Home / Armenia  / Մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը հայտարարում է, որ այլևս փակ դռներ չեն լինելու սփյուռքի արվեստագետների առջև

Մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը հայտարարում է, որ այլևս փակ դռներ չեն լինելու սփյուռքի արվեստագետների առջև

 

ՎԱՐԴՈՒՀԻ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

Երևան (Նորանոր) _ Նոր Հայաստանի մշակութային քաղաքականությունում առանձնացվել են մի քանի գերակա ուղղություններ, դրանք են. մարզային մշակութային կյանքի ակտիվացումը, հուշարձանների վերականգնողական աշխատանքները և մենեջմենթի հետ կապված, մասնավորապես թատրոնի ոլորտում բարեփոխումների իրականացումը:

 

Նախարարության ուղղություններում բացակայում է սփյուռքի հետ ծրագրերը, սակայն սա չի նշանակում, որ նշված գերակա ուղղությունների իրականացման գործում  սփյուռքը չի կարող ներգրավված լինել: Noranor.ca-ի հետ զրույցում ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցն անդրադարձել է համագործակցության հնարավորություններին, խոսել այն խոչընդոտների մասին, որոնք նախկինում խանգարել են սփյուռքահայ արվեստի ու մշակույթի գործիչներին ծրագրեր իրականացնել հայրենիքում:

 

ԽՏՐԱԿԱՆ, ԿԱՄԱՅԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄ

Լիլիթ Մակունցը երկու-երեք ամիսների ընթացքում հանդիպումներ է ունեցել բազմաթիվ սփյուռքահայ մշակութային գործիչների հետ ինչպես սփյուռքում, այնպես էլ Հայաստանում: Դրանցից մոտավոր պատկերացում է կազմել, թե նախկինում ինչպիսի հնարավորություններ են տրվել սփյուռքահայ գորևծիչներին:

 

Ինչպես Հայաստանի ներսում, այնպես էլ սփյուռքի մշակութային գործիչների նկատմամբ եղել է խտրական մոտեցում, կամայական և մեկ անձի ցանկություններով պայմանավորված

 

«Այն, ինչ պատմել են ինձ մեր սփյուռքի գործիչները, այն է եղել, որ խնդիրներ են առաջացել, որովհետև եղել են նախապատվություններ, թե կոնկրետ որ գործիչները կուզեին հանդես գային: Ինչպես Հայաստանի ներսում, այնպես էլ սփյուռքի մշակութային գործիչների նկատմամբ եղել է խտրական մոտեցում, կամայական և մեկ անձի ցանկություններով պայմանավորված: Այս պարագայում մեր շեշտադրումն արվում է նախագծերի վրա, և կապ չունի, թե ով է այն անում, եթե այն մտնում է մեր գերակա ուղղությունների շրջանակում, պատրաստ ենք միանշանակ աջակցել»,-ներկայացնում է Մակունցը:

 

ՓԱԿ ԴՌՆԵՐ ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՆ

Գերակա չհամարվող, սակայն կարևոր ծրագրերին ևս աջակցություն ցուցաբերվելու է, իսկ համագործակցության համար, վստահեցնում է, սփյուռքահայ գործիչներն այլև արհեստական խոչընդոտների չեն բախվի: Հայտարարում է.

 

Որևէ խնդիր և խոչընդոտ լինել չի կարող, և ես առաջին հերթին դրա երաշխավորն եմ

 

«Պետք է առաջին հերթին դուռը բաց թողնել, նախկինում ինձ հնչեցրեցին, որ այդ դռները փակ են եղել: Ես հիմա պաշտոնապես հայտարարում եմ, որ փակ դռներ գոյություն չունեն, և սփյուռքի այն արվեստի գործիչները, ովքեր ունեն ծրագրեր ու նախաձեռնություններ, որևէ խնդիր և խոչընդոտ լինել չի կարող, և ես առաջին հերթին դրա երաշխավորն եմ: Նախագծերին կսպասենք»:

 

Այժմ կոնկրետ սփյուռքի հետ ծրագրեր չկան, սակայն կոչ են արել սփյուռքի գործիչներին ներգրավվել այն ծրագրերում, որ այժմ իրականացնում են, նպաստել մարզերում մշակույթի ակտիվացմանը:

 

Այն ծրագրերը, որոնք միջազգային հնչեղություն ունեն և միջազգային մակարդակով մասնակցություն են պահանջում, փորձում ենք ներգրավել

 

«Վերջին այցելության ժամանակ Միացյալ նահագներ մենք փորձեցինք հասկանալ, թե ինչպես կարող ենք կամրջել Հայաստանի և Հայաստանից դուրս մշակութային գործիչներին, ու փորձել ենք հնարավորինս պարզաբանել, որ մենք բաց ենք բոլոր առաջարկների համար, ու լիահույս ենք, որ նաև հակառակ կողմից առաջարկները կհնչեն: Այն ծրագրերը, որոնք միջազգային հնչեղություն ունեն և միջազգային մակարդակով մասնակցություն են պահանջում, փորձում ենք ներգրավել ոչ միայն Հայաստանում ապրող հայերին, այլև սփյուռքում գործող մշակութային գործիչներին, արվեստաբաններին»,-նշում է մշակույթի նախարարը:

 

«ՄՇԱԿՈՒՅԹԻ ԲԱՐԵԿԱՄՆԵՐ»

Ոչ միայ գաղափարապես, այլև ֆինանսական ներդրումներով կարող է սփյուռքը աջակից լինել կապերի ամրապնդմանն ու մշակույթի զարգացմանը մարզերում: Այդ նպատակով նախարարությունը ստեղծում է «Մշակույթի բարեկամներ» ֆոնդը: Մանրամասնում է.

 

Յուրաքանչյուրը, որ ներդրում է անում, կտեսնի, թե իր գումարը ինչ մեխանիզմով և որտեղ է ծախսվում, ինչպես է ծառայում նպատակին

 

«Ֆոնդը տարվա կտրվածքով կունենա գերակա ուղղություն, կհայտարարենք, որ այս պահին մենք դրամահավաք ենք անցացնում, այսինչ ուղղություններով: Ովքեր կցանկանան կոնկրետ նպաստն ունենալ ուղղություններից որևէ մեկում, դա էլ կօգնի, որ ստեղծենք բոլոր մեխանիզմները բաց և թափանցիկ գործելու համար, և յուրաքանչյուրը, որ ներդրում է անում, կտեսնի, թե իր գումարը ինչ մեխանիզմով և որտեղ է ծախսվում, ինչպես է ծառայում նպատակին»: