Home / Canadahye  / Մոնրեալահայ 18-ամյա Թալին Ջաբրայանը, ով որոշել է փաստաբան դառնալ, երազում է, որ սփյուռքահայը հայրենիքում հանգիստ ու ապահով զգա

Մոնրեալահայ 18-ամյա Թալին Ջաբրայանը, ով որոշել է փաստաբան դառնալ, երազում է, որ սփյուռքահայը հայրենիքում հանգիստ ու ապահով զգա

 

ՎԱՐԴՈՒՀԻ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

Երևան (Նորանոր) _ Մոնրեալահայ 18-ամյա Թալին Ջաբրայանը Հայաստանում առաջին անգամ է. Արագածի լանջին, լռության մեջ վայելել է խաղաղությունը, մի բան, որն իր ծննդավայր Մոնրեալում անսովոր կարող է լինել:

 

Դյուրին էր մոռնալ, թե դուրսն ինչ կկատարվի, և ան էր, որ ինծի շատ տպավորեց

 

«Մագլցեցանք Արագած, նստեցինք լանջին և միայն շուրջերնիս կնայեինք, և ամեն ինչ հանդարտ էր, խաղաղ, և դյուրին էր մոռնալ, թե դուրսն ինչ կկատարվի, և ան էր, որ ինծի շատ տպավորեց: Կրնաս հասկնալ, որ ապագա մը կրնա ըլլալ Հայաստանի մեջ, ուր ամեն դուրսի ձայներն ու դուրսի հարցերը մեր ներկային մաս պիտի չկազմեն, շատ տպավորիչ է վերը նստիլ ու տեսնիլ, որ Հայաստանը առիթը կրնա ունենալ այս խաղաղությունը այլ քաղաքներու մեջ ալ տարածել»,-հիացմունքով պատմում է Թալինը:

 

Նա մի խումբ սփյուռքահայ երիտասարդների հետ է Հայաստան եկել՝ մասնակցելու երիտասարդական ֆորումին: Հայաստանը մինչ այժմ նրա համար երկիր էր, որտեղ ծնվելն ու ապրելը բախտավորություն է, բախտավորություն է նաև սփյուռքում հայ լինելը. Սա է, որ նրա ծնողները փոխանցել են իրեն:

 

Ոչ թե միայն ծանոթանամ հայ մշակույթիս, հայ լեզվիս, այլև հասկնամ՝ որքան կարևոր է ան փոխանցել և պահպանել

 

«Շատ մեծ կարևորություն տրված է ընտանիքիս մեջ հայապահպանման, ոչ թե միայն ծանոթանամ հայ մշակույթիս, հայ լեզվիս, այլև հասկնամ՝ որքան կարևոր է ան փոխանցել և պահպանել, ծնողքս բծախնդիր ձևով ըրած են, որ ես ու քույրերս տեղյակ ըլլանք, թե որքան բախտավոր ենք, որ կրնանք ունենալ հայ լեզու և մշակույթ սփյուռքի մեջ և ինչու պետք է պահենք անիկա»,-ասում է երիտասարդը:

 

ԴՐՈՅԻ ԱՋ ԲԱԶՈՒԿԸ

Այս ամենն ամրապնդելու համար նա հաճախել է Սուրբ Հակոբ ազգային վարժարան, մասնակցություն բերել ակումբներում, պատանեկան, ապա երիտասարդական միություններում ներգրավվել և ծանոթացել ավանդական կուսակցությունների պատմության այն բաժնին, որի կրողը Դաշնակցությունն է: Մանրամասնում է, թե ինչու.

 

Մեծ պատիվ մըն է, որ կարենանք մեր ուսերի վրա առնել ու փոխանցել ոչ միայն հայ գաղութեն ներս, այլև օտարներուն, որ գիտնան, որ մենք հոս ենք պատճառի մը համար՝ Ցեղասպանւթյան համար, այո, բայց մենք զոհի մտածելակերպը չունինք

 

«Իմ երկու ծնողներս Լիբանան ծնած են, բայց փոքր տարիքեն Կանադա գաղթած են, մեծ ծնողներս Լիբանան մեծցած են, և մորս կողմեն իր մեծ հայրիկը Դրոյի աջ բազուկն է եղել, շատ շփում ունեցած է Դրոյի հետ, և անոր համար շատ դաշնակցական շունչ մը կար մեր տունեն ներս, և միշտ կլսենք, թե որքան զոհաբերություններ ըրած է, և կարևոր է, որ գիտնանք ոչ միայն զոհաբերության մասին, այլև փորձենք ամեն մեր կարելին ընել, որ պարապի չըլլան ադոնք: Մեծ պատիվ մըն է, որ կարենանք մեր ուսերի վրա առնել ու փոխանցել ոչ միայն հայ գաղութեն ներս, այլև օտարներուն, որ գիտնան, որ մենք հոս ենք պատճառի մը համար՝ Ցեղասպանւթյան համար, այո՛, բայց մենք զոհի մտածելակերպը չունինք, և այն ոգիով է, որ կուզինք ապրել, հարատևել ոչ միայն իբրև հայ, այլև իբրև կանադացի»:

 

ԱՊԱԳԱ ՓԱՍՏԱԲԱՆԸ

Որքան էլ կանադացի է Թալինը, սակայն Հայաստանի ապագան ամենաշատն է մտահոգում նրան: Հայրենիքում այսօր նոր իրավիճակ է, օրինականությունը քիչ-քիչ գտնում է իր տեղը, իսկ Թալինը որոշել է փաստաբան դառնալ հենց միայն այն մղումով, որ օգտակար լինի այդ գործում: Վստահ է, որ իզուր չեն անցնի իր ջանքերը:

 

Մարդիկ, որ կուզեն հոս հաստավիլ, ան վախը չունենան, որ կառավարությունը պիտի խառնվի, կուզեմ ան քայլերը առնվին, որ սփյուռքի մարդիկ կարենան հանգիստ զգալ հոս

 

«Երբ որ մեկու մը հետ կխոսիս Հայաստանի գեղեցկության մասին, հաջորդ բանը, որ կլսվի, ան է, որ շատ անարդարություն կա հոստեղ, և կուզեմ, որ մարդոց մտածելակերպը փոխվի, որ մարդիկ, որ կուզեն հոս հաստավիլ, ան վախը չունենան, որ կառավարությունը պիտի խառնվի, կուզեմ ան քայլերը առնվին, որ սփյուռքի մարդիկ կարենան հանգիստ զգալ հոս, տեղափոխվիլ և օգնել որ Հայաստանը բարգավաճի: Կկարծեմ, որ փաստաբանությունն ամենե ազդեցիկ ձևն է, որ կարենամ հոստեղ եթե ոչ փոփոխություն բերել, գոնե հասկնալ, թե ինչ կկարտարվի, կկարծեմ, որ կարևոր է իրավաբանական այն հիմքը ունենալ»,-համոզված է մոնրեալահայ երիտասարդը:

 

Իրավաբանական կողմով տեսնել, թե ինչ են քայլերը, որ պիտի առնվի, որ նորեն այս բաները պիտի չարվի ապագա Հայաստանի մեջ

 

Հիմա ամենայն ուշադրությամբ է հետևում հայաստանյան զարգացումներին. «Սոցիալ մեդիայի պատճառով դյուրին է կապ պահել Հայաստանի հետ, իրավունքներու հարցերու հետ, նույնիսկ քաղաքականության հետ, և կզգամ, որ կարևոր է աչքերնիս բաց պահելը, չմտածել, որ Հայաստանը միայն զբոսաշրջական վայրեր են կամ երազային բաներ, և հասկնալ, որ իսկական հարցեր կան հոս: Նամանավանդ վերջերս, երբ կլսենք, որ Նիկոլ Փաշինյանը ձերբակալություններ կընե այն անձերուն, որ նախկին կառավարության մեջ էին, գործեր ըրած էին, որ ժողովուրդին դեմ էին, շատ հետաքրքրական կգտնիմ անիկա ոչ միայն բարոյական իմաստով, բայց այլև իրավաբանական կողմով տեսնել, թե ինչ են քայլերը, որ պիտի առնվի, որ նորեն այս բաները պիտի չարվի ապագա Հայաստանի մեջ»,-կարծւմ է ապագա փաստաբանը:

 

Ցանկություն կա օգնել հայրենիքին, իսկ դա հենց Հայաստանում, թե Սփյուռքում կանի, էական չէ, գուցե համատեղ, ասում է, բայց Հայաստանի հետ կապը պահելու է: Հայրենիքն իրեն ջերմորեն է ընդունել, նույնքան հարազատ է նաև Կանադան, որտեղ ոչ միայն սովորում է, այլև սովորեցնում փոքրիկներին:

 

«Քանի մը տարի առաջ Կանադայի ճամբարի վարիչ էի, ու ծնողները հասկցան, որ շատ աղվոր հարաբերություններ ունեմ պստիկներու հետ, կզգամ, որ պստիկները, երբ կվստահեն քեզի, հանգիստ կզգան, անոր համար ըսի՝ եթե ժամանակ ունիմ, օգնեմ պստիկներուն, որ երբ ժամանակը գա, անոնք իմ տեղս կրնան ընեն բաներ, որ չէի կրնա հասկնալ, անոնք հասկնան»,-ասում է երիտասարդական ֆորումի մասնակիցը՝ մանրամասնելով, որ փոքրիկներին ուսուցանում է լեզուներ, այդ թվում հայերեն: