Սփյուռքի ներուժի օգտագործումը՝ նախարարության հայտարարած «ՆերՈւԺ» ծրագրի միջոցով
Երևան (Նորանոր) _Սփյուռքի նախարարությունը FAST և IDeA հիմնադրամների, Դիլիջանի միջազգային դպրոցի (UWC) և Impact Hub Yerevan-ի հետ համատեղ մեկնարկում է «ՆերՈւԺ» ծրագիրը, տեղեկացնում է ՀՀ Սփյուռքի երիտասարդ նախարար Մխիթար Հայրապետյանը: Նա գրում է.
«Եթե դու սփյուռքում բնակվող 18-35 տարեկան հայ երիտասարդ ես, ունես բիզնես գաղափար, ապա մասնակցի՛ր «ներՈւԺ» ծրագրին, հաղթի՛ր և ստացի՛ր մինչև 15 մլն դրամ աջակցություն՝ Հայաստանում իրականացնելու քո սթարթափ ծրագիրը»:
Ավելի ուշ Հայրապետյանը նշել է, որ ևս մեկ ռազմավարական գործընկեր է համալրել «ներՈւԺ» սթարթափ ծրագրի թիմակիցների՝ FAST և IDeA հիմնադրամների, Դիլիջանի միջազգային դպրոցի (UWC) և Impact Hub Yerevan-ի շարքը: Նա հավելել է.
«Հիշեցնեմ, որ դեռ մեկ ամիս առաջ հայտնել էի, որ նախնական համաձայնություն էր ձեռք բերվել օգոստոսին կայանալիք «Քայլ դեպի տուն» ծրագրի շրջանակում Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի հետ համագործակցության տարբեր ձևաչափերի՝ անվճար հիմունքներով անհրաժեշտ քանակությամբ լսարաններ տրամադրելու, դասընթացների համար պայմաններ ապահովելու վերաբերյալ:
Ի վերջո, այդ նախաձեռնությունն իր իրավական ձևակերպումը ստացավ համալսարանում ռեկտոր Արմեն Դարբինյանի հետ ստորագրված հուշագրում: Հուշագրի նպատակն է համատեղել ջանքերը Հայաստանի և սփյուռքի միջև կրթական ու այլ ոլորտներում համագործակցության խթանման ուղղությամբ՝ հիմնական շեշտը դնելով սփյուռքի ներուժի արդյունավետ ընդգրկմամբ տարբեր ծրագրերի համատեղ իրականացման վրա:
Մյուս կարևոր ուղղությունն է աջակցել նախարարության կողմից իրականացվող երիտասարդական, հայրենաճանաչողական ու այլ ծրագրերին՝ տարածքների տրամադրման, ուսուցիչների ներգրավման ու այլ անհրաժեշտ միջոցներով, որը կխթանի Հայաստանի ընդհանուր զարգացման գործընթացներում սփյուռքի ներգրավման հնարավորությունները:
Միաժամանակ պայմանավորվեցինք չսահմանափակվել հիմնական ուղղություններով և համագործակցել ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող այլ ուղղություններով»,-նշել է Հայրապետյանը: