Home / Canadahye  / Կանադայի մասնակցությունը Հայաստանում ՀՄԸՄ 100-ամյակի միջոցառումներին ու կանադահայերի մեկենասությամբ ՀՄԸՄ առաջնորդ Վահան Չերազի արձանի տեղադրումը

Կանադայի մասնակցությունը Հայաստանում ՀՄԸՄ 100-ամյակի միջոցառումներին ու կանադահայերի մեկենասությամբ ՀՄԸՄ առաջնորդ Վահան Չերազի արձանի տեղադրումը

 

ՎԱՐԴՈՒՀԻ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

Մոնրեալ (Նորանոր) _ ՀՄԸՄ-ն ավարտեց հայրենիքում 100-ամյակի միջոցառումները, 10 օր շարունակ աշխարհի չորս կողմերից, 26 երկրներից ժամանած սփյուռքահայերը հայրենիքի բարիքները վայելեցին: Կանադան այս միջոցառումներին լավագույն ձևով ներկայացավ՝ ստանձնելով ու պատվով կատարելով որոշ նախաձեռնություններ:

 

Մոտ հարյուր կանադահայեր էին այս օրերին ժամանել Հայաստան, Մոսիկ Թոփուզյանը՝  Հոմենեթմենի Կանադայի մասնաճյուղի Կենտրոնական վարչության ատենապետը, ներկայացնելով յուրաքանչյուրի կարևորությունը՝ առանձնացնում է մի քանիսը:

 

ՄԵԾ ԻՐԱԳՈՐԾՈՒՄ

«Անցնող 10 օրերու ընթացքին բավական միջոցառումներ ունեցանք, ու բոլորն ալ մեծ հաջողությամբ պսակվեցան, անկախ ատկե, մենք սկաուտական բանակումը կկատերեինք Բյուրականի մեջ, 1200 սկաուտներ մասնակցեցին աշխարհի չորս ծագերեն, հինգ ցամաքամասերեն»,-նշում է Թոփուզյանը:

 

Տպավորիչ են բոլոր նախաձեռնությունները, սակայն նա առավել տպավորված է ՀՄԸՄ 100-ամյակի գլխավոր միջոցառմամբ, որն, ըստ նրա, լավագույն ձևով անցավ: Ասում է.

 

Երբ որ Հայաստանի հողի վրա կտոնենք 100-ամյակը, ադիկա արդեն մեծ իրագործում մըն է, և մեզի համար մեծ հաջողություն է

 

«Երբ որ Հայաստանի հողի վրա կտոնենք 100-ամյակը, ադիկա արդեն մեծ իրագործում մըն է, և մեզի համար մեծ հաջողություն է: Մանավանդ գլխավոր ձեռնարկը, որ Օպերայի մեջ տեղի ունեցավ, որուն ներկա էին ՀՀ վարչապետն ու ՀՀ նախագահը, ադ մեզ համար մեծ իրագործում էր և մեծ հաջողություն էր, և նաև մեծ թվով նախարարներ ու դեսպաններ ներկա էին այդ ձեռնարկին»:

 

 

ԿԱՆԱԴԱՅԻ ՊԱՏՎԱԲԵՐ ՁԵՌՆԱՐԿԸ

Կանադայի ներկայությունը ատենապետը բնութագրում է պատվաբեր՝ հատուկ շեշտելով այն ձեռնարկը, որի շնորհիվ գյումրեցիները հաճախ կհիշեն կանադահայ պատանիներին:

 

Կանադան բերավ իր մասնակցությունը Գյումրիի մեջ զետեղված Վահան Չերազի արձանի մեկենասությամբ

 

«Արդեն մեր 170 սկաուտներ կմասնակցին բանակումին, անկախ ատկե, Կանադան բերավ իր մասնակցությունը Գյումրիի մեջ զետեղված Վահան Չերազի արձանի մեկենասությամբ, այդ արձանի մեկենասությունը Կանադայի շրջանը ստանձնեց»,-կարևորում է Կանադայի շրջանային վարչության ատենապետը:

 

ՆԱԽԿԻՆ ԻՐԱՔԱՀԱՅԸ

«Դեպի Երկիր» կարգախոսը, որով առաջնորդվում են հոմենեթմենականները, երիտասարդներին, առավել ևս մեծահասակներին է ոգևորում: Ազնիվ Մխիթարյան-Զարացյանին Հայաստան ուղեկցել են հոմենեթմենական թոռնիկները: Ինքն էլ եղել է Հոմենեթմենի շարքերում, հպարտությամբ է պատմում.

 

Բաղդադ Հոմենեթմենի հիմնադիրներեն մեկն էի

 

«Ես Բաղդադ էի մասնակցած Հոմենթմենի մեջ, Բաղդադ Հոմենեթմենի հիմնադիրներեն մեկն էի, բայց երբ եկա Կանադա, չհետևեցա»:

 

2005թ-ից է նրա ընտանիքը տեղափոխվել Կանադա, 4-5 երկրներում են ապրել,բայց այդ հանգամանքը պատճառ չի եղել կորցնելու ինքնությունը, ընդհակառակը, տիկին Ազնիվը նաև զավակներին ու թոռներին է հայ մեծացրել, հետևաբար մտավախություն էլ չունի, թե նրանք կմոռանան իրենց արմատները:

 

Ես ըսած եմ իրենց, հայի հետ պիտի ամուսնանաք, հայ զավակ պիտի մեծցնեք

 

«Չէէէ,-հարցին արձագանքում է նա՝ ավելացնելով,-ես ըսած եմ իրենց, հայի հետ պիտի ամուսնանաք, հայ զավակ պիտի մեծցնեք: Հայերեն կխոսին, հայերեն կգրեն, հայերեն կկարդան, շաբաթօրյա կերթան, ամեն երգերն ալ ես կսորվցնեմ»:

 

Ոչ միայն ինքը, այլև թոռնիկներն են բազմիցս այցելել հայրենիք, բայց ապրել Հայաստանում հիմա նրանք չեն նախընտրում:

 

Երեխաները չեն ուզե գալ Հայաստան, ուսանող են, Ամերիկան մոտ է, չեն ուզե երթալ, կուզեն ուսանել

 

«Լավ է Կանադան, բայց հայրենիքը սիրողը կուզե ապրիլ հայրենիքում, այնտեղ երկրորդական հայրենիք է: Երեխաները չեն ուզե գալ Հայաստան, ուսանող են, Ամերիկան մոտ է, չեն ուզե երթալ, կուզեն ուսանել, ես կփորձեմ միշըտ խոսիմ այդ մասին, հայրենիքի մասին, բայց իրենց եմ թողել»,-պատմում է մոնրեակաբնակ իրաքահայը:

 

Եթե զավակներն ու թոռները կամենան, հնարավորություն լինի ու, ամենակարևորը, աստված կամենա, տիկին Ազնիվը կցանկանար ապրել Հայաստանում: Աշխարհի տարբեր կողմերում ապրելուց հետո երազանքն է հաստատվել Հայաստանում:

 

Քանի երկիր փոխած եմ՝ Բաղդադ, Վրաստան, Կանադա, Ամերիկա, հակածված ենք ամեն քաղաքներու մեջ, կուզենք հաստատվիլ Հայաստան, եթե աստված կուզե

 

«Աստված ընդունե, Հայաստան դառնամ, իմ հայրենի երկիրս, ես շատ կփափագիմ, իմ հայրենիքս է, քանի երկիր փոխած եմ՝ Բաղդադ, Վրաստան, Կանադա, Ամերիկա, հակածված ենք ամեն քաղաքներու մեջ, կուզենք հաստատվիլ Հայաստան, եթե աստված կուզե»: