Home / Canadahye  / Կանադահայ Գևորգ Եգանյանը՝ «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ»-ի դեսպան

Կանադահայ Գևորգ Եգանյանը՝ «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ»-ի դեսպան

 

Օտտավա (Նորանոր) _ Կանադահայ երիտասարդ, Հայ ուսանողների ասոցիացիայի (ASA) Օտտավա-Գատինո ռեգիոնի նախագահ, Կանադայում ՀՀ նախկին դեսպան Արմեն Եգանյանի որդին՝ Գևորգ Եգանյանը ստանձնել է «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ»-ի դեսպանի աշխատանքը:

 

Հիշեցնենք, որ «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամը ստեղծվել է Հայրենիքի սահմանները պաշտպանելիս զոհված և վիրավորում ստացած հերոսների ու նրանց ընտանիքների սոցիալական բարօրությունն ապահովելու նպատակով:

 

2017թ.-ի հունվարի 1-ից Հիմնադրամը հատուցումներ է տրամադրում յուրաքանչյուր զոհված զինծառայողի ընտանիքին, ինչպես նաև մարտական գործողությունների ընթացքում վիրավորված զինծառայողներին:

 

Գևորգ Եգանյանն իր նշանակման առիթով ասել է. «Հիմնադրամի դեսպան դառնալն ինձ համար մեծ հնարավորություն է իմ համայնքին ավելի մոտիկից ծանոթացնելու մեր բանակի դրության, մեր զինվորների և նրանց ապահովվածության համար կատարվող մեծ աշխատանքի մասին: Հատկապես կարևորում եմ Հիմնադրամի առաքելությունը և ցանկանում իմ մասնակցությունն ունենալ վերջինիս գործունեությանը, քանզի ինքս ծառայել եմ Հայաստանի Հանրապետության զինված ուժերում՝ կատարելով հայրենիքի հանդեպ իմ պարտքը, և հասկացել, թե ինչ մեծ նշանակություն ունի զինվորի համար գիտակցել, որ իր կյանքն ու առողջությունն ապահովագրված են»: