Home / Canadahye  / Առաջիկայում Հայաստանում 10.5 մլն դոլարի ներդրում կկատարվի. Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորած պատվիրակության` Տորոնտո այցի ժամանակ տրված խոստումը

Առաջիկայում Հայաստանում 10.5 մլն դոլարի ներդրում կկատարվի. Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորած պատվիրակության` Տորոնտո այցի ժամանակ տրված խոստումը

 

ՎԱՐԴՈՒՀԻ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

Տորոնտո (Նորանոր) _Հունիսի 26-28-ը Կանադա կատարած Հայաստանի կառավարության անդամների այցն արդյունավետ է եղել, ձեռք են բերվել հստակ պայմանավորվածություններ առաջիկայում Հայաստան-Կանադա գործարար շրջանակների համագործակցության համար, այս մասին Noranor.ca-ի հետ զրույցում վստահեցրեց հանդիպումը կազմակերպող կողմի՝ Բիզնես Արմենիայի Տորոնտոյի պաշտոնական ներկայացուցիչ Խորեն Մարդոյանը: Այս ամենին իր մասնակցությունն է բերել նաև կանադահայ հայտնի գործարար, Տորոնտոյում Բիզնես Արմենիայի պատվավոր ներկայացուցիչ Վարուժան Լափոյանը:

 

Նա ներկայացրեց այցի մանրամասները ինչպես գործարար շրջանակների, այնպես էլ համայնքի ներկայացուցիչների հետ: Պատվիրակության օրակարգում երկու հիմնական ուղղություն է եղել՝ ներդրումներ և Հայաստան-Սփյուռք կապերի նոր ուղղություն:

 

10,5 ՄԼՆ ԴՈԼԱՐԻ ՆԵՐԴՐՈՒՄ

Առաջինն, ինչ ամբողջ այցի ընթացքից հատկապես առանձնացնում է Մարդոյանը, ներդրումներին վերաբերող հստակ պայմանավորվածությունն է, որը արդյունք է ոչ միայն Հայաստանում կատարված փոփոխությունների, այլև Բիզնես Արմենիայի կողմից մինչ այցը տարված աշխատանքի: Ներկայացնում է.

 

Կարող ենք արձանագրել, որ այս պահի դրությամբ արդեն մենք ունենք 10.5 մլն դոլարի խոստում, որը պիտի առաջիկայում իրականացվի ներդրումների առումով

 

«Կարող ենք արձանագրել, որ այս պահի դրությամբ արդեն մենք ունենք 10.5 մլն դոլարի խոստում, որը պիտի առաջիկայում իրականացվի ներդրումների առումով, կներդրվի Հայաստանի տնտեսության մեջ, հիմնականում 5 մլն դոլարի ներդրում խոստացավ Վարուժան Լափոյանը, ով Բիզնես Արմենիայի պատվավոր ներկայացուցիչն է, խոստում եղավ «Կասկադ Գարդեն» ընկերության կողմից՝ ի դեմս տորոնտոհայ Շանթ Ղազարյանի, Րաֆֆի Դուդաքլյանը և Բրյուսելից Անդրեաս Թումուրճյանը, ով որ Բրյուսելից է՝, ինչպես նաև Սահակ Ասլանյանը Նյու Յորքից, իրենք նախատեսում են Կասկադի տարածքում հաջորդ տարվանից մեծ շինարարական աշխատանքներ տանել»:

 

ՆԱԽԿԻՆ ԱՆՀԱՋՈՂ ՆԵՐԴՐՈՒՄԸ

Սա առաջիկա խոստումների վերաբերյալ, որոնք վստահաբար իրականություն կդառնան, իսկ արդեն նախկինում Հայաստանում կատարված անհաջող ներդրումներից մեկի առաջընթացի պատասխանատվությունը ստանձնել է փոխվարչապետը: Խոսքը Սիմոն և Լևոն Հասերջյանների հիմնադրած Rex Power Magnetics ընկերության մասին է, որը, ինչպես Noranor.ca-ը իր հրապարակումներից մեկում էր անդրադարձել, Կանադայում բարգավաճում է, իսկ Հայաստանում դեռ չի հաջողում: Տրանսֆորմատորների այս գործարանը Կանադայում երկրորդն է իր մեծությամբ: Պատվիրակության անդամներն այցելել են այնտեղ և տեղում խոստացել ստանձնել հայաստանյան մասնաճյուղի առաջընթացի գործը:

 

Հայաստանյան կառույցի ներկայացուցիչների հետ պայմանավորվածություն ձեռք բերեցին, որ անմիջապես կապի մեջ մտնեն Հայաստանի ղեկավարության հետ և փորձեն իրենց դուրս հանեն դեպի Եվրասիական շուկա

 

«Ներկայացրին գործարանը, որ մեծ շրջանառություն ունի Կանադայում, իսկ Հայաստանի մասնաճյուղը չունի այդ ներուժը, և փոխվարչապետը Ավինյանը բարձր գնահատանքի խոսքեր ասաց, հայաստանյան կառույցի ներկայացուցիչների հետ պայմանավորվածություն ձեռք բերեցին, որ անմիջապես կապի մեջ մտնեն Հայաստանի ղեկավարության հետ և փորձեն իրենց դուրս հանեն դեպի Եվրասիական շուկա, Ավինյանը անձամբ հանձն առավ, որ առաջ տանի և օգնի արդեն գործող գործարանին առաջ շարժվելու: Սա փաստ է ուղղակի, որը որ վարչապետը, պետական մակարդակով արդեն իսկ ձեռք է մեկնում գործարար շրջանակին, որ պատրաստ ենք օգնել ամեն ինչով»,-նշեց Բիզնես Արմենիայի պաշտոնական ներկայացուցիչը Տորոնտոյում:

 

ԱՅՍՕՐՎԱ ՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆԸ

Իզուր չէր, որ նոր կառավարության ներկայացուցիչների առաջին այցերից մեկը դեպի Կանադա էր, այդ երկիրն ունի մեծ պոտենցիալ հատկապես հանքարդյունաբերության ու բարձր տեխնոլոգիաների բնագավառներում, որոնց ուղղությամբ տարիներ շարունակ տարվել են աշխատանքներ: Հիմա այլևս վստահության նոր մակարդակ կա հայրենի իշխանությունների հանդեպ, կասկած չունի Մարդոյանը, ով շեշտում է վերաբերմունքի փոփոխությունը:

 

Հիմա սփյուռքահայ և օտար գործարարները արդեն իսկ հետաքրքրված են Հայաստանով այնքանով, որ իրենց ամեն մի լուման պաշտպանված պիտի լինի պետության մակարդակով և ոչ թե թալանի ենթարկվի

 

«Վստահության մակարդակն այսօր գտնվում է ամենաբարձր կետի վրա, քանի որ Հայաստանում իրավիճակ է փոխվել, և կոնկրետ իմ առնչությունը Տորոնտոյի գործարար շրջանակների հետ, իրենց վերաբերմունքը Հայաստանի տնտեսության, երկրի հանդեպ փոխված է, և իրենք ավելի են վստահում գործող կառավարությանը, որը բաց է աշխատում: Փոխվարչապետ Ավինյանը հայտարարեց, որ իրենք են երաշխավոր ու պաշտպան կանգնելու ցանկացած ներդրման, հիմա սփյուռքահայ և օտար գործարարները արդեն իսկ հետաքրքրված են Հայաստանով այնքանով, որ իրենց ամեն մի լուման պաշտպանված պիտի լինի պետության մակարդակով և ոչ թե թալանի ենթարկվի»,-ասաց պատվիրակության այցի կազմակերպող ընկերության ներկայացուցիչը:

 

Նա վստահեցրեց, որ պատվավոր ներկայացուցիչ Վան Լափոյանի հետ մինչ այժմ էլ եղել են հանդիպումներ, իսկ առաջիկայում կլինի նաև այցելություն Հայաստան, որտեղ կմշակեն գործողությունների պլանը:

 

ՄՏԱՎՈՐ ՆԵՐՈՒԺԻ ԱՂԲՅՈՒՐ

Սփյուռքը ոչ միայն ֆինանսական, այլև մտավոր ներուժի աղբյուր պետք է լինի հայաստանի համար, հետևաբար թեև ոչ նույն ծավալով, բայց քննարկվել է նաև հարցը, թե ինչպես պետք է օգտագործվի սփյուռքահայ մտավորականների ներուժը Հայաստանի զարգացման գործում: Այցի կազմակերպիչը ներկայացնում է.

 

Մասնագետների բազան կուղարկվի Սփյուռքի նախարարություն առաջիկայում նրանց պոտենցիալը Հայաստանի զարգացման գործում օգտագործելու նպատակով

 

«Ավելի շատ գործ ունի այստեղ անելու Սփյուռքի նախարարությունը, և փոխնախարարն առիթ ունեցավ քննարկելու այս ուղղությամբ, պիտի առաջիկայում ստեղծվի հարթակ, որտեղ որ պիտի ունենանք բազա մասնագիտական առումներով, որտեղ ինչ մասնագետներ ունենք, և այդ մասնագետների բազան կուղարկվի Սփյուռքի նախարարություն առաջիկայում նրանց պոտենցիալը Հայաստանի զարգացման գործում օգտագործելու նպատակով»:

 

Ոչ միայն գործարար շրջանակները, այլև տորոնտոհայերն են առիթ ունեցել հանդիպելու նոր Հայաստանի կառավարության անդամներին ու ուղղել հետաքրքրող հարցերը, շուրջ 300 տորոնտոհայեր են ներկա գտնվել հանդիպմանը: Առանձին հանդիպում էլ կայացել է Տորոնտոյի Միջհարանվանական մարմնի ներկայացուցիչների հետ՝ ի դեմս ատենապետ Հակոբ Ջանբազյանի, այցելել են նաև Տորոնտոյի Սուրբ Երրորդություն եկեղեցի, հանդիպել հոգևոր դասի ներկայացուցիչների հետ, իսկ Տեր Զարեհ քահանա Զարգարյանը ներկայացրել է մշակութային կենտրոնն ու գրադարանը: