Home / Armenia  / Ինչո՞ւ էր դաշնակցական նախարար Արծվիկ Մինասյանը միշտ կողմ լինում նախորդ վարչապետ Կարապետյանի դիտարկումներին, բայց դեմ է արտահայտվում Փաշինյանի առաջարկներին

Ինչո՞ւ էր դաշնակցական նախարար Արծվիկ Մինասյանը միշտ կողմ լինում նախորդ վարչապետ Կարապետյանի դիտարկումներին, բայց դեմ է արտահայտվում Փաշինյանի առաջարկներին

 

ՎԱՐԴՈՒՀԻ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

Երևան (Նորանոր) _ Երեկ տեղի ունեցավ առաջին հրաժարականը Հայաստանում նոր կառավարության ձևավորումից հետո. «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը դեմ չգնաց սեփական սկզբունքներին; Լինելով Կուտակային կենսաթոշակների մասին օրենքի պարտադիր բաղադրիչի դեմ ձևավորված «Դեմ եմ» նախաձեռնության կազմակերպիչներից՝ նա կառավարությունում դժգոհեց վարչապետի բարձրացրած հարցի դեմ, այն է՝ հուլիսի 1-ից կիրառել պարտադիր բաղադրիչը:

 

ՍԿՍԵՑ ՄԻԱՆՍՅԱՆԸ, ՀՐԱԺԱՐՎԵՑ ԹԱՆԴԻԼՅԱՆԸ

Հարցը, որը կառավարությունում սրեց Տնտեսական զարգացման ու ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը, ավարտվեց Մանե Թանդիլյանի հրաժարականով, իսկ ի՞նչ տեղի ունեցավ Արծվիկ Մինասյանի հետ, ով ԱԺ-ում ընդդիմադիր պատգամավորի կարգավիճակում նույնքան սկզբունքորեն դեմ էր արտահայտվում պարտադիր բաղադրիչին, այսօր պահպանում է սկզբունքայնությունը, բայց հրաժարական չի տալիս:

 

Չեմ պատրաստվում հրաժարական տալ, ես տրամադրված եմ վճռական

 

«Չեմ պատրաստվում հրաժարական տալ, ես տրամադրված եմ վճռական, որովհետև ոչ միայն այդ ոլորտում, տնտեսության զարգացման ոլորտում հակամենաշնորհային քաղաքականության ոլորտում հսկայական անելիքներ կան: Այնքան ժամանակ, քանի այս կառավարությունը բաց, հրապարակային և հարցերը շեշտադրված աշխատում է, աշխատելու է, երբ որ կզգանք, որ անհնարին է շարունակել, այդքան կամք էլ կա, վճռականություն էլ կա հեռանալու»,-ասում է Մինասյանը:

ՆԱԽՈՐԴԻՆ՝ ԿՈՂՄ, ՆԵՐԿԱՅԻՆ՝ ԴԵՄ

Փաշինյանի կառավարության կազմում Մինասյանը սկզբունքորեն առաջ է քաշում իր հիմնավորումները պարտադիր բաղադրիչի կիրառման վերաբերյալ, հակադարձում կառավարության ղեկավարին ու իր մոտեցումը ներկայացնում: Noranor.ca-ի հարցին, թե ինչո՞ւ նախորդ կառավարության կազմում Դաշնակցության պատգամավորը նման դեբատներ չէր ստեղծում՝ չկայի՞ն սկզբունքային հարցեր, թե՞ այլ գործելաոճով էին շարժվում, Մինասյանը պատասխանում է.

 

Ես էլ եմ կոշտ արձագանքել, ինձ էլ են կոշտ արձագանքել

 

«Եղել են, ինչո՞ւ եք մոռանում, ես էլ եմ կոշտ արձագանքել, ինձ էլ են կոշտ արձագանքել, ինչու եք այդքան կարճ տեսնում ամեն ինչ, բայց չէ՞ որ ընդամենը մեկ-երկու տարի առաջ նույն դրվագները եղել են»:

 

Երկու տարի առաջ նախկին վարչապետ Կարապետյանը կոշտ արտահայտվում էր, խստորեն հրահանգներ տալիս, իսկ Արծվիկ Մինասյանը ոչ թե ընդդիմանում, այլ համաձայնում էր: Այս դեպքում եթե Նիկոլ Փաշինյանի արձագանքը կոշտ էր, ապա դաշնակցական նախարարինը ևս չէր զիջում:

 

Ես չեմ կարծում, որ տեղի է ունեցել անհաղթահարելի բան, հակառակը կար սուր ձևակերպումներ թե՛ իմ, թե՛ վարչապետի կողմից

 

«Ես կարծում եմ՝ դա աշխատանքային քննարկման մակարդակում ձև էր, որը կարծում եմ, որ կշտկվի, ես չեմ կարծում, որ տեղի է ունեցել անհաղթահարելի բան, հակառակը կար սուր ձևակերպումներ թե՛ իմ, թե՛ վարչապետի կողմից: Կառավարությունը ինչ է օրակարգում ձևակերպում, սա բավարարում է ինձ՝ որպես Դաշնակցության ներկայացուցչի, որպես կառավարության անդամի, որպես Արծվիկ Մինասյանի, որը հետևողականորեն հասկանում է համակարգի խնդիրները, հատկապես կուտակայինի: Ինձ համար չափազանց կարևոր է, թե մենք ինչ պետք է ունենանք, այլ ոչ թե ինչպես պետք է ունենանք, ոչ թե ձևի վրա»,-նշում է ՀՀ Տնտեսական զարգացման ու ներդրումների նախարարը:

 

Իսկ ինչ վերաբերում է Մանե Թանդիլյանի հրաժարականին, ապա նա ափսոսանք է հայտնում, վստահ է, որ նրա ներկայությունը կառավարությունում կօգներ այս խնդրի լուծմանը, թեև այլ համախոհներ էլ դեռևս կան կառավարությունում:

 

Մենք համոզված ենք, որ լիարժեք վերլուծություն կանենք ու կհասկանանք քայլերը

 

«Համոզված եմ, որ ես, Արտակ Զեյնալյանը և կառավարության բոլոր այն անդամները, ովքեր  խորությամբ այս հացի մեջ ընկղմված են, տիրապետում են հարցադրումները, մենք համոզված ենք, որ լիարժեք վերլուծություն կանենք ու կհասկանանք քայլերը»,-ասում է նա:

 

Եթե Դաշնակցությունը մշտապես հայտնվում է իշխանության կողքին, ապա Արծվիկ Մինասյանն էլ վերջին տարիներին հայտնվում է կառավարությունում՝ ղեկավարելով տարբեր գերատեսչություններ, ինչո՞վ է պայմանավորված այս հանգամանքը, Noranor.ca-ի հարցը չգոհացրեց նախարարին, Մինասյանը հորդորեց.

 

Բավական է հակադաշնակցական հիստերիան  շարունակել

 

«Ես առաջարկում եմ այդ հարևը փակել մեկընդմիշտ առանց մեկնաբանության, և բավական է հակադաշնակցական հիստերիան անընդհատ շարունակել»: