Home / Canadahye  / Տարբեր երկրներից Հայաստան բեռնափոխադրում իրականացնող ընկերության տնօրենը Հայաստանում նոր իրավիճակի դրական հետևանքներ իր ոլորտում չի տեսել

Տարբեր երկրներից Հայաստան բեռնափոխադրում իրականացնող ընկերության տնօրենը Հայաստանում նոր իրավիճակի դրական հետևանքներ իր ոլորտում չի տեսել

 

ՎԱՐԴՈՒՀԻ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

Տորոնտո (Նորանոր) _ Էդուարդ Բաղդասարյանը, ում հայրը ծնվել է Հունաստանում, սակայն տեղափոխվել ու ապրել Հայաստանում, 2008թ-ին որոշեց վերադառնալ արմատներին: Մեկնեց Հունաստան ու այստեղ հիմնեց ընկերություն՝ բեռնափոխադրումներ կատարող Առեքս գրուպը, որը կթեթևացներ աշխարհի տարբեր երկրներում ապրող հայերի հոգսը և ավելի ամուր կդարձներ նրանց կապը:

 

Ընտանիքիս անդամներին հայրենիքից կտրելուց հետո երեսներին ժպիտ չէի տեսնում

 

Որոշ ժամանակ անց որոշեց ընտանիքին տեղափոխել Հունաստան, բայց ծրագրերը փոխվեցին, երբ «նրանց հայրենիքից կտրելուց հետո երեսներին ժպիտ չէի տեսնում, այն, ինչ որ ես կուզեի»,-ասում է նա:

 

Կնոջ ու երեխաների հետ վերադարձավ ու հիմա էլ Հայաստանում է ապրում, բայց ոչ միայն  չի դադարեցրել գործունեությունը սփյուռքում, այլև ընդլայնել է՝ պահանջարկից ելնելով: Իր ընտանիքը չհամակերպվեց հայրենիքից հեռու ապրելու մտքի հետ, սակայն բազմաթիվ են այն հայերը, որոնք որոշում են նոր կյանք սկսել այլ երկրներում: Կանադան ամենամեծ թվով ներգաղթյալներ ընդունող երկրներից է, որտեղ ապրելու հնարավորությունը բաց չեն թողնում հատկապես հայաստանցիները: Սա էր պատճառը, որ Էդուարդ Բաղդասարյանը որոշեց նաև Կանադայում հիմնել ընկերության մասնաճյուղը:

 

Միգրացիոն ինչպիսի՞ տենդենցներ են նկատվում Հայաստանից, դրանով պայմանավորված՝ ի՞նչ կարիքներ են ունենում սփյուռքում ապրող հայերը, բեռների, ծանրոցների, նամակների տեղափոխման ինչպիսի խնդիրներ կան և ի վերջո, Հայաստանում նոր իշխանության ձևավորումից հետո ի՞նչ է փոխվել կամ փոխվելու մաքսային քաղաքականության մեջ. Սրանք հարցեր են, որոնց առնչվում է նման ծառայություններ իրականացնող ընկերությունը, և դրանց մասին զրուցել ենք Էդուարդ Բաղդասարյանի հետ:

 

…ԹՈՂ ՄԵՐ ԲԻԶՆԵՍՆ ԷԼ ՏՈՒԺԻ

 

«Ես միայն ուրախ կլինեմ, որ մեր հայրենակիցները վերադառնան Հայաստան, թող մեր բիզնեսն էլ դրանից տուժի,-միգրացիայի մեծ հոսքի համար ցավով ասում է Էդուարդը՝ հավելելով,-Դա ցավալի է, մեր համար ուրախալի չի, որ մեծ միգրացիա կա Հայաստանից դեպի Կանադա, բայց որ գալիս են, բոլորը չունեին հնարավորություն մի բան ուղարկելու բարեկամներին, «Փոստ Կանադա»-ն ես ինքս փորձեցի իմ բալիկի համար մի փոքր բան ողարկեմ, ինձ ասացին 200 դոլար, 15 օր տևողությամբ»:

 

Իմ կուրսիս պրագրամիստ տղեք՝ երեք-չորս ընտանիք, այս տարվա մեջ տեղափոխվեցին այստեղ

 

Միակ եղանակը, որով հայերը կարող էին ավելի արագ որևէ բան հասցնել հայրենիք, սոցկայքերի կամ մամուլի միջոցով հայտարարություններ տարածելն էր, հետևաբար Էդուարդը զգաց, որ այստեղ ոչ միայն պահանջարկ կա, այլև հեռանկար: «Փաստ  է, ես ինքս պետական համալսարանն եմ ավարտել, ու իմ կուրսիս պրագրամիստ տղեք՝ երեք-չորս ընտանիք, այս տարվա մեջ տեղափոխվեցին այստեղ»,-ասում է հայ գործարարը:

 

Նույն Հունաստանում ժողովուրդը գործազուրկ է, իսկ Կանադայում բանկային սիստեմը երկրի ստաբիլ է

 

Սա միակ պատճառը չէր Կանադայում մասնաճյուղ հիմնելու, նշում է. «Կանադան իրենից ներկայացնում է ստաբիլ երկիր, որը չէի ասի Եւրոպայի համար, ասենք, գիտեք՝ Եւրոպայում ինչ է կատարվում, տնտեսական վիճակը, ճգնաժամը, նույն Հունաստանում ժողովուրդը գործազուրկ է, իսկ Կանադայում բանկային սիստեմը երկրի ստաբիլ է», հետևաբար հուսալի երկիր է համարում:

 

Սակայն մեկուկես տարվա ընթացքում դեռ չի հաջողվել լիարժեք ճանաչելի դառնալ, շատերը դեռ տեղյակ չեն գործունեության մասին, հետևաբար հիմնական հաճախորդները մնում են այն խմբերը, ովքեր պարբերաբար օգնություն են ուղարկում սահման՝ զինվորներին:

 

 

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՕՐԵՆՔԸ ՉԻ ՓՈԽՎԵԼ

Իսկ Հայաստանում նոր իրավիճակով պայմանավորված՝ արդյո՞ք նոր՝ ավելի դյուրացված համակարգ է գործում, եթե նույնիսկ իրավիճակ է փոխվել, ապա դա չի ազդել իրենց գործունեության վրա, վստահեցնում է ընկերության հիմնադիրը: «Հայաստանում իրավիճակ չի փոխվել, Հայաստանում ուղղակի բռնապետությունից են ազատվել»-ասում է նա, ով անմիջականորեն առնչվում է մաքսային գործընթացներին:

 

Այս համակարգում որևէ տեղաշարժ չկա, թեև իրենք, վստահեցնում է, աշխատում են օրենքի սահմաններում, միայն երբեմն խիստ անհրաժեշտ դեպքերում այլ քայլերի են գնում, օրինակ է բերում.

 

Կանադայում հայթայթում է դեղ, որը ոչ մի կերպ չեն կարողանում հասցնել, մենք հասցնում ենք

 

«Նույն քառօրյա պատերազմի ժամանակ մի երեխա, որը վիավորվել է, ստացել է աղիքի սուր միկրոբային հիվանդություն, ու նրա հորաքույրը Կանադայում հայթայթում է դեղ, որը ոչ մի կերպ չեն կարողանում հասցնել, մենք հասցնում ենք: Դեղը մեր փոստային համակարգում արգելված է, բայց տեղ կա, որ պետք է աչք փակես, եթե մարդը չի ուղարկում բիզնեսի համար, այլ կոնկրետ ուղարկում է՝ երեխային, ամբողջ աշխարհում, որտեղ մենք ծառայություն ենք մատուցում, գիտեն, որ դեղի համար երբեք փող չենք վերցնում, ուղղակի Հայաստանում մաքսային կոմիտեի աշխատակիցները աչք են փակում մասամբ, մինչև հասցեատերը վերցնի»:

 

Սա բացառիկ դեպքերից է, իսկ իրականում բարեփոխումների լուրջ կարիք  կա ոլորտում, ասում է Բաղդասարյանը: Դրանցից մեկն, օրինակ ծանրոցների քաշի սահմանափակմանն է վերաբերում:

 

Հայաստանի օրենքը դեռ էդ կետին է, չի փոխվել

 

«Հայաստանի օրենքը դեռ էդ կետին է, չի փոխվել: Ամսվա կտրվածքով ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի իրավունք ունի ստանալ մինչև 30 կգ ծանրոց առանց մաքսազերծման, ես կառավարության նիստը լսելուց հասկացա, որ այդ սանդղակը բարձրացնել են ուզում՝ հասցնելով մոտ 100 հզր դրամի կարգի: Այլապես լինում են դեպքեր, երբ Հայաստանի բնակիչը բարեկամ ունի և՛ ԱՄՆ-ում, և՛ Ֆրանսիայում, ու եղել է դեպք, որ նույն ամսում ուղարկել են երկու երկրներից, որը կազմել է ամսական 50 կգ, իսկ դրա համար իրեն վճարում են նշանակել, ոը ճիշտ չի»,-կարծում է ոլորտին լավատեղյակ քաղաքացին:

 

Ե՞ՐԲ ԵՆՔ ԼԱՎ ԱՊՐԵԼՈՒ

Հայաստանի քաղաքացին միայն այս հարցում չէ, որ էական փոփոխություն չի տեսնում, այլ՝ որպես հայ, մտահոգ է հետհեղափոխական իրավիճակով, որն ըստ էության տնտեսական դրական անդրադարձեր դեռ հասարակության վրա չի ունենում: Կարծում է.

 

Էդ իրավիճակը որ փոխվել է, մենակ տրամադրության վրա է ազդել

 

«Էդ իրավիճակը որ փոխվել է, մենակ տրամադրության վրա է ազդել, մի բան էի լսում, որ գալու է մի օր, երբ ժողովուրդը Նիկոլին հարց է տալու, թե երբ ենք լավ ապրելու: Այսինքն՝ փոխվել է, հա, բոլորն ուրախ են, բոլորը լավ են, բայց դաժե սրճարանների, ռեստորանների տերերը նեղվում են, որ իրենց մոտ քիչ է մարդկանց հոսքը, որովհետև այն մարդիկ, որ առավոտից իրիկուն ռեստորանում են, ցավոք էլ Հայաստանում չեն»:

 

Հետևաբար հայաստանցին շարունակելու է սպասել դրսի օգնությանը, թեև քաղաքացիների ծանրոցներն ու իրերը, որ փոխադրում են, մեծամասամբ ոչ թե օժանդակություն են լինում որևէ ընտանիքի, այլ նվեր Հայաստանում ապրող բարեկամներին: