Home / Armenia  / 18 տարուց ավելի պաշտոններ եմ ունեցել և ինձ մեղավոր եմ համարում. Գալուստ Սահակյան

18 տարուց ավելի պաշտոններ եմ ունեցել և ինձ մեղավոր եմ համարում. Գալուստ Սահակյան

 

Երևան (Նորանոր) _ ՀՀԿ պատասխանատու անձինք ևս շարունակում են իրենց զարմանքն ու մտահոգությունն արտահայտել գեներալ Մանվել Գրիգորյանի կողմից կատարված արարքի նկատմամբ: Գալուստ Սահակյանն, ով վերջին տասնամյակում այդ քաղաքական համակարգի պատասխանատու անձանցից է, համարում է, որ իրենցից յուրաքանչյուրն իր մեղքի բաժինն ունի, բայց դրանում մեղավոր չէ Հանրապետական կուսակցությունը:

 

Սահակյանը Հայաստանի Հանրապետական կուսակցության խորհրդի անդամ է, ԱԺ ամենաերկարամյա պատգամավորը, ով խորհրդարանում է 1995թ-ից, իսկ 2014-2017թթ-ին եղել է ԱԺ նախագահը:

 

ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄՆԵՐԻ ՇՂԹԱՆ

Երեկ ԱԺ-ում տեղի ունեցավ Մանվել Գրիգորյանին անձեռնմխելիությունից զրկելու գործընթացը, որին կողմ քվեարկեց նաև ՀՀԿ-ն՝ այսպիսով թույլ տալով նախաքննական մարմնին կատարել իր գործառույթներն ու բացահայտել դեպքն ամբողջությամբ: Արդյո՞ք մտավախություն չունեն, որ այսպիսով կշարունակվի բացահայտումների շղթան ու ի հայտ կգան կուսակցության իշխանության օրոք թույլ տրված այլ ապօրինություններ: Գալուստ Սահակյանն ասում է.

 

Եթե բացահայտումներ լինեն, դա ՀՀԿ-ի հետ կապ չունեցող բան է

 

«Եթե բացահայտումներ լինեն, դա ՀՀԿ-ի հետ կապ չունեցող բան է, ինչպես Հանրապետական կուսակցությունում, այնպես էլ մյուս կուսակցություններում, բոլոր տեղերում էլ կարող է մի բան ի հայտ գալ, բայց դա չի նշանակում, որ մենք գտնում ենք, որ մեղավոր ենք դրանում, բայց նաև չենք գտնում, որ մեղք չունենք, հասարակությունը պիտի իրեն դատապարտի այդ խնդիրների մեջ և հասարակության մեջ կոռուպցիա հասկացողությունը վերանա»:

 

Որովհետև ես քաղաքական գործիչ եմ, ու բավականին մեծ՝ 18 տարուց ավելի պաշտոններ եմ ունեցել և ինձ մեղավոր եմ համարում

 

Իսկ ինչո՞ւմ է իրենց մեղավոր համարում, ԱԺ նախկին խոսնակը պատասխանում է. «Որովհետև ես քաղաքական գործիչ եմ, ու բավականին մեծ՝ 18 տարուց ավելի պաշտոններ եմ ունեցել և ինձ մեղավոր եմ համարում, որովհետև չենք կարողացել այն Հայաստանը ստեղծել, որ բոլորս մտածում ենք»,- ասում է Սահակյանը:

 

Անձամբ զարմացած է եղած բացահայտումներից, հատկապես, երբ բանակն է թալանվել, «Ես իհարկե մտածում եմ, որ մարդիկ կոռուպցիոն տարբեր նպատակներով ինչ-որ գործողություններ կկատարեն, բայց բանակից բան տանելը, դա շատ ցավալի է»,-ասում է ԱԺ ՀՀԿ պատգամավորը: Ցավ է ապրել հատկապես զինվորին չհասած երեխաների նամակներից:

 

ԵՂԵԼ ԵՆ, ԴՈՒՔ ՉԵՔ ՀԻՇՈՒՄ

Այն ամենը, ինչ այսօր բացահայտվում է, տեղի է ունեցել իրենց իշխանության ժամանակ, ինչո՞ւ չի բացահայտվել, ՀՀԿ ներկայացուցիչը արդարացնում է իր ներկայացրած կուսակցությանը, վստահեցնում, որ իրենք էլ անգործ չեն նստել, բայց օրինակներ այդպես էլ չի հիշում:

 

Ձեզ թվում է՝ հիմա ձեզ պիտի հիշեցնե՞մ այդ բացահայտումները, իբրև թե սա շատ եմ ուզում հիշել, հիմա էլ հիշեցնեմ՝ ինչ բացահայտումներ են եղել

 

«Շատ մեծ բացահայտումներ են եղել, պարզապես դուք փոքր եք եղել, չեք հիշում, ձեզ թվում է՝ հիմա ձեզ պիտի հիշեցնե՞մ այդ բացահայտումները, իբրև թե սա շատ եմ ուզում հիշել, հիմա էլ հիշեցնեմ՝ ինչ բացահայտումներ են եղել, ինչ զոհեր են եղել, քանի մարդ է զոհվել, ինչ կապակցությամբ, ինչ դատական խնդիրներ են եղել…»,-ասում է Սահակյանը: