Home / Armenia  / Իրանահայ լուսանկարիչ Հովիկ Մալյանցը Հայաստանում արտակարգ ոչինչ չի տեսնում, բայց ընտանիքի հետ հաստատվել է հայրենիքում

Իրանահայ լուսանկարիչ Հովիկ Մալյանցը Հայաստանում արտակարգ ոչինչ չի տեսնում, բայց ընտանիքի հետ հաստատվել է հայրենիքում

 

ՎԱՐԴՈՒՀԻ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

Երևան (Նորանոր) _ Լուսանկարիչ Հովիկ Մալյանցը չի եկել Հայաստանում արև փնտրելու, ինչպես բոլոր հայրենադարձները, չի եկել բացառիկ սարեր ու ձորեր լուսանկարելու, ինչպես շատերը, չի եկել Մասիսի կարոտն առնելու… Եկել է պարզապես ապրելու ու աշխատելու Հայաստանում, Ֆրանսիայից:

 

Շրջապատում զարմանում էին, ասում էին, ամեն ինչ ունեք, էլ ի՞նչ է պետք, ինչո՞ւ ես գնում

 

«Շատերը երազում են, որ Եվրոպայում ապրեն, աշխատեն, բայց ինձ մոտ երբեք այդ երազանքը չի եղել: Շրջապատում զարմանում էին, ասում էին` ամեն ինչ ունեք, էլ ի՞նչ է պետք, ինչո՞ւ ես գնում, երբ ամեն ինչ ունես»,-պատմում է:

 

ԵՐԱԶԱՆՔՆԵՐՈՎ ՎԵՐԱԴԱՐՁ ՉԷ

Հովիկ Մալյանցի նպատակն այն է, որ հայրենիքում լավ լինի, հիմնական հաստատվեն այստեղ, դպրոցահասակ երեխաներն էլ կրթություն ստանան, ապրեն Հայաստանում:

 

Տարբեր երկրներում է բնակվել ու աշխատել՝ Իրան, Ֆրանսիա, Շվեդիա, 2000-ականների սկզբին՝ նաև Հայաստան: Նախկինում ժամանակավոր, հիմա արդեն հիմնական է որոշել  մնալ հայրենիքում:

 

Եթե միայն երազներով եք գալիս, չեք հաջողում կամ ամենափոքր բանից հիասթափվում եք

 

«Քանի որ տարիներ առաջ Հայաստան ապրել էի, գործունեություն էի տարել, սա միայն երազներով վերադարձ չէր: Եթե միայն երազներով եք գալիս, չեք հաջողում կամ ամենափոքր բանից հիասթափվում եք, բայց երբ ճիշտ նպատակ եք դնում, այդ ժամանակ չեք հիասթափվում»,-սեփական փորձով հորդորում է Մալյանցը:

 

Սփյուռքահայ լուսանկարչի մոտեցումը Հայաստանին ու հայկական բնաշխարհին տարբերվում է այլ հայրենադարձների կարծիքներից: Ավելի իրատեսական, ավելի գործնական է գնահատում իրավիճակը, ուստի նրանց, ովքեր երազում են ապրել Հայաստանում, բայց չունեն աշխատանքի հնարավորություն, խորհուրդ է տալիս.

 

«Գոնե պետք է ամենակրևոր մասը՝ ֆինանսական, կարողանան մեկ տարվա համար որոշ ձևով ապահովել, որ կարողանան մեկ տարի հանգիստ աշխատել, տարբեր գործեր փորձել, պատրաստված է պետք  գալ»:

 

ԶԱՐԳԱՑՈՒՄԸ՝ ԼՈՒՍԱՆԿԱՐՉՈՒԹՅԱՆ ՕՐԻՆԱԿՈՎ

Լուսանկարչական արվեստն է նրան ուղղորդել տարբեր երկրներ, որտեղ Միջազգային լուսանկարիչների ասոցացիայի անդամ Մալյանցը կարողացել է որսալ լավագույն նորույթներն ու դրանով իսկ բացառիկ գործեր ստեղծել: Հետաքրքիր համեմատություն է կատարում.

 

15 տարի անցել է, անհամեմատ առաջընթաց կա

 

 

«2003-ին էր, ես հիշում եմ, որ Հայաստան էի եկել,  լուսանկարչական հրաշքները բերել էի, վարագույրները և այլն, մյուս լուսանկարիչները գալիս, զարմանքով նայում էին, ինչպե՞ս եք աշխատում, ամեն ինչ լավ էր ու բավական թանկ:  15 տարի անցել է, անհամեմատ առաջընթաց կա, մանավանդ որ թվային լուսանկարչությունը կա, բավական հեշտացել է աշխատանքը, և հիմա շատ լավ լուսանկարիչներ կան, տաղանդավոր լուսանկարիչներ»:

 

 ԲԱՑԱՌԻԿ ՈՉԻՆՉ ՉԿԱ

Եթե շատ լուսանկարիչների համար Հայաստանի լեռները երազանքներ ու ձգտումներ են արթնացնում, ապա Մալյանցը դրանցում բացառիկ ոչինչ չի տեսնում. Ռոմանտիկ զգացողությունները ուղեկցում են սփյուռքահայերին, ովքեր հայոց լեռները համարում են էկզոտիկ:

 

Ինձ համար շատ հաճելի է՝ գնալ Գառնի, ասել օ՜հ, ինչ գեղեցիկ է քարերի սիմֆոնիան, բայց Ֆրանսիայում մի քանի հատ կա

 

«Եթե մարդ մշտական այստեղ է ապրած լինում, ոչ մի տեղ չի գնում, ասում է՝ Հայաստանը փոքրիկ Շվեյցարիա է, բայց երբ գնում, Շվեյցարիան տեսնում է, տարբերությունները զգում է:  Սփյուռքահայը որ գալիս է, ամեն ինչ կապում է գեղեցկության հետ, այդ հարցը պետք է տաք, ենթադրենք, օտարազգի լուսանկարչի, որ անկողմնակալ կասի՝ ինչ տեսավ, ինչ կա, թե չէ ինձ համար շատ հաճելի է՝ գնալ Գառնի, ասել օ՜հ, ինչ գեղեցիկ է քարերի սիմֆոնիան, բայց Ֆրանսիայում մի քանի հատ կա»,-ասում է Միջազգային լուսանկարիչների ասոցացիայի անդամը:

 

Առավելություն չունի Հայաստանը, կարծում է, ունի առանձնահատկություններ, որոնք կարելի է ընդգծել, գրավիչ դարձնել, թեկուզ ժպիտով, այլ ոչ թե հայկական «մուննաթ»-ով  հյուրընկալություն ցուցաբերել եկողին, իսկ իր գնահատականներում անկեղծ է, ինչպես աշխատանքներում, պատմում է մի դեպք.

 

Գեղեցիկ դիմագծերով աղջիկը կամ տղան կամ տարիքով մարդն ավելի լավ է երևում լուսանկարում

 

«Մի լրագրող հարցրեց, թե ինչ կարծիքի եք արտաքին գեղեցկության մասին, ասի՝ կուզե՞ք անկեղծ պատասխանը տամ, ուզեք, թե չուզեք արտաքին գեղեցկությունը շատ կարևոր է: Կարող է մարդը գեղեցիկ չլինել, բայց երբ շփվես, հոյակապ մարդ լինի, բայց առաջին հերթին լուսանկարչի համար արտաքին գեղեցկությունն է, գեղեցիկ դիմագծերով աղջիկը կամ տղան կամ տարիքով մարդն ավելի լավ է երևում լուսանկարում: Այսպես հոդվածը տպագրվեց, մի քանի օր անց մի կին զանգահարեց, ասաց, հոդվածը կարդացել եմ, կուզեմ գալ Ձեր մոտ, եկավ, ասաց, ես շատ ուրախ եմ քո անկեղծության համար, որ չասացիր՝ կարևորը ներքին գեղեցկությունն է»,-տպավորվել է լուսանկարիչը:

 

Անկեղծ լուսանկարիչն առավել անկեղծ է զավակների հետ, որոնց փորձել է հնարավորինս ճիշտ ներկայացնել Հայաստանի վիճակը, իրենց դրական տրամադրությունը փոխանցել՝ ասելով. «Մանավանդ երեխաների պարագայում շատ կարևոր է, թե ինչպես են ներկայացնում, եթե դժգոհեն, երեխաների վրա բնականաբար վատ կազդի, բայց մենք մշտական լավ մոտեցում ենք ցուցաբերել, ասել ենք, որ վատ կետերն էլ կան, պետք է աշխատենք, որ վատ կետերը փոխենք»: