Home / Canadahye  / Ինչո՞ւ է ՍԴՀԿ-ն հեռացել «Հայաստան» հիմնադրամի ամերիկյան կառույցի հոգաբարձուների խորհրդից և ո՞ր դեպքում պատրաստ կլինի վերադառնալ

Ինչո՞ւ է ՍԴՀԿ-ն հեռացել «Հայաստան» հիմնադրամի ամերիկյան կառույցի հոգաբարձուների խորհրդից և ո՞ր դեպքում պատրաստ կլինի վերադառնալ

 

Լոս- Անջելես (Նորանոր) _ Արա Վարդանյանի կողմից Հայաստան համայհայկական հիմնադրամի միջոցները՝ անձնական նպատակներով օգտագործելուն ուղղված ՀՔԾ բացահայտումից հետո ՍԴՀԿ կուսակցության Ամերիկայի մասնաճյուղը լքել է հիմնադրամի Ամերիկայի մասնաճյուղի հոգաբարձուների խորհուրդը:

 

ՁԵՎԱԿԱՆ ԲՆՈՒՅԹ Է ԿՐԵԼ

«Մենք հեռացել ենք խորհուրդից, քանի որ Ամերիկայի մարմինը տարիներ շարունակ ձևական բնույթ էր կրել, ակտիվ մասնակցություն չէր ունենում հիմնադրամի գլխավոր մարմնի որոշումներին ու գործողություններին»,-Noranor.ca-ի հետ զրույցում մանրամասնում է ՍԴՀԿ Կեդրոնական վարչության ատենապետ Համբիկ Սարաֆյանը, ով այս պաշտոնում է 2016թ-ից:

 

Մենք տարիներ շարունակ հարցը բարձրացրել ենք, սակայն լուծում չի եղել

 

Նա շեշտում է, որ Ամերիկայի մասնաճյուղի անգործության մասին իրենք տեղյակ են եղել ու մշտապես բարձրացրել են հարցը, տարիներ շարունակ ժողովների ժամանակ արտահայտել իրենց դիրքորոշումը, որ հիմնադրամի Ամերիկյան մարմինը ևս իր մասնակցությունը պետք է բերի որոշումներին, սակայն այդպես էլ ատենապետը չի փոխել իր կեցվածքը: Հարցին, թե  պատճառը միայն մասնակցություն չցուցաբերե՞լն էր, թե՞ ատենապետը նաև մեղսակցության բաժին ունի այս գործում, Համբիկ Սարաֆյանը բացասական պատասխան տվեց՝ շեշտելով, որ գլխավոր պատճառն անգործությունն էր: «Մենք տարիներ շարունակ հարցը բարձրացրել ենք, սակայն լուծում չի եղել, մշտապես միայն ձևականորեն դիտողի կարգավիճակում է գտնվել Ամերիկյան մարմինը»,-ասում է ատենապետը:

 

Սա վերջին կետն էր, որից հետո այլևս հնարավոր չէր պահպանել համագործակցությունը

 

Իմանալով այդ մասին, հասկանալով ներգրավվածության կարևորությունը, ինչո՞ւ ավելի վաղ չեն գնացել նման քայլի, և միայն հիմա, երբ տեղի ունեցան այս բացահայտումները, կուսակցությունը որոշեց  դուրս գալ հոգաբարձուների խորհրդից, կուսակցության Կեդրոնական վարչության ատենապետը պատասխանեց. «Սա վերջին կետն էր, որից հետո այլևս հնարավոր չէր պահպանել համագործակցությունը, քանի որ այս բացահայտումները որ եղան Արա Վարդանյանի հետ կապված, սա այլևս ցույց կու տար, որ մարմինը անգործության է մատնված եղել, ձևական պահպանումն այս կառույցի, ատենապետի մնալն այդ դերում այլևս չպետք է հանդուրժել»:

 

Այս կերպ կուսակցությունն իր բողոքն արդեն գործնականում է արտահայտում, իսկ թե որքանով այս քայլին կհետևեն հոգաբարձուների մարմնի մյուս ներկայացուցիչները, Համբիկ Սարաֆյանի համար անորոշ է, ասում է, որ միայն նրանք կարող են ներկայացնել իրենց մոտեցումը:

 

ԿԱՌՈՒՅՑԻ ՀԵՂԻՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ

Հիմնադրամի դերը կարևորելով՝ ՍԴՀԿ պատասխանատու ներկայացուցիչն անհանդուրժելի է համարում այն իրավիճակը, որ ստեղծվել է կառույցում: Արա Վարդանյանի կողմից կատարված ապօրինությունները, որոնք թերևս դեռ ապացուցման կարիք ունեն, ամեն դեպքում վնաս է բերում նման կառույցի հեղինակությանը, ինչը վերականգնելու համար մեծ ջանքեր կպահանջվեն: ՍԴՀԿ պատասխանատուն նշում է, որ իրենք ևս ամեն միջոց ներդնելու են դրան նպաստելու համար:

 

Սփյուռքը վստահել է, իր միջոցները տրամադրել, ու հիմա այլևս հեղինակազրկել կառույցը կնշանակի դադարել օգնել Հայաստանին

 

««Հայաստան» համահայկական հիմնադրամի դերը շատ ենք կարևորում, սա մի կառույց էր, որ տարիներ շարունակ օգնել էր Հայաստանին, այն բացահայտումը, որ եղավ Արա Վարդանյանի հետ կապված, չէր  կարող անհետևանք մնալ: Սփյուռքը վստահել է, իր միջոցները տրամադրել, ու հիմա այլևս հեղինակազրկել կառույցը կնշանակի դադարել օգնել Հայաստանին: Ու այս պարագայում Ամերիկայի վարիչ մարմինը որևէ քայլ չի ձեռնարկել, մենք էլի էինք ասել, որ պետք է բարձրաձայնի, սակայն ոչինչ չի արվել»,-ասում է նա:

 

Մի մոռացեք, որ Հայաստանում դեռևս ՍԴՀԿ-ն  շարունակում է մնալ գլխավոր կառույցի մաս

 

Հոգաբարձուների մարմնից կուսակցության դուրս գալը չի նշանակում համագործակցության դադարեցում, նորից պատրաստ կլինեն վերսկսել համագործակցությունը միայն այն դեպքում, երբ Հիմնադրամի ամերիկյան կառույցը կվերակազմավորվի այնպիսի անդամներով, որոնք իրենց վրա պատասխանատվություն կվերցնեն ոչ միայն մասնակցություն բերելու, այլև վերահսկելու Հայաստանին տրամադրվող միջոցների ստուգման: «Իհարկե, կվերսկսենք մեր համագործակցությունը, մի մոռացեք, որ Հայաստանում դեռևս ՍԴՀԿ-ն  շարունակում է մնալ գլխավոր կառույցի մաս, Հայաստանի հոգաբարձուների խորհրդի անդամ է շարունակում մնալ ՍԴՀԿ կուսակցությունը, մենք ակնկալում ու պահանջում ենք վերջնական կազմավորում, նոր մարմնի ձևավորում, որից հետո կվերադառնանք հոգաբարձուների խորհուրդ»,-վստահեցրեց նա: