Home / Canadahye  / Հաջողություն զորավոր մրցակցության պայմաններում. Կարճ ժամանակում Վանկուվերի Թեքեյան միությունը կարողացել է համախմբել երիտասարդներին

Հաջողություն զորավոր մրցակցության պայմաններում. Կարճ ժամանակում Վանկուվերի Թեքեյան միությունը կարողացել է համախմբել երիտասարդներին

 

ՎԱՐԴՈՒՀԻ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

Վանկուվեր (Նորանոր) _ Կանադայի Վանկուվեր քաղաքում, անկախ հայ համայնքի փոքրաթիվ լինելու փաստից, ավանդական կուսակցություններն ունեն իրենց ներկայացվածությունը: Ընդամենը 2500 հայեր են ապրում այստեղ, որի մեծ մասը ՀՅԴ կամ Հնչակյան կուսակցությունների անդամ կամ համակիր է, իսկ ՌԱԿ-ը միայն վերջին տարիներին է վերսկսել աշխույժ գործունեությունը:

 

Այս փաստը չի հերքում նաև կուսակցության անդամ, Բրիտանական Կոլումբիայի Թեքեյան մշակութային միության փոխատենապետուհի Էլո Քերվանյան Աթթարմիգիրյանը: Կուսակցության ու մշակութային միության գործունեությունը վերաակտիվացնելու նպատակով վերջին շրջանում զարկ են տվել նոր նախաձեռնությունների, և հաջողվել է կառույցի շուրջը համախմբել երիտասարդներին, վստահեցնում է տիկին Աթթարմիգիրյանը:

 

ՌԱԿ-Ի ՓՈԽԱՐԵՆ՝ ԹԵՔԵՅԱՆԸ

Երկար ժամանակ Թեքեյան միությունը Վանկուվերում դադարեցրել էր գործունեությունը, բայց ՌԱԿ-ը և Բարեգործական միությունը շարունակում էին գործել, թեև առանց լուրջ ծրագրերի:

 

Ուզեցինք, որ փոխանակ Ռամկավար կամ Բարեգործականը զորացնելու, Թեքեյանը զորացնենք, որովհետև ուզեցինք ծրագիրներ ընել

 

«Թեքեյանն արդեն կար, բայց ուզեցինք, որ փոխանակ Ռամկավար կամ Բարեգործականը զորացնելու, Թեքեյանը զորացնենք, որովհետև ուզեցինք ծրագիրներ ընել, պարահանդես, պիկնիկ: Ամեն տարի ունինք պիկնիկ, տարին մեկ պարահանդես, և ուզեցինք այդ միջոցով երիտասարդնությունը բերել»,-նպատակը ներկայացնում է Աթթարմիգիրյանը:

 

Նա վստահեցնում է, որ այս քայլը չի կարող վնասել մյուս կառույցների գործունեությանը, ընդհակառակը, հավաստիացնում է, որ իրենց նպատակն իրագործել հնարավոր է լինում, երիտասարդներն արդեն իսկ շահագրգռված են միանալ ծրագրերին:

 

Ուզում ենք մեր ուժն ավելի երիտասարդության տանք և անդամներ հավաքենք, մեր ուժը երիտասարդներն են

 

«Մերին պարահանդեսին 200 հոգի եկած էր, որ չէինք սպասեր, աղվոր մուտք եկավ, երկրորդ տարին է, որ միջոցառումները կընենք, երկու տարի է՝ բացվել է, և մեր ժողովները շատ շնորհքին կերթան, և ուզում ենք մեր ուժն ավելի երիտասարդության տանք և անդամներ հավաքենք, մեր ուժը երիտասարդներն են»,-վստահեցնում է փոխատենապետուհին:

 

ՍԻՐԻԱՀԱՅԵՐԸ՝ ՀՅԴ-Ի ԿՈՂՔԻՆ

200 մասնակիցը մեծ թիվ չէ, սակայն փոքր համայնքի միության համար նշանակալի է այն դեպքում, երբ զուգահեռ մյուս կուսակցություններն են գործում, չի թաքցնում՝ նրանք ավելի ակտիվ են, ավելի մեծ հնարավորություններ ունեն, նույնիսկ նորեկ սիրիահայերն են նրանց կողքին: Ասում է.

 

Անոնց կըսվի, որ պետք է ընեք, մեզի չի ըսվի, որ պետք է ընենք, մենք կընենք, որովհետև կուզենք ընենք

 

«Առաջին տարին բավական սիրիացիներ եկած էին, բայց ասոնք դաշնակցականներու կողմն են, որովհետև իրենք են, որ բերած են սիրիացիները: Անոնք քիչ մը ավելի զորավոր են: Անոնց կըսվի, որ պետք է ընեք, մեզի չի ըսվի, որ պետք է ընենք, մենք կընենք, որովհետև կուզենք ընենք,-միջոցառումների մասին է խոսում տիկինը՝ հավելելով,-Պիտի փորձենք, հիմա մեր թիվը շատնա, պիտի սկսինք, ռամկավարներու միջոցառումները Թեքեյան միության ներքո ընենք»:

 

ՖԻՆԱՆՍԱՊԵՍ ԱՆԿԱԽ

Առաջին պարահանդեսի կազմակերպման համար իր հայրն է ֆինանսական միջոցներ տրամադրել, այսօր արդեն իրենք են գումարներ հատկացնում տարբեր ծրագրերի: Օրինակ է բերում.

 

Օգնություն չունինք, որ մեկը դրամ տա, հիմա պետք չունինք, որովհետև Թեքեյանի գործերը լավ կըլլա, կզորանանք

 

«Օգնություն չունինք, որ մեկը դրամ տա, հիմա պետք չունինք, որովհետև Թեքեյանի գործերը լավ կըլլա, կզորանանք, պարահանդեսեն գումար եկավ, ավելին, մենք նոր բան մը ըրինք. Հայաստանի մեջ անձ մը կար, որ գիրք պիտի տպեր, մեր ատենապետուհիին հետ հաղորդակցության մտավ, ժողովի բերինք, և ուզեցինք այս մարդուն օգնել, աղվոր գործ կընենք»:

 

Մտադիր են ևս մեկ ծրագիր սկսել. օգնել Հայաստանի մանկատների երեխաներին: Այլ նախաձեռնություններ ևս ունեն. երիտասարդների համար ամառային ճամբար են կազմակերպելու, իսկ հավաքույթներին մեծ թվով վանկուվերահայեր են մասնակցում, հավաստիացնում է, որ արդեն իսկ միության անունը հայտնի է դարձել, իսկ դա նշանակում է, որ միության անդամ ռամկավարները ևս այս ճանապարհով իրենց գոյությունը շարունակելու և զարգացնելու հնարավորություն են ստանում: