Home / Canadahye  / Հայաստանում բացակայում է լավատեսությունը, իսկ «դժգոհությունը տունը կքանդե». նախկին պարսկահայ 88-ամյա Վրեժ Տեր-Պետրոսյան

Հայաստանում բացակայում է լավատեսությունը, իսկ «դժգոհությունը տունը կքանդե». նախկին պարսկահայ 88-ամյա Վրեժ Տեր-Պետրոսյան

 

Լոս-Անջելես (Նորանոր) _ Ավելի քան 10 տարի առաջ էր, հիշում է ամերիակահայ Վրեժ Տեր-Պետրոսյանը, մոտ 40 սփյուռքահայերով որոշեցին հանգանակություն կազմակերպել հայ ընտանիքներին օգնելու համար: Տպավորությունները, որ ստացել էին հայկական գյուղական տներից, տխուր հետք էր թողել, ու հետևանքը եղավ նման նախաձեռնությունը:

 

Առաջին գյուղը գնացինք, մի պստիկ տնակի մեջ 4 երեխաներ էին ապրում: Տուն չունեին, նրանց համար տուն սարքեցի

 

«Բարեկամներով, ընկերներով 40 հոգի հավաքեցինք, վարչություն ընտրեցինք, որ սկսենք ամսավճար տալ, հորեղբայրս քահանայապետ էր, մեռավ, շատ փող հավցաքեցի, 10 հզր, բերեցինք իր նվիրատվությունը, առաջին գյուղը գնացինք, մի պստիկ տնակի մեջ 4 երեխաներ էին ապրում: Տուն չունեին, նրանց համար տուն սարքեցի»,-պատմում է Վրեժ Տեր-Պետրոսյանը:

 

ՈՉԻՆՉ ՉԻ ՓՈԽՎԵԼ

Նման ձեռնարկներ էլի ունեցան, գյուղական տների, եկեղեցու գմբեթի նորոգություններ, օգնություն դպրոցներին և այլն: Անցել են տարիներ: Հաճախ է 88-ամյա Վրեժ Տեր-Պետրոսյանն այցելել Հայաստան, գրեթե ոչինչ չի փոխվել երկրում իր տեսած Հայաստանից:

 

Շատ են աղքատները, ցեխից տները, ինչի պիտի մեր ազգն ապրի այդպիսի տներում, ծերերը ատամ չունեն

 

«10 անգամ եկել եմ Հայաստան, բայց էլի դեռ այսօրվա գյուղերը շատ են աղքատները, ցեխից տները, ինչի պիտի մեր ազգն ապրի այդպիսի տներում, ծերերը ատամ չունեն, բժիշկ չունեն, սա դժբախտություն է»,-մտահոգ է նախկին պարսկահայը:

 

Վրեժ Տեր-Պետրոսյանը Հայաստան է այցելել ՀՄԸՄ 100-ամյակի շրջանակներում: Նա ավելի քան 30 տարի Իրանում, իսկ վերջին տասնամյակներին ԱՄՆ-ում է զբաղվել հայ սկաուտների դաստիակարությամբ, եղել է ուսուցիչ, սկաուտապետ, արժանացել մի շարք պարգևների իր տարիների վաստակի համար:

 

ՍԿԱՈՒՏՈՒԹՅԱՆ 4 ՓԱՅՏԵՐՆ ՈՒ ՊԱՐՍԻՑ ՇԱՀԻ ՄԵԴԱԼԸ

Դրանցից յուրաքանչյուրը նրա հպարտության առարկն է: Հոմենեթմենից ստացած 4 փայտերը վկայում են նրա երկարատև ծառայության մասին: Պատմում է. ««Արարատ»-ի անդամ էինք, խմբապետական դասավադման գործ սկսեցինք անել, երկու փայտ ունի խմբապետականը, իսկ որ արդեն մի այլ աստիճանի է հասնում, երեք փայտ են տալիս, որից հետո էն մարդն էր չորս փայտ ստանում, որ 25 տարուց ավելի փորձ ուներ ու ծառայած լիներ երկրին: Դրա համար եմ այս 4 փայտը ստացել»,-պատմում է գլենդելաբնակ հայը:

 

Սա դեռ ամենը չէ: Նրա համար ոգևորության ամենամեծ աղբյուրը պարսից Մուհամադ Ռեզե-շահ Փահլավի թագավորի կողմից ստացած շքանշանն է: Իրանի սկաուտական միության հիմնադիրների շարքում էր նաև Վրեժ Տեր-Ղազարյանը, երբևէ չի զլացել իր փորձն ու գիտելիքները փոխանցել երիտասարդներին, արդյունքում թագավորը նրան պարգևի է արժանացրել: Հիշում է.

 

Թագավոր-թագուհին նստում, անուններս կարդում և մեդալ էին տալիս, այս մեկն իր ձեռքից եմ ստացել

 

 

«Սա Պարսկաստամի շահն է տվել, ես իր զինվորության անդամ էի, որ ամբողջ զինվորությունը մասնակցում էինք: Շաբաթը 500 հոգու սկաուտություն էինք սովորեցնում, ներկայացրին թագավորին: 18-20 մարզիկ ներկայանում էին պալատ, թագավոր-թագուհին նստում, անուններս կարդում և մեդալ էին տալիս, այս մեկն իր ձեռքից եմ ստացել»:

 

ՇԱՐՔԵՐԸ ՆՈՍՐԱՆՈՒՄ ԵՆ

Սկաուտությունը Իրանում շատ ավելի մեծ հետաքրքրություն ուներ, քան ԱՄՆ-ում, համոզված է երկարամյա սկաուտապետը: 2 խումբ է ղեկավարել այնտեղ՝ 400-500-ական անդամներով, ի տարբերություն ԱՄՆ-ի, որտեղ հազիվ էին պատանիները միանում:

 

Երեխաներն  էնքան զբաղմունքներ ունին, էնքան նորություններ կան, որ սկաուտությանը շատ քչերը կմասնակցեին

 

«Գլենդելի բաժինը մեզի սենյակ տվեց, սկաուտական ամեն ինչ կար, բայց երեխաներն  էնքան զբաղմունքներ ունին, էնքան նորություններ կան, որ սկաուտությանը շատ քչերը կմասնակցեին: 4-500 սկաուտ ունեմ այստեղ, բայց Թեհրանում կրկնակին էր, դրա համար դժվար էր Ամեռրիկայում երեխաներ հավաքել, պահել»,-նշում է խմբապետը:

 

Իսկ սա մեծ խնդիր է համարում հայ սերնդի համար: Սկաուտությունը պարտադրանք չէ, բայց սա մի կոչում է, որն առանձնացնում է ցանկացածին շրջապատից, սրանում համոզվել է Տեր-Պետրոսյանն իր տարիների որձով:

 

Այն տան մեջ, ուր մե հատ էլ սկաուտ կա, էդ տունը մե ձևի սիստեմ կա, շնորհք կա, ուրախություն կա, ճիշտ գործեր կան

 

«Սայաթ-Նովան ասում է՝ եթե ես չլինեմ, ծովից ավազ չի պակասի, նույնն էլ մերն է, բայց այն տան մեջ, ուր մե հատ էլ սկաուտ կա, էդ տունը մե ձևի սիստեմ կա, շնորհք կա, ուրախություն կա, ճիշտ գործեր կան: Ես օրինակ իմ ազգի մեջ հայտնի եմ եղել նրանով, որ չեմ ծխել, երբեք, որովհետև սկաուտը չի ծխում, շատ տեղեկացված եմ եղել, աշխարհ ման եմ եկել, եկել պատմել եմ, երեխաներն էլ շնորհքով հագնված գալիս են, երևում է, որ այդ տան մեջ սկաուտ կա, սկաուտը ջոկվում է մյուսներից»,-ասում է ուսուցիչը:

 

ՔՈԹԱԿՆԵՐ ԵՄ ԿԵՐԵԼ

Վրեժ Տեր-Պետրոսյանը իր կյանքի ընթացքում շատերին է այս ճիշտ ճանապարհը ցույց տվել, հիմա անկեղծանում է, «մեծ մարդ եմ, էլ երազանքներ չունեմ, ուրախ եմ, որ Հայաստանը ազատ ու անկախ է», դրա համար ինքն էլ է ժամանակին իր լուման ներդրել: Ասում է.

 

Ժամանակին ես էնքան քոթակներ եմ կերել, երբ Հայաստանի դրոշը թաքուն տանում տեղադրում էինք Պարսկաստանում ուրիշների դրոշների կողքին

 

«Ժամանակին ես էնքան քոթակներ եմ կերել, երբ Հայաստանի դրոշը թաքուն տանում տեղադրում էինք Պարսկաստանում ուրիշների դրոշների կողքին: Շատ նեղություններ են ընկել մեզի, հայկական դրոշը շատ եմ սիրում: Մե անգամ էլ, 40-45 տարի առաջ էր, Պարսկաստանի համայնքներից մեկում միջոցառումներ էին անցկացնում, դրոշներից մեկը բացակայում էր, պարսիկ ընկեր ունեմ, ասաց ՝ հայկական դրոշակը բարձրացնենք, ամեն օր տանում, թաքուն հայկական դրոշը բարձրացնում էինք, երդում էին ուտում, հետո իջեցնում էինք»:

 

Հիմա արդեն Հայաստանում, ըստ նրա, անկախությունը պահելու, ամրապնդելու ու դրա բարիքները վայելելու համար պակասում է լավատեսությունը, ամենուր դժգոհության է հանդիպում, ասում է. «Էդ դժգոհությունը տունը կքանդե»: Ցավով է նշում, որ տուն քանդող հանգամանքներից մեկն էլ կարիքավորներին օգնության չհասնելն է: