Home / Canadahye  / Կանադահայ քաղաքական գործիչ, քաղաքագետ Շանթ Կարաբաջակը կարծում է, որ Փաշինյանի որոշ քայլեր անվստահություն են ներշնչում

Կանադահայ քաղաքական գործիչ, քաղաքագետ Շանթ Կարաբաջակը կարծում է, որ Փաշինյանի որոշ քայլեր անվստահություն են ներշնչում

 

ՎԱՐԴՈՒՀԻ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

 

Մոնրեալ (Նորանոր) _  Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունը դրական այն ձեռքբերումն էր, որը կասկածի տակ առնել որևէ մեկը չի փորձում, սակայն դրան հաջորդող իրադարձություններին պետք է արդեն բաց աչքերով հետևել ու չտրվել էմոցիոնալ զգացողություններին. Նման համոզմունքի է կանադահայ քաղաքական գործիչ, քաղաքագետ, Մոնրեալի քաղաքապետարանի խորհրդականի նախկին թեկնածու Շանթ Կարաբաջակը:

 

Քաղաքագետը Noranor.ca-ի հետ զրույցում անդրադարձել է Հայաստանի վերջին զարգացումներին, կարևորել այն քաղաքական ուղեգծի շարունակությունը, որը որդեգրել է Հայաստանը՝ պահպանելով ոչ միայն Ռուսաստանի, այլև Եւրամիության հետ հարաբերությունները: Եթե այս հարցում կողմ է քաղաքական քայլերին, ապա ներքին զարգացումների վերաբերյալ որոշակի վերապահումներ ունի:

 

ԺԱՄԿԵՏ ՉԻ ՀԱՅՏԱՐԱՐԵԼ

Հայաստանում կատարվածը եզակի երևույթ էր, բարձր է գնահատում, բայց մեկ հարցում դեռ մտահոգություն ունի. Իր համար անհասկանալի է մնում այն, որ վարչապետ Փաշինյանը մինչև այժմ դեռ չի հայտարարել արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամկետը: Սա նրա հանդեպ անվստահության լուրջ հիմք կարող է լինել:

 

Եթե խոստում պիտի տա, բայց ժողովուրդի համար փակ պիտի ըլլա, աս սխալ է ակադեմիկ առումով

 

«Վարչապետ ըլլալե ետք ըսավ, որ պիտի մնամ մինչև այն ատեն, մինչև վստահելի և ժողովրդավարական ընտրություն անցկացվի Հայաստանի մեջ, բայց թվական չլեցինք, ադիկա վտանգավոր երևույթ է մեզի համար: Եթե խոստում պիտի տա, բայց ժողովուրդի համար փակ պիտի ըլլա, աս սխալ է ակադեմիկ առումով, պետք է խոստում տա, թե երբ  ընտրություն պիտի ըլլա: Նիկոլ Փաշինյան կրնա մնալ մինչև Սահմանադրության կողմե պարտադրված ժամկետը»,-ասում է Կարաբաջակը:

 

Նրա կարծիքով՝ կարևոր է հստակ ժամկետ նշելը ոչ միայն վարչապետի քայլերի, հետագա անելիքների հաջորդականությունը հասկանալու համար, այլև քաղաքական դաշտի մյուս դերակատարների կողմից իրենց անելիքները ճշտելու իմաստով:

 

Ան ալ շատ կարևոր է, որ մյուս ուժերն ալ պատրաստվեն, որովհետև ժողովրդավարություն չկա այնքան ատեն, որքան դիմադրություն չկա

 

«Կարևոր է քաղաքական իմաստով, որովհետև ավելի կամրացնե ժողովուրդի վստահությունը: Սա նաև քեզի՝ որպես վարչապետ, ժամկետ ալ կու տան, որ խոստացածդ ընես: Ան ալ շատ կարևոր է, որ մյուս ուժերն ալ պատրաստվեն, որովհետև ժողովրդավարություն չկա այնքան ատեն, որքան դիմադրություն չկա, ազատ դիմադրություն և որոշ չափով քաջալերված դիմադրություն: Այդ ժամկետն է, որ խոստում կու տա թե՛ ժողովուրդին, թե՛ քաղաքական ուժերին, թե՛ աշխարհին, և՛ պարզապես այդ ռիսկը առնել, որ ուժ ունենալը նպատակդ չէ, ժողովրդավարությունն է նպատակդ: Ադ խոստումը կարևոր է, ես անհամբեր կսպասեմ, որ այդպիսի քայլ մը առնվի»,-վստահ է Մոնրեալի քաղաքական կյանքում ակտիվ դերակատարում ունեցած գործիչը:

 

ՆԱԽՈՐԴ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ՃԻՇՏ ՔԱՅԼԵՐԸ

Ինչ վերաբերում է արտաքին քաղաքականությանը, նույն մտահոգությունները չունի, ասում է.

 

Գտնված ենք երկու, նույնիսկ երեք մեծ ուժերու միջև, և պետք է շատ խելացիորեն, ճարպկորեն այդ հոսանքներու մեջ կարենանք թիավարել

 

«Ես շատ ուրախ եմ, որ Փաշինյանը և իր կառավարությունը Հայաստանի արտաքին քաղաքականությունը չեն փորձե շեղել իր ուղիեն, շատ կարևոր է, որովհետև Հայաստանի արտաքին քաղաքականությունը շատ դյուրին փոփոխվող իրականություն մը կրնա ըլլա, գտնված ենք երկու, նույնիսկ երեք մեծ ուժերու միջև, և պետք է շատ խելացիորեն, ճարպկորեն այդ հոսանքներու մեջ կարենանք թիավարել: Փաշինյանին առած քայլերը Եւրոպայի աչքով դիտված խոստումներ են, որ 1990-են ի վեր, Քոչարյանի շրջանեն ի վեր առնվցած խոսքեր են»:

 

Պետք է հիշենք, որ տնտեսական իրավիճակը Սարգսյանի ժամանակ աշխարհի գետնի վրա ամենադժվար տարիներն էին

 

Այս հարցում նա կարևորում է նախորդ նախագահների կատարած քայլերը՝ համոզմունք հայտնելով, որ նրանք ճիշտ ուղու վրա են դրել արտաքին քաղաքականությունը, նույնիսկ արդարացնում է տնտեսական խնդիրների հարցում՝ ասելով. «Պետք չէ անարդար ըլլալ, որ որոշ չափով բարելավումներ եղան, կարգային բարելավումներ, և պետք է հիշենք, որ տնտեսական իրավիճակը Սարգսյանի ժամանակ աշխարհի գետնի վրա ամենադժվար տարիներն էին, այս քայլերը, որ կշարունակե Փաշինյանը՝ Եւրամիւության դիմաց, դրական են, և առավել վստահելի են»:

 

Նա համոզված է, որ Եւրոպայի վերաբերմունքը, հատկապես Թավշյա հեղափոխությունից հետո դրական է Հայաստանի հանդեպ, վերջինս շահագրգռված է ֆինանսավորել մի շարք ծրագրեր Հայաստանի հակակոռուպցիոն քաղաքականությունից հետո, այլ է տեսակետը Ռուսաստանի վերաբերմունքի հարցում: Այս երկիրն իր համար զարմանալի կեցվածք ընդունեց. Դրա համար պատճառներ կան: Նշում է.

 

Ռուսաստանը կվստահի, թե Փաշինյանը ըլլա, Սարգսյանը թե որևէ մեկը, իր քաղաքականությունը տակավին չի կարենա իրագործել Հայաստանի և Արցախի շրջանին

 

«Պատմության եթե կհետևինք, որևէ մեկ տեղ, որ այսպիսի ձգտումներ ունեցած է, անմիջապես և բավական հզոր կերպով Ռուսաստանը միջամտած է, Հայաստանի պարագային այդ միջամտությունը չեղավ, ուրեմն Ռուսաստանը կվստահի, թե Փաշինյանը ըլլա, Սարգսյանը թե որևէ մեկը, իր քաղաքականությունը տակավին չի կարենա իրագործել Հայաստանի և Արցախի շրջանին կամ արդյոք որոշ հաշիվներ ունին, որովհետև Ադրբեջանի տնտեսական վիճակը կայուն չէ: Զարմանալի էր, որ Ռուսիան ավելի խստորեն չմիջամտեց, անկայություն չստեղծեց շրջանի մեջ»:

 

ՉՏՐՎԵԼ ԶԳԱՑՄՈՒՆՔՆԵՐԻՆ

Կանադահայ քաղաքագետը, անկախ ներքին ու արտաքին մարտավարությունից, հայ ժողովրդին կոչ է անում չտրվել զգացմունքներին ու բաց աչքերով հետևել նաև այս կառավարության քայլերին: Էմոցիոնալ մոտեցումն ըստ նրա, չափից ավելին է, ինչը կարող է վտանգավոր դառնալ, ուրեմն կոչ է անում.

 

Չմոռնանք, որ աշխարհի ամենագեշ դիկտատորները նույնիսկ ընտրությամբ ընտրվեցան, ժողովրդավարությամբ ընտրվեցան

 

«Ամենակարևոր բանն այն է, որ հասարակությունը, երիտասարդությունը չընկնի ռոմանտիկ տրչամադրությունների տակ, այլ լինի իրազեկ քաղաքականության և տիրապաշտ իրականության դիմաց: Չեմ բաղդադեր Փաշինյանը ուրիշներուն, բայց չմոռնանք, որ աշխարհի ամենագեշ դիկտատորները նույնիսկ ընտրությամբ ընտրվեցան, ժողովրդավարությամբ ընտրվեցան»:

 

Նույնիսկ քայլերը, որ կատարել է այս նոր կառավարությունը, պետք է օրենքի պահանջի համաձայն գնահատվեն, ոչ զգացումների: Բացահայտումներ ու ձերբակալություններ եղան, թե որքանով է պետք դրանք տեղին համարել, միայն օրենքը պետք է ապացուցի, հակառակ պարագայում  դրանց ճնշման տակ ժողովուրդն իրավունք չունի կանխավ սխալ եզրակացություններ անելու, կարծում է քաղաքագետը:

 

«Այնքան ատեն, որ դատավարություն չկա, ձերբակալությունները կմնան միայն ձերբակալություն, պետք չէ անմիջապես ժողովուրդը հանձնվի այդ հոսանքին այնքան ատեն, որ դատարանները որոշումներ չեն առած»,-վստահ է մոնրեալահայ գործիչը: