Home / Canadahye  / Հայաստանում ներդրում անելու մասին երբևէ չմտածած կանադահայ գործարար Լևոն Աֆեյանը որոշել է իր հիմնած գործարանի մասնաճյուղը բացել

Հայաստանում ներդրում անելու մասին երբևէ չմտածած կանադահայ գործարար Լևոն Աֆեյանը որոշել է իր հիմնած գործարանի մասնաճյուղը բացել

 

ՎԱՐԴՈՒՀԻ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

Մոնրեալ (Նորանոր) –Կանադահայ գործարար Լևոն Աֆեյանը, ով նախկինում Հայաստանում որևէ ներդրում կատարելու ցանկություն չի ունեցել, որոշել է իր հիմնադրած կանադական ընկերության մասնաճյուղը բացել Հայաստանում:

 

ՈՉ ՄԻԱՅՆ ԲԱԽՏԻ ԲԵՐՄԱՄԲ

Մոտավորապես 40 տարի առաջ, երբ Աֆեյանը ուսանող էր, լինելով Ֆրանսիայում, տեսնում է կահույքի արտադրության մեխանիզացված աշխատանքը, հայրը նրան առաջարկում է հիմնել սեփական արտադրությունը: Մեկնելով Կանադա՝ նախաձեռնում է գործարանի հիմնումը՝ Seatply ընկերությունը, որն այսօր 100-ից ավելի աշխատակիցներ ունի: «Բախտի բերումով ստացվեց»,-ասում է Աֆեյանը, բայց նաև չի հերքում մի շատ կարևոր հանգամանք: Կանադայում բիզնես հիմնելու համար բոլորն ունեն հավասար հնարավորություններ:

 

Մեր մոտ տարօրինակ կլինի մտածելը, որ հնարավորությունը չկա, այդ գաղափարը տարօրինակ կըլլա

 

«Մեր մոտ տարօրինակ կլինի մտածելը, որ հնարավորությունը չկա, այդ գաղափարը տարօրինակ կըլլա, այստեղ բոլորն ալ այդ հավատքը ունին, ամեն մարդ ցանկություններ ու հնարավորություններ ունի, պետք է աշխատիլ և շատ մեծ ժամանակ դնել: Չեմ կարծեր, որ բոլորն ալ կհաջողին, բայց եթե չեն հաջողվում, ուրիշի պատճառը չէ, ուրեմն կամ ժամանակը սխալ էր, կամ իրենցմե ավելի զորավոր անձ մը կար գործի մեջ, բայց խոչընդոտները չեն պայմանավորված կառավարությունով: Ամեն մարդ իրավունք ունի հաջողելու»,-վստահեցնում է Աֆեյանը:

 

ՉՆԵՂԱՆԱՆՔ ՀԱՅԱՍՏԱՆԻՑ

Նույն տպավորությունները չի կարող հայտնել Հայաստանի մասին, որի հետ կապը միշտ է պահպանվել, բայց գործնական դաշտ չի տեղափոխվել:

 

Երբ մեկ հեռաձայնով հարցեր կլուծեն, ընդհանրապես դա մեծ անհանգստություն կպատճառե, ուրեմն ավելի լավ է խուսափինք և չնեղանանք Հայաստանից

 

«Ընդհանրապես խուսափել ենք, ոչ մի բան չի եղած: Հստակորեն եթե երկրի մեջ պայմանները, օրենքները չեն ապահովե անձի մը իրավունքներու պաշտպանություն, երբ մեկ հեռաձայնով հարցեր կլուծեն, ընդհանրապես դա մեծ անհանգստություն կպատճառե, ուրեմն ավելի լավ է խուսափինք և չնեղանանք Հայաստանից»,-կարծում է գործարարը:

 

Հայաստանի մեջ օրենքի պակաս չունինք, օրենքը հարգելու պակաս ունինք

 

Հայաստանում ամենալուրջ խնդիրը եղել է օրենքի հանդեպ հարգանքի բացակայությունը, համոզված է նա: «Հայաստանի մեջ օրենքի պակաս չունինք, օրենքը հարգելու պակաս ունինք: Երբ օրենքները չեն հագվիր, անշուշտ ադիկա դժվարություն կպատճառե, երբ օրենքները կհարգվին, կրնանք դատարաններու մեջ վստահանալ, որ ճիշտ լուծումները պիտի ըլլան, արդարությունը պիտի ըլլա, և կրնանք օրենքով աշխատինք: Ադիկա մենակ Հայաստանը չէ, շատ ուրիշ երկիրներ էլ կան, որ ժողովուրդը կխուսափի այդ փոփոխություններից»,-կարծում է ընկերության հիմնադիրը:

 

 

ԳՈՐԾԱՐԱՆԻ ՓՈՔՐ ՄՈԴԵԼԸ

Նոր իրականությունում, երբ այլևս հարցերը ոչ թե մեկ հեռախոսազանգով, այլ արդար եղանակով լուծելու ցանկություն կա, երբ տեղի են ունենում նոր բացահայտումներ, նաև մարդկանց վստահությունն է աճում: Դա էլ գործարարին ներշնչել է ի վերջո հայրենիքում քայլեր ձեռնարկել՝ հույս ունենալով, որ Հայաստանից նեղանալու առիթներ չեն լինի, եթե օրենքը գերակայի:

 

Գործարանները ավելի մեծ թվով մարդկանց պաշտոն կու տան և շատ ավելի թվով մարդիկ կրնան օգտվիլ գործարանեն

 

«Այժմ մեկ ծրագիր ունենք, որի մասին կմտածենք, որ գործարանի փոքր մոդելը հիմնենք: Կկարծեմ, որ Հայաստանի մեջ արտադրության համար պետք է աշխատինք: ճիշտ է, որ մի քանի հոգի վաճառականությունը կապահովեն, բայց  ավելի կարևոր է, որ գործարաններ հիմնվին, որովհետև գործարանները ավելի մեծ թվով մարդկանց պաշտոն կու տան և շատ ավելի թվով մարդիկ կրնան օգտվիլ գործարանեն»,-ասում է կանադահայ գործարարը, ով սկսել է ուսումնասիրություններ անցկացնել հայկական շուկայում, ավելին, արդեն որոշել է, որ ավելի շատ պետք է համագործակցեն իրանական, այլ ոչ ռուսական շուկաների հետ:

 

Չի կարծում, որ պահանջարկի պակաս կունենան, իրենք արտադրում են սեղան-աթոռներ, որոնք անհրաժեշտությունը կա կենցաղում, իսկ նոր մոտեցումներով աշխատանքը կմեծացնի մրցակցությունն ու որակը միաժամանակ:

 

ԻԶՐԱՅԵԼԸ ԿԱՐՈՂԱՑԱՎ

Կարճ ժամանակահատվածում ձեռնարկված կոռուպցիայի դեմ քայլերը, բացահայտումները, որ իրականացնում է նոր կառավարությունը, հուսադրող է համարում: Առավել զարմացած են եղել յուրացումների այն չափերից, որոնք ի հայտ են եկել գեներալ Մանվել Գրիգորյանի բնակարանում:

 

Ան, որ սխալ ըրած է, պիտի պատժվի

 

«Ապշած էինք, վիդեոները որ տեսան, բոլորն ալ գիտեին, որ վատ բաներ լինում են, բայց չափը զարմացուցած էր, լավ ձևով նայած էին այդ բացահայտումը, ճիշտ քայլ էր, և ան, որ սխալ ըրած է, պիտի պատժվի, պետք է օրենքը այդ քայլը առնե, եթե պարզվի, որ սխալ ըրած է: Ինձ համար ամենակարևորը օրենքով առաջանալն է»,-նշում է Աֆեյանը:

 

Հիմա արդեն ոչ միայն սփյուռքի կողմից է ներդրումներ անելու ու հայրենիք վերադառնալու ցանկությունը մեծացել, այլև Հայաստանից են նրանց վերադարձի հորդորներ հնչում, բայց անկանխատեսելի է, թե արդյո՞ք Հայաստանը կկարողանա զարգացնել այդ պոտենցիալը, բավարարել պահանջները, ճիշտ օգտագործել տնտեսական ռեսուրսները: Աֆեյանը հավատում է, որ այո: Ասում է.

 

Եթե Իզրայելը կարողացավ ընել, Հայաստանը ինչու չանի

 

«Եթե Իզրայելը կարողացավ ընել, Հայաստանը ինչու չանի, սա մեր կարողությունն է, մենք կարող ենք շատ բաներ անել, վստահ եմ, միայն միասնաբար աշխատինք ու մի ուղղությամբ, բոլորս աշխատինք մի ուղղությամբ, Հայաստանը կարող է շատ մեծ հաջողություն ունենալ: Հաստատ կարող ենք անել, այդ ամենը մեզմե կախյալ է,մանավանդ հայաստանաբնակ հայերը պետք է հասկանան, որ պարտականությունը իրենց վրա է, և Հայաստանը կարող է շատ լավ տեղ հասնել»:

 

Նրա կարծիքով՝ ամենակարևորն այն է, որ իշխանությանն ընտրել է ժողովուրդը, իսկ հաջորդ կարևոր քայլը պետք է լինի նոր ընտրությունների անցկացումն ու երիտասարդ, գրագետ կադրերի նշանակումը կարևոր պաշտոններում: