Home / Armenia  / Ռ. Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը պնդում է, որ իրենք ունեին երկու՝ ավելի հզոր փաստարկ, քան անձեռնմխելիությունն էր

Ռ. Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը պնդում է, որ իրենք ունեին երկու՝ ավելի հզոր փաստարկ, քան անձեռնմխելիությունն էր

 

ՎԱՐԴՈՒՀԻ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

Երևան (Նորանոր) _ Այսօր ՀՀ վերաքննիչ դատարանը փոխեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը: Նա շարունակում է մնալ մեղադրյալ Մարտի 1-ի գործով, սակայն ունի սահմանադրական անձեռմխելիություն, որի շրջանակներում, անկախ հանցանքից, սահմանադրորեն պաշտպանված լինելու իմունիտետ ունի:

 

Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ մեղադրանք առաջադրվեց և ձերբակալության որոշում կայացվեց հուլիսի 27-ին, մինչ այդ նա Մարտի 1-ի գործում ներգրավված էր որպես վկա, սակայն արտասահմանից վերադառնալուց և Հատուկ քննչական ծառայություն ներկայանալուց անմիջապես հետո նրան տեղեկացվեց, որ ինքն այս գործում որպես մեղադրյալ է ընդգրկված:

 

ԻՄՈՒՆԻՏԵՏԸ՝ ԹՅՈՒՐԸՆԿԱԼՈ՞ՒՄ

Այն, որ Ռոբերտ Քոչարյանն ունի սահմանադրական իմունիտետ, շահարկվում էր վաղուց, սակայն իշխանության ներկայացուցիչները դա համարում էին ոչ այնքան հզոր հիմք: Մասնավորապես անդրադառնալով հարցին՝ Նիկոլ Փաշինյանն ասել էր.

 

Ես չեմ կարծում, թե որևէ մեկը, այդ թվում՝ Ռոբերտ Քոչարյանը, Սահմանադրությամբ բացարձակ իմունիտետ ունի

 

«Ես չեմ կարծում, թե որևէ մեկը, այդ թվում՝ Ռոբերտ Քոչարյանը, Սահմանադրությամբ բացարձակ իմունիտետ ունի, եթե պարզվի, որ նրան մեղադրանք առաջադրելու հիմք կա: Դա թյուրընկալում է, թյուրըմբռնում, իրավաբանները պետք է խոսեն, բայց ես այնքան էլ վստահ չեմ, որ դա ճիշտ ընկալում է, մնացածը քննչական մարմինների գործն է: ՀՔԾ նոր պետին ներկայացնելով՝ ես հստակ ասել եմ այն խնդիրները, որ դրված են ՀՔԾ առաջ, դրանց մեջ կարևորագույն տեղ ուներ Մարտի 1-ի դեպքերի ամբողջական քննությունը ու բացահայտումը»:

 

Պարոն Փաշինյանը չէր անի հայտարարության, որը դրական կամ բացասական ազդեցություն կունենար դատական գործի քննության վրա

 

Այսօր, սակայն, փաստ է, որ Ռ. Քոչարյանը օգտվում է իմունիտետից, նրա փաստաբան Հայկ Ալումյանը Noranor.ca-ի հետ զրույցում իշխանությունների նման մոտեցման վերաբերյալ ասում է. «Կարծում եմ, որ պարոն Փաշինյանը չէր անի հայտարարության, որը դրական կամ բացասական ազդեցություն կունենար դատական գործի քննության վրա, դա իր սկզբունքների մեջ չի մտնում»:

 

ՆԱԽԿԻՆԻ ՄԱ՞ՏՆ Է ԽԱՌԸ

Այն, որ իշխանությունը չի ազդել գործի ընթացքի վրա, որոշ չափով ակնհայտ է դառնում նման զարգացումներից, սակայն հանրության շրջանում արդեն կարծիքներ են հնչում, որ նախկին իշխանությունների «մատն է խառը» վերաքննիչ դատարանի նման որոշման հարցում: Այս առնչությամբ երկրորդ նախագահի շահերի պաշտպանի մեկնաբանությունն այսպիսին է.

 

Կարող եմ վստահեցնել, որ իրավական գործից այն կողմ ոչ մի բան այստեղ դեր չի խաղացել

 

«Ես շատ ուրախ եմ, որ այս գործը քննվում է բացառապես իրավական հիմքերի շրջանակներում և առաջ են քաշվում միայն իրավական փաստարկները: Կարող եմ վստահեցնել, որ իրավական գործից այն կողմ ոչ մի բան այստեղ դեր չի խաղացել, այ դա ես վստահեցնում եմ, ու երևի ամենամեծ ձեռքբերումն է, որ այս վերջին ամիսներին ունեցել ենք բոլորս»:

 

Իսկ քանի դեռ փաստաբանները չունեն դատարանի որոշումը, ավելի լայն մեկնաբանություն չեն կարող տալ: Այնուամենայնիվ, Հայկ Ալումյանը վստահեցնում է, որ այս հարցում որևէ դեր չեն խաղացել 45 պատգամավորների երաշխավորագրերը:

 

ԵՐԿՈՒ՝ ԱՎԵԼԻ ՀԶՈՐ ՓԱՍՏԱՐԿ

Հիմնականում անձեռնմխելիության փաստն է դեր խաղացել, թեև դա էլ փաստաբանի համար զարմանալի էր, քանի որ, վստահեցնում է, իրենք շատ ավելի հիմնավոր պատճառներ էին ներկայացրել խափանման միջոցը փոխելու պահանջ առաջ քաշելիս:

 

Այնտեղ կային երկու ոչ պակաս հիմնավոր փաստարկներ, որոնք արդեն իսկ բավարար էին, որպեսզի խափանման միջոցը վերացվի և պարոն Քոչարյանը ազատ արձակվի

 

«Անձեռնմխելիությանը մենք մեր վերաքննիչ բողոքներում  արդեն անդրադարձել էինք, դա մեր գլխավոր շեշտերից մեկն էր, որ անձեռնմխելիությունը չի կարող խախտվել, բայց ասեմ, որ դրանից բացի, առնվազն երկու փաստարկ կա մեր վերաքննիչ բողոքներում, որոնք նույնիսկ ավելի հիմնավոր փաստարկներ էին, քան այս անձեռմխելիության փաստարկը: Ես չգիտեմ՝ վերաքննիչ դատարանն այս անձեռնմխելիության հետ կապված ինչ դիրքորոշում է ցուցաբերել, բայց այնտեղ կային երկու ոչ պակաս հիմնավոր փաստարկներ, որոնք արդեն իսկ բավարար էին, որպեսզի խափանման միջոցը վերացվի և պարոն Քոչարյանը ազատ արձակվի»,-ներկայացնում է փաստաբանը:

 

Ստիպված կլինեմ մեղադրանքի այնպիսի կողմերին անդրադառնալ, որոնք որ այս պահին գաղտնիք են

 

Թե որոնք են այդ երկու փաստարկները, պարզաբանել առայժմ չի կարող, «Ավելի շատ չեմ կարող բացել, չեմ կարող հիմա նշել, որովհետև ստիպված կլինեմ մեղադրանքի այնպիսի կողմերին անդրադառնալ, որոնք որ այս պահին գաղտնիք են»,-ասում է նա:

 

Այլ՝ անկախ փաստաբաններ հարցի վերաբերյալ իրենց մոտեցումը հրաժարվեցին մեկնաբանել՝ պատճառաբանելով, թե չունեն դատարանի որոշումը, հետևաբար չեն կարող կարծիք արտահայտել:

 

Իսկ մեղադրանքը հաստատավելու դեպքում ի՞նչ կարգով է կատարվում անձեռնմխելիությունը վիճարկելու ընթացքը կամ կա՞ նման հնարավորություն, Ռ. Քոչարյանի փաստաբանը չի ցանկանում առաջ անցնել:

 

Նշենք, որ պետմեղադրողի համար գլխավոր փաստարկն էլ հանդիսանում էր 0038 գաղտնի հրամանը, որի պարունակությունը այնքանով, որքանով Պն-ն էր թույլատրել, հրապարակել էր ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը:

 

Զինված ուժերը ներգրավված են եղել Մարտի 1-ի իրադարձություններում

 

«Որովհետեւ այս հրամանն ինքնին մեղադրանքի շատ կուռ, շատ ամուր հիմք է: Միայն այս հրամանը խոսում է այն մասին, որ զինված ուժերը ներգրավված են եղել Մարտի 1-ի իրադարձություններում, ընդ որում՝ դրանք ներգրավվել են ոչ թե մարտի 1-ին, ինչպես իշխանություններն էին պնդում, երբ արդեն իրավիճակը վերահսկողությունից դուրս է եկել, հրամանը ստորագրվել է փետրվարի 23-ին»,-այս և այլ մանրամասներ ներկայացրել էր ՀՔԾ պետը: