Home / Canadahye  / Ջորջթաունի որբերից մինչև Սիրիական պատերազմից գաղթածներ. 151-ամյա Կանադան՝ ապահով ապաստարան հայերի համար

Ջորջթաունի որբերից մինչև Սիրիական պատերազմից գաղթածներ. 151-ամյա Կանադան՝ ապահով ապաստարան հայերի համար

 

ՎԱՐԴՈՒՀԻ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

Մոնրեալ, Տորոնտո (Նորանոր) _ Կանադան այն եզակի երկրներից, է, որտեղ աշխարհի տարբեր կողմերից՝ հին ու նոր գաղթավայրերից հեռացած կամ դրանք հարկադրաբար լքած հայերը ապահովություն են գտնում: Այսօր հստակորեն ասել, թե որքան հայ է ապրում այս երկրում, դժվար է, քանի որ հատկապես Սիրիայի ու Հայաստանից Կանադա մեկնողների հոսքը շարունակվում է, եւ նրանք քիչ չեն:

 

Մի մասը՝ հայրենիքից հեռու, բայց հայրենիքի կյանքով ու բարքով է ապրում, մյուսները վաղուց հեռացել են այդ բարքերից և իրենց լիարժեք կանադացիներ են համարում, երրորդներն էլ միավորել են երկու երկրներից քաղած լավագույն կողմերն ու դարձել կանադահայեր:

 

Անկախ նրանից, թե դու որ խմբին ես դասվում, Կանադայում նույն վերաբերմունքին ես արժանանում, այս երկրում ներգաղթյալներին ու ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին նույնքան հարազատորեն են ընդունում, որքան բուն կանադացիներին, սա է պատճառը, որ Կանադայի օրը տոն է դառնում այնտեղ ապրող յուրաքանչյուր քաղաքացու, այդ թվում՝ հայերի համար:

 

Հուլիսի 1-ին նշվել է Կանադայի 151-ամյակը, ոչ նույն շուքով, ինչ անցած՝ հոբելյանական տարում, սակայն բոլոր կանադահայերն էլ իրենց գոհունակությունն են հայտնում երկրի նկատմամբ:

 

Noranor.ca-ն առանձնացրել է մի խումբ կանադահայերի տեսակետներ, ովքեր գնահատել են այն, թե ինչ է տվել այստեղ հաստատված հայերին այս երկիրը. ինչ է տվել ոչ միայն սոցիալական բարեկեցության առումով, այլև պատմականորեն: Տեսակետները ներկայացնում ենք առանց մեկնաբանությունների:

 

Շահեն Միրաքյան- Կանադայի շրջանային Հայ դատի հանձնախմբի նախագահ

 

Ամեն տարի կողջունենք, մեր ժողովուրդին ալ կհիշեցնենք, որ մեզի համար մեծ պատիվ է, որ այս երկրի մեջ կապրինք, պետք է կրենք այս երկրի կառուցման պատասխանատվության մեկ կարևոր բաժինը, և ոչ թե իբր հյուր այս երկրի մեջ, այլ որպես քաղաքացի:

 

Այս հոկտեմբերին գիտեմ, որ մեծ կառավարական խումբով պիտի այցելել Հայաստան Կանադան: Վստահ չեմ, բայց հույս ունենք, որ վարչապետ Ջասթին Թրյուդոն ալ կայցելե Հայաստան, արդեն եղած են նախարարներ, որ տարբեր առիթներով այցելած են:

 

Կանադան երկիրներեն մեկը եղավ, որ երկրաշարժեն ետք օգտակար եղավ սովետական Հայաստանին, բայց անկե ետք շարունակեց և 25 տարիեն ավելի է, որ դիվանագիտական հարաբերություններ եղած են Կանադայի ու Հայաստանի միջև, և այս վերջին լուրերը, որ Կանադան կարող է ճամփորդել Հայաստան առանց ավելորդ վիզայի, դա արդեն բավական մեծ քայլ մըն է, որ շատ լավ են հարաբերությունները Կանադայի ու Հայաստանի միջև:

 

Մենք` իբրև համայնք, իբրև հայեր, բավական հաջողած ենք, ըլլա Ատոմ  Էգոյանի պես մեկը, Արիս Պապիկյանի… Քաղաքական գետնի վրա տարբեր անձեր եղած են, որ այս պետությանը օգուտ բերած են, Արամ Էլակոզը Լավալի մեջ, վերջերս հայ կին մը՝ Միգանուշ Մկրտիչյան, նշանակվեցավ Տորոնտոյի քաղաքապետարանի խորհրդական:

 

Իսկ Կանադան իր հերթին դեռ մեկ դար առաջ բարեկամորեն է ընդունել հայ որբերին. Ջորջթաունի երեխաներին, այն ատեն ալ թիվով քիչ, բայց անձեր կային Կանադայի մեջ, որ պատրաս էին հայ ազգը փրկելու:

 

Նուրհան Արման- կանադահայ երաժիշտ, երգահան, Սինֆոնիա Տորոնտո նվագախմբի հիմնադիր-ղեկավար

 

Կանադական կառավարությունը փոքրամասնություններոյւն լավ կվերաբերի, մանավանդ եթե բաղդադենք՝ ինչ կկատարվի ԱՄՆ կամ կարգ մը եվրոպական երկրներու մեջ: Ամենակարևորը, որ կանադական կառավարությունն իր պառլամենտի միջոցով ընդունեց Հայոց  Ցեղասպանսւթյունը, առաջին երկիրներեն մեկն էր, աս ամենակարևորն է մեզ համար;

 

Երկիրը հայերին հավասարապես կվերաբերի, մենք պառլամենտի մեջ ունինք մեկ կամ երկու անդամ, կանադական կառավարությունը ամեն տեսակետեն օգնած է մեր գաղութին, և երբ որ Սիրիայեն բավական հայ կար, որ եկան պատերազմե ատեն, Կանադան ընդունեց շատ լավ վերաբերմունքով, և տեղական ընկերությունները, եկեղեցիները, միգրացիոն, հայկական ընկերությունները օգնեցին, որ Սիրիայեն եկող հայերը հաստատվին հոս:

 

Երկար ատեն Կանադան պրոգրեսիվ կառավարություններ ունեցավ և փոքրամասնություններուն հավասարապես կրցավ օգնել: Երկիիը մեծ է, բայց բնակչությունը փոքր է, իմիգրացիոն ուզած է ունենալ, և ունեցած է օրենքներ, որ ամեն տարի քվոտայով ընդունե աշխարհի ամեն կողմե, և առանց դժվարություն տալու, հաճախ կուզեն, որ լեզուն գիտնան, երկու լեզու ունի Կանադան, բայց նյութական որոշ պայմաններ չեն դրած, ու բոլորը կարողացան գալ: Հիմա դժվար է, որովհետև աշխարհը փոխվեցավ, բայց նորեն Կանադան, բաղդադմամբ Ամերիկայեն, ավելի լավ է այդ տեսակետեն:

 

Սիլվա Բեքարյան-Քարաօղլյան – Մոնրեալի Սիրիահայերի միության նախկին ատենապետ

 

Նախեւառաջ ապահով երդիկ ապահովեց մեր՝ սիրիահայերին: Ուղղակի կրակի գոտիեն ազատեց բազմահազարների եւ գործով ապահովեց: Ունի շատ լավ մշակված օրենքներ եւ հարգալիր վերաբերմունք նորեկների նկատմամբ: Բայց շատ կարեւոր է, որ բոլորը հարգեն օրենքները, հեռու մնան անօրենություններից: Խաղաղ կյանքի բոլոր տվյալները կան հոս: Կարելի է ամբողջ շաբաթը աշխատել, իսկ շաբաթավերջին՝ երկու օր ունենաս պտտելու, այցելություններ կատարելու եւ ուզածդ ձեւով անցկացնելու հնարավորություն

 

Օրինակի համար կան հանրային պարտեզներ, ուր ընտանքներ իրենց հարազատներով եւ բարեկամներով ամռան այս շրջանին կերթան կերուխումի:

 

Մեր միակ ակնկալությունը այս երկրեն կամ պետությունեն է միայն եւ միայն ապահովություն: Երբեւե նյութական ակնկալություն չենք ունեցած, լոկ բարոյական: