Home / Armenia  / ՀՀ Պետական վերահսկողական ծառայության պետը կարծում է՝ որպեսզի վերականգնվի վստահությունը, սփյուռքը պետք է լավ իմանա՝ ինչ է կատարվել երկրում

ՀՀ Պետական վերահսկողական ծառայության պետը կարծում է՝ որպեսզի վերականգնվի վստահությունը, սփյուռքը պետք է լավ իմանա՝ ինչ է կատարվել երկրում

 

ՎԱՐԴՈՒՀԻ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

Երեւան (Նորանոր) _ «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Արա Վարդանյանը 1 մլն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել: Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունը միջնորդել էր կալանավորել Վարդանյանին, բայց քննիչ չի առարկել, որ կալանքի փոխարեն դատարանը գրավ կիրառի:

 

Հիշեցնենք, որ երկու օր առաջ ԱԱԾ-ն ձերբակալել էր Վարդանյանին՝ նրա հանդեպ ներկայացնելով հիմնադրամի միջոցները անձնական, այդ թվում առցանց խաղատներում խաղադրույք կատարելու նպատակով օգտագործելու մեջ:

 

Արա Վարդանյանը հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնում վերահաստատվել էր ձերբակալությունից մեկ ամիս առաջ: Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը կայացել էր վերջերս՝ մայիսի 25-ին․ հոգաբարձուների խորհրդի նիստում բոլոր անդամները միաձայն քվեարկել էին նրա օգտին՝ վստահություն հայտնելով հիմնադրամի աշխատանքին։

 

ՎՍՏԱՀՈՒԹՅԱՆ ՊԱԿԱՍ

Ի տարբերություն խորհրդի անդամների, վերջին տարիներին մեծամասամբ սփյուռքահայերի միջոցներով ձևավորվող հիմնադրամի հանդեպ վստահության մեծ պակաս կար, ինչն էլ արտահայտվում էր փոխանցումների նվազմամբ:

 

Օրինակ՝ 2012թ-ին հանգանակված գումարը 21 մլն դոլարից ավելին էր, 2014թ-ին այն կազմել էր ընդամենը 12 մլն ԱՄՆ դոլար, 2016թ-ին ավելացել է՝ հասնելով 15 մլն ԱՄՆ դոլարի, իսկ անցած տարի այն կազմել է դարձյալ 12 մլն դոլարից մի փոքր ավելի:

 

Այս բացահայտումն ու գործընթացն ինչպես կանդրադառնա Սփյուռքի հետագա քայլերի վրա, հետագա ի՞նչ բացահայտումներ կարող են ի հայտ գալ, Noranor.ca-ին պատասխանել է Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը:

 

Սփյուռքը պետք է լավ իմանա՝ նախկինում ինչ է տեղի ունեցել, բայց մենք պետք է վստահությունը մեծացնենք ու առաջիկա գործողությունների համար պետք է բացառենք նման որևիցե խախտում

 

Անդրադառնալով Արա Վարդանյանի նկատմամբ մեղադրանքներին՝ Սանասարյանն ասաց. «Այս հարցին պետք է հստակ գնահատական տրվի, Սփյուռքը պետք է լավ իմանա՝ նախկինում ինչ է տեղի ունեցել, բայց մենք պետք է վստահությունը մեծացնենք ու առաջիկա գործողությունների համար պետք է բացառենք նման որևիցե խախտում: Սա ուղղակի անընդունելի է, և ամեն մարդ պետք է հասկանա, որ իր քայլից կարող են շատ մեծ փոփոխություններ լինել, և՛ դրական, և՛ բացասական»:

 

Նա չի բացառում, որ հենց նմանատիպ գործողություններն են հանգեցրել վստահության պակասի, իսկ արդյոք միայն Արա Վարդանյանն է յուրացումներ կատարել, Պետական վերահսկողական ծառայության պետը վստահ չէ, բայց նշում է, որ մանրամասները հայտնի կդառնան քննության ընթացքում:

 

«Տարիներ շարունակ սխալ քաղաքականության արդյունքում ձևավորված մթնոլորտը մարդկանց բերում էր նման եզրակացությունների: Ես կարծում եմ, որ մեր այս գործունեության արդյունքում այդ ամենը վերանալու է»,-վստահ է նա:

 

ԽՈՇՈՐԱՑՈՒՅՑՈՎ ՀԵՏԵՎՈՒՄ ԵՆՔ

Հետագա բացահայտումների ու ներկայիս ստուգումներին անդրդառնալով՝ չի ցանկանում մանրամասներ ներկայացնել, միայն հավաստիացնում է. «Այն, ինչ որ կապված է պետության հետ, մենք մեր խոշորացույցով ուշադիր նայում ենք, հետևում ենք»:

 

Օրեր առաջ նաև Սփյուռքի նախարարությունում էին ի հայտ եկել չարաշահման դեպքեր: Սփյուռքի նախարարն էր բացահատել դրանք՝ հայտարարելով. «Հայաստան-սփյուռք գործակցության թեմայով հեռուստահաղորդումների, հրապարակումների, տեսահոլովակների պատրաստում և հեռարձակում, ձեռքբերում և բազմացում հոդվածի ֆինանսական բացվածք»-ի տվյալներով, այս տարի սփյուռքի նախարարությունը 6 լրատվամիջոցի 40 հոդվածի պատվեր է տվել, ինչի համար վերջիններիս վճարել է 1 մլն 260 հազար ՀՀ դրամ, այն է՝ միջինը 31.500 դրամ մեկ հոդվածի համար: Ընդհանուր առմամբ, այս տարի նախատեսվում էր ծախսել 4 մլն 300 հազար դրամ: «Հատ առ հատ նայելով բոլոր այդ հոդվածները՝ կարող եմ պնդել, որ դրանք կարելի էր տարածել որպես մամուլի հաղորդագրություն, ինչի արդյունքում տեղեկությունն առավել մեծաթիվ լրատվամիջոցներում տեղ կգտներ ու անհամեմատ ավելի մեծ լսարան կապահովեր: Բովանդակության մասով էլ կարելի է միանշանակ ասել՝ այն, ինչ կար հոդվածներում, դուք կարդում եք իմ ֆեյսբուքյան ամենօրյա ամփոփումներում: Որպեսզի ավելի լավ պատկերացնեք, խնդրեմ, կոնկրետ օրինակ. դիցուք, այսօր ընդունել եմ որևէ մի երկրի դեսպանի, և ահա սույն լուրն ընդամենը 2 պարբերությամբ ներկայացվում է հոդվածում, և դրա համար մենք վճարում ենք 31.500 դրամ: Այսպիսով, այն բանի համար, ինչը կարելի էր անել Սփյուռքի նախարարության ռեսուրսներով, առանց հավելյալ մեկ դրամ իսկ ծախսելու, Հայաստանի հարկատուներին արժեցել է 1 մլն դրամից ավելի, այն էլ՝ ընթացիկ տարվա միայն առաջին հինգ ամիսների համար»,-տեղեկացրել էր Հայրապետյանը:

 

Սփյուռքի նախարարության վերաբերյալ մենք մեկ շաբաթից վարչապետին ներկայացնելու ենք մեր ուսումնասիրությունները

 

Այս հայտարարության հիման վրա ուսումնասիրություններ էին սկսվել նաև Սփյուռքի նախարարությունում, որոնք, ինչպես տեղեկացրեց պետական վերահսկողական ծառայության պետը, դեռ չեն ավարտվել: «Սփյուռքի նախարարության վերաբերյալ մենք մեկ շաբաթից վարչապետին ներկայացնելու ենք մեր ուսումնասիրությունները: Դեռ պատրաստ չեն»,-ասաց նա: