Home / Canadahye  / «Բալետ 2021» հիմնադրամի նախաձեռնությամբ կվերանորոգվի Գյումրու Սևյանի ակումբը, որի ճարտարապետը կանադահայ Ազատ Շիշմանյանն է

«Բալետ 2021» հիմնադրամի նախաձեռնությամբ կվերանորոգվի Գյումրու Սևյանի ակումբը, որի ճարտարապետը կանադահայ Ազատ Շիշմանյանն է

 

Երևան (Նորանոր) _ Մոտ ապագայում Գյումրու պատմական կառույցներից մեկը` երկաթուղայինների մշակութային պալատի շենքը՝ նույն Սևյանի ակումբը, կվերականգնվի և կհյուրընկալի նոր նախաձեռնության՝ «Խառատյան փորձարարական արվեստի կենտրոն» ծրագիրը: Այն կհանդիսանա կատարողական արվեստի ժամանակակից բազմաֆունկցիոնալ կենտրոն` պարի նոր և միջառարկայական մոտեցմամբ և կդառնա  բարձր մշակույթի կենտրոն:

 

«Խառատյան փորձարարական արվեստի կենտրոն, Գյումրի» ծրագիրը նախաձեռնել է «Բալետ 2021» հիմնադրամը, որի առաքելություններից է մասնակցել Հայաստանի զարգացմանը` սկսելով իր մեծությամբ երկրորդ քաղաքից: Ծրագիրն իրականացվում է ՀԲԸՄ Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող ՔՀ «Կամուրջ» ծրագրի շրջանակներում ԵՄ դրամաշնորհի միջոցով։

 

Շենքը գտնվում է Գյումրու երկաթուղային կայարանի հարևանությամբ։  Այդ տարածքը նախկինում բանուկ վայր էր, սակայն 1988-ի երկրաշարժից հետո թաղամասը մնաց լքված։ Ծրագիրը  կպահպանի շենքի կանգուն մնացած ու պատմամշակութային արժեք ներկայացնող հատվածները՝ ճակատմասը և «Սասունցիների պարը» խճանկարը, որի հեղինակն է վաստակավոր նկարիչ Ֆերդինանդ Մանուկյանը:

 

Խոսելով տարածքի մասին՝ Շիշմանյանն ասել է. «Այս շենքի պարագայում հետաքրքիրն այն է, որ մենք խոսում ենք մի վայրի մասին, որտեղ ձգողականությունը ժամանակին այնպիսի ավերիչ ուժ է եղել, որտեղ երկրաշարժը հանգեցրել է սարսափի և մարդկային կորուստների: Այժմ նույն այդ տարածքում՝ այդ նույն պատերի ներսում, եթե մենք ամեն բան ճիշտ անենք, այս շենքը, բառացիորեն, կճախրի և նոր շունչ կստանա: Միևնույն ժամանակ  մարդիկ, որոնք կօգտվեն շենքից, իրենք էլ կաճեն թե ֆիզիկապես և թե հոգեպես։

Պարն ունի հենց այդպիսի կոչում: Մենք ուզում ենք հեգնել ձգողականությունը»։