Home / Armenia  / Տորոնտոյի Յորքի համալսարան ընդունված Մերի Սարգսյանը կկարողանա իրականացնել երազանքն ու դառնալ մեծ աստղագետ, եթե հավաքագրվի ուսման համար անհրաժեշտ 20 000 դոլարը

Տորոնտոյի Յորքի համալսարան ընդունված Մերի Սարգսյանը կկարողանա իրականացնել երազանքն ու դառնալ մեծ աստղագետ, եթե հավաքագրվի ուսման համար անհրաժեշտ 20 000 դոլարը

 

ՎԱՐԴՈՒՀԻ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

Երևան (Նորանոր) _ Ժյուլ Վեռնի «Խորհրդավոր կղզի»-ն Մերի Սարգսյանի համար եղավ ուղեցույց գիտությունն ընտրելու ճանապարհին, այստեղից բացվեցին նրա առջև գիտության դռները:

 

«Լուսինը երկրի շուրջ պտտվում է էլիպսաձև, չէ՞, մի կետ կա, որ ինքը շատ մոտ է լինում երկրին ու մեծացած է երևում, երբ որ ասացին ինձ այդ մասին, սկսեցի հարցեր տալ, գրադարան էի գնում, մնում էի մի քանի ժամ, գրքերն էի նայում տիեզերքի մասին, այդպես սկսվեց»,-Noranor.ca-ին պատմում է Մերին՝ Տորոնտոյի Յորքի համալսարանի ապագա ուսանողուհին:

 

Մերի Սարգսյանը, որ ծնվել ու 12 տարի ապրել է Հայաստանում, հետագայում ընտանիքի հետ տեղափոխվել է Շվեդիա, իսկ մեկ տարի առաջ՝ Մոսկվա: Աստղագիտության ճանապարհն ընտրած աղջիկը, ով տարբեր դպրոցներում, բայց միևնույն ձգտումներով է սովորել՝ բաց չթողնելով կրթության ոչ մի հնարավորություն, երազում է ուսումը շարունակել Կանադայում: Նա ընդունվել է Յորքի համալսարան, բայց սեպտեմբերին բուհ հաճախելու հնարավորություն կունենա միայն այն դեպքում, երբ կունենա մեկ տարվա ուսման վարձը:

 

20 000 ԿԱՆԱԴԱԿԱՆ ԴՈԼԱՐ

Այդ նպատակով gofundme.com համակարգի միջոցով Մերին դիմել է բոլոր այն մարդկանց, ովքեր հնարավորություն ունեն օգնելու աղջկան իրականացնել երազանքը: Անհրաժեշտ 24 000 կանադական դոլարից առայժմ եղել է մոտ 380 դոլարի նվիրատվություն, ևս 4000 դոլար կարողացել է ձեռք բերել Գյուլբենկյան հիմնադրամից, մնացած գումարի հավաքագրման համար միայն 1 ամիս ժամանակ ունի:

 

Հույսով եմ՝ կկարողանամ մարդկությանը վերադարձնել դա

 

«Ես երախտապարտ եմ այդ մարդկանց, ովքեր օգնել են, պարտավոր չեն անել, բայց անում են իրենց բարությունից, մեծահոգությունից: Ես հույս ունեմ, որ մի օր կկարողանամ գտնվել կյանքի այն փուլում, երբ ինքս կկարողանամ համալսարան ընդունվողներին օգնել: Ես հիմա փորձում եմ գրել տարբեր մարդկանց, մի ամիս ժամանակ է մնացել, ու վախենալու է, որ օրերը կրճատվում են: Էլի դիմելու եմ կրթաթոշակներին, որոշները կան, որ պետք է մի տարի սովորած լինես, նոր դիմես, դրա համար պետք է մի քիչ օգնեն, հետո ինքս կկարողանամ առաջ գնալ, ու հույսով եմ՝ կկարողանամ մարդկությանը վերադարձնել դա»,-ասում է ապագա ուսանողուհին:

 

ՀԱՆՈՒՆ ՊՐՈԳՐԵՍԻ ԶԳԱՑՈՂՈՒԹՅԱՆ

Ժպիտը դեմքին, հավատով ու էներգիայով, գիտության շերտերը բացահայտելու անսպառ ձգտումով լի այս աղջիկը դեռ միայն դպրոցն է ավարտել՝ տեղափոխվելով երկրից երկիր, բայց արդեն կարողանում է սովորեցնել, փոխանցել իր պրպտած ու բացահայտած տիեզերքից ինչ-որ բան՝ ինքն էլ շարունակաբար ինքնակրթվելով, բաց չթողնելով սովորելու ոչ մի հնարավորություն:

 

Այդ պրոգրեսի զգացողությունը այն է, ինչի համար ես կարողանում եմ ապրել

 

«Իմ երազանքն  է գիտնական դառնալն ու մի բան բացահայտել տիեզերքում, ես ապրում եմ գիտե՞ք ինչի համար, հանուն այդ զգացողության, որ ես պրոգրես եմ ապրում: Թեկուզ կիթառ նվագելը, երբ ավելի լավ եմ նվագում, երբ ֆիզիկան ավելի լավ եմ հասկանում, այդ պրոգրեսի զգացողությունը այն է, ինչի համար ես կարողանում եմ ապրել»,-ասում է 19-ամյա աղջիկը:

 

Ռմբակոծում եմ դասատուներին հարցերով

 

Դեռ մանկուց, ականջալուր լինելով մայրիկի հորդորներին, օգտվել ընձեռված հնարավորությունից, հարցնել, երբ որևէ բան չի հասկանում, ասում է. «Ռմբակոծում եմ դասատուներին հարցերով, եթե մի բան չեմ հասկանում, անպայման գրում եմ հարցը, հետո տալիս եմ դասատուին այնքան, մինչև հասկանամ: Սա իմ տեխնիկան է, շատ օգնել է ինձ: Ու իմ սիրած ֆիզիկոսն է այս ստրատեգիայով զբաղվել: Երբ որ նոր թեմա եմ իմանում, վերցնում եմ թեման, սկսում բացատրել, եթե լավ չեմ կարողանում, նշանակում է՝ լավ չեմ հասկացել, հետաքրքրվում եմ այնքան, մինչև հասկանամ»:

 

ԱՅԼ ԵՐԿԻՐ, ԱՅԼ ՄԱՐԴԻԿ, ԱՅԼ ԿՈՒԼՏՈՒՐԱ

Այս եղանակով կարողացել է իր ապրած երկրների կրթական համակարգերից վերցնել առավելագույնը, Շվեդիան գրավել է նրանով, որ այստեղ փաստեր ու թվեր սովորեցնելու փոխարեն օգնել են մտածել, հասկանալ, Մոսկվայում լայն հնարավորություններ է ունեցել գիտնականների հետ շփվելու, մասնակցելու տարբեր դասախոսությունների, գիտական հանդիպումների, փառատոնների ու մրցույթների, իսկ Հայաստանում նրա համար հյուրընկալ տուն է եղել Բյուրականն իր աստղադիտարանով: Պատմում է.

 

«2017թ-ին եկել էի Հայաստան ու որպես ամառային դպրոց՝ գնացի Բյուրական, առաջ եղել էի, բայց այդ ձևով չէ, հիմա աստղադիտարանի տնօրենը՝ պարոն Արեգ Միքայելյանը դիմավորեց, ցույց տվեց, շատ հյուրընկալ էին, ու ինձ, իհարկե, ասում էին՝ արի՛ Հայաստանում սովորի, Բյուրականում կաշխատես, բայց ես ուզում եմ արտասահմանում սովորել… Այլ երկիր, այլ մարդիկ, այլ կուլտուրա»:

 

Այլ երկրի ընտրությունը կանգ առավ Կանադայի վրա, թեև միաժամանակ ընդունվել էր նաև ԱՄՆ-ի համալսարան, սակայն Կանադան նախ՝ ավելի մատչելի էր, երկրորդ՝ մորաքույրն այստեղ է ապրում, ով իրեն սեր ու ջերմություն կտա՝ ծնողներից հեռու գտնված ժամանակ:

 

Դասախոսներ կան, որ զբաղվում են փոփոխական աստղերով, իսկ ինձ շատ դուր եկավ այդ ոլորտը

 

«Տորոնտոյում մի քանի համալսարաններ ունեն, ինչո՞ւ ընտրեցի Յորքինը: Նայեցի, թե այնտեղի դասախոսները ինչ են հետազոտում, ու դասախոսներ կան, որ զբաղվում են փոփոխական աստղերով, իսկ ինձ շատ դուր եկավ այդ ոլորտը, երբ Մոսկվայի համալսարնում զբաղվեցի, կուզեմ դա շարունակել: Իրենք կապ ունեն Ամերիկայի և Եվրոպական ընկերությունների հետ, լաբորատորիաների հետ, դա նշանակում է, որ եթե լավ սովորեմ, կկարողանամ հետազոտություններ անել աշխարհի առաջատար գիտական կենտրոններում, շփվել ու ստանալ ավելին»:

 

Հայերեն գրել-կարդալ գիտեմ, ես տեսա մարդիկ դրսում, որ չէին կարողանում, ու ինձ համար դա հնարավորություն է, որ ծանոթանամ իմ մշակույթին

 

Արդեն որոշել է՝ եթե հաջողվի ուսում ստանալ, ոչ միայն գիտելիքներ է ստանալու Կանադայում, այլև ինքն է իր ունակությունները մատուցելու այստեղի հայ համայնքին, ազգային պարերով է զբաղվել մի քանի տարի, հետևաբար մտածում է. «Կուզեմ հայկական համայնքի հետ կապեր պահպանել, «Ծովակ» խմբում եմ պարել մի քանի տարի, ու կուզեմ շարունակել դա: Հայերեն գրել-կարդալ գիտեմ, ես տեսա մարդիկ դրսում, որ չէին կարողանում, ու ինձ համար դա հնարավորություն է, որ ծանոթանամ իմ մշակույթին»:

 

Հավատում է, որ Կանադան կնպաստի ոչ միայն գիտնական դառնալու, այլև մյուս երազանքի իրականացմանը, այն է. «Կարողանամ աշխատել այնպիսի մարդկանց միջավայրում, ովքեր կօգնեն, որ ես իմ ավելի լավ վերսիան, ավելի լավ տեսակը դառնամ, որպես մարդ կատարելագործվեմ»:

 

1ՄԼՆ-ԻՑ 20 ԱՍՏՂԱԳԵՏ

Դրա համար Հայաստանն էլ պայմաններ ունի, բայց նույնքան հնարավորություններ՝ ոչ, հետևաբար Շվեդիայում ապրած տարիներին էլ երազանքը չի եղել վերադառնալ Հայաստան, այլ. «Քանի որ Շվեդիայում հայերեն գրքեր քիչ կային, իսկ ես սիրում էի հայերեն կարդալ, որովհետև ինչքան էլ անգլերենը սիրում ու հասկանում եմ, դա իմ սրտի լեզուն չի, երազում էի վերցնեի արկղեր ու, ինչ հայերեն գրքեր որ սիրում եմ, տանել Շվեդիա ու կարդալ»:

 

Թեև հայրենիքում էլ զարմացել է, օրինակ, երբ իմացել է, որ «աստղագիտությունը Հայաստանում այդքան զարգացած է: Ամբողջ աշխարհում մեկ մլն մարդու մեջ մեկն է աստղագետ, իսկ Հայաստանում 1 մլն-ից 20 աստղագետ կա, այսինքն՝ աշխարհի համեմատ 20 անգամ ավելի»:

 

Համբարձումյանը ավելի շատ ճանաչման կարիք ունի, քան ստանում է

 

Նրանցից չի մոռանում հիշատակել Վիկտոր Համբարձումյանի անունը, բայց նշում է. «Ինձ ասացին, որ Վիկտոր Համբարձումյանը գիտնական ճանաչում է Իսահակ Նյուտոնին, իսկ իր մասին ասել է, թե մենք գիտաշխատողներ ենք, բայց կարծում եմ՝ Համբարձումյանը ավելի շատ ճանաչման կարիք ունի, քան ստանում է, որովհետև կան հայտնագործություններ, որ արվում են իր գործերի հիման վրա, ու մարդիկ են ստացել պարգևներ, որ կարող էր ինքը ստանալ»: