Home / Canadahye  / Տորոնտոհայ գործարար Շանթ Ղազարյանը, ով 15 տարի սպասելուց հետո Հայաստանում ներդրում է անում, կանաչ լույսն արդեն վառված է համարում

Տորոնտոհայ գործարար Շանթ Ղազարյանը, ով 15 տարի սպասելուց հետո Հայաստանում ներդրում է անում, կանաչ լույսն արդեն վառված է համարում

 

ՎԱՐԴՈՒՀԻ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

Տորոնտո (Նորանոր) _ Շանթ Ղազարյանը կանադահայ այն գործարարներից է, ում մտքում մշտապես եղել է Հայաստանի հետ կապն ամրապնդելու գաղափարը. «Ստեղծել էմոցիոնալ կապ մը, որ սա մեր երկիրն է, մեր տունն է»,- ասում է գործարարը, ով հայրենիքն իր տունը դարձնելու ու հայրենիքում տուն ունենալու ուղղությամբ վաղուց է աշխատում:

 

ՄԵԾ ՔԱՅԼԸ ՀԵՏԱՁԳՎԵՑ

4 երեխաների հայրը դեռ 90-ականներից ընտանիքի հետ ամեն տարի այցելում է Հայաստան, ուսումնասիրում միջավայրը, նույնիսկ հողատարածք էր ձեռք բերել  «Կասկադ» համալիրի տարածքում հետագայում շինարարություն սկսելու նպատակով: Պատմում է.

 

Արդեն վերցրել էինք հողամասերը, բայց չուզինք մեծ քայլ առնել

 

«96թ-ից հետո, երբ երեխաներս ծնվեցին, տարին մի քանի անգամ կու գայի, ուզում էինք իրականացնել ծրագիր, հողամասեր էինք նայում մի 10 տարի, արդեն վերցրել էինք հողամասերը, բայց չուզինք մեծ քայլ առնել, արդեն 2008-են հետո հոստեղի տնտեսական վայրիվերումները ավելի զգալի էին, չորս գործընկերով հիմնել էինք «Կասկադ գարդեն» ընկերակցություն և ծրագիրը ճարտարապետի մոտ է»:

 

Երկար ժամանակ կանգ էր առել ծրագիրը, միայն վերջերս, Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունները, այնուհետ կառավարական պատվիրակության այցը Կանադա Շանթ Ղազարյանին ու նրա երեք ընկերներին վճռական քայլի գնալու դրդեցին:

 

ԻՄ ԼՈՒՄԱՆ ԵՐԿՐԻ ԿԱՌՈՒՑՄԱՆԸ

Հայաստանի նոր իրավիճակում յուրաքանչյուրն անելիք ունի՝ անկախ նրանից, թե որտեղ է բնակվում: Իր առաքելությունը հետևյալն է՝ նախ տուն կառուցել հայրենիքում ու ամրապնդել իր մեծ ընտանիքի կապը, երկրորդ՝ շինարարական աշխատանքներում ընդգրկել հայրենակիցներին՝ նրանց տալով աշխատանքի հնարավորություն:

 

Եւ սա հնարավորություն է  իրագործելու իմ տարիներու երազանքը՝  Հայաստանում ստեղծել բիզնես, գործ, իսկ շինարարական աշխատանքներ կատարողները պիտի լինեն Երևանից կամ Հայաստանից

 

«Ճարտարապետական հարցերով հողի ուսումնասիրություններ կատարել ենք, և արդեն այս տարվա ընթացքին կսկսենք հողը փորել և սկսել ծրագիրը: Եւ սա հնարավորություն է  իրագործելու իմ տարիներու երազանքը՝  Հայաստանում ստեղծել բիզնես, գործ, իսկ շինարարական աշխատանքներ կատարողները պիտի լինեն Երևանից կամ Հայաստանից, շինանյութերը օգտագործեն Հայաստանի լավագույն որակի շինանյութը, մեր նպատակն այն  է, որ կարենանք ստեղծել այնպիսի մի միջավայր, որ կարողանանք աշխատանք ապահովել ժողովուրդին համար այդ ոլորտի մեջ»,-նկարագրում է Շանթ Ղազարյանը:

 

2 ՇԵՆՔ՝ 50 ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐՈՎ

Իսկ ծրագրով ոչ թե մեկ տուն է կառուցում, այլ շենքեր:

 

15 տարի է՝ կուզեմ անել, որ 4 երեխաներս փոխարեն Եւրոպա գնալու, Հարավային Ամերիկա, այլ տեղեր ժամանակ անցկացնելու, այստեղ անցկացնեն արձակուրդը

 

«Բնակելի շենքեր են լինելու, մոտ 40-50 բնակարանի մասին ենք խոսում, և ծրագիր կա, որ ապագային ևս ընդարձակենք մեկ-երկու շենք ևս, երկու շենք է առայժմ՝ 50 բնակարանով: 15 տարի է՝ կուզեմ անել, որ 4 երեխաներս փոխարեն Եւրոպա գնալու, Հարավային Ամերիկա, այլ տեղեր ժամանակ անցկացնելու, այստեղ անցկացնեն արձակուրդը, այդ ձևով մեր ներդրումն ենք անում: Քանի որ շատ են սիրում Հայաստանը, այն մտածումով, որ Հայաստանը մերն է, մեծնան, ու երբ ուսումը առնեն, իրենք էլ իրենց ներդրումն անեն: Որոշեցինք, որ շենքեր սարքենք լավ որակով, ուր մենք էլ կրնանք ապրել, մեր հարազատներն էլ ապրեն, կարանք վաճառել մնացածը, այնպիսի լավ որակ ունեն, որ չասեմ նորություն, բայց շինարարական մակարդակը բարձր կլինի»,-վստահեցնում է «Կասկադ Գարդեն»-ի համասեփականատերը:

 

Վստահ է, որ իրենց մասնակցությունն էլ որոշ չափով կնպաստի երկրի փոփոխություններին: Նախկին իշխանությունների օրոք կար մտահղացումն ու արվել էին որոշ քայլեր, բայց ընթացք է տրվում միայն հիմա, երբ որոշակի հնարավորություններ են տեսնում երկրում:

 

«Մենք նախկին իշխանությունների օրոք այս ծրագրերը դեռ չունեինք, հողեր էինք վերցնում, բայց կոնկրետ աշխատանքները չէինք սկսում, կառավարական թուղթերի խնդիրներ որ ունեինք, ձգած էինք, չքաջալերեցին այդ բանը, և մենք հետ կանգնեցինք»,-ներկայացնում է գործարարը:

 

ՊԱՏՐԱՍՏ ԵՆ ՌԻՍԿԻ ԳՆԱԼ

Այնպես չէ, որ հիմա երկրում ներդրում անելու ռիսկերը բացարձակ զորյական են, բայց հիմա այլևս այլ կերպ է մոտեցումը. Պատրաստ են դիմակայել այդ ռիսկերին, ներդրումն ունենալ ընդհանուր գործում ու նույնիսկ վնաս կրել հանուն ընդհանուր բարօրության:

 

Փոխարեն ձգելու այս հարցը, ուզեցինք հապճեպ, արագ ձևով աշխատել, որովհետև կանաչ լույսը տեսել ենք արդեն

 

«Այդ ռիսկը մեզ համար այնքան մեծ մտահոգություն չէ, որովհետև մենք զգացել ենք, որ այդ ռիսկը ամեն տեղ էլ կա, մենք չենք կարա ասենք՝ Հայաստանում չպետք է անենք, այստեղ էլ պետք է անենք, ու ամեն վտանգը հաշվի առնելով՝ մենք այս աշխատանքը սկսեցինք: Բայց պիտի ավելի հուսադրել, որ երկիրն ավելի բարելավում կերթա: Փոխարեն ձգելու այս հարցը, ուզեցինք հապճեպ, արագ ձևով աշխատել, որովհետև կանաչ լույսը տեսել ենք արդեն, մարդկանց հետ որ խոսում ես, իրանք էլ ասում են՝ զգում ես, որ երկիրը գնում է դեպի լավը»,-ներկայացնում է տորոնտոհայ ներդրողը:

 

Իսկ այս ամենի հաջողությունն ապահովված կլինի, երբ երկու կողմն էլ՝ գործարարն ու կառավարությունը նույն նպատակները հետապնդեն: Այս կառավարության դեպքում մտահոգությունները պակասել են, բայց ռեալ քայլերի անցնելիս պետք է ավելի հաճախակի ու գործնական հանդիպումներ էլ ունենան: