Home / Armenia  / Կարո Փայլյանը հերոս չէ և իրավունք չունի հայ ազգի անունից հանդես գալու. Արևմտյան Հայաստանի Հանրապետության վարչապետը դեմ է

Կարո Փայլյանը հերոս չէ և իրավունք չունի հայ ազգի անունից հանդես գալու. Արևմտյան Հայաստանի Հանրապետության վարչապետը դեմ է

 

ՎԱՐԴՈՒՀԻ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

Երևան (Նորանոր) _ Թուրքիայի մեջլիսի հայազգի պատգամավոր, «Ժողովուրդների ժողովրդավարական կուսակցության» ներկայացուցիչ Կարո Փայլյանն իրավունք չունի հայ ժողովրդի անունից հանդես գալու, այս համոզմունքին է Արևմտյան Հայաստանի Հանրապետության վարչապետ Գառնիկ Սարգսյանը: Նա վստահ է, որ Փայլյանը Թուրքիայի խորհրդարանում երբևէ որևէ քայլ չի կատարել հօգուտ հայ ժողովրդի, հօգուտ Ցեղասպանության պահանջատիրության:

 

ՉԽՈՍԵԼ ԺՈՂՈՎՐԴԻ ԱՆՈՒՆԻՑ

«Ինչ է ասում Ցեղասպանության մասին, ասում է՝ թող Թուրքիան առերեսվի իր անցյալի մութ էջերուն հետ և այդ էջերը փակենք, որպեսզի հայերը, քուրդերը և թուրքերը միասին կարողանան մի դեմոկրատ երկրի մեջ հավասար իրավունքներով՝ որպես Սփյուռքի քաղաքացիներ, Թուրքիո դրոշի տակ ապրեն միասին, դրա մեջ ո՞ւր է հայկական գերագույն  շահը»,-ասում է Գառնիկ Սարգսյանը:

 

Փայլյանը կարող է հայտարարել՝ ինչ ցանկանում է, բայց խոսել ժողովրդի անունից չի կարող, իրականում նա չի կարող որևէ ազգային շահ ներկայացնել, ինչպես հայ ժողովուրդն է կարծում, վստահ է Արևմտյան Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչը:

 

Ինքը շատ սխալներ ըրավ, չէինք պատասխանե, բայց երբ որ կըսե՝ կներկայացնեմ ողջ հայությունը, այստեղ տեղի տվավ

 

«Մեծամասնությունը կկարծե, թե Կարո Փայլյանը հայության համար հերոս մըն է, դեմ չենք, թող ըլլա հերոս, բայց չխաղա Արևմտյան Հայաստանի ճակատագրին հետ, ինչպես վերջերս: Ինքը շատ սխալներ ըրավ, չէինք պատասխանե, բայց երբ որ կըսե՝ կներկայացնեմ ողջ հայությունը, այստեղ տեղի տվավ: Ինքը ոչ մեկը չի ներկայացնե, բացի իր ընտանիքեն և կուսակցությունեն, ով իրեն տվավ այդ ներկայացուցչական իրավունքը, ի՞նչ ընելու, համար, որ պիտի ներկայացնե աշխարհի հայությունը, այսօր շատ թեթև և անպատասխանատու մոտեցում կա հայկական քաղաքական խավի կողմե»,-ասում է նա:

 

ԱՎԱՆԴԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՉԸՐԻՆ

«Ո՞վ է տվել Փայլյանին այդ իրավունքը» հարցը բարձրացնում է խմբի ներկայացուցիչը, որն իրեն հռչակել է Արևմտյան Հայաստանի Հանրապետություն: Այսինքն՝ ցանկացած անձ կարող էր մի օր արթնանալ ու որոշել, որ ինքն է այսուհետ լինելու Արևմտյան Հայաստանի իրավահաջորդը. Հարցին Գառնիկ Սարգսյանի պատասխանն ըստ էության դրական է, եթե դա չարեցին ուրիշները, կարող են անել իրենք:

 

Մենք շարունակողն ենք 1920-ին միջազգային ճանաչում ստացած Հայաստան պետության

 

«Գործնականորեն ճիշտ կըսեք՝ խումբը կամ մեկը քաղաքականորեն կրնա ըսել, որ մենք ենք, այն, ինչ որ ավանդական կուսակցությունները չըրին, ի վերջո ճանաչումը կա, իրավունքները կան, հողը գրավված է, իրականացնողը չկա: Մենք հայտարարեցինք, որ մենք շարունակողն ենք 1920-ին միջազգային ճանաչում ստացած Հայաստան պետության, որմե դուրս եկավ և միացավ սովետմիության»,-կարծում է Արևմտյան Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչը:

 

Ի՞նչ ընեինք, սպասեինք, որ հնչակյանները, ռամկավարները, դաշնակցությունը այդ գործը ընեին, այն, ինչ չըրին

 

Իսկ իրականում, նրա համոզմամբ, այդ գործը պետք է ստանձնեին գոնե ավանդական կուսակցությունները, ինչը չեն արել: Ասում է. «Մենք տեր կկանգնենք այդ բոլորին, ի՞նչ ընեինք, սպասեի՞նք, որ հնչակյանները, ռամկավարները, Դաշնակցությունը այդ գործը ընեին, այն, ինչ չըրին: Աշխատեցավ սփյուռքի ավանդական կուսակցություններու ղեկավարության վրա տասնյակ տարիներ փողով, դիրքով, պաշտոնով, ստից փառքերով, որ չարթնացվի իրավունքներու հարցը, մենք հայերս պարզ մարդիկ էինք՝ որո՞ւ սպասեինք ասկե ավելի, ի՞նչ ժառանգեինք մեզմե հետո եկող սերունդներին, անանկ, որ ոչ ոք իրավունք չունի մեղադրելու, որ ինքնակոչ ենք»:

 

Օրինակ, Դաշնակցությունը, որը հայտնի է Հայոց Ցեղասպանության ճանաչման գործում տարած աշխատանքներով, սխալ ուղղություն է տվել այդ ամենին, Սարգսյանը նշում է, որ ամեն ինչ տարվել է ճանաչման ուղղությամբ՝ այսպիսիով հետին պլան մղելով իրական խնդիրը:

 

ԹՈՒՐՔԻԱՅԻ ՄԹՆՈԼՈՐՏԸ

Ինքնակոչ չեն, բայց իրավականորեն լիազորություններ չունեն, փոխարենն ընդունված են միջազգային կազմակերպությունների, խոշոր պետությունների կողմից, շատ ավելի, քան Հայաստանի կողմից, վստահեցնում է Սարգսյանը, ու իրենք բազմաթիվ առիթներ ունենում են միջազգային ատյաններում խոսել Հայկական հարցի շուրջ, իսկ այն, ինչ անում է Կարո Փայլյանը, չի կարող հայկական շահը ներկայացնել, հակառակ դեպքում նա վաղուց Թուրքիայի մեջլիսում չէր լինի:

 

Մենք ինչպե՞ս կրնանք միամիտ ըլլալ և մեր ազգի զավակեն ակնկալել, որ ինքը հակաթուրքական և պրոհայկական լուրջ գործունեություն կարող է տանել

 

«Թուրքիայում կտիրե իշխանություն, որ ճանճը եթե իր ծրագիրներուն դեմ խոսի, կճշմի այդ ճանճին, նույնիսկ ազգային ժողովի պատգամավոր բանտերը նետված են պարզապես, որ իրավունքի մը համար ձայն բարձրացրած են, երբ որ շատ լավ գիտենք այս դիկտԱտորական ու ճնշող մթնոլորտը Թուրքիայի մեջ, մենք ինչպե՞ս կրնանք միամիտ ըլլալ և մեր ազգի զավակեն ակնկալել, որ ինքը հակաթուրքական և պրոհայկական լուրջ գործունեություն կարող է տանել, այնպես չէ, որ իր անվտանգությունը ինձ չի հետաքրքրե, գիտենք, ինչ պետություն է, ադոր համար չի կարող այդ ուղղությամբ մտածել իսկ»,-վստահ է Հայաստանում հիմնած, բայց սփյուռքում, իր խոսքերով, 30 հզր անդամ ունեցող կառույցի վարչապետը:

 

Գառնիկ Սարգսյանը կարծում է, որ Արևմտյան Հայաստանի պայքարը Թուրքիայի խորհրդարանում չպետք է տանել, այլ միջազգային ատյաններում, ինքն իրենք անում են այսօր ու որևէ մտադրություն չունեն պայքարը տեղափոխել նշված դաշտ:

 

Իսկ Փայլանը կամ մեկ ուրիշը, որքան էլ ցանկանան, Սարգսյանի համոզմամբ, չի կարող պահանջատիրական գործունեություն ծավալել Թուրքիայի խորհրդարանում, հենց նշված պատճառով էլ մեջլիսի պատգամավորը չի կարող ներկայանալ որպես հայ ժողովրդի ներկայացուցիչը Թուրքիայում, վստահ է նա: