Home / Canadahye  / ՍԴՀԿ վարչության ատենապետ Համբիկ Սարաֆյանը վստահ է, որ Սփյուռքի ուղղությունը դեպի ներքև է, ապագան՝ հայրենիքում, որտեղ մասնակցելու են խորհրդարանական ընտրություններին

ՍԴՀԿ վարչության ատենապետ Համբիկ Սարաֆյանը վստահ է, որ Սփյուռքի ուղղությունը դեպի ներքև է, ապագան՝ հայրենիքում, որտեղ մասնակցելու են խորհրդարանական ընտրություններին

 

ՎԱՐԴՈՒՀԻ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

Լոս Անջելես (Նորանոր) _ ՍԴՀԿ-ն օրեր առաջ Մոնրեալում տեղի ունեցած հանդիսությամբ ամփոփեց կուսակցության 130-ամյակի միջոցառումների շարքը, դրանք անցկացվեցին գրեթե բոլոր գաղութներում, նաև Հայաստանում նշվեց ավանդական քաղաքական ուժի հոբելյանը: Այս առիթով Noranor.ca-ը զրուցել է ՍԴՀԿ վարչության ատենապետ, ամերիկաբնակ Համբիկ Սարաֆյանի հետ:

 

Եթե առաջ հանդիսությունների առիթն էինք օգտագործում մատնանշելու  այն հարցերը, որոնք մեզ հուզում են Հայաստանում, բարեբախտաբար հիմա այդ նույն հարցերի պատասխաններն ենք տեսնում

 

Կուսակցության հանդիսությունը համընկել է Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունների հետ, ինչը հատկանշական է համարում ատենապետը՝ նշելով. «Եթե առաջ հանդիսությունների առիթն էինք օգտագործում մատնանշելու  այն հարցերը, որոնք մեզ հուզում են Հայաստանում, բարեբախտաբար հիմա այդ նույն հարցերի պատասխաններն ենք տեսնում, ճիշտ է, դեռ շատ վաղ է խոսել արդյունքների մասին, բայց հայրենիքը ճիշտ ուղղության վրա է, այսինքն՝ հանդիսությունը ծառայում է պատգամը հասցնելու հանդիսականներին»:

 

ՀԱՅԱՑՔԸ՝ ԴԵՊԻ ՀԱՅՐԵՆԻՔ

Հայկական ավանդական կուսակցություններին սպասվում էր մի ճակատագիր, որը բնորոշ չէ աշխարհի քաղաքական ուժերին. Նրանք չունեին գործունեության կոնկրետ հասցե, հետևաբար ամենուր էին ու յուրահատուկ առաքելությամբ, համոզված է Համբիկ Սարաֆյանը: Նույն իրավիճակը չէր հայրենիքում գործող թևի համար:

 

Կլինի գաղափարական բանավեճ, ոչ թե  այս կամ այն անհատի հովանավորյալը լինելուց կամ կերակրատաշտից օգտվելու հնարավորություն ունենալուց

 

«Կուսակցությունը Թավշյա հեղափոխության ակտիվ մասնակից էր, որովհետև գաղափարների և պահանջների համընկնում կար, և մենք ոգևորված էինք, որ կուսակցությունը կարող է ավելի լավ դրսևորել իրեն հայրենիքում: Ճիշտ է, գործում են Հայաստանում, բայց գաղափարական դաշտը փակ էր: Հիմա հուսով ենք, որ յուրաքանչյուր կուսակցություն կարող է իր տեսլականը ներդնել, և կլինի գաղափարական բանավեճ, ոչ թե  այս կամ այն անհատի հովանավորյալը լինելուց կամ կերակրատաշտից օգտվելու հնարավորություն ունենալուց»,-համոզված է Սարաֆյանը:

 

ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏ

Նա նշում է, որ պատրաստվում են ակտիվություն ցուցաբերել, մասնակցել արտահերթ խորհրդարանական ընտրություններին: Օրենսդիր կամ գործադիր մարմիններում լինելը յուրաքանչյուր քաղաքական ուժի առաքելությունն է համարում, ուստի բնական է ներգրավված լինելու ձգտումը: Իսկ հաջողության շանսերը մեծ է համարում, որովհետև դաշտն այլևս մաքրված է տեսնում նախկին արատավոր երևույթներից: Ասում է.

 

Նախորդ տարիներին եղել են լուրջ ընտրախախտումներով, հավատում ենք, որ բացառվելու են

 

«Կարծում եմ՝ հավասար պայմաններ է լինելու, դաշտը ազատ է լինելու, զերծ ազդեցություններից, ընտրակաշառքի, հեղինակությունների ուղղորդմամբ ընտրություններից: Բոլորս էլ հասկանում ենք, որ նախորդ տարիներին եղել են լուրջ ընտրախախտումներով, հավատում ենք, որ բացառվելու են: Իսկ թե ինչ ձևաչափով՝ առանձին, թե դաշինքով կմասնակցենք, այդ ժամանակ կարող ենք ավելի հստակ խոսել, բայց ինչ խոսք, յուրաքանչյուր կուսակցություն հնարավորություն ունի, անկախ մեծությունից»:

 

ԿԱՆԱԴԱՆ՝ ՆՈՐ ԱՎՅՈՒՆՈՎ

Մեծությունը գոնե ավանդական կուսակցությունների պարագայում կարևոր է, օրինակ Սփյուռքում Հնչակյան և Ռամկավար կուսակցությունները չունեն նույն ներգրավվածությունը, ինչ ունի ՀՅԴ-ն:

 

Կարող ենք Սփյուռքի կյանքը երկարաձգել, բայց սփյուռքի ուղղությունը միշտ ներքև է

 

«Երկրներ կան, որ այո՛, պակասում է, երկրներ կան, որ թիվը պահվում է կամ նույնիսկ ավելանում է: Սիրիա հիմա մի քիչ ուրիշ է, իսկ երբ գտնվում էի Կանադայում՝ Տորոնտոյում,  գաղութը ուրիշ  բնույթ ունի: Կանադան ունի հիմա նոր ավյունով լցված հայկական գաղութ՝ ի դեմս սիրիահայերի: Կարող ենք Սփյուռքի կյանքը երկարաձգել, բայց սփյուռքի ուղղությունը միշտ ներքև է, գիտակից ենք, որ երևույթի դեմ պայքարը տանուլ ենք տալու, որտեղ էլ լինենք, ինչքան էլ մշակութային կյանքը աշխուժորեն ծավալենք, միևնույն է, քիչ- քիչ, ուղղությունը գնալու է դեպի ձուլում, դրա համար էլ, մենք մի երգ ունենք՝ ասում է, «Մեր հանգրվանը հայրենիքը պիտի լինի»,-ասում է կուսակցության վարչության ատենապետը:

 

Այս նպատակով է, որ իրենք ներգաղթը խթանելուն կողմ են ու կուսակցության պատմությունն էլ երկու մասի են բաժանում՝ մինչև ներգաղթ և դրանից հետո, այսինքն՝ Հայաստան ներգաղթելու կոչերից հետո իրենց կուսակցությունում պատկերը կտրուկ փոխվում է: Անցյալի օրինակներն է բերում.

 

Հնչակյան կուսակցությունը հանուն հայրենիքի իր զավակներեն ուղարկեց՝ ի վնաս իր կառույցների սփյուռքում

 

«Մեր կուսակցությունը ներգաղթին լավագույն մասը կորցրեց, որովհետև բոլորը, հայրենիքի կանչին անսալով, տեղափոխվեցին Հայաստան, երկիրներ կային, որ քաղաքական կուսակցության ներկայությունը վերջ գտավ այնտեղ, Հնչակյան կուսակցությունը հանուն հայրենիքի իր զավակներեն ուղարկեց՝ ի վնաս իր կառույցների սփյուռքում, երկրներ կային, որ կուսակցության հիմնական մասը տեղափոխվեց Հայաստան՝ Եգիպտոս, Հունաստան, Սիրիա, Լիբանանից էլ շատերը»,-նշում է ամերիկահայ կուսակցականը:

 

Հայաստանը պետք է դառնա այնպիսի երկիր, որ կարողանա և՛ իր քաղաքացիներին ապահովել, և՛ հայրենադարձներին: Կարծում է, որ հայրենադարձության հարցում մեծ առաքելություն ունեն. Սփյուռքում, որտեղ երրորդ-չորրորդ սերունդն է ապրում, այլևս պետք է իրականությունը ներկայացնել հայրենիքի մասին ու խոստովանել, որ Հայաստանում ապրելը գուցե և լինի զրկանքներով, բայց դա է փրկությունը:

 

ՍՓՅՈՒՌՔՈՒՄ՝ Ո՛Չ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆԸ

Ավանդական կուսակցությունների գործունեությունը դեռ երկար կշարունակվի, այնինչ ոմանք կարծում են, որ ոչ միայն Հայաստանում էր պետք հեղափոխություն, այլև սփյուռքում՝ ազատվելու համար արդեն այս հին ուժերից: Այս գաղափարին Սարաֆյանը միանշանակ դեմ է արտահայտվում՝ հիմնավորելով իր կարծիքն այսպես.

 

Եթե կան այլ կազմակերպություններ, որ իրենց կարող են դրսևորել և կուսակցություններից ավելի լավ գործ կատարել, դաշտը բաց է:

 

«Սփյուռքում տարիներով կուսակցությունները տարբեր ոլորտներում նախաձեռնություններ են արել, ովքեր ցանկացել են, մասնակցել են: Սա երկիր չի, պետական կառույց չէ, միաձույլ երևույթ չի, սփյուռքը առաձգական, իրարից անկախ, կիսանկախ երևույթ է, և որևէ քաղաքացի որևէ պարտավորություն կուսակցությունների հանդեպ չունի: Եթե կան այլ կազմակերպություններ, որ իրենց կարող են դրսևորել և կուսակցություններից ավելի լավ գործ կատարել, դաշտը բաց է: Հայաստանի նման չէ, որ եթե կար ՀՀԿ միահեծան իշխանություն, ուրիշ կուսակցություններ պետք է հաշվի նստեին, դա գալիս է նրանից, որ մարդիկ լավ չեն պատկերացնում սփյուռքը, և դրանից ելնելով՝ խոսքեր են ասում, որ սփյուռքին չի կարող վերաբերել»:

 

Նորերը կարող են գործել, բայց իրենց տարիների ձեռքբերումների նկատմամբ հավակնություններ թող չունենան:

 

Չի կարելի ակնկալել, որ օրենքները պիտի գան և ասեն, որ մենք ենք ղեկավարելու

 

«Բոլոր նրանք, ովքեր Սփյուռքում հեղափոխության մասին են խոսում, ի՞նչ հեղափոխություն պիտի անեն, այսինքն՝ մենք ինչ ունենք, մեր միջոցներով ենք ստեղծել, չկա պետական կառույց, ինչ ունենք, մերն է: Չի կարելի ակնկալել, որ օրենքները պիտի գան և ասեն, որ մենք ենք ղեկավարելու, եթե կարող են, թող բացեն այդ դպրոցները, մշակութային կենտրոնները, թող իրենք տարեկան միջոցառումներ անեն, Սփյուռքը և Հայաստանը զանազանել է պետք հստակորեն, և ես կողջունեմ որևէ մեկ, որ պիտի գա և ավելացնե»,-ասում է սփյուռքահայ գործիչը: