Home / Armenia  / ՀՌԱԿ ատենապետը կարծում է, որ նոր կառավարությունը «խակ է, բայց նրան այլընտրանք չկա», հետևաբար իրենց տեսնում են իշխանությանը օգնողի դերում

ՀՌԱԿ ատենապետը կարծում է, որ նոր կառավարությունը «խակ է, բայց նրան այլընտրանք չկա», հետևաբար իրենց տեսնում են իշխանությանը օգնողի դերում

 

ՎԱՐԴՈՒՀԻ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

Երևան (Նորանոր) _ Լավ է, որ կոռուպցիոն բացահայտումներ են տեղի ունենում, ի դերև են հանվում տարիների ընթացքում նախկին իշխանությունների կողմից թույլ տրված չարաշահումները, սակայն ոչ միայն դրանց, այլև հատկապես Մարտի 1-ի գործի բացահայտման ընթացքում չպետք է լինեն կողմնակալության դրսևորումներ. Սա մի կարծիք է, որը շատերն են արտահայտում, կիսում է նաև ՀՌԱԿ կուսակցության ատենապետ Հակոբ Ավետիքյանը:

 

ԱՄԲՈՂՋ ԹՂԹԱԾՐԱՐԸ ԲԱՑԱՀԱՅՏՎԻ

Լիբանանահայ գործիչն, ով մոտ 3 տասնամյակ արդեն Հայաստանում է ապրում ու գործունեություն ծավալում, լավ է հիշում ոչ միայն երկրորդ նախագահի կողմից թույլ տված քայլերը, այլ նաև առաջին և երրորդ նախագահների, հետևաբար կարծում է, որ հավասարապես բոլորը պետք է ենթարկվեն պատասխանատվության:

 

«Ես լրիվ համաձայն եմ, որ այդ ամբողջ թղթածրարը բացահայտվի, և դրանից առաջ նաև նախորդ իշխանության ժամանակ կատարված մոտ 2 տասնյակի հասնող քաղաքական սպանությունները: Ղանդիլյանի սպանությունը, Համբարձում Գալստյանի սպանությունը, մենք խոսում ենք Հանրապետության երկրորդ պաշտոնատար անձի մասին, չգիտենք՝ ինչ եղավ, հակառակ որ տեղում խոստացվեց, որ կբացահայտվի, անդրադարձ նույնիսկ չեղավ, ես չեմ բացառում նաև մյուսները, որ կատարվեցին հետո՝ երրորդ նախագահի օրոք»,-ասում է Ավետիքյանը:

 

Իսկ ինչ վերաբերում է Քոչարյանի գործի քննությանը, կարծում է, որ մարտի 1-ի 10 զոհերի համար, որոնց սպանությունը տեղի ունեցած հետևանքն էր, պետք է պատասխանատվություն կրեն, այլ հարց է երկրորդ նախագահին առաջադրված մեղադրանքը, այն քաղաքական իմաստով անհիմն է համարում՝ ասելով.

 

Այլընտրանք ունե՞ր Ռոբերտ Քոչարյանը բանակը գործի դնելուն, վստահ չեմ

 

«Գլխավոր հարցը՝ նա իրավունք ունե՞ր բանակը ի գործ դնել, եթե սա է, ես կարող եմ վիճարկել, այլընտրանք ունե՞ր Ռոբերտ Քոչարյանը բանակը գործի դնելուն, վստահ չեմ, նա հնարավորություն ուներ չանելու այդ քայլը, եթե արել է, սահմանադրական իրավունքն է: Գործն առայժմ չի տարվում պրոֆեսիոնալ բարձր մակարդակով, որովհետև եթե մարդը գործել է քայլեր, որոնք սահմանադրական իր իրավունքների շրջանակներում են կատարվել, դրա համար չպետք է մեղադրանք առաջադրվի»:

 

ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԽԱԿ Է

Այսքանով հանդերձ՝ Ավետիքյանը կարծում է, որ ներկայիս իշխանությունը այլընտրանք չունի, պետք է ընտրվի նաև առաջիկա խորհրդարանական ընտրություններում, որին, ի դեպ, պատրաստվում են նաև իրենք մասնակցել, իսկ թե որտեղ են տեսնում իրենց, արդյո՞ք ընդդիմադիր դաշտում, թե՞ իշխանությունների կողքին, պատասխանում է.

 

Հիմա մենք գտնում ենք, որ պետք է նրանց հոգ տանենք, պահպանենք, որովհետև այլընտրանք չկա

 

«Ես կարծում եմ, որ այս կառավարությունը, նոր իշխանությունը դեռևս խակ է, և այս փոփոխությունները իրականացնելիս պետք է հոգատար վերաբերմունք զգա, հիմա մենք գտնում ենք, որ պետք է նրանց հոգ տանենք, պահպանենք, որովհետև այլընտրանք չկա, ոչ թե անձնական համակրանքով եմ խոսում, այլ քաղաքական: Հետևաբար պետք է օգնենք»:

 

Իշխանության կողքին՝ քննադատելու իրավունքը վերապահելով մեզ

 

Օգնել պատրաստ են, այլ քաղաքական ուժի հետ ընտրություններին մասնակցել ևս, այնպիսի ուժի, որը կկիսի իրենց գաղափարները, իսկ իշխանության կողքին լինելը, ասում է, չի նշանակում միանշանակ պաշտպանել նրանց գաղափարները, ասում է.  «Իշխանության կողքին՝ քննադատելու իրավունքը վերապահելով մեզ, դա միայն օգտակար կլինի»:

 

ՍՓՅՈՒՌՔԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ

Արդեն իսկ նախապատրաստվում են, ներկայացրել են իրենց առաջարկները Ընտրական օրենսգրքի փոփոխությունների վերաբերյալ: Երկու կարևոր առաջարկ է առանձնացնում, առաջինը՝ սփյուռքի մասնակցությունը ընտրություններին:

 

Մենք առաջարկում ենք այն մարդկանց, որոնք ունեն քաղաքացիություն, առիթ տալ, և նրանց ընտրելու և ընտրվելու հարցում

 

«Ժողովրդի 4/5-ը ապրում է սփյուռքում, նրանց մասնակցությունը ապահովելու խնդիր ունենք: Մենք առաջարկում ենք այն մարդկանց, որոնք ունեն քաղաքացիություն, առիթ տալ, և նրանց ընտրելու և ընտրվելու հարցում հասնել այն բանին, որ սփյուռքի տեսակետը գտնի իր օրենսդրական կարգավորումը»,-վստահ է ՀՌԱԿ ատենապետը:

 

Արդյո՞ք մի կուսակցություն, որն սփյուռքում և Հայաստանում բաժանվել է երկու թևերի և միանշանակ չի վայելում սփյուռքահայերի վստահությունը, մտավախություն չունի, որ այս պարագայում սփյուռքը չի սատարի իրեն: Ավետիքյանն ասում է՝ իրենց հենարանը ոչ թե նախկին կուսակիցները, այլ անկուսակցական սփյուռքահայերն են:

 

Մեծամասնությունը սփյուռքում չեզոք է

 

«Ոչ միայն մեր կուսակցության անդամները, այլև չեզոք դիրքորոշում ունեցողները կսատարեն, մեծամասնությունը սփյուռքում չեզոք է»,-նշում է «Ազգ» թերթի խմբագիրը:

 

Վստահության հաջորդ երաշխիքը նոր համակարգն է, այսինքն՝ այլևս նախորդ իշխանությունների բռնաճնշումները չկան, և իսկական ընտրողները կսատարեն իրենց, մնում է Ընտրական օրենսգրքի փոփոխությունների երկրորդ առաջարկն ընդունվի: Հտևյալն է.

 

Պահանջում ենք, որ ԿԸՀ-ն ապակուսակցականացվի

 

«Հայաստանում բոլոր ընտրությունների ժամանակ ԿԸՀ կազմը միշտ իշխող կուսակցությունները կապվել են այնտեղ մեկ թիմի տեսքով, մի խումբ, որոնք հակադիր ոեն իրար, բայց ընտրությունների ներքին խոհանոցում իրար օգնող են, դրա համար պահանջում ենք, որ այն ապակուսակցականացվի»:

 

Այս պարագայում այլևս առաջ չի գա նախորդ տարվա խնդիրը: Հիշեցնենք, որ այս կուսակցությունը պատրաստվում էր մասնակցել խորհրդարանական ընտրություններին, սակայն արգելվեց, քանի որ ՌԱԿ ղեկավարությունը նշել էր, որ վերջինս չի ներկայացնում իրական՝ 1991թ-ին հիմնադրված քաղաքական ուժը: