Home / Canadahye  / Իրագործելին ու անհնարինը հետհեղափոխական Հայաստանում. Հարութ Սասունյանը՝ ՀՀ արդարադատության, արտաքին քաղաքականության ու սփյուռքի մասին

Իրագործելին ու անհնարինը հետհեղափոխական Հայաստանում. Հարութ Սասունյանը՝ ՀՀ արդարադատության, արտաքին քաղաքականության ու սփյուռքի մասին

 

ՎԱՐԴՈՒՀԻ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

Գլենդել (Նորանոր) _ Ամերիկահայ գրող, հասարակական գործիչ, «Կալիֆորնիա կուրիեր» թերթի խմբագիր Հարութ Սասունյանը մտավախություն ունի, որ Հայաստանում Թավշյա հեղափոխությունից հետո կարող է հիասթափություն տիրել: Մտահոգության պատճառը ոչ թե երկրի նոր իշխանության սխալ քաղաքականությունը, այլ հասարակության անհամբեր վերաբերմունքն ու սպասումներն են դրական փոփոխությունների նկատմամբ:

 

Այնպիսի հայտարարություններ արել են, որ ժողովուրդին հույս է տալիս, որ այդ փոփոխությունները կարող են շատ արագ անել, ինչը որ լավ չի, շատ անիրատես է

 

«Այսքան տարի ժողովուրդը տառապել է անարդար իրավիճակում, և սպասում են, որ մեկ օր առաջ ամեն ինչ փոխվի, այդ խանդավառությունը խանգարում է: Մյուս կողմից էլ թե՛ վարչապետը, թե՛ որոշ պաշտոնյաներ այնպիսի հայտարարություններ արել են, որ ժողովուրդին հույս է տալիս, որ այդ փոփոխությունները կարող են շատ արագ անել, ինչը որ լավ չի, շատ անիրատես է»,-ասում է Հարութ Սասունյանը:

 

Noranor.ca կայքին տված հարցազրույցում նա խոսում է Հայաստանի նոր իրավիճակի մասին, նոր բացահայտումների ուղղությամբ իրավական համակարգից սպասումների, ինչպես նաև արտաքին քաղաքական զարգացումների ու սպասվող վտանգների մասին:

 

ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆ ՄԵԿ ԳԻՇԵՐՎԱ ՄԵՋ

Սասունյանը վստահ է, որ Հայաստանում նմանատիպ փոփոխություններ կատարելու պահը վաղուց էր հասունացել, ապօրինություններն ու չարաշահումներն օր առաջ մաքրելու անհրաժեշտություն կար, սակայն պետք է զգույշ լինել հասարակության ոգևորությունը չկոտրելու ու հիասթափություն չպատճառելու համար, հակառակ դեպքում դա կազդի ժողովրդի հոգեբանության վրա:

 

Հարկավոր է, որ օրենքի առաջ բոլորին հավասար ձևով վերաբերվին

 

Ոչ թե անձանցով, այլ գործողություններով է ամերիկահայ գործիչը գնահատում իրավիճակը: «Հարցն այստեղ ոչ թե անձերի, այլ արդարության ու իրավասության մասին է, որ ոչ մի քաղաքական որոշում առնելու չէ այս հարցերով, հարկավոր է, որ օրենքի առաջ բոլորին հավասար ձևով վերաբերվին»,-այսպես է արտահայտվում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ձերբակալության մասին՝ հավելելով, որ օրենք խախտած քաղաքացին, անկախ իր դիրքից, կուսակցական պատկանելությունից կամ հնարավորություններից, պետք է հավասարապես պատասխանատվության ենթարկվի:

 

Քիչ մը անիրատես է, որ դատարանները, որ այսքան տարի անարդար էին, մեկ գիշերվա մեջ արդար լինեն

 

Այլ հարց է, թե որքանով դատական համակարգն ի վիճակի կլինի զուտ իրավաբանորեն լուծել խնդիրը՝ զերծ մնալով քաղաքական ազդեցություններից: «Քիչ մը անիրատես է, որ դատարանները, որ այսքան տարի անարդար էին, մեկ գիշերվա մեջ արդար լինեն ու ամեն ինչ ճիշտ որոշում տան»,-անկեղծ գնահատական է տալիս ամերիկահայ գրողը:

 

Այստեղ մնում է հույս դնել վարչապետ Փաշինյանի այն հավաստիացումների վրա, որ որևէ կերպ չի միջամտելու դատակարն գործընթացներին:

 

ՊՐՈՀԱՅԿԱԿԱՆ ԼԻՆԵՆՔ

Նույնպիսի վերաբերմունք չպետք է ակնկալել վարչապետից արտաքին քաղաքականության հարցում: Այստեղ ոչ թե հարկավոր է չմիջամտել, այլ չափազանց զգույշ ու նուրբ քաղաքականություն տանել, վստահ է քաղաքական մեկնաբանը:

 

Շատ ավելի դժվար է, երբ կոնկրետ հարցեր կան սեղանի վրա, և շահերի բախում կա Արևմուտքի և Ռուսաստանի միջև

 

«Չենք կարող որևէ ձևով ոչ հակառուս լինել, ոչ էլ հակաարևմտամետ, մենք պետք է պրոհայկական լինենք, դա իմ կարծիքով ճիշտ քայլն է: Լոզունգներ ասելը շատ հեշտ է, շատ ավելի դժվար է, երբ կոնկրետ հարցեր կան սեղանի վրա, և շահերի բախում կա Արևմուտքի և Ռուսաստանի միջև: Ոնց պիտի կողմնորոշվել, որպեսզի ոչ մեկին չնեղացնենք, դա լուրջ հարց է, որի մասին պետք է ամեն օր մտածել, և ճիշտ որոշումներ առնել, գործածելը շատ ավելի դժվար»,-կարծում է «Կալիֆորնիա կուրիեր» թերթի խմբագիրը:

 

Այս որոշումների ընթացքում Արցախի անվտանգության հարցը չպետք է թուլացնի Հայաստանի հարաբերությունները Արևմուտքի հետ: Ասում է. «Պետք է շատ նուրբ ձևով նավարկել այս բոլոր հարցերը, աշխարհը հարափոփոխ է, ու ամեն օր կարող ենք նոր հարցերի դիմաց կանգնել, և շատ լուրջ և որոշ ժամանակ վտանգավոր որոշումներ պետք է առնվին»:

 

ՀԱԿԱԶԴԵԼ ԱԶԵՐԻ ՍՓՅՈՒՌՔԻՆ

Իսկ Արցախի հարցում դիրքերը պահպանելու համար կոնկրետ շարունակական անելիք ունի ոչ միայն Հայաստանի նոր իշխանությունը, այլև սփյուռքը, կարծում է ամերիկահայ գործիչը: Խնդիրն այն է, որ Ադրբեջանը ջանք չի խնայում ոչ միայն սեփական սփյուռքը ստեղծելու աշխարհով մեկ, այլև հզոր լոբբիստական գործիքներ օգտագործելու ընդդեմ Հայաստանի, հետևաբար եթե հայկական կողմը պահը բաց թողնի, հետագայում կարող է անհնար լինի վերադարձնել կորուստը:

 

Անընդհատ պետք է պայքարենք, որ ազերի սփյուռքը չհզորանա

 

«Հայկական հզոր սփյուռքը տարբեր երկրներում քաղաքական հարցերով զբաղվում է, այդ գործը մենք բավական հաջող անում ենք: Ադրբեջանը, որ կայուն ու հաստատված համայնք չունի սփյուռքում, պետությունն իր դոլարներով, փողերով փորձում է այդ համայնքները ֆինանսավորել, կազմակերպել, վարձում են բավական թանկ լոբբիստական օտար կազմակերպություններ, որ անեն աշխատանք, որ իրենց համայնքը չի կարող անել: Անընդհատ պետք է պայքարենք, որ ազերի սփյուռքը չհզորանա, և կարողանանք դիմադրել իրենց աշխատանքներին ու ծրագրերին»,-ներկայացնում է ամեն օր նման իրավիճակների ականատես սփյուռքահայը, ով մտահոգ է նման քայլերի հետևանքներով:

 

Որքանո՞վ են վտանգավոր Ադրբեջանի այդ քայլերը, և արդյո՞ք կարող է ազդել, որ Ադրբեջանին հաջողվի հայկական տարածքները ներկայացնել որպես գրավյալ, ինչն էլ ճնշող հանգամանք հանդիասանա Հայաստանի նկատմամբ, Սասունյանն այս մտավախությունը ունի, ասում է. «Հարատև պայքար է պետք, որովհետև եթե լուռ նստես, գործ չանես, թողնես դաշտը ազերիական խումբի, կարող է կորցնես: Միշտ պիտի հակադարձես իրենց քայլերին, չես կարող անտեսել, որ ժամանակի ընթացքում իրենց աշխատանքների արդյունքը կուտակվի, և այդ դեպքում շատ դժվար կլինի հակազդել»: