Home / Canadahye  / 100 օր, տրված բազմաթիվ խոստումներ… Սփյուռքը ոգևորվա՞ծ է, թե՞ հիասթափված

100 օր, տրված բազմաթիվ խոստումներ… Սփյուռքը ոգևորվա՞ծ է, թե՞ հիասթափված

 

ՎԱՐԴՈՒՀԻ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

Լավալ, Սան-Ֆրանցիսկո, Բեյրութ (Նորանոր) _ Լրացավ Հայաստանի նոր կառավարության 100 օրը, Թավշյա հեղափոխության արդյունքում իշխանության եկած վարչապետի ու նախարարների պաշտոնավարման եռամսյակը հարուստ էր իրադարձություններով, որոնց նկատմամբ հայ ժողովրդի գնահատականը միանշանակ չէ:

 

Ոմանք այն կարծիքին են, որ 100 օրը կարճ ժամկետ է, և հնարավոր չէ նախանշել անելիքները, մյուսները վստահ են, որ Փաշինյանի կառավարությանը չի հաջողվում իրականացնել այն խոստումները, որոնք տալիս էր հեղափոխության ընթացքում: Անկախ տարակարծություններից՝ Հայաստանում նոր իրականություն է, և Noranor.ca-ը փորձել է Ամերիկայի, Կանադայի և Լիբանանի գաղութների ներկայացուցիչների գնահատականները ներկայացնել իրավիճակի վերաբերյալ:

 

ՆՈՐԱՆՈՐ Ինչպե՞ս կգնահատեք Հայաստանի նոր կառավարության 100 օրը:

 

ԱԲՈ ՊՈՂԻԿՅԱՆ – ԱՄՆ «Ասպարեզ» օրաթերթի գլխավոր խմբագիր

 

Հայաստանի նոր կառավարության 100 օրը գնահատում եմ խոստումնալից:

 

ՍԵՎԱԿ ՀԱԿՈԲՅԱՆ– ՌԱԿ Կենտրոնական վարչության ատենադպիր (քարտուղար), ՌԱԿ-ի օրգան՝ Լիբանանի «Զարթոնք» օրաթերթի գլխավոր խմբագիր

 

100 օրը, բացի իր մարդկային փորձություններով լեցուն ցուցադրական (ձերբակալություններ և այլն) և երիտասարդ նախարարներու ինքնահաստատման պահանջներեն մեկնելով՝ երբեմն անտեղի հայտարարություններեն ու վարվելակերպեն, ըստ ինծի, մեծ իրագործում մը չըրավ: Ընդհակառակը, հայտնի դարձուց, որ կադրային պակասը և ներկա պաշտոնակատարներու լուրջ հարցերու նկատմամբ՝ անշուշտ լավ և ազնիվ նպատակներով, սակայն մերթ ջահելական և երբեմն ալ անփորձ մոտեցումը կրնա շուտով լուրջ բեռ հանդիսանալ վարչապետին, հետևաբար նաև նոր վարչակարգին, որուն համար մեր պարտականությունը կհամարենք վարչապետ Փաշինյանի ազնիվ ուշադրության հանձնել այս պարագան:

 

ԱՐԱՄ ԷԼԱԿՈԶ _ Լավալի քաղաքապետական խորհրդի անդամ

 

Որպես Կանադայում՝ ժողովրդավարական և իրավահավասար հասարակությունում ապրող հայ, ես շատ դրական եմ գնահատում Հայաստանում ընթացող փոփոխությունները: Ես կցանկանայի, որ կանայք ավելի շատ իշխանություն ունենային, քանի որ Հայաստանում այս մշակույթը ձևավորված չի:

 

100 օր … տրված բազմաթիվ խոստումներ: Ժամանակ է պահանջելու, և հասարակությունը պետք է համբերատար լինի, շարունակի ակտիվորեն մասնակցել քաղաքական կյանքին, ինչպես առաջին օրերին:

 

 ՆՈՐԱՆՈՐ  Այս ընթացքում նոր կառավարություն ավելի ոգևորե՞ց իր քայլերով, թե՞ հիասթափեցրեց հասարակությանը:

 

ԱԲՈ ՊՈՂԻԿՅԱՆ _Նոր կառավարությունն իր քայլերով զիս ոգևորած է: Իմ շրջապատս ոգևորված է: Իմ ստացած զգայնությունները այստեղեն (ամերիկյան ցամաքամասեն) և Հայաստանեն դրական են:

 

ՍԵՎԱԿ ՀԱԿՈԲՅԱՆ _ Իբրև հեղափոխություններով և, այսպես կոչված, գարուններով լի աշխարհատարածքի մեջ ապրող անհատ,  ինչպես նաև մասնագիտության բերմամբ հին և նոր հեղափոխություններու պատմության ծանոթ անձ՝ առաջին իսկ օրեն այնքան ալ խանդավառ չէի Հայաստանի մեջ կատարվածով, թեկուզ ան թավշյա կոչված էր: Անոր գործընթացին մեջ տեղ գտած պոպուլիզմի անհաշիվ օգտագործումը լուրջ մտահոգություն էր ինծի, որովհետեւ պոպուլիզմի առթած խանդավառությունը տեսականոորեն շատ արագ կվերածվի հիասթափության, բան մը, որ չափազանց վտանգավոր է մեր հայրենիքին համար: Արդար ըլլալու համար այն ալ ըսեմ, որ որպես սփյուռքահայ՝ իմ և իմ նմաններուն առաջնահերթությունը հայրենաբնակ իմ ազգակիցներուս հետ համեմատած, այնքան ալ ընկերատնտեսական չէ, որքան ապահովական ու ամեն բանե առաջ կայուն հայրենիք մը ունենալու իղձ:

 

Կընդունիմ, որ զգացական ոգևորությունը տակավին մեծ դեր ունի, փաստը՝ այսօրվան  հանրահավաքը, որ, հակառակ ամեն տեսակի խոսակցություններուն, հաջողապես կայացավ ի վերջո: Ամեն պարագայի մարդկային երևույթ է, որ մարդ արարածը դյուրավ չընդունի իր սխալ ըլլալը, այսինքն՝ հեղափոխության օրերուն, մեծ հույսերով  իր օրն ու գիշերը փողոցը անցուցած քաղաքացին դժվար է ընդունի, որ սխալ ըրած է, հետևաբար «Փաշինյան երևույթ»-ը տակավին երկար իր ազդեցությունը կունենա և պիտի ունենա, և վարչապետին անձին՝ ինչ-ինչ պատճառներով, ժողովրդային լայն խավերու վրա ունեցած անձնական վարկը տակավին որոշ շրջան մը կառավարության գույնը պիտի վարդագույն պահե, սակայն ամեն ինչ սահման մը ունի, և ես հույսով եմ, որ ինք գիտակցելով այդ սահմանը, իր վայելած վարկը պիտի չվատնե ու իր խումբին մոտ սրբագրե անոնց ունեցած բացթողումները, քանի ուշ չէ:

 

Այս չի նշանակեր, սակայն, որ ժողովուրդին մոտ լուրջ հարցադրումներ չկան այսօր: 100-րդ օրվան կապակցությամբ ես ալ ունիմ իմ հետևյալ հարցադրումները.

 

  • Ա. Ի՞նչ տնտեսական ցուցանիշներ գրանցված են Նիկոլ Փաշինեանի վարչապետ ընտրվելեն ետք: Միջին ու փոքր ձեռնարկությունները շահա՞ծ են, թէ տուժած: Գնա՞ճ եղած է, թե՞ գնանկում:
  • Բ. Արտաքին քաղաքականության ոլորտին մեջ քաղաքական ի՞նչ շավիղ վերցուցած ենք, կամ ընդհանրապես վերցուցա՞ծ ենք, թե ոչ: Հստակություն կա՞ այստեղ, թե՞ ոչ:
  • Գ. Ներպետական կնճռոտ հարցերուն ինչպիսի՞ լուծումներ գտնված են: Օրինակի համար, Ամուլսարի խնդրահարույց հարցին մեջ ի՞նչ դիրքորոշում որդեգրած է կառավարությունը: Հետագային նմանատիպ կնճռոտ հարցերու պարագայի՞ն ալ կառավարութիւնը այսպիսի լուծումներ պիտի տա, ավելի ճիշտ՝ որևէ լուծում չտա:
  • Դ. Իրավական պետությունը երթալով կկայանա՞, թե՞ հակառակը:
  • Ե. ՀՀ սահմաններուն անվտանգությունը բարձրացա՞ծ է, թե հակառակը:

 

Վստահ եմ, որ ՀՀ յուրաքանչյուր բնակիչ քաղաքացի իր մեջ ունի այս հարցերուն պատասխանները: Կմնա, որ ազգովին հենելով տրամաբանության և ո՛չ զգացականության վրա՝ այլևս ընենք համապատասխան հետևություններ:

 

 Ի՞նչ փոփոխություններ կցանկանայիք տեսնել իրենց գործողություններումՈ՞ր ոլորտներն են առավել թերանում:

 

ԱԲՈ ՊՈՂԻԿՅԱՆ _ Կցանկանայի, որ իրենց առօրյա պարտադիր պարտականություններուն զուգահեռ, վիճակին ավելի լավ տիրապետելու հավելյալ ճիգ կուզեի տեսնել, որու փաստը պիտի ըլլա բյուջեի պատրաստությունը:

 

Բացի քանի մը նախարարություններե՝ պաշտպանություն, արտաքին, գյուղատնտեսություն, տնտեսական ներդրումներ, կրթություն, կառավարության գործունեության լուսաբանությունները, որոնց կփորձեմ առավելագույն կենտրոնացումով հետևել, շատ մեծ նորություններ չեն բերած տակավին: Սփյուռքի նախարարությունը տակավին ինքզինք չէ գտած ու իր նոր դրոշմը չէ դրած այդ ոլորտի վրա: Ժամանակ պետք ունին բոլորն ալ: Բայց նաև ժամացույցի դեմ մրցումի թափով ու հևքով աշխատանք պետք է տեսնենք, զգանք, մանավանդ որ նոր ու թարմ մոտեցում խոստացված է: Բաց թողնված կը թվի նաև սփյուռքյան հնարավորություններու ներգրավման ուղղվված նախաձեռնությունները:

 

ՍԵՎԱԿ ՀԱԿՈԲՅԱՆ _Քանի որ հեղափոխության հիմնական հենարաններեն մին օլիգարխական դրությունե ձերբազատվիլն է, հիմա որ սկզբունքով մենաշնորհումներ չկան, պիտի ուզեի մենաշնորհի մը պարտադրած սպառողական շատ մը ապրանքներու անմրցակից գիներու կտրուկ անկում մը տեսնել:

 

Ցուցադրական կամ ոչ ցուցադրական ձերբակալութիւններու և հետապնդումներու միջոցով գրավված գումարներ, եթե հավատանք հրապարակված տվյալներուն, որոնք սկզբունքով պետք է պետական գանձը հարստացնեն և այդպիսով քաղաքացիին ընկերատնտեսական իրավիճակը բարեկարգող ծրագիրներու մշակման ու անոնց անմիջական գործադրության ծառայեն: Օրինակի համար թոշակառուի մը ամսական թոշակը 1000 դրամով մը հավելել…: Վերջապես առնել այնպիսի քայլեր, որ քաղաքացին հավատա, որ ինք անձամբ կենցաղային իմաստով  ինչ որ բան օգտվեցավ այս հեղափոխությունեն:

 

Պրն. Փաշինյանի քաղաքական ողջ փորձառությունը, այն ալ տարիներու վրա շարունակաբար երկարած, իր մոտ թրծած է ընդդիմադիր հոգեբանություն, որ ի վերջո զինք հասցուց իշխանության: Իմ անկեղծ փափագս է, որ վերջապես ան շուտ կատարե ընդդիմադիրից դեպի իշխանության գլուխ եղող անձի հոգեբանությունը որդեգրելու հարմարումը: Որովհետև իմ համեստ կարծիքով և տեսականորեն՝ ընդդիմադիր ըլլալու իրավիճակը, գործելաոճն ու վերաբերմունքը հիմնականորէն տարբեր են իշխանության գլուխ եղողի իրավիճակեն, գործելաոճեն ու վարվելակերպի ձևերեն: Որքան շուտ և բարեհաջող ըլլա հարմարեցումի այս գործընթացը, այնքան բարեհաջող, հեզասահ ու երկարակյաց կըլլան իր իշխանության օրերը:

 

Վերջապես, բոլոր հեղափոխություններու հանդեպ իմ ունեցած վերապահություններս Ապրիլյան օրերուն պատճառ էին, որ  խանդավառ չըլլամ անոր հաջողությամբ: Սակայն հիմա, որ Նիկոլ Փաշինյան հասած է իշխանության, իմ փափագս է, որ ան ինքզինք և իր խումբը հավասարակշռելով մնա իշխանության գլուխ, որովհետև իր տարբերակը կամ դարձյալ իշխանափոխության գործընթացի մը մեջ մտնելու տարբերակը կրնա արյունալի ըլլալ այս անգամ կամ նվազագույնը մեր սիրելի հայրենիքին մեջ մեծ ցնցումներ հառաջացնող պետական հեղաշրջում կամ բռնատիրության մը հաստատումի անբաղձալի փաստը:

 

ԱՐԱՄ ԷԼԱԿՈԶ _Որոշ մտահոգություններ, որոնք առնչվում են հայ-ռուսական հարաբերություններին, կապված են Ռուսաստանի հետ հարաբերություններում փոփոխությունների հետ: Պետք է ավելի շատ գործել՝ հաշվի առնելով այն, որ Հայաստանը դեռ չունի այս ռազմավարական հարևանին շահագրգռող շքեղություններ: