Home / Canadahye  / Ինչպե՞ս է սփյուռքը «Հայաստան» հիմնադրամի բացահայտումներից հետո վստահելու «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամին. Նորընտիր դեսպան կանադահայ Գևորգ Եգանյան

Ինչպե՞ս է սփյուռքը «Հայաստան» հիմնադրամի բացահայտումներից հետո վստահելու «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամին. Նորընտիր դեսպան կանադահայ Գևորգ Եգանյան

ՎԱՐԴՈՒՀԻ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

 

Օտտավա (Նորանոր) _Ինչպես արդեն տեղեկացրել է Noranor.ca կայքը, Կանադայում բնակվող հայ երիտասարդ, Հայ ուսանողների ասոցիացիայի (ASA) Օտտավա-Գատինո ռեգիոնի նախագահ, Կանադայում ՀՀ նախկին դեսպան Արմեն Եգանյանի որդին՝ Գևորգ Եգանյանը ստանձնել է «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ»-ի դեսպանի աշխատանքը:

 

Ինչո՞ւմն է կայանում դեսպանի աշխատանքը, ինչպե՞ս է կատարվում ընտրությունը, ի՞նչ առաքելություն ունի Հիմնադրամի դեսպանը և, ի վերջո, հնարավո՞ր է արդյոք վերականգնել սփյուռքահայության վստահությունը հիմնադրամների նկատմամբ, հարցերի շուրջ զրուցել ենք Հիմնադրամի նորընտիր դեսպանի հետ:

 

 

ՆՈՐԱՆՈՐ _ Հարգելի Գևորգ, խնդրում եմ նախ ներկայացրեք, թե ինչպես է տեղի ունենում դեսպանի նշանակումը, Ձեր պարագայում ո՞ւմ առաջարկն էր, ինչպե՞ս ստացվեց, և ի՞նչ զգացողություններ ունեցաք, երբ հայտնի դարձավ Ձեր ընտրության մասին:

 

ԳԵՎՈՐԳ ԵԳԱՆՅԱՆ _ Նախ և առաջ` նշեմ, որ պատիվ եմ համարում «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ»-ի դեսպան ընտրվելը: Հիմնադրամը վերջերս է սկսել «հիմնադրամի դեսպան» ծրագիրը, որի նպատակն է մեզ՝ Հայաստանից դուրս ապրող հայերին ևս ծանոթացնել Հիմնադրամի գործունեությանը:

 

Դեսպանների ընտրությունը կազմակերպվում է Հիմնադրամի կայքի միջոցով: Ցանկացած հետաքրքրված անձ կարող է դիմել հիմնադրամին և ներկայացնել իր թեկնածությունը Հիմնադրամի դեսպան դառնալու համար: Հիմնադրամը՝ դրանից հետո քննարկում է թեկնածությունը, հաշվի առնելով մի շարք հանգամանքներ, ինչպիսիք են՝ թեկնածուի համայնքում ներգրավվածությունը, կապը Հայաստանի և հայերի հետ, սրտացավ մոտեցումը հիմնադրամի առջև դրված նպատակներին և արժեքներին:

 

Ես, լինելով զինված ուժերում ծառայած զինվոր, միշտ հետաքրքրվել եմ բանակի հետ կապված ցանկացած նորամուծությամբ, և այս դեպքում նույնպես, Հիմնադրամի կազմավորման օրվանից հեռվից հետևում եմ Հիմնադրամի կատարած աշխատանքին: Երբ Հիմնադրամը հայտարարեց «Հիմնադրամի դեսպաններ» ծրագրի մասին, որոշեցի միանշանակ լինել դեսպաններից մեկը  և տարածել Հիմնադրամի իսկապես արդյունավետ գործունեությունը:

 

Հիմնական զգացողությունս միանշանակ հպարտություն է, քանզի անգամ հայրենիքից հեռու կարող եմ իմ փոքր լուման ունենալ մեր հայրենիքի պաշտպանության համար:

 

ՆՈՐԱՆՈՐ _ Խնդրում եմ մանրամասնեք, թե որն է լինելու Ձեր առաքելությունը:

 

ԳԵՎՈՐԳ ԵԳԱՆՅԱՆ _ Հիմնադրամի դեսպանների առաքելությունն է նախ և առաջ տեղեկատվության տարածումը, քանզի շատ կարևոր է, որ Հիմնադրամի մասին տեղեկացված լինի ցանկացած հայ:

 

Փորձելու եմ հնարավորինս մոտ պահել Կանադայի հայ համայնքին Հիմնադրամի կատարած աշխատանքների և նոր ծրագրերի մասին, հավաքել կարծիքներ, մտահոգություններ և, իհարկե, դրանք փոխանցել Հիմնադրամի աշխատակիցներին: Քանի որ ավելի լավ ծանոթ եմ Կանադայի հայկական համայնքին, հիմնական գործունեությունս կծավալեմ այստեղ, սակայն դա ինձ չի կանգնեցի՝ հարկ եղած դեպքում այլ երկրներում նույնպես կատարել իմ կարևոր առաքելությունը:

 

Այսօր իմ առջև դրված նպատակն է ոչ միայն ասել, որ կա այսպիսի Հիմնադրամ, այլև ցույց տալ մարդանց, որ Հիմնադրամն իսկապես գործում է, ավելին, գործում է բացարձակ թափանցիկության, հաշվետվողականության և հրապարակայնության սկզբունքով:

 

ՆՈՐԱՆՈՐ _ Ձեր կարծիքով՝ որքանո՞վ է ծանոթ կանադահայ համայնքը Հայաստանում զինծառայողների վերականգնման հնարավորություններին, ընտանիքների վիճակին, և դրանից ելնելով՝ արդյո՞ք պատրաստ է իր լուման ներդնել այդ գործում:

 

ԳԵՎՈՐԳ ԵԳԱՆՅԱՆ _ Կարծում եմ, որ այսօր մեր համայնքն այդքան էլ ծանոթ չէ մեր բանակի խնդիրներին: Եթե անգամ ծանոթ է, ապա հեռվից և միջնորդավորված: Իմ՝ դեսպան դառնալու դրդապատճառներից մեկն էլ հենց կապող օղակ հանդիսանալն է Հիմնադրամի և մեր համայնքի մեջ, ստեղծել այդ վստահության կարևոր կապը, որը կարծես թե թուլացել է:

 

Ապրիլյան պատերազմից հետո մի շարք խնդիրներ առաջ եկան, որոնք սթափեցրեցին մեզ և Հիմնադրամի ստեղծման առաջնային նպատակներից մեկն էլ հենց մեր զինվորներին նախապես ապահովագրել է նման դեպքերից՝ ստեղծելով կայուն, հավասար, հասցեական հատուցումների մեխանիզմ:

 

Ավելին քան վստահ եմ, որ այն դեպքում, երբ ցանկացած հայ գիտակցի, որ իր ներդրած 1 լուման գնալու է և  հասնի մեր զինվորին, պատրաստ կլինի աջակցել և սատար կանգնել նման նախաձեռնություններին: Իսկ սա այդ դեպքն է, վստահեցնում եմ:

 

Որքան հայտնի է, այս հիմնադրամի ստեղծման շուրջ լուրջ տարաձայնություններ կային հասարակության շարքերում: Այդ հանգամանքը Ձեզ չի՞ մտահոգում, մտածում են, որ դա հարվածում է քաղաքացու գրպանին, միևնույն ժամանակ վստահ չեն, որ իրենց նվիրատվությունը նպատակին կծառայի:

 

Գիտեք, նախնական շրջանում ես նույնպես ունեի այդ մտավախությունը, այդ իսկ պատճառով սկսեցի ավելի մոտիկից ուսումնասիրել Հիմնադրամի գործունեությունը: Ինչպես ես, այնպես էլ ցանկացած անձ, ով հատկացնի մի փոքր ժամանակ և ուսումնասիրի Հիմնադրամի գործունեությունը՝ www.1000plus.am կայքի միջոցով, կհասկանա որ զուր են բոլոր մտավախությունները, որ այսօր ստեղծվել է մի համակարգ, որի միջոցով մենք վերջապես ունակ ենք հավասարապես կանգնել մեր զինվորի կողքին:

 

Այդ անվստահությունը պետք է մեզ չկոտրի կամ հեռու պահի մեր առջև դրած նպատակներից, հակառակը, պետք է ստիպի լինել ավելի պահանջատեր ու իրազեկված: Իհարկե, վստահությունը չես կարող պահանջել, ես այսօր վստահություն ունեմ և դեսպան եմ դարձել, որ փոխանցեմ իմ վստահությունը մեր համայնքին:

 

Կարող եք հենց այս պահին, մտնել հիմնադրամի կայք և կատարել 1 $ նվիրաբերություն կայքի միջոցով, մի քանի րոպե անց կտեսնեք, որ Ձեր նվիրաբերություն հայտնվեց «նվիրաբերություններ» բաժնում՝ Ձեր անուն ազգանունով և դարձավ հրապարակային: Ոչ մի երրորդ ձեռք չի կարող հասնել Ձեր նվիրաբերությանը, այն կօգտագործվի բացառապես Հիմնադրամի առջև դրված նպատակների համար:

 

Հիմնադրամի գործունեությունը բացարձակ թափանցիկ է և ես վստահ եմ, որ Հիմնադրամը կշարունակի ավելի մեծ թափով ու եռանդով աշխատել:

 

ՆՈՐԱՆՈՐԻնչպե՞ս եք փորձելու վստահություն ու հավատ ներշնչել հասարակության շրջանում այն բանից հետո, ինչ բացահայտվեց, օրինակ «Հայաստան» համահայկական հիմնադրամի հետ կապված:

 

ԳԵՎՈՐԳ ԵԳԱՆՅԱՆ _ Շնորհակալ եմ այս հարցի համար: Գիտե՞ք, ես ինքս մինչ այս փորձել եմ միայն դիտորդ լինեն նման նախաձեռնություններում, քանզի չեմ տեսել դրանց հասցեականությունն ու նպատակայնությունը: «Հայաստան» հիմնադրամի դեպքում նույնպես  շատ ցավալի դեպք գրանցվեց, որը թուլացրեց բոլորիս վստահությունը Հիմնադրամների գործունեության նկատմամբ: Սակայն եթե առաջնորդվենք սթափ բանականությամբ, կարող ենք ինքներս դատել՝ մուտք գործելով երկու հիմնադրամների պաշտոնական կայքէջերը: Հայաստան հիմնադրամի կյանքում ոչ մի տեղ չեք կարող գտնել օրինակ Ձեր կողմից կատարված որևէ նվիրաբերություն, տեսնել՝ ինչպե՞ս այն տնօրինվեց, ու՞ր հասավ: 1000plus.am կայքի միջոցով ոչ միայն կարող եք հետևել պարտադիր 1000 դրամների վճարմանը, այլև նվիարաբերությունները, կարող եք ծանոթանալ պարբերաբար թարմացվող հաշվետվություններին, որտեղ առավել քան մանրամասն կարող եք գտնել յուրաքանչյուր լումայի մասին տեղեկատվություն, կարող եք ծանոթանալ այն զինվորներին, որոնց այսօր Հիմնադրամը կատարում է հատուցումներ: Ասեմ ավելին, եթե այնուամենայնիվ չգտաք Ձեր հարցի պատասխանը, կարող եք ցանկացած տեղեկատվության պահանջով դիմել հիմնադրամին և Ձեզ կպատասխանեն շատ արագ և բովանդակային:

 

Ինչը շատ եմ կարևորում նաև այն է, որ Հիմնադրամը չի կատարում ադմինիստրատիվ ծախսեր, այսինքն` այն գումարները, որոնք հավաքագրվում են, ուղղվում են բացառապես մեր զինվորների բարօրությանը: Անգամ Հիմնադրամի պրոֆեսիոնալ աշխատանքային կազմն ու խորհուրդն աշխատում են հասարակային հիմունքներով՝ անվճար: Այսինքն` այսօր մի գաղափարի շուրջ հավաքվել են հասարակության տարբեր ներկայացուցիչներ և աշխատում են կամավորության սկզբունքով: Մի՞թե ոգևորիչ չէ:

 

Հպարտ եմ, որ ծառայել եմ Հայաստանի Հանրապետությանը։ Միայն կցանկանամ հավելել, որ ուրախ եմ, որ Հիմնադրամի տրամադրված գումարները օգնություն չեն զինվորին, այն հատուցումներ՝ վերջինիս կատարած սխրանքի համար: Հատուցում, որն արդար է և հավասար: Ցավով եմ նշում, որ մեկ ու կես տարվա գործունեության ընթացքում արդեն Հիմնադրամը կատարում է թվով 56 զինծառայողների գծով ապահովագրական հատուցումներ, որոնցից 41-ը զոհված զինծառայողների ընտանիքների, իսկ 15-ը հաշմանդամություն ունեցող զինծառայողների:

 

Նրանք Հիմնադրամի կողմից սկզբնական շրջանում ստանում եմ 5 000 000  – 10 000 000 ՀՀ դրամ  միանվագ հատուցում, իսկ դրանից հետո 20 տարվա կտրվածքով ստանում են 100,000 – 300,000 ՀՀ դրամ հատուցումներ՝ կախված իրենց զինվորական կոչումից և հատուցման դեպքից:

 

Ինձ մեջ մեծ հպարտություն է առաջացնում այն փաստը, որ Հիմնադրամի գործունեությամբ ձևավորվում է ազգային նոր մտածողություն՝ հիմնված հայրենիքի ու մեր զինվորի հանդեպ պատասխանատվության լիարժեք ընկալման վրա: Այսպիսով, փոխվել է նաև բանակին սատարելու մեխանիզմները, այժմ  ես, դուք ու բոլորս հնարավորություն ունենք մեր լուման ունենալ հայրենիքի պաշտպանության սուրբ գործում: