Home / Canadahye  / Կանադական երաժշտական փառատոնում հայազգի Լինետ Իսրայելյանի հաջողությունը՝ նոր ճանապարհի սկիզբ. 20-ամյա ջութակահարուհին արժանացել է առաջին մրցանակի

Կանադական երաժշտական փառատոնում հայազգի Լինետ Իսրայելյանի հաջողությունը՝ նոր ճանապարհի սկիզբ. 20-ամյա ջութակահարուհին արժանացել է առաջին մրցանակի

 

ՎԱՐԴՈՒՀԻ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

Մոնրեալ (Նորանոր) _ 20-ամյա Լինետ Իսրայելյանը երկար էր նախապատրաստվում պատասխանատու համերգին(18.35 րոպեից) , որ կայանալու էր հուլիսի սկզբին՝ Մոնրեալում՝ կանադական երաժշտական փառատոնի շրջանակներում: Սա նրա առաջին համերգը չէր, մինչ այդ էլ բազմաթիվ համերգների մասնակցել էր, սակայն սա այն եզակիներից էր, երբ մոնրեալահայ ջութակահարուհին ելույթ էր ունենալու մեծ լսարանի առջև:

 

«Իմ օրիորդիս հետ երկար աշխատեցա, շատ անգամ մարդոց առջև նվագեցի, որ վարժվեի, շատ աղվոր անցավ, կհուսամ, որ անանկ ձևով կարենամ ուրիշ համերգներու, մրցույթներու մեջ մասնակցիլ»,-Noranor.ca-ի հետ զրույցում պատմում է Լինետը:

 

Կանադահայ երիտասարդ երաժիշտը, որ դեռ կոնսերվատորիայի ուսանող է,  մասնակցելով հուլիսի 1-ին կայացած կանադական երաժշտական փառատոնին, արժանացել է առաջին մրցանակի: Երեք տարիքային խմբերից Լինետը հանդես էր գալիս 19-30 տարեկանների խմբում, որտեղ արժանացել է ժյուրիի կողմից առավելագույն միավորների:

 

ՇԱՏ ՃԱՄՓԱՆԵՐ ԲԱՑԱՎ

Նա հպարտությամբ ու միևնույն ժամանակ համեստորեն է պատմում այն հաջողության մասին, որը հետագայում նոր դռներ է բացելու իր առջև: Սրանում նաև ինքն է համոզվել: Ասում է.

 

Ասիկա ինծի բացավ շատ ճամփաներ Կանադայի մեջ, քանի որ շատ կարևոր մրցույթ մըն է, և շատ կարևոր մարդոց կրցա հանդիպել

 

«Ասիկա ինծի բացավ շատ ճամփաներ Կանադայի մեջ, քանի որ շատ կարևոր մրցույթ մըն է, և շատ կարևոր մարդոց կրցա հանդիպել: Ինծի լավ օգնություն ևս կա, որ նվագեմ, վարժվիմ մեծ նվագախմբի հետ նվագել, ավելի մեծ թվով մարդոց առջև նվագեմ և ան ձևով ավելի հմուտ լինեմ: Հիմա գիտեմ՝ ինչպես պատրաստվիմ այսպես մեծ համերգի համար, շատ աշխատանք առավ, որ շատ ավելի աշխատեմ, լավ տեղ մը հասցնեմ»:

 

Առաջին հերթին նա այս համերգը իր համար կարևոր փորձառություն է համարում, իսկ հաջողությունը տարիների աշխատանքի արդյունքն էր, որ կատարել է նվիրվածությամբ, դեռևս փոքր տարիքից, երբ ներգրավված էր հայկական երգչախմբում, հանդես էր գալիս տարբեր բարեգործական ու այլ ծրագրերում: Բայց միայն այս ամենով չէ, որ պայմանավորված էր հաջողությունը: Կա ևս մեկ հանգամանք, որ երիտասարդ երաժիշտը երբեք չի անտեսում:

 

Ես իմ միտքիս մեջ պատմություն մը կունենամ, որ ըսեմ՝ լավ, այս մարդու համար տխուր ատեն էր, ուրեմն տխուր էմոցիա կփորձեմ փոխանցել

 

«Նախքան նվագելը կնայիմ, թե ով է գրողը, երբ գրեց, ինչ կուզե ըլլա նվագը: Ես իմ միտքիս մեջ պատմություն մը կունենամ, որ ըսեմ՝ լավ, այս մարդու համար տխուր ատեն էր, ուրեմն տխուր էմոցիա կփորձեմ փոխանցել, եթե ես լավ զգամ, թե ինչ կուզեմ ըսել հանդիսատեսին, ան ձևով ավելի դյուրին կըլլա ինծի համար, որ փոխանցեմ իրենց»,-ներկայացնում է մոնրեալահայ երաժիշտը:

 

ՀԱՅԱՍԵՐ ԾՆՈՂՆԵՐՆ ՈՒ ՀԱՅԿԱԿԱՆԸ՝ ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ

Կոնսերվատորիայի ուսանողուհին, ով ծնվել ու մեծացել է Մոնրեալում, հայերենի հարցում չի թերանում, ոչ միայն հայկական երգչախումբ է հաճախել, այլև 6 տարի հայկական դպրոց, իսկ ընտանիքը առավել քան մտահոգ է եղել զավակների հայեցի դաստիարակությամբ: Պատմում է.

 

«Իմ հայրս Պարսկաստան ծնած է, 18 տարեկանին փախեց Պարսկաստանեն, քանի մը տարե վերջ Կանադա եկավ, մայրս եթովպահայ է: Իմ հայրս  շատ հայասեր էր, մայրս ավելի հայասեր եղավ, երբ որ պապայիս հետ է ծանոթացել, հայ ըլլալը շատ կարևոր էր անոնց համար»:

 

Հայկականը ոչ միայն ընտանիքում, այլև նախընտրած մասնագիտության հարցում է պահպանում, բարձր է գնահատում կանադահայ երաժիշտների ներդրումն ու դերը, նրանց հետ առիթներ ունեցել է աշխատելու:

 

«Վան Արմենյանի հետ աշխատած ենք, իրմե դաս առած եմ, շատ աղվոր երաժիշտ է, իր միջոցով այս տարի ծանոթացա ուրիշ հայ պարոն մը, որ Անգլիա դաս կու տա, անունը Լևոն Չիլինգիրյան է, խենթնալիք լավ պարոն մըն է, որ շատ աղվոր փորձ եղավ ինծի համար: Մեկ այլ երգիչ մը կա, որ իմ դպրոցիս դաս կու տա, Կանադայի մեջ ճանչված է՝ Ալին Գութանը, ում հետ կոնցերտ ըրած ենք»,-պատմում է ուսանողուհին:

 

Իսկ առավել կարևորում է այն միջոցառումները, որոնց ընթացքում ներկայացրել են հայկական երաժշտությունը, հանդիսատեսի շարքերում եղել են նաև օտարներ, այսինքն՝ հայկական արվեստը ճանաչելի են դարձրել նաև այլոց:

 

ԵՐԱԶԸ՝ ԱՇԽԱՐՀԻ ՉՈՐՍ ԿՈՂՄԸ

Լինետը փառատոնի ժամանակ առաջին փուլում, երբ Չայկովսկու «Ջութակի կոնցերտ»-ից հատված ներկայացրեց, հաջողության արժանացավ, որից հետո հնարավորություն ստացավ հանդես ալ Մոնրեալում հայտնի «Օրկեստր մետրոպոլիտեն» նվագախմբի հետ: Սա ևս կարևոր փորձառություն էր երիտասարդ երաժիշտի համար, սակայն նրա երազանքն այս ասպարեզում այլ է.

 

Առաջին երազս կարծեմ շատ մարդոց համար ալ նույնն է, որ նվագեմ նվագախումբերու հետ աշխարհի չորս կողմը

 

«Առաջին երազս կարծեմ շատ մարդոց համար ալ նույնն է, որ նվագեմ նվագախումբերու հետ աշխարհի չորս կողմը, և ասիկա քիչ ավելի ինծի օգնեց, որ վարժվիմ ասանկ համներգներու, և գիտնամ ինչքան գործ կառնե, ինչքան պետք է պատրաստվիլ, որ լավ անցնի համերգը կամ մրցույթը: Օրկեստրայի հետ նվագեմ, ան ալ բան մըն է, որ ինծի կհետաքրքրե, դպրոցն ունիմ պստիկ խումբս, որ անոնց հետ կաշխատիմ, ան ալ ճամփա մըն է, որ կուզեմ առնել»,-ներկայացնում է առաջին մրցանակակիրը: