Home / Armenia  / Խտրական մոտեցում ու զրո ուշադրություն. Հայաստանում իրավիճակ է փոխվել, սակայն ոչ ազգային փոքրամասնությունների համար

Խտրական մոտեցում ու զրո ուշադրություն. Հայաստանում իրավիճակ է փոխվել, սակայն ոչ ազգային փոքրամասնությունների համար

 

ՎԱՐԴՈՒՀԻ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

 

Երևան (Նորանոր)_Հայաստանում նոր իրավիճակ է, սակայն ոչ ազգային փոքրամասնությունների համար. նման համոզման է Հայաստանի Ասորական ֆեդերացիայի նախագահ, համայնքի ներկայացուցիչ Իրինա Գասպարյանը:

 

Ազգային փոքրամասնությունները բազմաթիվ խնդիրներ ունեն, որոնք մնում են անլուծելի, հատկապես Խորհրդարանական կառավարման համակարգին անցնելուց հետո զրկվեցին որոշ իրավունքներից, անկախ այն բանից, որ հիմա Խորհրդարանում ներկայացուցիչ ունեն, որը ոչ այնքան իրենց, որքան ՀՀԿ շահերն է պաշտպանում:

 

ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՄԱՐՄՆԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ

Խնդիրն այն է, որ 2000թ-ից գործում էր ՀՀ նախագահին առընթեր համակարգող մարմինը, որը համակարգային փոփոխություններով պայմանավորված՝ պետք է վերածվեր Վարչապետին առընթեր մարմնի, ինչը, սակայն, տեղի չունեցավ: Նոր իշխանությունն էլ որևէ քայլ չի ձեռնարկել, այնինչ հենց համակարգող մարմինն է տարիներ ի վեր լուծել ազգային փոքրամասնությունների խնդիրները, վստահեցնում է ասորական համայնքի պատասխանատուն: Ասում է. «Կարգավիճակը մեզ հնարավորություն է տալիս բազում հարցեր լուծել, որոնք օրենքով կարգավորված չեն»:

 

Նոր իշխանությունը որ եկավ, իհարկե, մենք շատ էինք ուրախացել, որովհետև մինչ այդ ես քայլեր էի ձեռնարկում, որ Հայաստանից գնայի

Սերժ Սարգսյանի կարճատև կառավարության ընթացքում չստացվեց, Նիկոլ Փաշինյանն էլ ընթացք չտվեց հարցին, ասում է. «Նոր իշխանությունը որ եկավ, իհարկե, մենք շատ էինք ուրախացել, որովհետև մինչ այդ ես քայլեր էի ձեռնարկում, որ Հայաստանից պետք է գնայի, քանի որ իշխանությունների հետ երկխոսություն չէր լինում»,-ասում է Իրինա Գասպարյանը:

 

Եւ հիմա էլ իրենց համար իրավիճակը չփոխվեց. մնացին նույն կարգավիճակում, որևէ քայլ չի արվել համակարգող մարմնին օրինական կարգավիճակ տալու համար:

 

Իրենք զբաղված են միայն երկրի հայի, բայց ոչ թե ՀՀ քաղաքացու բարելավմամբ, բարեփոխմամբ կամ դրությունը փոխելով

 

«Մենք դիմում ենք նոր իշխանություններին, որ մեր համակարգող խորհրդի կարգավիճակը լուծեք, որ օդից չլինի, որ մենք էլ հասկանանք, սակայն մինչ հիմա այդ առումով պատասխան չկա, և իրենք զբաղված են միայն երկրի հայի, բայց ոչ թե ՀՀ քաղաքացու բարելավմամբ, բարեփոխմամբ կամ դրությունը փոխելով: Ակնկալում էինք, որ կառուցվածքային ամրագրվեր համակարգող խորհրդի կարգավիճակը, որ մենք էլ մեր գործը տեսնենք, քանի որ շատ հարցեր ունենք լուծելու, կյանքը գնում է, բոլոր համայնքներն իրենց խնդիրներն ունեն, մենք չենք կարողանում շարժվել:»

 

ՈՉ ԹԵ ՀԱՄԱՅՆՔԻ, ԱՅԼ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՇԱՀԵՐՈՎ

Սա ազգային փոքրամասնությունների միակ խնդիրը չէ այսօր: ԱԺ-ում ներկայացված լինելը տպավորություն է ստեղծում, թե նրանց հարցերին ուշադրություն է դարձվում, սակայն սա այն ներկայացուցիչը չէ, որը համայնքի շահերն է պաշտպանում,. վստահ է Իրինա Գասպարյանը, ով ևս ԱԺ ընտրություններին մասնակցել է համամասնական ընտրակարգով, սակայն չի ընտրվել:

 

Կուսակցությունները դա դիտում են որպես լրացուցիչ տեղ իրենց կուսակցության անդամի ներգրավվելու, ուղղակի այլազգի, դա չի ստացվում այնպես, ոնց որ Սահմանադրությունում ամրագրված է

 

«Անցած տարի ընդհանրապես խայտառակություն էր, բողոքեցին եզդիները, ասորիները, բողոքեցին, որ ՀՀԿ-ն իր կողմից ինքը ընտրեց, ինքն էլ իր ներկայացուցչին նշանակեց, մեր հետ որևէ կապ չուներ, հետևաբար կուսակցությունները դա դիտում են որպես լրացուցիչ տեղ իրենց կուսակցության անդամի ներգրավվելու, ուղղակի այլազգի, դա չի ստացվում այնպես, ոնց որ Սահմանադրությունում ամրագրված է, դա չի ստացվում որպես համայնքի ներկայացուցիչ: Ներկայացուցիչը համայնքի կողմից լիազորված անձ է, առաջարկում ենք ազգային փոքրամասնության առանձին բյուլետեն թող ընտրեն, ասենք, եզդիներից հինգ հոգի են գրված, ով որ շատ ձայն է ստացել, թող իր մանդատը գումարվի այն կուսակցությանը, ով որ իրեն ներկայացրել է և պարտադիր պետք է լինի անկուսակցական, ինչը կուսակցությունները չեն հասկանում»,-ասում է ֆեդերացիայի նախագահը:

 

ԽՏՐԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄ

Այժմ ևս նոր Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախաշեմին համայնքը վրդովված է, փորձում է շտկել իրենց հարցում եղած անարդարությունը, սակայն պատասխան չի ստանում. Դիմել են առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանին, միջազգային կառույցների, անգամ Վենետիկի հանձնաժողով:

 

Մոռանալը մեր մասին կարող է բերել մի բանի, որ ինչ տարբերություն, ՀՀԿ-ն էր, թե այս իշխանությունը, այսինքն՝ նույն ձևի պետք է լքես Հայաստանը

 

«Ես բոլոր միջազգային կառույցներին ներկայացրել եմ, որովհետև ահավոր խտրական մոտեցում է, դա բերում է նրան, որ Հայաստանում է իրավիճակ փոխվել, բայց ոչ թե ազգային փոքրամասնությունների, մոռանալը մեր մասին կարող է բերել մի բանի, որ ինչ տարբերություն, ՀՀԿ-ն էր, թե այս իշխանությունը, այսինքն՝ նույն ձևի պետք է լքես Հայաստանը, գոնե ուրիշ տեղ գիտես, որ դու չկաս դրա մեջ, չես կարող մասնակցել, իսկ այստեղ ձև են տալիս, որ այո ոշադրության կենտրոնում ես, բայց իրականում զրո ուշադրություն»:

 

Իսկ ազգային փոքրամասնությունները քիչ չեն երկրում. 2011 թվականին անկացված մարդահամարի տվյալների համաձայն ազգային փոքրամասնություն կազմող էթնիկ խմբերից հատկապես եզդիները, ռուսներն ու ասորիները ունեն բավական մեծ ներկայացվածություն. Եզդիների թիվը հասնում է 35,308, ռուսներինը՝ 11,911, իսկ ասորիները 2,769 մարդ: