընթացքում ռիսկեր չկան, բայց գոնե Լիդիան Արմենիա ընկերության պարագայում դրանք նվազագույնի են հասցված, կարծում է ոլորտին քաջատեղյակ գործարարը, հետևաբար ոչ թե պետք է քննադատեն, այլ մյուս ընկերություններից, որոնք մեծագույն  վնասներով են գործում, պահանջեն նման գործելաոճ:

 

Հայաստանի մեջ պրոբլեմներ ունենք ուրիշ հանքերու հետ կապված: Արդյոք ինչի՞ մեր բնապահպանները այդ հանքերի հետևից չեն գնում

 

«Ես Լիդիանի հետ ոչ մի կապ չունեմ, բայց իմ անձնական դիտանկյունեն ուսումնասիրելով իրենց քայլերը՝ կկարծեմ, որ իրենք շատ ճիշտ քայլեր են առնում, կարևորը, որ շարունակեն: Այսինքն՝ եթե սկսին հանքարդյունաբերության աշխատանքները, արտադրեն և հետևողական չըլլան այս ստանդարտներին, բնականաբար շատ մեծ վնաս կհասցնեն շրջակա միջավայրին, բայց եթե պաշտպանեն դրանք, կկարծեմ, որ ոչ մեկ պրոբլեմ չենք ունենա, բայց ես կկարծեմ, որ Հայաստանի մեջ պրոբլեմներ ունենք ուրիշ հանքերու հետ կապված: Արդյոք ինչի՞ մեր բնապահպանները այդ հանքերի հետևից չեն գնում. Ասեմ՝ դուք ի՞նչ եք արել, թալանել եք, գողացել եք, շրջակա միջավայրը վնասել եք, և կենտրոնանում են միայն օտարերկրյա ներդրողների վրա»,-համոզված է կանադահայ գործարարը:

 

Մարդն այստեղ 400 մլն դոլարի ներդրում է արել, և մենք բողոքում ենք, որ սենց եք արել

 

Իսկ Լիդիան Արմենիան չի կարող համարվել ամենամեծ ներդրողը, քանի դեռ միայն ծախսեր է կատարում ու մինչ օրս շահույթ չի ստացել: Նշում է. «Մինչև շահույթ ստանա, ամիսների կկարոտի, և դրանից հետո միջազգային ստանդարտներով հարկեր է վճարելու, այսինքն՝ մարդն այստեղ 400 մլն դոլարի ներդրում է արել, և մենք բողոքում ենք, որ սենց եք արել: Այդ գումարը գնացել է աշխատանքների, աշխատավարձերի, մենք լայնախոհ պիտի ըլլանք, աշխարհի չորս կողմ հանքերը բացվում են»:

 

ԱՌԱՆՑ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ

Կանադան դրա վառ օրինակներից է, որտեղ հանքեր են բացվում, վնասներ հասցվում, իսկ բնապահպանների բողոքները, Ջաբրայանի հավաստիացմամբ, լինում են խիստ տրամաբանված: Իսկ Հայաստանում նման մշակույթ դեռ չկա:

 

Երևան նստած՝ բողոքում էին, իսկ երբ ասում էի՝ եկեք, տեսեք մեր ստանդարտները, բարելավումները, ֆինանսական փաստաթղթերը, ոչ մեկը չէր գալիս

 

«Ես հիշում եմ՝ Կապանում բնապահպանները շարունակաբար հարվածում էին մեզ, շարունակաբար, իսկ երբ այդ նույն բնապահպաններին հրավիրում էի Կապան, ոչ մեկ չէր գալիս, իրենք Երևան նստած՝ բողոքում էին, իսկ երբ ասում էի՝ եկեք, տեսեք մեր ստանդարտները, բարելավումները, ֆինանսական փաստաթղթերը, ոչ մեկը չէր գալիս, բայց Երևանում նստած բողոքում էին, ուրեմն մտահոգվելու բան կա չէ, որ փողով են աշխատում և իրենց գործն այդ է»,-կարծում է «Դանդի փրեշս մեթալս Կապան» ընկերության նախկին սեփականատերը:

 

Այո, ես իրենց փող եմ տալիս, որ ինձ հետ աշխատեն, բայց փող չեմ տալիս, որ իմ ուզածը գրեն

 

Իսկ մտահոգությունները փարատելու համար դիմում էր միջազգային փորձագետների, հրավիրում Հայաստան գնահատականներ տալու համար, և երբ Հայաստանում բնապահպաններին էին ներկայացնում արդյունքները, նրանք չէին վստահում դրանց, թե ինչու, նշում է. «Երբ այդ գնահատականը ներկայացնում էինք հանրության, բոլորը ընդունում էին, բնապահպաննները ասում էին՝ սուբյեկտիվ է: Այո, ես իրենց փող եմ տալիս, որ ինձ հետ աշխատեն, բայց փող չեմ տալիս, որ իմ ուզածը գրեն, և երբ որ իր գահատականը դրական է տալիս, պետք է ընդունելի լինի: Մեր բնապահպանները ասում են՝ սուբյեկտիվ է, որովհետև դու փող ես տվել որ գրի: Եթե մենք այդքան հետամնաց պիտի մնանք Հայաստանի մեջ, ուրեմն պրոբլեմները կշարունակվին»:

 

Լիցենզիաները տրվել են մարդկանց, որոնք ընդհանրապես հանքարդյունաբերության հետ կապ չունեն,  օգտագործել են, ոչ թե շահագործել հանքերը հարստանալու համար

 

Իսկ պրոբլմները շարունակվելու են, քանի դեռ հանքարդյունաբերություն է իրականացվում, իսկ Հայաստանում առավել լուրջ է իրավիաճակը, քանի որ, ըստ Ջաբրայանի, վերջին մեկ դարում Հայաստանում հանքերը չեն շահագործվել ճիշտ մոտեցումներով, որոշ դեպքերում նա ապշել է Հայաստանում որոշ հանքավայրերի շահագործման պայմաններն ու ձևերը տեսնելուց. «Ով է արել այդ մեկը, արել է Հայաստանի իշխանությունը, որովհետև լիցենզիաները տրվել են մարդկանց, որոնք ընդհանրապես հանքարդյունաբերության հետ կապ չունեն, եղել են սրա կամ նրա հորեղբորորդին կամ քավորը, կամ սանիկը, ստացել են լիցենզիաներ, օգտագործել են, ոչ թե շահագործել հանքերը հարստանալու համար, և չեն շահագործել ստանդարտներով»,-ասում է ու մատնանշում, որ հենց այս հանքավայրերը պետք է լինեն բնապահպանների թիրախում, ոչ թե նրանք, ովքեր հնարավորինս պահպանում են շահագործման նորմերը: