Home / Armenia  / Հայաստանում անցկացվել է ՀԲԸՄ հերթական բանակումը, սիրիահայերի խմբի պատասխանատուն նախկին ճամբարական Մարի Կարամանուկյանն է, ով հաստատվել է Հայաստանում

Հայաստանում անցկացվել է ՀԲԸՄ հերթական բանակումը, սիրիահայերի խմբի պատասխանատուն նախկին ճամբարական Մարի Կարամանուկյանն է, ով հաստատվել է Հայաստանում

 

ՎԱՐԴՈՒՀԻ ԱՐԶՈՒՄՆԱՅԱՆ

Երևան (Նորանոր) _ Սարդարապատ, Էջմիածին, Սևանա լիճ և այլ պատմական ու ժամանցային վայրեր, որոնցից յուրաքանչյուրն իր գեղեցկությամբ կամ պատմական նշանակությամբ մնում է այն պատանիների ու երիտասարդների հիշողություններում, ովքեր ամեն տարի այցելում են Հայաստան, շփվում հայրենակիցների հետ ու հայրենիքից մի պատառ տանում իրենց երկիր:

 

Շատ հուզիչ է, երբ կտեսնես տարբեր տեղերե մարդիկ, որ իրար չեն ճանչնար, միաձայն նույն երգը կերգեն նույն դրոշի տակ

 

«Օրինակի համար շատ հուզիչ է, երբ կտեսնես տարբեր տեղերե մարդիկ, որ իրար չեն ճանչնար, միաձայն նույն երգը կերգեն նույն դրոշի տակ, նույն նպատակի համար, դա շատ հուզիչ է և աղվոր»,-պատմում է Մարի Կարամանուկյանը՝ Սիրիահայ ճամբարականների խմբի պատասխանատուն:

 

ՄՆԱՑ ՀԱՅՐԵՆԻՔՈՒՄ

98 ճամբարականներ այս տարի ՀԲԸՄ-ի «Անդրանիկ» բանակումին մասնակցելու նպատակով են Հայաստանում: Մարին դեռ 2000թ-ից է մասնակցել նման ճամբարների, եկել է մի քանի անգամ, ճանաչել երկիրը, իսկ հետո որոշել մնալ և ուսանել հայրենիքում: Երկու տարի է՝ նա Հայաստանի Ամերիկյան համալսարանի ուսանողուհի է:

Այցելություններն ինձ ավելի քաջալերեցին, ոչ միայն պատերազմական իրավիճակն էր պատճառը, որ եկա

 

«Անդրանիկի միջոցով է, որ եկել եմ, տեսել եմ, սիրել եմ, ուզեցել եմ, որ նորից Հայաստան գամ և շարունակեմ ուսումս: Այցելություններն ինձ ավելի քաջալերեցին, ոչ միայն պատերազմական իրավիճակն էր պատճառը, որ եկա, բայց և՛ պատերազմական իրավիճակը, և՛ սերը հայրենիքի ու հայության հանդեպ»,-անկեղծանում է Մարին:

 

Եթե քննադատենք, պիտի չգոհանանք և չուզենանք լավը տեսնել

 

Այն, ինչ սպասում էր Հայաստանից մարդկային հարաբերությունների առումով, կարողացավ ստանալ, դեռ ավելին, դրական վերաբերմունքի է արժանացել և լավատեսությամբ է լցված, ասում է. «Ես կհավատամ, որ միշտ դեպի լավը կերթանք, եթե ուզենք փոփոխել, պետք է մեր մեջից փոխենք, և մենք պիտի փորձենք ամեն ինչ լավ տեսնել, որ լավ ըլլա, եթե քննադատենք, պիտի չգոհանանք և չուզենանք լավը տեսնել»:

 

ԱՆՀԱՄԱՉԱՓ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԸ

Մշակույթների, մտածելակերպի, բարքերի տարբերությունները չազդեցին լավ հարաբերություններ կառուցելու վրա, սակայն Հայաստանում հիմնական հաստատվելու հարցում երիտասարդը դեռ երկմտում է, որպես պատճառ՝ նշում է.

 

Աշխատավարձերի ու պահանջների, առօրյա կյանքի պետքերի անհամապատասխանություն կա, դա է պրոբլեմը

 

«Ինչ-որ մի բան կա, որ բոլորի համար այստեղ հարց է. Աշխատավարձերը ոչ թե ցածր են, այլ աշխատավարձերի ու պահանջների, առօրյա կյանքի պետքերի անհամապատասխանություն կա, դա է պրոբլեմը: Եթե կարողանաս աշխատել, երկու գործ անել, ինչու չէ, բայց եթե ուզում ես աշխատել և ուսանել, ամեն ինչ չի գալիս, աշխատավարձերի պրոբլեմը կա»,-ասում է սիրիահայ ուսանողուհին:

 

ԻՐԱԿԱՆԱՑՈՂ ԵՐԱԶԱՆՔ

Առայժմ չի մտածում այդ ուղղությամբ, Հայաստանից քաղում է բոլոր այն բարիքները, որ տալիս է հայրնեիքը, ամռան ամիսներին դրանք կիսելով բանակումի սիրիահայ պատանիների հետ:

 

Շատ լսում են այդ վայրերի մասին, որոնք տեսնելն իրենց համար շատ մեծ երազանք է

 

«Բանակումը ճիշտ է, որ սկաուտական է, բայց անոր կողքին մեր նպատակն ան է նաև, որ միության զանազան մասնաճյուղերը քով քովի գան և իրարու հետ լավ ժամանակ անցկացնեն, երիտասարդներն իրարու ծանոթանան և իրարու գիտելիքներ փոխանակեն, միաժամանակ Հայաստանը տեսնեն և Հայաստանին ծանոթանան, որովհետև ընդհանրապես այդքան շատ խոսում ենք՝ պահել հայկականությունը, լեզուն, մշակույթը, շատ լսում են այդ վայրերի մասին, որոնք տեսնելն իրենց համար շատ մեծ երազանք է»,-ներկայացնում է սիրիահայերի խմբի պատասխանատուն:

 

Այս տարի բանակումն անցկացվում է երկու փուլով, առաջինում ընդգրկված են սփյուռքահայ պատանիները, երկրորդում՝ երևանցիները: Հայաստանն առավել հետաքրքիր է առաջինների աչքերով, ովքեր ամեն անգամ նոր բացահայտումներ են անում: Ճամբարի հմուտ ներկայացուցիչը համոզվել է մի բանում, նշում է.

 

Որևէ մեկին, որ հարցնես՝ ճամբարին պիտի մասնակցի՞ս, կըսե՝ այո, որովհետև ադ իր համար շատ հաճելի պտույտ մըն է բանակումի կողքին

 

«Օրինակ, Սիրիայեն եկողների համար շատ հաճելի է տեսնել, որ ամեն մարդ հայերեն կխոսա, այսինքն՝ ամեն տեղ՝ տաքսիի մեջ, փողոցը հայերեն կխոսին: Ամենքը կըսեն, որ ասի մեր հայրենիքն է, կսիրեն Հայաստանը, հայերեն երգն ու մշակույթը, որ ուրիշ տեղ չեն կրնա առնչվել, և որևէ մեկին, որ հարցնես՝ ճամբարին պիտի մասնակցի՞ս, կըսե՝ այո, որովհետև ադ իր համար շատ հաճելի պտույտ մըն է բանակումի կողքին»: