Կանադան՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամին մեծապես վստահող երկիրը
Երեւան (Նորանոր) _ Այսօր Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը հաղորդագրություն է տարածել «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախագահ Արա Վարդանյանի ձերբակալության մասին: Վերջինս ստացված օպերատիվ տվյալների հիման վրա հուլիսի 2-ին յուրացումներ կատարելու, ինչպես նաև հասարակական կազմակերպության ծառայողի կողմից լիազորությունները չարաշահելու կասկածանքով բերման է ենթարկվել
Փաստական հանգամանքների ճնշման ներքո Վարդանյանը խոստովանել է, որ տնօրինելով հիմնադրամին տրամադրված 25 միլիոն դրամի վարկային գծով բանկային քարտը, դրա միջոցներն օգտագործել է անձնական նպատակներով, այդ թվում դրանք ուղղելով տարբեր առցանց խաղատներում խաղադրույքներ կատարելուն:
Ըստ իր խոսքերի, վարկային քարտից վատնած միջոցները Վարդանյանը ետ է վերադարձրել հիմնադրամին հանգանակված գումարների հաշվին: Այնուհետ՝ անձնական միջոցները կանխիկ մուտքագրել է հիմնադրամի հաշվապահություն, դրանով իսկ թաքցնելով հիմնադրամի գումարների վատնման հանգամանքը:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Կանադան այն երկիրն է, որտեղ ամեն տարի «Հայաստան» համահայկական հիմնադրամին մեծ չափով նվիրատվություններ են կատարվում: Տարբեր համայնքներում կազմակերպվում են դրամահավաքներ, իսկ հատկապես Տորոնտոն ամենաակտիվն է այս հարցում: Երկու տարի առաջ, օրինակ, վերջինս ավելի քան 1 մլն դրամ էր հանգանակել, իսկ անցած տարի այն կազմել էր 530 հզր դոլար:
Բազմաթիվ կանադահայեր մեծ վստահությամբ են իրենց միջոցները փոխանցել հիմնադրամին, սակայն եղել են անձինք, ովքեր չեն վստահել ու փոխանցումը կատարելով՝ միաժամանակ հետևել են իրականացմանը: Երբ այս մասին Նորանոր-ը հարց էր ուղղել Տորոնտոյի մասնաճյուղի ատենապետ Մկրտիչ Մկրտիչյանին, վերջինս պատասխանել էր, որ վստահում է հիմնադրամին, անձամբ հետևում ծրագրերի իրականացմանը, ավելին, ինքը ևս մասնակցում դրամահավաքին, և ավելացրել էր.
«Ես պետք է խենթ լինեմ, իմ դժվարությամբ վաստակած փողս տամ, եթե գիտեմ, որ պիտի կորի»: